Անցած-գնացած օրեր. հիշողություններ Արցախի Քաշաթաղի շրջանից

Տարիներ առաջ1453075_612530295478401_426069444_o մայր բուհի Ռազմավարական հետազոտութունների կենտրոնի գլխավորությամբ ուղևորություն իրականացրինք դեպի Արցախ՝ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցված գյուղեր: Մինչ հասնելը պատկերացում  չունեի, թե ուր եմ գնում: Երեկոյան մութն ընկնելուն պես տեղ հասանք:

Հյուրընկալվեցինք սահմանապահ ստորաբաժանումում: Սեղաններին դրված ծաղիկներ, տաք ու լուսավոր սրահ, ամենուր ժպտացող դեմքեր: Ամեն ինչ նորոգված էր, խնամված, ամեն անկյունում մաքրություն էր: Օրվա հերոսը հրամանատար գնդապետ Արմեն Աբրահամյանն էր: Մարդ, ով առաջին հայացքից պատկառանք ու խոհեմություն ներշնչեց: «Մենք պարտք ունենք այն քաջորդիների առաջ, ովքեր կյանք են տվել ազատագրական պատերազմում: Մենք շարունակում ենք նրանց գործը ոչ թե որպես հոգու սխրանք, այլ որպես հոգու պարտք: Մենք ամուր շեներ ենք կառուցում և կառուցելու ենք, որ շենացնենք և ամուր պահենք Արցախի սահմանը, պետք է այս ազատագրված տարածքները տուն դառնան, օջախ դառնան: Հողն ուժեղանում է, երբ սերունդները սկսում են նրան կրկին ծննդավայր համարել». հրամանատարի այս խոսքերը խիստ պարտավորեցնող էին…

Լույսը բացվելուն պես ուղևորվեցինք դեպի Աղաձոր գյուղի միջնակարգ դպրոց: Մեր այցը տոնի էր վերածվել. մանուկները և ամբողջ ուսուցչական կոլեկտիվն անասելի ոգևորությամբ սպասում էին մեզ: Ոգի կար մանուկների աչքերում, նրանցից յուրաքանչյուրը լուսավոր ապագայի մի մեծ շող էր: «Մենք երջանիկ ենք, որ մեր երեխանները մեծացան մի միջավայրում, որտեղ խտացած են մարդկային բոլոր առաքինությունները, – իր սաներին ներկայացնելիս ասաց պատմության ուսուցչուհին, – մեր գյուղը ապրում է մի ընտանիքի նման, մեզ ամենաշատն ուրախացնում են ձեր և ձեր նման մարդկանց այցելությունները»: Ամենից տպավորիչը փոքրիկների շուրթերից հնչած խոսքերն էին. «Այն, ինչ այստեղ կտեսնեք, աշխարհում ոչ մի տեղ չեք տեսնի»:

Շարադրությունների մրցույթ հայտարարեցինք դպրոցում «Ո՞րն է իմ հայրենիքը» թեմայով: Երեխաների ստեղծագործությունները մեկը մեկից բովանդակալից ու խորն էին: Բոլորի մեջ կային «պատերազմ», «արյուն», «խաղաղություն» և «զինվոր» բառերը: Մի տեսակ հպարտ ու հանգիստ էինք, որ այսքան լավ ձեռքերում է մեր ապագան, մեր հայենիքը:

Քաշաթաղում անցկացրած ամենագեղեցիկ պահերն ապրեցինք Մխանց գյուղում. հյուրընկալվել էինք զինվորականների և արվեստեգետների ընտանիքում: Այն մի քանի ժամը, որ Խանգելդյանների տանն էինք, ցանկացած մարդու բավական էր` հայրենասիրության մասին լիարժեք պատկերացում կազմելու համար: Տանտիկինը` ջութակահարուհի Նելլի Մնացականյանը, ով երկու զինվորի և մեկ դստեր մայր էր, զինվորականի կին, հայ կնոջ բացառիկ կերպար և մարմնացում էր. մարդ, ով թողել էր ծննդավայրը, հայրենի տունը, քաղաքային կյանք, սիրելի զբաղմունքը և եկել Արցախը ծաղկեցնելու: «Իմ արած զոհաբերությունը չնչին է այն մարդկանց առջև, ովքեր իրենց կյանքն են նվիրել, որ մենք ապրենք, – մեզ հետ զրույցում ասում էր տիկին Նելլին, – ես երջանիկ եմ և իմ ընտրած ուղուց մի վայրկյան չեմ փոշմանել, որովհետև ես մեծ իմաստ եմ տեսնում իմ ապրած կյանքում: Որպես հայ կին, որպես մայր` ես հպարտ եմ, որ որդիներս այստեղ են ապրում և արարում: Չեմ կարող ասել, թե ով ինչ ճակատագիր կունենա, և որտեղ կապրեն, բայց մի բան հստակ է` գյուղում Խանգելդյան ընտանիքը մի քանի օջախ է ունենալու»:

Քաշաթաղում մնացինք երեք օր և վերադարձանք: Ամենակարևորը, որ ինձ հետ բերեցի, Սամվելիկի հայացքն էր: Նրան հանդիպեցինք Միջնավան քաղաքի գլխավոր փողոցում, տերևների հետ խաղալով դպրոցից տուն էր գնում: Քչախոս էր Սամվելը, մի քիչ էլ շփոթված. ամեն օր չէ, որ մեծ քաղաքից մարդկանց էր տեսնում: Իր մասին շատ բան չասաց, միայն մի բան հստակ շեշտեց. «Զինվոր եմ դառնալու, կռվելու եմ թշնամու հետ, որ բոլորին պաշտպանեմ»…

Կարճատև զրույցից հետո Սամվելը շարունակեց իր ճանապարհը դեպի տուն ու շուտով անհետացավ ծառերի արանքում՝ մեզ թողնելով այն երջանկությունը, որ Արցախի հեռավոր անկյունում նման լուսավոր, պարզ, անկեղծ ու մաքուր, անիրական և անհավատալի հերոսներ են ապրում:

Սիրանուշ Մելիքյան