ԵՊՀ ջանքերով Կովսականի դպրոցը համալրվեց ֆիզիկայի լաբորատորիայով

Արդեն քանի տարի՝ Երևանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնն Արցախի Քաշաթաղի շրջանում տարատեսակ կրթական ծրագրեր է իրականացնում՝ օժանդակելով շրջանի դպրոցներին: Օրերս կենտրոնի աշխատակիցները մի խումբ համալսարանականների և ««Արմսես» գիտակրթական կենտրոն» հկ անդամների հետ կրկին Քաշաթաղում էին, այս անգամ՝ Կովսական քաղաքում: Այցի նպատակը Կովսականի՝ Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցին ֆիզիկայի ուսումնական լաբորատորիա նվիրաբերելն էր, որը ձեռք էր բերվել ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանի անմիջական աջակցությամբ: Այն ներառում էր բոլոր անհրաժեշտ փորձասարքերն ու նյութերը՝ դպրոցական ծրագրին համապատասխան ֆիզիկա առարկայի «Մեխանիկա» և «Էլեկտրականություն և մագնիսականություն» բաժինները լավագույնս յուրացնելու և նախատեսված ուսումնական փորձերը կատարելու համար:

00

Դպրոցին նվիրաբերված սարքավորումներից

ԵՊՀ կողմից դպրոցի ընտրությունը պատահական չէր: Այն աշակերտների թվով (մոտ 120 աշակերտ) շրջկենտրոն Բերձորի թիվ 1 միջնակարգ դպրոցից հետո Քաշաթաղի երկրորդ մեծ դպրոցն է: Նախատեսվում է, որ ֆիզիկայի լաբորատորիան ծառայելու է ոչ միայն Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցի սաներին, այլև դրանից օգտվելու հնարավորություն են ունենալու նաև շրջակա գյուղերի դպրոցների աշակերտները: Այս իսկ պատճառով՝ փորձասարքերից օգտվելու կանոններին նվիրված սեմինար-դասախոսությանը, որն անցկացնելու համար համալսարանականների հետ Կովսական էր եկել նաև լաբորատոր սարքավորումներն արտադրող և մատակարարող «Միկրոմ» ՍՊԸ տնօրեն Պողոս Գաբրիելյանը, հրավիրվել էին նաև շրջակա մի քանի դպրոցների ֆիզիկայի ուսուցիչները: «Մենք արժևորում ենք գիտելիքը։ Իսկ գիտելիքահենք տնտեսություն ստեղծել պետք է դպրոցից, – մեզ հետ զրույցում ընդգծեց Պ.Գաբրիելյանը:- Եթե մենք ունենանք ամուր, լաբարատորիաներով հարուստ դպրոց, մենք կլուծենք մի շարք խնդիրներ»։

Թ. Կրպեյանի անվան դպրոցի տնօրեն Սերոբ Քարամյանն էլ, իր հերթին կարևորելով դպրոցում նման լաբորատորիայի ստեղծումը, զուգահեռաբար անդրադարձավ դպրոցի առաջնահերթ խնդիրներին։

«Դպրոցը հիմնանորոգվել է, կենտրոնացվել է ջեռուցումը, սակայն հարկավոր է, որ ևս մեկ երկհարկանի մասնաշենք կառուցվի։ Ցածր դասարաններից յուրաքանչյուրում սովորում է 15 և ավելի աշակերտ, որոնց համար դասասենյակները փոքր են։ Նման պայմաններում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ պայմանները, աշակերտական նստարաններից գրատախտակի 2մ հեռավորությունը, դասասենյակների լուսավորությունը։ Այդ խնդիրները չենք կարողանում լուծել դասասենյակների պակասի պատճառով»,- նշեց տնօրենը և հավելեց, որ նոր մասնաշենք կառուցելու համար ունեն բարերարների աջակցության կարիք:

 

 

новый коллаж

Կովսականի դպրոցը, ազգային պարի խումբը և պարուսույց Կարեն Մարտիրոսյանը

1998 թ.-ից գործող կովսականյան դպրոցում ներկայումս սովորում է 118 աշակերտ։ Դպրոցն ունի 22 ուսուցիչ, որոնք մեծ սիրով և եռանդով են աշխատում աշակերտների հետ։ Դպրոցի ստորին հարկում կա փոքր դահլիճ, որտեղ իրենց պարապմունքներն են անցկացնում նաև Բերձորի մարզադպրոցի և արվեստի դպրոցի մասնաճյուղերի ձյուդոյի (մարզիչ՝ Տարոն Պողոսյան) և պարի (պարուսույց՝ Կարեն Մարտիրոսյան) խմբակների սաները:
Կարեն Մարտիրոսյանն էլ զրույցի ընթացքում նշեց, որ իրենց պարի խումբն անվանել են «Թաթուլ», որպեսզի գյուղում երեք Թաթուլ լինի՝ դպրոցի անունը, Թաթուլ Կրպեյանի կիսանդրին և պարի խումբը։ «Թաթուլ» ազգային պարի խումբը մշտապես մասնակցում է շրջանում անցկացվող տոնախմբություններին ու մրցույթների՝ ներկայանալով թե՛ ծիսական պարերով, թե՛ ռազմապարերով՝ մշտապես բարձր պահելով իրենց դպրոցի պատիվը։

Հեղ․՝ Նունե Խաչատրյան