Արցախյան պատերազմում ամեն զինվոր իր օրն ունի. Հուլիսի 3-ն էլ Դուշման Վարդանի օրն է…

425283_288938687845828_2037122925_nԿյանքով հաստատված ճշմարտություն է, մարդու արած գործն ավելի լավ է հիշվում, քան մարդու անունը:

Մեր օրացույցում մի տխուր էջ էլ ունեցանք, երբ հուլիսի 6-ին հայոց տառապած մայր հողն իր գիրկն առավ հայոց ազնվական ու ըմբոստ երեք զավակների: Ու այդ օրից ի վեր նրանց միշտ միասին են հիշում: Այդ օրը ծանրացավ Եռաբլուրի հողը, նրանք միասին էին անցել հաղթանակի ճամփան, քանզի այդ նույն ճանապարհը շարունակեցին անմահության ճամփով:

Արցախյան գոյապայքարում նահատակված յուրաքանչյուր զինվոր իր օրն ունի: Հուլիսի 3-ն էլ Դուշմանի, Երոյի ու Արայիկի օրն է:

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Դուշման Վարդանի մահվան տարելիցի օրն է: Նա զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից, երբ իր զինվորական ընկեր Երոի(Արմեն Երիցյան) և Արաիկի(Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում այդ գյուղում:

«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի: Եթե զոհվեմ՝ զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»,- այդպես սեփական մահը կանխատեսել և պատգամ է թողել հերոսը:

Վարդան Դուշման Ստեփանյանը ծնվել է 1966թ. մարտի 9-ին Երևանում: Սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան N32 միջնակարգ դպրոցում: Աչքի է ընկել գերազանց առաջադիմությամբ: Մանկության տարիներին շատ ժամանակ է անցկացրել գրադարանում, որտեղ աշխատում էր նրա մայրը: Ընթերցել է Չարենց, Թումանյան, Շիրազ:1983թ. ավարտելով դպրոցը աշխատանքի է անցել բրդե գործվածքների գործարանում:1984թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում՝ սովետական բանակի կազմում: Նա երազում էր տիրապետել ռազմական արվեստի ամբողջ հմտություններին: Նա կարծես կանխազգում էր, որ հայ ժողովրդին մի քանի տարի անց սպասվում էր իր պատերազմը, որ լինելու էր նույնքան դաժան ու արյունալի: «Աֆղանստան ծառայելու գնացի կամավոր, ուզում էի լավ կռվել սովորել և կռվեցի: Վատ զինվոր չեմ եղել և միշտ հավատացել եմ, որ մի օր Հայոց բանակի զինվոր եմ լինելու»: Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Իրավաբանական» ֆակուլտետ:

Դուշմանը վստահություն էր ներշնչում տղաներին: Նրա համոզվածությունը, որ հայերը անպայման կազատագրեն Արցախ աշխարհի պատմական Շուշի մայրաքաղաքը, ոգեպնդում էր տղերքին. «Հայրենիքի անունից սխրանքներ գործել և հավատալ հաղթանակին՝ ահա սա է մեր ուժի աղբյուրը»: Եվ հայ զենքի, հայ զինվորի իսկական սխրանքը դարձավ հնամենի Շուշիի ազատագրումը ադրբեջանաթուրքական 72-ամյա օկուպացիայից:

Անառիկ բերդ հիշեցնող Շուշի մտած ստորաբաժանումների մեջ առաջիններից էր Աշոտ Բեկորի գլխավորած 1-ին դաշնակցական վաշտը, որի մեջ մտնում էր նաև Դուշման Վարդանի գլխավորած խումբը: Մայիսի 7-8-ի գիշերը Շուշիի ուղղությամբ իրականացվեց հրետանային հուժկու հարված, որից հետո սկսվեց գրոհը: Դուշմանի կռվողները հարձակումն սկսեցին քաղաքի արևելյան կողմից և արդեն առավոտյան ազատագրել էին Շուշիին հարակից թաղամասերը: Մայիսի 9-ին կեսօրին մոտ քաղաքը ազատագրվեց:

Շուշիի ազատագրումից հետո ընկերները երկար որոնեցին Վարդանին և գտան հայկական գերեզմանոցում: Նա շամպայն էր լցնում հին գերեզմանաքարերին՝ «Ցնծացեք, նախնիներ, Շուշին ազատագրվեց»:

Սիրանուշ Մելիքյան