Ղարաբաղյան հակամարտության թեմայի լուսաբանումը միջազգային անգլալեզու լրատվամիջոցներում (2015 թ․)

Բանալի բառերՂարաբաղյան հակամարտություն, Արցախ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Ադրբեջան, Հայաստան, միջազգային լրատվամիջոցներ, միջազգային մամուլ, լրատվական քաղաքականություն

Միջազգային անգլալեզու մամուլը Ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրերից մինչև այսօր շարունակում է պարբերաբար անդրադառնալ, լրատվական ու վերլուծական հրապարակումներ կատարել դեռևս չկարգավորված ռազմաքաղաքական կոնֆլիկտի վերաբերյալ: 2015 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին գրեթե ամենօրյա հաճախականությամբ իրականացված մամուլի մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ հսկայական լսարան ունեցող համաշխարհային, այդ թվում՝ ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, գերմանական, իտալական, իսրայելական, արաբական ԶԼՄ-ների[1] առցանց տարբերակների կայքէջերում շաբաթական կտրվածքով միջինում 4-5 նոր հրապարակում է հայտնվում ինչպես հայ-ադրբեջանական ներկա հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլի, կողմերի իրականացրած ակտիվ քարոզչության, սահմանային դեպքերի, փոխադարձ կրակահերթերի, զինվորների մահացության, ռազմական դրության մեջ ապրող խաղաղ բնակչության և ռազմաքաղաքական կոնֆլիկտի չլուծման մասին:

Տարիներ առաջ գուցե Ադրբեջանը միջազգային անգլալեզու ԶԼՄ-ների կողմից մշտապես և ամեն առիթով ներկայացվում էր որպես տարածքային կորուստներ ունեցող ու ղարաբաղյան փախստականների չլուծված հիմնահարցերով հետաքրքրված երկիր[2], իսկ Հայաստանը երբեմն հանդես էր գալիս որպես հակամարտության ոչ ամբողջական կողմ[3], սակայն այսօր վերոնշյալ թեզերը որոշակիորեն տրանսֆորմացվել են։ Այսպես, Ղարաբաղյան հակամարտությունն այլ կերպ է ներկայացվում միջազգային անգլալեզու ԶԼՄ-ներում․ ոչ մի խոսք ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև ռազմական ճանապարհով՝ հաղթական պատերազմի միջոցով, տարածքի «բռնակցման» մասին, ոչ մի անդրադարձ փախստականների խնդիրներին, որն արդեն իսկ մեդիահնություն է[4]: Բավականաչափ փոփոխվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի մասին դեռ տարիներ առաջ ներկայացվող թեզերը: Օրինակ, Ադրբեջանն այլևս չի ներկայացվում որպես ռուսական ազդեցության երկիր, որն ունի հարյուր հազարավոր փախստականների խնդիր: Այսօր այդ երկրում, ըստ միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ների՝ առավել կարևորագույն հանգամանք է այն, որ ոտնահարվում են խոսքի ազատությունը և մարդու իրավունքները, քաղաքացին այլևս չի կարողանում արդար մեթոդներով պայքարել իր իրավունքների համար: Այդպիսին է այսօր ներկայանում հարևան երկիրը համաշխարհային հանրությանը[5]:

Ինչ խոսք, միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունից չի վրիպում նաև Ադրբեջանի տնտեսական ու մարզական հաջողությունները, բայց շատ ավելի մեծ ուշադրություն է դարձվում անհաջողություններին: Ադրբեջանի վերաբերյալ հրապարակումների զգալի մեծամասնությունը (ավելի քան 50 տոկոս) վերաբերում է այդ երկրում տիրող խոսքի ազատության և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին, լրատվամիջոցների և լրագրողների դեմ պետության կողմից իրականացվող պայքարին: Հաջորդիվ ԶԼՄ-ներն անդրադառնում են տնտեսական ոլորտում երկրի ձեռքբերումներին ու կորուստներին, ինչպես նաև մարզաշխարհում աճող ազդեցության մասին: Մեկ անգամ չէ, որ խոշոր լրատվամիջոցները հետաքննական, սկանդալային հրապարակումներ են ունեցել 2015 թ. ամռանը Բաքվում անցկացվելիք Եվրոպական առաջին մարզական խաղերի, ինչպես նաև ադրբեջանական շատ հարուստ ընկերությունների կողմից զանազան մարզական միջոցառումները, ակումբներին և մարզիկներին հովանավորելու, ինչ-որ տեղ էլ՝ շինծու մեկենասությամբ հանդես գալու մասին: 2015 թ. ամռան գլխավոր թեման Բաքվում հունիսին ընթացող Եվրոպական մարզական խաղերն էին, որոնց ընթացքում ոչ միայն դրական, այլև բազմաթիվ բացասական հրապարակումներ եղան: Հաճախ էլ ԶԼՄ-ների ուշադրությունը սևեռվում էր ադրբեջանական ֆուտբոլային ակումբների՝ միջազգային ասպարեզում ունեցած հաջող և կարևոր ելույթների վրա[6]:

Ղարաբաղյան հիմնախնդրով Ադրբեջանի հիշատակվելը միջազգային ԶԼՄ-ների հրապարակումներում ամենից քիչ տեղն է զբաղեցնում երկրի մասին ընդհանուր անդրադարձներում: Ղարաբաղյան հիմնախնդրի՝ միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ներով լուսաբանման ամենօրյա մոնիտորինգի անցնող 11 ամիսների ընթացքում ուրվագծել է հետևյալ միտումը. այսօր արդեն Ադրբեջանն աշխարհին հայտնի է դառնում այլ ճանապարհներով, և ոչ վերոնշյալ հիմնախնդրով: Իհարկե, սա ամենևին չի նշանակում, թե Ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթություններում տեղ չունի, պարզապես միջազգային ԶԼՄ-ներն այլ, առավել կարևոր հիմնախնդիրներ ունեն իրենց մեդիաօրակարգում, որն ամենևին էլ ոչ մի առնչություն չունի Ղարաբաղյան հակամարտության հետ: Մարդու իրավունքների ու խոսքի ազատության ոտնահարումն ավելի է կարևորվում ռազմաքաղաքական խոշոր հակամարտությունից, հետևաբար լուսաբանման թեմաները հիմնականում նվիրված են հենց այդ թեմատիկային: Ադրբեջանցի քաղաքական ակտիվիստների և լրագրողների նկատմամբ պետության կողմից կիրառվող բռնությունները վերածվել են մշտական «պահանջարկ» ունեցող մեդիաերևույթի. գրեթե յուրաքանչյուր դատավարություն հանգամանորեն ու ամբողջական ներկայացվում է, հաճախ անգամ լրագրողական առանձնահատուկ ու հետաքրքիր հետաքննություն է իրականացվում՝ պարզելու բոլոր «ինչու»-ները[7]: Հաճախ թեմատիկ լրատվությանը փոխարինում է մասնագիտական կարծիք-մեկնաբանությունը:

Հայաստանի պարագայում իրավիճակն այլ է: 2015 թ. բավականին կարևոր տարի է ներկայացնելու երկրի վերաբերյալ ամբողջ տարվա ընթացքում միջազգային խոշորագույն պարբերականներում տեղի ունեցած հրապարակումները: Իհարկե, 2015 թ. գլխավոր թեման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն էր և դրա միջոցառումների կազմակերպումը: Այդ մասին համաշխարհային առաջատար ԶԼՄ-ներն անդրադարձան հիմնականում մարտ-ապրիլ ամիսներին, սակայն հետագա ամիսներին թեման արագորեն կորցրեց իր արդիականությունը, մինչդեռ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հրապարակումները մինչև այսօր էլ շարունակվում են, իսկ Հայաստանն ամենից հաճախ միջազգային ԶԼՄ-ների կողմից հիշատակվում է հենց այս թեմայի շրջանակներում[8]: Մեր ուսումնասիրությունն իրականացնելու շուրջ 11 ամիսների ընթացքում հետևյալ միտումն ենք առանձնացրել. Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին անդրադառնալիս անգամ բազմաթիվ հեղինակավոր ԶԼՄ-ներ ներկայացնում էին նաև երկրի ունեցած ռազմաքաղաքական կոնֆլիկտը Ադրբեջանի հետ: Իհարկե, միջազգային հայտնի ԶԼՄ-ների ուշադրությունը Հայաստանը գրավում է նախևառաջ քաղաքական կողմնորոշման պատճառով: Երկրի ներկա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը միջազգային ԶԼՄ-ների կողմից որակվում է որպես ռուսամետություն, Եվրասիական տնտեսական միության անդամ լինելը, բայցև միևնույն ժամանակ մինչև այսօր Եվրոպական միության հետ համագործակցելը ներկայացվում է որպես բավականին դժվարընկալելի հարց, սակայն արտաքին քաղաքականության նրբություններին երբեմն-երբեմն անդրադառնում են հատուկ հրապարակումներով՝ երկիր գործուղելով սեփական թղթակիցներին[9]: Ուշագրավ է, որ այսօր ի տարբերություն Ղարաբաղյան հակամարտության մյուս կողմի՝ Ադրբեջանի, Հայաստանի վերաբերյալ գրեթե ամեն հրապարակում ուղեկցվում է Ղարաբաղյան կոնֆլիկտի հիշատակմամբ[10]: Հայաստանի ներքաղաքական կյանքում մերթ ընդ մերթ տեղի ունեցող սրացումները ևս անհետևանք չեն մնում. 2015 թ. ամռանը Երևանում տեղի ունեցած բազմահազարանոց հավաքներն ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների նախատեսված բարձրացման մի քանի շաբաթ շարունակ միջազգային ԶԼՄ-ներում Հայաստանի մասին ամենից կարևոր թեման էր[11]: Այս թեմայի վերաբերյալ բազում հրապարակումներում մենք արձանագրել ենք ոչ միայն Ղարաբաղյան հիմնախնդրի մասին հիշատակումներ, այլև հայ-ռուսական հարաբերությունների որոշ չափով խեղաթյուրված ներկայացում՝ պայմանավորված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի պատկանելությամբ ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ» ընկերությանը[12]: Կարծես թե Ղարաբաղյան հակամարտությունը պատճառ է աշխարհի համար խոսելու Հայաստանի մասին. ուսումնասիրված ԶԼՄ-ների ընդհանուր քանակը գերազանցել է 2 տասնյակը և դրանց մեծ մասում նկատելի է Ղարաբաղյան հակամարտությամբ Հայաստանն աշխարհին ներկայացնելու մտադրություն:

Ուսումնասիրվող ժամանակահատվածում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ դիտարկված ԶԼՄ-ներում հրապարակվել է 1200-ից ավելի հոդված, վերլուծություն, լուր, մեկնաբանություն և մասնագիտական կարծիք: Ամենից ակտիվը եղել են ամերիկյան ԶԼՄ-ները, հատկապես՝ «New York Times»-ը և «Associated Press»-ը, ինչպես նաև ֆրանսիական «Agence France Presse» լրատվական գործակալությունը: Վերջինիս նախաձեռնությամբ անգամ հատուկ հրապարակումներ են եղել Հայաստանում (այդ թվում՝ Արցախում), ինչպես նաև Ադրբեջանում այսօր բնակվող և իրենց «մաշկի վրա» հակամարտության ազդեցությունը զգացող մարդկանց, այդ թվում` զինվորականների մասին[13]: Քիչ չեն դեպքերը, երբ միջազգային ԶԼՄ-ները փորձում են ուղղակիորեն ազդել ընթերցողների զգացմունքների վրա՝ հրապարակելով բավականին հետաքրքիր, բայց և հուզիչ պատմություններ թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի զինվորականների առօրյայից, խաղաղ բանակչության առջև ծառացած դժվարություններից: Այս դեպքում առանձնահատուկ կերպով ցանկանում ենք նշել հսկայական լսարան ունեցող ԶԼՄ-ների կողմից օգտագործվող ընթերցողների վրա ներգործելու տարրերը, այդ թվում` հուզիչ լուսանկարների, տեղեկատվական բնույթի զանազան ինֆոգրաֆիկաների ակտիվորեն գործածումը: Ուշարժան է լուսանկարների ընտրությունը, որոնք օգտագործվում են կոնֆլիկտը ներկայացնելու որպես չափազանց կործանարար ու անլուծում երևույթ, որը ամեն անգամ դառնում է կողմերից մեկի ռազմարվեստի հմտությունները ցուցադրելու հնարավորություն, մինչդեռ կողք կողքի խաղաղ գոյակցման մասին ոչ մի հնարավոր առաջարկ չի ներկայացվում:

Հետաքրքրիր է, որ կախված այս կամ այն լրատվամիջոցի տարածաշրջանային պատկանելությունից՝ հրապարակումների պարբերականությունը հայ-ադրբեջանական հակամարտության ներկայացման առումով տարբեր է: Ֆրանսիական, արաբական և ամերիկյան լրատվամիջոցները առավել հաճախ են հրապարակումներ ունենում այդ հիմնախնդրի վերաբերյալ, այն դեպքում, երբ այս հարցին իտալական, գերմանական և բրիտանական մամուլն անդրադառնում է միայն ժամանակ առ ժամանակ:

Լրատվամիջոցները չէին փորձում իրենց հրապարակումների միջոցով վեր հանել Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի, այդ թվում՝ Արցախի, ու Ադրբեջանի բնակչությունների տարբեր խմբերի կարծիքները. հիմնական մտքերը հաճախ ներկայացվում էին փորձագետների միջոցով[14]: Միջազգային ԶԼՄ-ներն, ըստ ամենայնի, նպատակ չեն հետապնդում ներկայացնելու հակամարտության ոչ վաղ պատմական հետնախորքը, դիցուք թե՝ որ կողմն է հաղթել հակամարտությունը, տարիներ առաջ ինչ հանգամանքներում է կնքվել 1994 թ. զինադադարը և այլն: Դա հայտնի չի դառնում ընթերցողին, թեև այս հակամարտության պատմությանը գրեթե մշտապես հետահայաց անդրադարձ է ներկայացվում: Դա արվում է զուտ ծանոթագրության, ինչ-որ տեղ հավելյալ ինֆորմացիայի համար, որը խորքային առումով քիչ բան կարող է տալ ընթերցողներին: Հաճախ հրապարակումներում գրեթե ոչինչ չի նշվում, թե նախկինում ինչպիսի գործընթացներ են եղել հակամարտության խաղաղ կարգավորման համար. կարևորվում է միմիայն ներկա փուլը, դեպքերի ընթացիկ ներկայացումը:

Միջազգային ԶԼՄ-ների հետազոտության արդյունքում արձանագրեցինք հետևյալ մտահոգիչ հանգամանքը․ Ղարաբաղյան ներկա հակամարտության ներկայացման կարևորագույն ատրիբուտներից մեկը շարունակում են մնալ սահմանային միջադեպերը: Հրապարակումների մեծամասնությունը վերաբերում է զինադադարի խախտման հենց այն դեպքերին, որոնց արդյունքում գրանցվել են զոհեր: Գուցե զարմանալի է, բայց ԶԼՄ-ների մեծամասնությունը հակամարտությանն անդրադառնում է միմիայն զոհերի առկայության ժամանակ. զինադադարի խախտման այն դեպքերը, որոնք չեն ավարտվել զոհերով, գրեթե տեղ չունեն հեղինակավոր ԶԼՄ-ների էջերում: Ժամանակ առ ժամանակ էլ տեղի են ունենում հրապարակումներ, որոնք ինչ-որ կերպ փորձում էին ամփոփ ներկայացնել թե այս պահին ինչպիսին է հակամարտության կարգավորման իրավիճակը[15]:

Ամփոփելով միջազգային ԶԼՄ-ների` տասնմեկամսյա կտրվածքով հրապարակումների հետազոտությունը՝ նշենք, որ հրապարակումների մեծամասնությունը արձանագրային լուր է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Միաժամանակ հանդիպում են նաև վերլուծություններ ու մասնագիտական կարծիք-մեկնաբանություններ, որոնց ոճն ավելի մոտ է գեղարվեստական ժանրին, քան պաշտոնական լրատվությանը: Հատկապես մեծ լսարան ունեցող հեռուստաընկերությունները («Al Jazeera», «CNN» և «BBC») ջանքեր չեն խնայում իրենց լրատվական թողարկումների ժամանակ հեռարձակվող ռեպորտաժը հնարավորինս հետաքրքիր, գրավիչ դարձնել՝ ազդելով լսարանի զգացմունքների վրա:

Ուսումնասիրության արդյունքում 2015 թ. վերջին կպատրաստվի նաև հավելված, որը լրատվամիջոց առ լրատվամիջոց մանրամասն կներկայացնի, թե անցնող տարվա ընթացքում որ լրատվամիջոցն ինչ պարբերականությամբ է հրապարակումներ ունեցել Արցախյան հակամարտության վերաբերյալ և ինչպիսի թեմատիկ անդրադարձումներ է կատարել Հայաստանի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի մասին:

Հետազոտված ԶԼՄ-ներում թեմատիկ հրապարակումների քանակական պատկերը

2015 Ընդհանուր հրապարակումներ Ղարաբաղյան հակամարտություն Ադրբեջանի արտաքին իմիջ Հայաստանի արտաքին իմիջ
հունվար 112, որից 27-ը` NY Times-ում

 

17 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 64 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 31 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն
փետրվար 97, որից 21-ը` AP-ում 9 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 67 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 21 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն
մարտ 131, որից 25-ը` NY Times-ում 14 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 68 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 49 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն
ապրիլ 144, որից 29-ը` AP-ում 18 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 53 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 73 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն
մայիս 122, որից 24-ը` AP-ում 12 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 67 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 41 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն
հունիս 154, որից 32-ը` AFP-ում 15 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 84 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 55 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն
հուլիս 145, որից 26-ը` NY Times-ում 10 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 87 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 48 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն
օգոստոս 102, որից 19-ը` AP-ում 9 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 72 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 21 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն
սեպտեմբեր 126, որից 24-ը` AP-ում 14 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 70 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 42 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն
հոկտեմբեր 116, որից 27-ը` NY Times-ում 11 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 68 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 37 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն
նոյեմբեր 98, որից 18-ը` AP-ում 10 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 61 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 27 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն
դեկտեմբեր 107, որից 21-ը` AP-ում 13 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 64 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն 30 նորություն, հոդված, կարծիք, վերլուծություն

[1] Հետազոտության համար ընտրել ենք ամերիկյան «New York Times», «Associated Press», «Washington Post», «USA Today», «Economist», «Foreign Policy Journal», «CNN» ու «CBS News», բրիտանական «Reuters», «BBC», «The Times», «Guardian», «Telegraph», «Independent» և «Financial Times», գերմանական «Deutsche Welle» ու «Der Spiegel», ֆրանսիական «Agence France Presse» և «Le Monde», իտալական «La Stampa», արաբական աշխարհում հայտնի «Al Jazeera» և «Al Arabiya», ինչպես նաև իսրայելական հանրահայտ «Jerusalem Post» լրատվամիջոցների անգլալեզու հրապարակումները, որոնց ընթերցողների թիվը գերազանցում է միլիոնը։

[2] Azerbaijan country profile, BBC, http://news.bbc.co.uk/2/hi/europe/country_profiles/1235976.stm, կայքէջը վերջին անգամ թարմացվել է 2011 թ. դեկտեմբերի 23-ին (հղվել է 22.11.2015):

[3] Armenia profile – Overview, BBC, http://www.bbc.com/news/world-europe-17404533, կայքէջը վերջին անգամ թարմացվել է 2013 թ. մայիսի 13-ին (հղվել է 22.11.2015):

[4] Nagorno-Karabakh profile – Overview, BBC, http://www.bbc.com/news/world-europe-18270325, կայքէջը վերջին անգամ թարմացվել է 2015 թ. մարտի 12-ին (հղվել է 22.11.2015):

[5] Grohmann Karolos, “Baku ready for European Games amid human rights concerns”, Reuters, http://www.reuters.com/article/2015/06/10/us-games-baku-idUSKBN0OQ0S420150610#FMWR5irfkDCJWsEJ.99, լուրը վերջին անգամ թարմացվել է 2015 թ. հունիսի 10-ին, (հղվել է 22.11.2015):

[6] Հատկանշական է, որ ադրբեջանական ֆուտբոլի առաջատարը «Ղարաբաղ ՖԱ»-ն է, որը տեղակայված է Բաքվում, սակայն ներկայացնում է Աղդամը: Այս ֆուտբոլային ակումբը վերջին տարիներին գրեթե մշտապես հանդես է գալիս «Եվրոպայի լիգա» ֆուտբոլային մրցաշարի խմբային փուլում՝ ուժերը չափելով եվրոպական ֆուտբոլի առաջատար ակումբների հետ։ Ակումբը ներկայումս մեծ ճանաչում է ստացել միջազգային մարզաշխարհում:

[7] Priest Dana, Komuves Anita, Mabeus Courtney, Dogged reporting in Azerbaijan landed a U.S.-trained journalist in prison, “Washington Post”, https://www.washingtonpost.com/investigations/dogged-reporting-in-azerbaijan-landed-a-us-trained-journalist-in-prison/2015/09/12/5a7f9fa0-4032-11e5-8d45-d815146f81fa_story.html, հետաքննությունը վերջին անգամ թարմացվել է 2015 թ. սեպտեմբերի 12-ին (հղվել է 22.11.2015):

[8] Հայոց ցեղասպանության փաստի մասին որոշ միջազգային ԶԼՄ-ներ նախընտրում էին ուղղակի ոչինչ չհրապարակել: Մեր ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Հայաստանն ամենից հաճախ 2015 թ. ԶԼՄ-ների կողմից ներկայացվել է ռազմաքաղաքական և պատմական կոնֆլիկտ ունեցող երկիր, որը երկու տարածքային հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ դեռևս չլուծված խնդիրներ ունի:

[9] Իհարկե, հաճախ կարելի է տեսնել, որ Հայաստանից նորությունները հաղորդում են հայ հեղինակները, բայց ամենից կարևոր իրադարձությունների ժամանակ միջազգային անվանի ԶԼՄ-ները նախընտրում են Հայաստան գործուղել սեփական թղթակիցներին՝ տեսածն օբյեկտիվ ներկայացնելու, իրադարձությանը որպես օտար ու անծանոթ, հնարավորինս անկողմնակալ լինելու նպատակով:

[10] Armenia protest over power price hikes turns violent, “Al Jazeera”, http://www.aljazeera.com/news/2015/06/armenia-protest-power-price-hikes-turn-violent-150623140135272.html, լուրը վերջին անգամ թարմացվել է 2015 թ. հունիսի 23-ին (հղվել է 22.11.2015):

[11] Oliphant Roland, Armenia’s ‘Electric Yerevan’ protests enter seventh day, “Telegraph”, http://www.telegraph.co.uk/news/worldnews/europe/armenia/11699692/Armenias-Electric-Yerevan-protests-enter-seventh-day.html, վերլուծությունը վերջին անգամ թարմացվել է 2015 թ. հունիսի 25-ին (հղվել է 22.11.2015):

[12] Luxmoore Matthew, “Electric Yerevan vows comeback, as ‘Moscow’s soft power has been lost’”, “Al Jazeera”, http://america.aljazeera.com/articles/2015/8/9/armenia-electric-yerevan-vows-comeback.html, վերլուծությունը վերջին անգամ թարմացվել է 2015 թ. օգոստոսի 9-ին, (հղվել է 22.11.2015):

[13] Harutunyan Mariam, Guliyev Emil, Armenia-Azerbaijan bloodletting threatens Karabakh ceasefire, AFP, http://news.yahoo.com/armenia-azerbaijan-bloodletting-threatens-karabakh-ceasefire-164131759.html, վերլուծությունը վերջին անգամ թարմացվել է 2015 թ. մարտի 4-ին (հղվել է 22.11.2015):

[14] Giragosian Richard, The other Minsk mediation, Al Jazeera, http://www.aljazeera.com/indepth/opinion/2015/02/minsk-mediation-armenia-azerbaijan-karabakh-150217044034179.html, տեսակետը վերջին անգամ թարմացվել է 2015 թ. փետրվարի 18-ին (հղվել է 22.11.2015):

[15] Հիմնականում ամփոփ հրապարակումներն ունեն ամսական պարբերականություն, իսկ ավելի հաճախ եռամսյակը մեկ. այս կամ այն լրատվամիջոցը փորձում է թեմատիկ լուրի, վերլուծության շրջանակներում ներկայացնել Ղարաբաղյան հակամարտության ներկայիս դրությունը, տվյալ կոնկրետ իրադարձությանը նախորդած կարևոր իրադարձությունները:

հեղինակ — Հարություն Ծատրյան, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի տեսության և պատմության ամբիոնի ասպիրանտ

htsatryan@ysu.am; tsatryan@mail.com