Ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը

Հարգելի՛ ընթերցող, Ձեզ ենք ներկայացնուWe_are_our_mountainsմ մեր աշխատակից Էդգար Էլբակյանի վերլուծականը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում՝ որոշ կրճատումներով։

«Մայիսի 22—ին հանդես գալով ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին՝ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում տարածքային ամբողջականության սկզբունքի անհարկի շահարկմանը, հայտարարեց. «…եթե խաղի միակ կանոնը լիներ տարածքային ամբողջականության սկզբունքը, ապա այսօր այս սեղանի շուրջ այսքան երկրների ներկայացուցիչներ չէին լինի, որովհետեւ պարզապես այդքան երկիր չէր լինի»։ Նախագահի այս խոսքերը եւս մեկ անգամ արդիականացնում են ժամանակակից միջազգային իրավունքի սկզբունքներից ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների բաղդատման եւ Լեռնային Ղարաբաղի հարցում դրանց կոնկրետ կիրառելության խնդրի պարզաբանումը։

Խոսելով այս զույգ սկզբունքների մասին՝ անհնար է չանդրադառնալ ժամանակակից միջազգային հարաբերությունների եւ նաեւ միջազգային իրավունքի կայացման ակունքներին։ Գաղտնիք չէ, որ արդի տեսքով միջազգային իրավակարգն ու քաղաքական գոյակցության պայմանները սահմանող նորմերը ծագել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ միասնաբար կազմելով միջազգային հարաբերությունների յալթապոտսդամյան համակարգը։ Ի մի բերելով եւ նկատի առնելով միջազգային իրավունքի ամբողջ նախընթաց փորձն ու կուտակած ավանդույթները՝ ժամանակակից հարաբերությունների այս նոր սկզբունքները միաժամանակ կրում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի հետեւանքների հաղթահարման եւ ապագայում նմանատիպ պատերազմների կանխարգելման մտայնության կնիքը։ Եթե վերհիշենք երկու աշխարհամարտերի բռնկման սկզբնապատճառները, ապա մի շարք մոտիվների առանցքում առաջ է գալիս գաղութատիրությունը եւ նոր գաղութների ու հների վերաբաժանման համար մղվող պայքարը։ Մյուս կողմից, հենց 1918—1939 թթ. հետկայսերական Եվրոպայի սահմանային վերաբաժանումները հաճախ հանգեցրել էին նորագո պետությունների միջեւ շարունակական սահմանավեճերի, ինչը նույնպես Երկրորդ համաշխարհային պատերազմի բաղկացյալ հարուցիչներից էր, եւ Բալկաններում ու Արեւելյան Եվրոպայում որպես այդպիսին չմարեց անգամ պատերազմից հետո՝ հանգեցնելով կողմնակի հետեւանքների։
Այստեղից ուղղակիորեն մակաբերվեցին նաեւ տարածքային ամբողջականության, իսկ հետագայում արդեն՝ սահմանների անխախտության մասին սկզբունքները։ Սրանք նույնպես գերազանցապես երկու աշխարհամարտերի դառը փորձից քաղված դասեր էին, քանզի վերջիններիս առաջնակարգ նպատակը հենց նորանոր տարածքների նվաճումն էր, եւ ըստ հղացքի՝ միջազգային իրավական նման կառուցաձեւը պետք է կանխարգելեր նոր կոնֆլիկտներն ու պատերազմները։ Կարելի է ասել, որ չհաշված Բալկանները՝ Եվրոպայում այդպես էլ եղավ, սակայն թե՛ Բալկաններում եւ թե՛ հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, կոնֆլիկտները եղան անխուսափելի։
Պատճառները հասկանալն, իհարկե, բարդ չէ։ Ամբողջ խնդիրն այն է, որ եվրոպական հավասարակշռության տրամաբանությամբ գծագրված սկզբունքները զուտ քաղաքական տեսության դիտակետից կատարյալ կարող են լինել միայն տվյալ համակարգի համար, իսկ մյուս բոլոր տարածաշրջանները, այդ թվում՝ Հարավային Կովկասը կամ Անդրկովկասը, անցել են երկրաքաղաքական զարգացման ուրույն ուղի, որտեղ դասական իմաստով քաղաքական հավասարակշռություն դեռեւս ձեւավորված չէ. դրա խոսուն վկան են տարածաշրջանում առկա 3—4 չմարած հակամարտությունները։ Այստեղից էլ արդեն առաջ է գալիս միջազգային իրավունքի քննարկվող երկու սկզբունքների միջեւ բախումը եւ աններդաշնակությունը։
Հենց այս կետում է, որ փակուղու առջեւ չկանգնելու համար հարկ է հասկանալ, թե առհասարակ ինչ նպատակ ունեն միջազգային իրավունքն ու վերջինիս սկզբունքները։ ՄԱԿ—ի կանոնադրության 1.1 հոդվածն արձանագրում է՝ «[ՄԱ[Կ] նպատակն է՝ պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը եւ այդ նպատակով՝ արդյունավետ կոլեկտիվ միջոցներ ձեռք առնել, որոնք միտված են խաղաղության սպառնալիքների կանխարգելմանը կամ վերացմանը, ինչպես նաեւ բռնության գործողությունների եւ խաղաղության այլ ոտնահարումների ճնշմանը…»։ Ահա այստեղ արդեն գրեթե ամբողջությամբ խտացված է միջազգային իրավունքի հիմնական նպատակը՝ խաղաղության պահպանումը, որից արդեն բխում են մնացյալ պոզիտիվ հետեւանքները։ Ըստ որում, պետք է հաշվի առնել, որ միջազգային իրավունքի սկզբունքների՝ միջազգային իրավունքի նպատակից բխելը եւ դրան ստորադաս լինելը դասագրքային ճշմարտություն են, եւ անվիճելի է, որ սկզբունքներն ու առավել եւս՝ նորմերը որոշվում են այնպես, որ առավելագույնս համապատասխանեն նպատակին։ Փորձենք կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության օրինակով հասկանալ երկու սկզբունքների գոյակցության եւ համապատասխան առաջնայնության հարցը։
Ղարաբաղի պարագայում տեղի մեծամասնությունը կազմող հայ բնակչությունն ի սկզբանե՝ 1988 թվականից, ընտրեց ինքնորոշվելու միջոցով ՀԽՍՀ հետ վերամիավորվելու ճանապարհը, ինչին Ադրբեջանը հակադարձեց բռնությամբ։ Մյուս կողմից, Խորհրդային Միության տարիներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը մտնում էր Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ, եւ միութենական հանրապետությունների անկախանալու ժամանակ ակամա գործեց այն ենթադրյալ սկզբունքը, որ նախկին կայսրության կամ միութենական հանրապետության բաղկացուցիչ մասերի տիտղոսը պետք է տարածվի նախկին վարչական սահմանների շրջանակում։ «Uti possidetis» կոչվող այս սովորութային սկզբունքն իրականում կիրառվել եւ տարածվել է Լատինական Ամերիկայում՝ կապված գաղութատիրական կարգերի փլուզման հետ, սակայն այս սկզբունքը երբեք չի տարածվել վերջինիս սահմաններից դուրս, որքան էլ որ տրամաբանական հենք դրանում լինի։ Հետագայում՝ 2000—ականների սկզբին, կապված ադրբեջանական կողմից հրադադարի պարբերական խախտումների հետ՝ բանակցային սկզբունքներին ավելացվեց նաեւ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։ Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքում ընկան վերոբերյալ երեք սկզբունքները։
Եվ, այնուամենայնիվ, ԼՂ հարցով կարգավորման ուղենշային հիմքը պետք է լինի հենց ինքնորոշման սկզբունքը։ Ըստ որում, ասվածը ճշմարիտ է հավասարապես թե՛ իրավական եւ թե՛ իրավաքաղաքական տեսանկյունից։ Իրավական առումով պարզ է, որ «uti possidetis» սկզբունքը չի տարածվում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի վրա՝ մի պարզ պատճառով, որ դրանք երբեք չեն ընդունել տվյալ սկզբունքը՝ որպես իրավաբանորեն պարտադիր։ … Եվ եթե հաշվի առնենք, որ ԼՂԻՄ—ը ինքնորոշվել է ԽՍՀՄ կազմում, եւ ԽՍՀՄ ներպետական իրավունքին համապատասխան, ապա ինքնըստինքյան բացառվում է նախկին ԼՂԻՄ տարածքի նկատմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի արծարծումը։
Ինչ վերաբերում է նախկին ԼՂԻՄ սահմանակից շրջաններին, որոնք ներկայումս կազմում են Արցախի տարածքի անքակտելի մասը, ապա այս հարցն արդեն պետք է դիտարկել իրավաքաղաքական պրագմատիկ տեսանկյունից։ Համաձայն մեր՝ վերոբերյալ փաստարկման, ըստ որի՝ միջազգային իրավունքի ու իրավակարգի նպատակը խաղաղության ապահովումն են, ակնհայտ է, որ Արցախի տարածքի մասնատումը միմիայն հղի է նորանոր վտանգներով, եթե հաշվի առնենք Ադրբեջանի ներկայիս ռազմավարական մտածողությունը, համաձայն որի՝ հայն ու Հայաստանը ոչնչացման ենթակա թշնամիներ են, իսկ ժամանակակից Հայաստանի տարածքը «պատմական Արեւմտյան Ադրբեջանի» մասն են։ Զանգեզուր—Ղարաբաղում էթնոքաղաքական գործընթացները ասվածի անժխտելի հիմնավորումն են. ռազմավարական մի քանի նպատակակետերի տիրանալով՝ Ադրբեջանն ու ադրբեջանցիները մշտապես ձգտել են դրանց նկատմամբ իշխանությունը դյուրացնելու նպատակով օղակելով զավթել նաեւ երկրամասերի մնացյալ հատվածները։ Թե՛ ԼՂԻՄ—ում, թե՛ դրանից դուրս եւ թե՛ Զանգեզուրում պատերազմի հենց սկզբում ադրբեջանցիները զբաղեցնում էին ռազմավարական առումով շահեկան դիրքեր՝ բարձունքներ, ճանապարհների վրա իշխող բլուրներ, գետերի ակունքներ, հանգուցային խաչմերուկներ, ինչը մի քանի անգամ զգալապես դժվարացրեց պատերազմը, եւ ներկայումս այդ կետերի վրա իշխելու շնորհիվ է, որ հնարավոր է դառնում հակառակորդի էական զսպումը։ Այսքանով իսկ, ակնհայտ է, որ մեկի կողմից հայրենիք համարվող միեւնույն կենսատարածքի վրա … խառը գոյակցությունը վաղ թե ուշ ծնունդ է տալու նոր հակամարտության եւ պատերազմի, ինչպես դա եղավ մելիքական շրջանում, 20—րդ դարի սկզբին, 1918—1920 թթ., ինչպես նաեւ 1988 թ.—ից հետո։
Եթե համեմատենք հայ—ադրբեջանական գոյակցության նախկին մոդելները 1994 թ.—ից տիրապետող մոդելի հետ, ապա ակնհայտ է, որ խաղաղությանը նպաստող եւ խաղաղություն գեներացնող միակ տեսակերպը սա է։ Պատճառը շատ պարզ է. Ադրբեջանը զրկված է Հայաստանի տարածքում ժողովրդագրական ներթափանցումներ անելու եւ որոշակի հողերում «հաստատվելու» հնարավորությունից, եւ միեւնույն ժամանակ, շնորհիվ հայկական զինված ուժերի ամրության, չի կարողանում «հաստատվել» նաեւ ռազմավարական գերիշխող դիրքերում։ Վերջնական խաղաղությունը խոչընդոտող միակ գործոնը, փաստորեն, շարունակում են մնալ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը հրադադարի գծում եւ սահմանի տավուշյան հատվածում, ինչպես նաեւ երկրի ներսում վարվող այն քաղաքականությունը, որով իշխանությունները «կորուսյալ հայրենիքը վերադարձնելու» եւ հայերից վրեժ լուծելու մոլեռանդ զգացումներ են սերմանում երիտասարդ բնակչության շրջանում։ Դրանով Ադրբեջանը փորձում է թույլ չտալ ուժային հավասարակշռության վերջնական փոփոխությունը՝ հօգուտ մեզ, ինչպես նաեւ կանխել այն զարգացումը, որի պարագայում երկրի բնակչությունն ինքնաբերաբար կարող էր ընդունել իրերի գործող դրությունը։
Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ թե՛ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը եւ թե՛ տարածքային ամբողջականության սկզբունքը ունեն հստակ պատմական հենք եւ տրամաբանություն, եւ այսպես թե այնպես կոչված են եղել նպաստելու միջազգային խաղաղությանը եւ կանխելու նորանոր պատերազմները։ Սակայն եթե Եվրոպայում դարավոր արյունահեղություններից եւ 20—րդ դարում երկու համաշխարհային պատերազմներից հետո բնական կերպով հաստատվեց ուժային հավասարակշռություն, որը նաեւ ամրագրվեց իրավունքի միջոցով, ապա աշխարհաքաղաքական առումով երիտասարդ տարածաշրջաններում, որպիսիներից է հետգաղութային Հարավային Կովկասը, ուժային հավասարակշռություն հաստատվեց միայն 90—ականներին։ Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում դա տեղի ունեցավ Հայաստանի սահմանների ամբողջացմամբ եւ Արցախի … ազատագրմամբ, ինչպես նաեւ հայ—ադրբեջանական բնակչության «փոխանակմամբ», որն, ի դեպ, արտաքին գծերով թեկուզեւ ոչ ամբողջությամբ համընկնող, բայց տիպաբանորեն շատ նման է հետպատերազմյան շրջանում գերմանացիների վտարմանը արեւելաեվրոպական երկրներից՝ ի կանխումն ապագա ժողովրդագրական էքսպանսիայի, կամ հույն եւ թուրք բնակչության համապատասխան տեղափոխությանը Թուրքիայից Հունաստան եւ հակառակը։
Սահմանային եւ ժողովրդագրական նման վերաձեւումների շնորհիվ 20 տարուց ավելի է՝ տարածաշրջանի մեր հատվածը զերծ է պատերազմից, քանզի Արցախն իր ներկա սահմաններով առաջին հերթին ավտանգություն արտադրող սուբյեկտ է։ Միակ խոչընդոտն, ինչպես նշեցինք, շարունակում է մնալ Ադրբեջանում պետականորեն «իջեցվող» եւ արդեն իսկ տիրապետող դարձած հակահայկականությունը։ Զարմանալի չէ, որ այս հարցում նույնպես հետպատերազմյան եվրոպական փորձը ուսանելի է. առիթ ունեցել ենք նշելու, որ Գերմանիայում անցկացված դենացիֆիկացման գործընթացի նմանությամբ Ադրբեջանը նույնպես պետք է հետեւողականորեն ապաֆաշիստականացվի՝ դադարելով վտանգ լինել ինչպես Հայաստանի, այնպես էլ սեփական բնակչությունը կազմող ոչ թյուրքալեզու փոքրամասնությունների եւ բնիկ ժողովուրդների համար։ Բնական է, որ այս հարցում նախանձախնդիր պետք է լինի ինչպես Հայաստանը, այնպես էլ մեր տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգիռ ցանկացած պետական ու վերպետական միավոր»։
Ամբողջական տարբերակն առցանց կարող եք ընթերցել այստեղ։