Թուրքական ճամփաբաժան. Թուրքիան` խորհրդարանական ընտրություններից հետո

Հունիսի 7-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններն ուրվագծեցին նոր հանգրվան այդ երկրի զարգացման և գործառնության ճանապարհին։ Առաջին հերթին` սասանվեց իշխող Արդարություն և զարգացում (ԱԶԿ) կուսակցության շուրջ 13-ամյա հաղթարշավը։ Թեպետ կուսակցությունը գերազանցեց 40 տոկոս ձայների շեմը, սակայն մեծամասնություն կազմելու և ցանկալի սահմանադրական փոփոխություններն անցկացնելու համար անհրաժեշտ ձայները չհավաքվեցին։ Ընտրությունների մյուս առանձնահատկությունն այն էր, որ համեմատած նախորդ ընտրությունների հետ` ավելի քիչ ձայներ էր հավաքել նաև քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ)։ Այս ֆոնին աճել են ազգայնական Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) ձայները, ինչպես նաև քրդական/քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հեղինակությունը։ Հատկապես հանրապետության արևելյան քրդաբնակ շրջաններում կուսակցության հաղթանակն անվերապահ է։

ԱԶԿ փաստացի ձախողման պատճառներն, իհարկե, մի քանիսն են։ Քրդերի 2013 թ.-ի մարտյան զինադադարն այդպես էլ մինչև վերջ կյանքի չկոչվեց։ «Հաշտության գործընթացը», ինչպես իշխող կուսակցությունն էր անվանում պրոցեսը, հիմնական նպատակ էր հետապնդում` ապաքաղաքականացնելու քրդական հարցը, դրան տալու զուտ սոցիալ-քաղաքացիական ենթատեքստ։ Իսկ սոցիալ-քաղաքացիական բնույթի հարցերում Էրդողանը պատրաստ էր զիջումների գնալ, ինչի վկայությունն էր այսպես կոչված «Ժողովրդավարացման փաթեթը», որտեղ քրդերին շնորհվում էր ազատականացման լայն մակարդակ, ինչի հետ կապված անգամ ազգայնական ԱՇԿ քննադատում էր ԱԶԿ-ին։ Սակայն համատարածաշրջանային մակարդակով քրդական գործոնի ակտիվացումը, որն ըստ որոշ կարծիքների` Արևմուտքի կողմից փորձ է հակակշիռ ստեղծելու իսլամական ծայրահեղության աճին, ակտիվացրեց նաև Թուրքիայի քրդերին։ Ավելին, Թուրքիայի ընդգծված հակասիրիական քաղաքականությունը և Քոբանիի պաշարման օրերին դրսևորած անտարբերությունը անհամաձայնության և առճակատման լուրջ վիհ բացեցին իշխանությունների և երկրի քուրդ քաղաքացիների միջև։ Այսպիսով, քրդական ընտրազանգվածի ձայները շահելու փորձն Էրդողանի մոտ գրեթե չհաջողվեց։

Մյուս կողմից, ընտրությունների արդյ22-Turkey-Election-EPAունքն արտացոլում էր ազգային-օսմանյան, պրոգրեսիվ-պահպանողական դիսկուրսի և խմբավորումների հակադիր պայքարը։ Ինքնութենակերտման ԱԶԿ-ական մոտեցումները ընդունելի չեն երկրի բնակչության զգալի մասի համար։ Այսօր Թուրքիայում շատերը, չժխտելով տնտեսական առաջընթացի հարցում ԱԶԿ կառավարման դերը, միևնույն ժամանակ վտանգ են տեսնում Էրդողանի խորացող ավտորիտար իշխանության, թուրք-ռուսական մերձեցման և օսմանյան-իսլամական արժեքների պանծացման մեջ։

Այսպիսով, ընտրություններից հետո Թուրքիան կարևոր ճամփաբաժանի առաջ է։ ԱԶԿ համար գալիք 4 տարիները լինելու են վճռորոշ։ Կուսակցությունը կամ ամեն գնով փորձելու է ավելի մեղմ ներքին և արտաքին քաղաքականություն վարել` դրանով ստանալով նոր շահաբաժիններ ընտրողների շրջանում, կամ ավելի է խստացնելու վարվող քաղաքականությունը` ջանալով էլ ավելի ճնշել քաղաքական հակառակորդներին։ Ցանկացած տարբերակի դեպքում պետք է հաշվի առնել, որ ԱԶԿ դիրքերը դեռևս ամուր են, իսկ տարածաշրջանային զարգացումները կարող են այսպես թե այնպես հանգեցնել Թուրքիայի, ըստ այնմ նաև` ԱԶԿ հզորացմանը, ինչը լրացուցիչ անգամ պարտավորեցնում է հայկական փորձագիտական շրջանակներին լինել աչալուրջ։

Էդգար Էլբակյան