Սիրիահայերի վերաբնակեցումը ԼՂՀ-ում 2011-2015 թթ․

Բանալի բառեր՝

Արցախ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, սիրիահայ, հայրենադարձություն, ազատագրված տարածքների վերաբնակեցում

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբնակեցումը 1990-ականներից առ այսօր մնում է արդիական ու, ցավոք, ամբողջական լուծում չստացած հարց է: Արցախում մշտապես ջանքեր են գործադրվել երկրամասի տարածքները բնակեցնելու և հայրենադարձությունը խթանելու ուղղությամբ: Բացառություն չէր վերաբնակեցման ծրագրերում սիրիահայերին ընդգրկելը: Այստեղ 2011 թ.-ից առ այսօր փորձում են հնարավորինս լավ պայմաններ ստեղծել սիրիահայերի համար, որոնք արդեն քանի տարի է, ինչ վերաբնակություն են հաստատում Արցախում: Իհարկե, սիրիահայերի՝ Արցախում վերաբնակություն հաստատելը մեծապես պայմանավորված է 2010 թ. սկսված «Արաբական գարուն» անվանված գործընթացով, որը 2011 թ. տարածվեց նաև Սիրիայի տարածքում, որտեղ ապրում էր նաև բազմահազարանոց սիրիահայ համայնքը[1]: Սիրիայում տեղի ունեցող ռազմական արյունալի բախումներից փրկվելու նպատակով հարյուրավոր սիրիացի հայեր էին տեղափոխվում Հայաստան, իսկ ոմանք՝ միջազգային ճանաչում չունեցող, սակայն հողագործության համար բավականին լավ պայմաններ առաջարկող Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Համաձայն ԼՂՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 15-ի՝ «ԼՂՀ տարածքում վերաբնակվող ընտանիքներին տրամադրվող արտոնությունների մասին» թիվ 121 որոշման[2]՝ գոյություն ունեն Արցախի տարածքում վերաբնակվող ընտանիքներին տրամադրվող բազմում արտոնություններ, ինչպիսիք են վերաբնակեցված ընտանիքին անհատական տնով կամ բնակարանով ապահովումը, ֆինանսական օգնության ցուցաբերումը, վերաբնակիչների սոցիալ-կենցաղային կարիքների բավարարման նպատակով ցածր տոկոսադրույքով բյուջետային վարկի տրամադրումը, վերաբնակվող և գյուղատնտեսական աշխատանքով զբաղվելու պատրաստակամություն հայտնած ընտանիքին անասունների, սերմնացուի և անհրաժեշտ այլ նյութական միջոցների ձեռք բերման համար երկարաժամկետ վարկի տրամադրումը, մշտական օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով 0,6 հա հողամասի հատկացումը և այլն: Իհարկե, սա վերաբերվում էր նաև Սիրիայից հայրենադարձվածներին, բայց ԼՂՀ կառավարությունը սկսեց նրանց աջակցել առանձնահատուկ պայմաններով` զբաղվելով նաև վերջիններիս համար աշխատատեղեր գտնելով, անվճար կրթություն տրամադրելով և այլն[3]:

Սիրիահայերի գերակշռող մասը հաստատվեց Արցախի Քաշաթաղի շրջանում: Քաշաթաղում հաստատված ընտանիքների մեծ մասը թուրքական սահմանին մոտ գտնվող սիրիական Ալ-Կամիշլի քաղաքի բնակիչներ էին: Նրանք հիմնականում հողագործներ ու արհեստավորներ էին: Տեղական իշխանություններն ընդառաջում էին շրջան տեղափոխվել ցանկացողներին․ նրանց համար նոր տներ էին կառուցվում կամ վերանորոգվում էին եղածները:

Իհարկե, հիմնականում սիրիահայերն Արցախում հայտնվեցին 2011 թ. մեծ մասամբ սիրիական ճգնաժամի պատճառով, սակայն մինչ այդ գործընթացն էլ մի քանի դեպք գրանցվել էր, երբ սիրիահայ ընտանիքը որոշել էր մշտական բնակության տեղափոխվել ԼՂՀ: Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանի պնդմամբ՝ միայն 2011 թ. Քաշաթաղի շրջանում վերաբնակեցվել էր 200-220 ընտանիք, ընդհանուր առմամբ՝ շուրջ 800 մարդ։ Այդ վերաբնակիչների մեջ կային սիրիահայ ընտանիքներ ևս: Հատկանշական է, որ, օրինակ, Կովսական քաղաքում հաստատվել էին սիրիահայերի ընտանիքներ, որոնց Արցախում հայտնվելու պատմությանն անդրադարձել էր անգամ Արցախի հանրային հեռուստատեսությունը: Սիրիաբնակ Մհեր Պետրոսյանի ոչ փոքր ընտանիքն առաջիններից մեկն էր, որ Արցախ էր տեղափոխվել նախքան Սիրիայում կբռնկվեր քաղաքացիական պատերազմ: Մհեր Պետրոսյանը Սիրիայում և՛ տուն ուներ, և՛ սեփականություն, սակայն մտադրվել էր դրանք վաճառել և Արցախում նոր գործ սկսել: Ընտանիքի հետ Արցախ էր տեղափոխվել նաև Մհերի եղբայրը: Հիմնականում հողագործությամբ զբաղվող եղբայրները ցանկանում էին Արցախում հացահատիկի մշակությամբ զբաղվել, պատրաստ էին նաև բամբակ ցանել: Արդյունքներից դժգոհ չէին, սակայն պատրաստ էին շատ աշխատել հաջողության հասնելու համար[4]:

Սիրիահայերի՝ Քաշաթաղի շրջանում հայտնվելն անփոփոխ էր թողել այդ շրջանի հիմնական առաջնահերթությունները: Ըստ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանի՝ առաջնահերթությունների շարքում առաջին տեղերից մեկը վերաբնակեցման հետ կապված խնդիրներն էին ու դրանց շուտափույթ լուծումները:

2011 թ. հոկտեմբերից սիրիահայ գործարար երկու եղբայրներ տեղափոխվել էին Քաշաթաղ ու որոշել ապրել այնտեղ՝ հիմնելով նոր գործ: Պետրոսյանների պես Գևորգ և Մհեր Կարապետյանները սեփական գործն ունեին Սիրիայում. Ալ-Կամիշլի քաղաքում նրանք սեփական գործարան էին հիմնել, որտեղ և պատրաստում են գեներատորներ, մեծ շարժիչներ, պոմպեր: Ցանքատարածությունները բերրի հողազանգված դարձնելու տեխնոլոգիաները նրանք Եվրոպայից տարիներ առաջ տարել էին Սիրիա, իսկ հիմա նրանք ցանկանում էին «քիչ ծախս-մեծ շահույթ» ստանալու հմտությունները ներմուծել նաև Արցախ` նպաստելով երկրամասի զարգացմանը[5]:

2012 թ. փետրվարի 29-ի Արցախի հանրային հեռուսաստատեսությունը ևս մեկ ռեպորտաժ էր ներկայացրել ԼՂՀ-ում բնակություն հաստատած սիրիահայերի մասին: Ներկայացվում էր ևս մեկ ընտանիքի պատմություն, որը Սիրիայի Ալ-Կամիշլի քաղաքից տեղափոխվել էր Կովսական քաղաք: Սիրիահայերը ցանկանում էին գործարան բացել և հող վարելու գործիքներ պատրաստել, Արցախ էին տեղափոխվել հողագործությամբ զբաղվելու նպատակով: Ընտանիքի հայր Ժիրայր Տոնապետյանի գլխավորությամբ սիրիահայերի այս բազմազավակ ընտանիքը տեղափոխվել էր ազատագրված տարածք ու հիմնել սեփական նոր տնտեսություն[6]:

Հատկանշական փաստ է, որ նախքան սիրիական ճգնաժամի խորացումը և քաղաքացիական արյունալի պատերազմի սկսումը սիրիահայերի 6-7 ընտանիք արդեն տեղափոխվել էր Արցախ, իսկ ահա 2012 թ. մայիսի դրությամբ դեռևս ոչ մի ընտանիք Սիրիայում տեղի ունեցող դեպքերի պատճառով չէր դիմել Արցախում վերաբնակվելու համար[7]:

Սիրիայում օրեցօր խորացող, երկրի ամբողջ տարածքով ընդլայնվող քաղաքական ճգնաժամի, քաղաքացիական արյունոտ պատերազմի արդյունքում սեփական կյանքի անվտանգությունն ապահովելու համար Հայաստան գաղթած ընտանիքներից ոմանք 2012 թ. կեսերին միայն ցանկություն հայտնեցին հենց ԼՂՀ-ում բնակվելու վերաբերյալ: Հայկական ԶԼՄ-ներն ակտիվորեն անդրադարձան սիրիահայ Արոյանների ընտանիքի՝ ԼՂՀ-ում հաստատվելու փաստին: Սա առաջին դեպքն էր, որ սիրիական ճգնաժամի պատճառով, բայց և սեփական որոշմամբ սիրիահայերը բնակություն հաստատեցին Քաշաթաղի շրջանի քաղաքներից մեկում։ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը շտապել էր ԶԼՄ-ներին հայտնել, որ Քաշաթաղում նոր-նոր վերաբնակություն հաստատած ընտանիքի անդամները բավականին փորձառու բժիշկներ են։ Ըստ Ռոբերտ Մաթևոսյանի՝ մեծ հավանականություն կար, որ Արոյանների ընտանիքի գլխավորը` Մուշեղ Արոյանը, ով մասնագիտությամբ բժիշկ-թերապևտ էր, ոչ միայն աշխատանք կունենա, այլ շուտով կնշանակվի անգամ Կովսական քաղաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ: Ընտանիքի մայրը էպիդեմիոլոգ էր, ում՝ Կովսականի հիվանդանոցում աշխատելը ևս գրեթե որոշված հարց էր ներկայացվում, իսկ ահա ընտանիքի երեխաները՝ մեկական տղա և աղջիկ՝ ուսանողներ էին[8]։ Ընդհանրապես բժիշկ Մուշեղ Արոյանի ընտանիքն Արցախում բավականին ջերմ ընդունելության արժանացավ և միանգամից ինտեգրվեց տեղական միջավայրին` հեշտորեն բարեկամանալով արցախաբնակների հետ:

2013 թ. սկզբին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը կրկին հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Սիրիայից արդեն 22 ընտանիք (58 մարդ) տեղափոխվել է Քաշաթաղ: Այդ ընտանիքներից 18-ը Արցախ էր տեղափոխվել Սիրիայի տարածքում դեռևս շարունակվող քաղաքացիական պատերազմի հետ կապված արյունալի զարգացումներից հետո[9]:

Հատկանշական է, որ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում հաստատված առաջին սիրիահայ ընտանիքներին դեռ 2013 թ. սկզբին արդեն առանձնատներ էր տրամադրվել, մնացածի համար էլ բազմաբնակարան շենք էր վերանորոգվել, որից հատկացվել էին բնակարաններ: Բնակարանային խնդիրներ ունեին հատկապես Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում հաստատված սիրիահայերը, սակայն վերջիններս էլ միառժամանակ բնակվում էին տեղի հյուրատանը, որտեղ վարձ չէին վճարում: Այդ առիթով մի քանի անգամ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանն նշել էր, թե բոլոր չափահասների աշխատանքի խնդիրը լուծվել է, ինչպես նաև վերաբնակիչներին սննդով օգնելու հարցը կազմակերպվում էր տեղի ուժերով. «Իսկ ով ցանկանում է հող մշակել, տրվում է հողահատկացում»[10]:

2013 թ. սկզբին Քաշաթաղի շրջանում վերաբնակվելու ցանկություն ունեին ևս 10 ընտանիքներ: Ըստ մամուլի հրապարակումների՝ վերաբնակիչները նախ ցանկանում էին գնալ Քաշաթաղ ու ծանոթանալ տեղի պայմաններին, ապա վերջնական որոշում կայացնել: Քաշաթաղի վերաբնակեցման վարչությունն իր հերթին պատրաստամակություն էր հայտնել ընդունելու ցանկացած դիմողի։

Այս շրջանում ևս քիչ չէին սիրիահայ ընտանիքների՝ Արցախում հաստատվելու մասին մամուլի էջերում հայտնված պատմությունները: Հայկական մամուլում ժամանակ առ ժամանակ դրանք շրջանառվում էին՝ ներկայացնելով Արցախում արդեն իսկ մի քանի ամիս ապրող կամ նոր-նոր բնակություն հաստատած սիրիահայերի դրությունը, կենցաղը, ի հայտ եկած խնդիրները:

Օրինակ, սիրիահայ Վարդան Պողոսյանը իր՝ Արցախում վերաբնակվելու մասին ասել էր, թե ԼՂՀ-ում պայմաններն ավելի լավն են, ավելի հանգիստ է այնտեղ ապրելը: Վերջինս պատմել էր հայկական ԶԼՄ-ներից մեկին, թե մինչև Արցախում հաստատվելը մոտ 15 օր ապրել էր Հայաստանում, սակայն որոշել էր վերադառնալ Սիրիա: Ի վերջո, Սիրիայում ստեղծված պատերազմական դրության պատճառով ինքը վերջնականապես որոշել էր տեղափոխվել Արցախ՝ իր հետ բերելով նաև կնոջը՝ Լուսվարդ Վարդանյանին: Ամուսինները հաստատվել էին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում:

Սիրիայից ողջ ընտանիքով Քաշաթաղ էր տեղափոխվել նաև Վարդան Պողոսյանի եղբայր Սերոբը և կնոջ ծնողներն ու արյունակից հարազատները: Մասնագիտությամբ հաշվապահ Վարդան Պողոսյանի համար աշխատանք էր գտնվել: Ըստ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանի` Վ. Պողոսյանը շատ շուտով աշխատանք էր ստանալու տեղական հեռախոսակապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ում: Աշխատանքի հարցը լուծվել էր նաև Վարդանի կնոջ համար, ով որպես հաշվապահ գործի էր անցել Բերձորի հյուրանոցում: Աշխատանքով ապահովել էին նաև Վարդանի եղբորը, ով մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ էր: Վերջինս աշխատանքի էր ընդունվել «Սյունիք» հիդրոէլեկտրակայանում[11]: Ցանկացած հարցի ու խնդրի Արցախի իշխանությունների կողմից արագ արձագանք էր տրվում` հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելով ԼՂՀ տեղափոխվել ցանկացող բոլոր սիրիահայ ընտանիքների ու նրանց հարազատների համար: Արցախի իշխանությունների կողմից ցուցաբերվող այդպիսի վերաբերմունքը մեծացնում էր Սիրիայից Հայաստան եկած հայերի` Արցախ տեղափոխվելու և այնտեղ ապրելու հավանականությունը: Հատկանշական է՝ տեղական ԶԼՄ-ների կողմից ևս հաճախ շրջանառվում էր նաև այն փաստը, որ այդ ժամանակ Վարդանն ու Լուսվարդն ունեին ընդամենը մեկ տարեկան դուստր և չնայած երեխայի փոքր տարիքին` երկուսով ուզում էին աշխատել ու զարգացնել Արցախը[12]:

Թեև Արցախում հաստատվում էին սիրիահայերի փոքրաթիվ խմբեր (ի տարբերություն Երևանում բնակություն հաստատածների), սակայն նրանք համառ մտադրություններ ունեին այս տարածքների հետ կապված: Նրանք ցանկանում էին Արցախի համար ինչ-որ լավ բան անել, զարգացնել երկրամասը և դարձնել ավելի լավը: Ինչպես նշել էր Արցախում վերաբնակեցված առաջին մարդկանցից մեկը՝ Մհեր Կարապետյանը, ինքը ցանկանում է տեսնել, թե Արցախի հողն ինչ հիվանդություններ ունի, ինչ է հարկավոր, որպեսզի կարողանա առողջացնել այն[13]:

Արցախում սիրիահայերի վերաբնակեցումը 2014-2015 թթ. նախորդ 3 տարիների համեմատ ավելի դանդաղ տեմպերով ընթացավ[14]: Իհարկե, հայրենադարձության դեպքեր ժամանակ առ ժամանակ լինում էին, սակայն մեծ ներհոսք, ինչպիսին 2011-2013 թթ., չկար, բացի այդ՝ սիրիահայերի զգալի մեծամասնությունը Սիրիան լքելուց անմիջապես հետո նախընտրում էր հաստատվել եվրոպական երկրներում, որտեղ բարեկամներ ու կապեր ուներ: Քիչ չէին դեպքերը, երբ Հայաստանից, այդ թվում՝ Արցախից հեռացան նախորդ տարիներին այստեղ հաստատված սիրիահայերը ևս: Լքելու հիմնական պատճառների թվում էին աշխատանքի բացակայությունը և բնակարանային հիմնահարցը[15]:

Ինչևէ, անգամ այսպիսի պայմաններում շատ սիրիահայ ընտանիքներ մնացին ու մինչև այսօր շարունակում են ապրել մեր կողքին: Արցախ տեղափոխված գրեթե բոլոր սիրիահայերն էլ պատրաստ էին հողագործի աշխատանքին ու մտադիրն էին հոգնել՝ իրենց այդ ձգտումը հակադրելով արաբների ծույլ աշխատելաոճին: Արցախ ներգաղթած սիրիահայերի մեծ մասն այսօր էլ ակտիվորեն հողագործությամբ է զբաղվում, քանի որ Սիրիայի Ալ-Կամիշլի քաղաքում ապրելիս նրանց հիմնական զբաղմունքը եղել է հենց հողի հետ ակտիվ աշխատանքը. այդպես է կոփվել նրանց բնավորությունը:

Ի՞նչ խնդիրներ ունեին սիրիահայերը Արցախում: Սիրիահայերի համար Հայաստանում հաստատվելու, տեղի բնակչության հետ ինտեգրվելու համար երբեմն խնդիր էր հանդիսանում լեզվական պատնեշը: Օրինակ՝ Արցախում հաստատված որոշ սիրիահայեր պնդում էին, թե մի քիչ դժվար է, մի քիչ անհասկանալի իրենց համար Ղարաբաղի բարբառն ու առհասարակ՝ արևելահայերենը, բայց իրենք փորձում են հարմարվել. ի վերջո հայեր են ու միմյանց հասկանալ կարողանում են: Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը նշում էր, թե տեղի հայոց լեզվի ուսուցիչները ցուցում էին ստացել անհատական մոտեցմամբ պարապել սիրիահայ երեխաների հետ:

Վերաբնակեցման հետ կապված մյուս կարևորագույն խնդիրը բնակարանների առկայությանն էր վերաբերում: Այս հարցի համար ԼՂՀ կառավարությունը շինանյութ էր տալիս՝ մարդկանց հնարավորինս տրամադրելով իրենց բնակարանների կառուցման աշխատանքներին: Կովսականում բնակարանաշինության խնդրով դեռևս 2012 թ. սկսել էին նաև բարեգործական որոշ հիմնադրամներ զբաղվել: «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով 6 ընտանիքների համար բազմաբնակարանային շենք էր կառուցվելու: Այդ ընթացքում նախատեսվում էին նաև նորարարություններ՝ Սիրիայից տեղափոխել մոտ 120 պատրաստի բնակարան-տնակներ: Սիրիահայ ընտանիքները սպասում էին իրենց բնակարաններին Կովսական տեղափոխվելու համար[16]: Կային նաև կամավոր կերպով սեփական բնակարանները սիրիահայերին տրամադրելու պատրաստակամություն հայտնած մարդիկ: ԼՂՀ Ասկերանի շրջանի Պատարա գյուղում տուն ունեցող Ստեփան Գրիգորյանը բաց նամակով դիմել էր սիրիահայերին՝ առաջարկելով այնտեղ գտնվող իր երկրորդ տունն այդ նպատակին ծառայեցնել: Պատարայում առնվազն 5 ընտանիք ևս պատրաստ էր նմանօրինակ քայլի: Նրանք հույս էին հայտնում, որ այս քայլը սկիզբ կդառնար մի մեծ ակցիայի, ինչի հետևանքով հնարավոր կլիներ մի քանի հարյուր տուն գտնել Արցախի տարբեր գյուղերում[17]:

Արցախում սիրիահայերի վերաբնակության հետ կապված մյուս մեծ խնդիրն էլ աշխատանքի բացակայությունն էր: Հայաստանում սկսած 2012 թ.-ից ստեղծվել էին Սիրիայից վերադարձած հայերին աշխատանք գտնելու գործում աջակցող օպերատիվ արձագանքման գրասենյակներ, պետական աջակցության ծրագրեր և աշխատանքի տոնավաճառներ, ժամանակ առ ժամանակ կազմակերպվում էին վերապատրաստման դասընթացներ Հայաստան եկած սիրիահայ երիտասարդների համար լավ աշխատանք գտնելու գործընթացն ավելի դյուրին ու արագ դարձնելու նպատակով: Սակայն լիովին այլ պատկեր էր կոնկրետ Արցախում վերաբնակվողների պարագայում: Այստեղ մեծ մասամբ սիրիահայերը նեգրավվում էին հողամշակման և գյուղատնտեսության ոլորտներում: Մյուս կողմից էլ՝ արդեն 2012 թ. ՀՀ Սփյուռքի նախարարությունը որոշակի ծրագրեր իրականացվում էր Արցախում: Օրինակ, գրանցված դեպքեր կային, երբ ՀՀ Սփյուռքի նախարարությունը Բերձոր էր ուղարկել մեկ բժշկի ու մեկ ավտոմեխանիկի: Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանի հավաստմամբ՝ այդ ժամանակաշրջանում Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում կային այլ աշխատատեղերի պահանջարկ ևս[18]:

Սիրիահայերի առջև ծառացած խնդիրներից էր նաև կրթության հարցը: Սակայն այս ուղղությամբ էլ որոշակի քայլեր արվում էին Արցախի կառավարության կողմից: Սիրիահայ պատանիներին ընդգրկում էին տարբեր ծրագրերում, հնարավորություն տալիս ինտեգրվել տեղացի հասակակիցների հետ: Օրինակ՝ 2012 թ. օգոստոսին Ասկերանի շրջանի «Ասպետ» ճամբարում իրենց ամառային հանգիստն էին անցկացնում սիրիահայ 21 պատանիներ: Ճամբարին ընդհանուր առմամբ մասնակցում էին շուրջ 200 պատանիներ ԼՂՀ տարբեր շրջաններից: Պատանիներն իրենց առօրյան հիմնականում անցկացնում էին զինվորների հետ՝ սովորելով նաև զենք օգտագործել, կրակել:

«Մենք պատրաստ ենք Սիրիայից եկած մեր հայրենակիցներին հնարավորություն տալ անվճար սովորելու Արցախում, ապահովվել նաև կեցության որոշ պայմաններով: Մենք անցել ենք պատերազմի միջով և գիտենք, թե ինչքան դժվար է ապրել նման պատերազմական իրավիճակում»,- այսօրինակ հայտարարությամբ հանդես էր եկել անգամ Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը[19]:

Հատկանշական է, որ սիրիահայ ընտանիքներին Արցախում մեծապես աջակցում էին ոչ միայն տեղի իշխանություններն ու բնակչությունը, այլև տարբեր հիմնադրամներ, որոնցից էին «Քաշաթաղ» և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամները, ինչպես նաև` սիրիահայեր ընտանիքների աջակցության «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը: Այս շրջանում ի հայտ եկան այլ նախաձեռնություններ ևս: Լավագույն օրինակներից է «Արցախակերտում» նախաձեռնող խումբը, որը հայաստանյան որոշ հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների համար կազմակերպեց մեկնում դեպի Քաշաթաղ` սիրիահայերի հետ հանդիպումներ կազմակերպելու նպատակով:

ԶԼՄ-ներից մեկին «Աջակցություն ինքնորոշված Արցախին» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մկրտիչ Տոնոյանը ասել էր, թե իրենք աջակցել են բնակարանների կառուցման հարցում, իսկ ահա կահավորելու հարցն ամբողջությամբ ինքն է իր ուսերի վրա վերցրել[20]: Այսօրինակ դեպքերը քիչ չէին:

Չնայած առկա լավատեսական ու դրական մոտեցումներին` Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը մեծ կասկածի տակ էր դնում սիրիահայերի աջակցության ծրագրի իրականացման հավանականությունը: Նա իր հերթին երևան էր բերում լիբանանահայերի վառ օրինակը[21], որոնք ժամանակին տեղափոխվել էին Հայաստան, ոմանք էլ Արցախ, իսկ հետագայում էլ հուսահատված հեռացել էին երկրից: Ռ. Կիրակոսյանը պնդում էր, թե Ղարաբաղի իշխանությունները սիրիահայերին ԼՂՀ-ում վերաբնակեցման համար անհրաժեշտ հնարավորություններ և ռեսուրսներ չունեն, իսկ իրադրությունը ողջ տարածաշրջանում չի նպաստում նրանց հաստատմանն այստեղ: Ու չնայած կարծիքները տարբեր էին, բազմաթիվ սիրիահայեր շարունակեցին հաստատվել Հայաստանում և Արցախում[22]։

Ադրբեջանական կողմի արձագանքը սիրիահայ ընտանիքների՝ Արցախում վերաբնակեցմանը: Ադրբեջանական որոշակի շրջանակներում անհանգստություն էր սկսվել Հայաստան ներգաղթող սիրիահայերի՝ Արցախում բնակություն հաստատելու լուրերից: Բազմաթիվ տեղական ԶԼՄ-ներ այս թեմային անդրադառնում էին՝ անհանգստության կոչեր հղելով երկրի իշխանություններին: Ադրբեջանում, ըստ էության, չէին ցանկանում զուտ դիտորդի դերում մնալ:

Ադրբեջանական Armenia.az լրատվամիջոցը 2012 թ. հայերենով հարցազրույց էր հրապարակել «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման նախագահ Բայրամ Սաֆարովի[23] հետ: Վերջինս հայտարարում էր, թե ոչ մի դեպքում «Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանական համայնքը» չի համաձայնվի այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղում սիրիացի հայեր են հայտնվում[24]: «Անկախ այն բանից, թե ով կվերաբնակվի Ադրբեջանի օկուպացված տարածքներում, նրանք չեն կարող երկար ժամանակ ապրել այնտեղ: Դա մեր հողն է և ոչ ոքու չենք թուլատրել վերաբնակվել մեր տարածքներում: Այն բանից հետո, երբ Ադրբեջանը կազատի իր օկուպացված հողերը, այդ տարածքներում ապօրինի ապրող բնակչությունը կհանվի այնտեղից»,- այսպիսի հայտարարություն էր արել Բ. Սաֆարովը։

Երբ 2012 թ. սիրիահայերի բնակեցումը ԼՂՀ-ում որոշակիորեն ակտիվացավ, հայ բլոգերներից ոմանք փորձեցին պարզել, թե ադրբեջանական կողմն ինչպես է փորձում արձագանքել: Բավականին հետաքրքիր լրատվական հոդված ներկայացվեց, որը մեծ տարածում գտավ լրատվամիջոցներում: Հայկ Ղազարյանը և Շահլա Սուլթանովան «Կովկասյան լրատու» հանդեսի 671-րդ համարում ներկայացրին «ԼՂՀ-ն կարող է սիրիահայերի երկրորդ հայրենիքը դառնալ» հոդվածը: Այդտեղ ներկայացվում էր նաև պաշտոնական Բաքվի տեսակետը[25]: «Հայաստանն առաջին անգամ չէ, որ Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցման նախագիծ է իրականացնում: Սա սադրանք է. այն խաթարում է խաղաղ կարգավորման գործընթացը»,- հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էլման Աբդուլլաևը[26]:

Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հերթին, մեկը մյուսին հերթ չտալով, պնդում էին, որ սիրիահայերի վերաբնակեցման ծրագիրը նպատակաուղղված քայլ էր, որը կխոչընդոտեր ոչ միայն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, այլև հետագայում որոշակի հիմքեր էր ստեղծում բացառելու իրենց փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ:

Ադրբեջանցի ակտիվիստները մեծ դժգոհություն էին հայտնում, որ իրենց երկրի կառավարությունը գրեթե ոչինչ չի ձեռնարկում ստեղծված իրադրության կապակցությամբ: Երբեմն նույնիսկ կոչեր էին հնչում, պահանջներ էին ներկայացվում ադրբեջանական իշխանություններին` ստիպել միջազգային պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ` սիրիահայերի վերաբնակեցման գործընթացին մեկընդմիշտ վերջ տալու համար: Ադրբեջանի իշխանությունների պնդմամբ՝ իրենք ամենևին անգործ չէին. ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էլման Աբդուլլաևի` պաշտոնական Բաքուն վաղուց տեղեկացրել էր ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին, որ բացասական վերաբերմունք ունի այդ հարցի վերաբերյալ:

Ամփոփելով կարող ենք ասել, որ սիրիահայերը սկսել են հաստատվել Արցախում դեռևս 2011 թ.: Սկզբնական շրջանում քայլը պայմանավորված չէր Սիրիայում տիրող քաղաքական իրադրությամբ, բայց փաստորեն  սիրիահայերի ներհոսքը դեպի Արցախ շատացավ սիրիական ճգնաժամի հետևանքով:

Այս պահին կարելի է ասել՝ ԼՂՀ կառավարությունը դեռևս շարժվում է 2003 թ. որոշմամբ, որից հետո վերաբնակեցման գործընթացի իրավակարգավորման նոր քայլեր չեն ձեռնարկվել: Սիրիահայերի դեպքում ևս այդ որոշմամբ են առաջնորդվում, իսկ այլ հարցերում արդեն, մշակված կոնկրետ ծրագիր չկա:

Արցախում աշխատանքի հնարավորություն ոչ բոլոր սիրահայերը ստացան, և շատ կարճ ժամանակի` 2 տարվա ընթացքում Արցախում վերաբնակվելու հայրենասիրական ցանկությունը հետին պլան մղվեց. սիրիահայ ընտանիքները սկսեցին ուղիներ փնտրել Արցախից և առհասարակ՝ Հայաստանից հեռանալու համար[27]: Սիրիահայերի մեծ մասը Քաշաթաղից տեղափոխվեց Երևան, մի մասն էլ՝ հեռացավ երկրից՝ բռնելով եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի ուղին: Իհարկե, կային դեպքեր, որ անգամ պատերազմի ավարտից հետո որոշ սիրիահայեր մտադիր էին մնալ Արցախում[28]: Հայկական միջավայրը և հայությամբ շրջապատված լինելը գոհացնում էր որոշ սիրիահայերի, ովքեր իրենց ոչ միայն ավելի ապահով էին զգում Արցախում, այլև առավել հանգիստ էին ապրում: Թեև Սիրիայի և Արցախի բնակավայրերի միջև տարբերություններն իրենց իսկ խոսքերով շատ տարբեր են, սակայն հայկական շրջապատում ապրելը հանգստություն է տալիս:

2015 թ. նոյեմբերի տվյալներով` սիրիահայերի 32 ընտանիք կա Քաշաթաղում[29]: Այդ ընտանիքները հիմնականում բնակվում են շրջկենտրոն Բերձորում, Կովսական քաղաքում ու Իշխանաձոր գյուղում: Երիտասարդները սովորում են ոչ միայն Արցախի պետական համալսարանում, այլև Շուշիի Ագրարային համալսարանում, Ագրարային համալսարանի քոլեջում: Վերաբնակիչների զբաղվածությունը թե՛ երիտասարդների, թե՛ առհասարակ բոլոր սիրիահայերի շրջանում հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտի հետ: Թեև Բերձորում, օրինակ, սիրիահայերի ջանքերով ստեղծվել է մեխանիկական արտադրամաս, իսկ Իշխանաձորում էլ ագրոտնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցնում է սիրիահայ: Ընդհանրապես Արցախում մնացել են այն ընտանիքները, այդ թվում՝ միայնակները, որոնք կամ այլ տեղ գնալու հնարավորություն չունեն, կամ տեղում աշխատանք են գտել, գյուղատնտեսությամբ են զբաղվում: Օրինակ՝ մինչև օրս Կովսական քաղաքում է ապրում 10 երեխայի հայր Ժիրայր Տոնապետյանը, որի մասնագիտությունը հենց հողագործության հետ է կապված:

Թեպետ Արցախում վերաբնակվել ցանկացողներ մինչ այժմ կան, և 2015 թ. նույնպես մի քանի ընտանիքներ ընդունվել են, բայց աստիճանաբար նման ցանկություն հայտնողների թիվը նվազում է, որովհետև շրջանն այսօր երկու լուրջ խնդիր ունի՝ բնակարանաշինություն և աշխատատեղերի բացակայություն: Հեշտ է գյուղատնտեսությամբ զբաղվել ցանկացողներին ընդունելու պարագայում, իսկ մնացած մասնագիտությունների դեպքում` դժվարությունները մշտապես ավելի ընդգծված են դառնում։

[1] 2015 թ. ապրիլի 15-ին տպագրված «Սյունյաց երկիր» թերթի` տարվա 10-րդ (հաշվառված նաև որպես 353-րդ թողարկում) համարում (հատուկ թողարկում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին) ՀՀ Սփյուռքի նախարարը հայտարարել է, որ մինչև սիրիական ճգնաժամի սկսվելը երկրում ապրել են 80-100 հազար հայեր, այսօր՝ շուրջ 25-30 հազար:

[2] Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թ. ապրիլի 15-ի «ԼՂՀ տարածքում վերաբնակվող ընտանիքներին տրամադրվող արտոնությունների մասին» թիվ 121 որոշում, http://nkrcadastre.am/?p=559 (հղվել է 22.11.2015 թ.)։

[3] Քաշաթաղ, Լիբանան, թե՞ ուր. Բերձոր եկած սիրիահայերը հեռանալու և մնալու միջև, “eMedia.am”, 18 մարտի 2013 թ․, http://www.arfd.am/syriahay/?p=593 (հղվել է 22.11.2015):

[4] Հովսեփյան Նորայր; Առաքելյան Հովիկ, В Кашатагский район в 2011 г. переселилось около 220 семей, Արցախի հանրային հեռուստատեսություն, https://www.youtube.com/watch?v=cIbfZiCxnHo (հղվել է 22.11.2015 թ.)։

[5] Ռուստամյան Գոհար; Սարյան Սամվել, Սիրիահայ եղբայրները որոշել են բնակվեն Քաշաթաղում, Արցախի հանրային հեռուստատեսություն, https://www.youtube.com/watch?v=WFr9bQ86arI (հղվել է 22.11.2015 թ.)։

[6] Իվանիդիս Սոֆի, Վերնագիրը վերջում – ”Քելե, լաո’…”, Արցախի հանրային հեռուստատեսություն, https://www.youtube.com/watch?v=PXQNck0bo8Q (հղվել է 22.11.2015 թ.)։

[7] Մարգարյան Անի, Հողը մարդիկ են շենացնում. Արցախում նկատվում է բնակչության աճ (հարցազրույց/ֆոտո), http://www.animargaryan.org/2012/05/blog-post_08.html (հղվել է 22.11.2015 թ.)։

[8] Սիրիահայերը Կովսականում. պատուհանից տեսնել մեր կարալյոկի ծառն ավելի լավ է, քան Ղամիշլիի տեսարանը, “eMedia.am, http://www.arfd.am/syriahay/?p=722 (հղվել է 22.11.2015 թ.)։

[9] Սինդելար Դեյզի; Բուլղադարյան Նաիրա, Հալեպն այլևս ապահով ապաստան չէ սիրիահայերի համար, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան, http://www.azatutyun.am/content/article/24691921.html (հղվել է 22.11.2015 թ.)։

[10] Ղազարյան Հայկ; Սուլթանովա Շահլա, Ղարաբաղը կարող է սիրիահայերի երկրորդ հայրենիքը դառնալ, «Հետք», http://hetq.am/arm/news/22569/xarabaxy-karox-e-siriahayeri-erkrord-hayreniqy-darnal.html (հղվել է 22.11.2015 թ.)։

[11] Ղազարյան Հ.; Սուլթանովա Շ., Ղարաբաղը կարող է…, նույն տեղում:

[12] Առաքելյան Լիլիթ, Ես ընտրեցի Բերձոր ու վերջացավ, այստեղ ապրելու եմ». Քաշաթաղի շրջանում սիրիահայերը հուսով են, որ ամեն ինչ «լավ կըլլա», MediaLab.am, http://medialab.am/news/id/919 (հղվել է 22.11.2015)։

[13] Ռուստամյան Գ; Սարյան Ս, Սիրիահայ եղբայրները…, նույն տեղում:

[14] Տվյալները տրամադրել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչությունը:

[15] Մելիքյան Նիկոլայ, Սիրիահայերը հեռանում են Հայաստանից 09.03.2013, «Ազդարար» լրատվական ծրագիր, «Ար» հեռուստաընկերություն, https://www.youtube.com/watch?v=r5paP25OoUU (հղվել է 22.11.2015)։

[16] Սա մեզ համար հայրենիք է, ոչ միայն` տարածք, «Ապառաժ», http://aparaj.am/new/սա-մեզ-համար-հայրենիք-է-ոչ-միայն-տարած/ (հղվել է 22.11.2015)։

[17] Արցախցիները պատրաստ են իրենց բնակարաններն առանց վարձի հատկացնել սիրիահայերին, Թերթ.am, http://www.tert.am/am/news/2012/08/28/patara/573993 (հղվել է 22.11.2015)։

[18] Դանիելյան Անահիտ, Քաշաթաղ. իրավիճակը շտկելու փորձեր, «Հետք», http://hetq.am/arm/news/40027/qashatax-iravitchaky-shtkelu-pordzer.html (հղվել է 22.11.2015)։

[19] Արցախը միշտ պատրաստ է ընդունել սիրիահայ մեր հայրենակիցներին. ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյան, https://armrepatriation.wordpress.com/2012/08/05/արցախը-միշտ-պատրաստ-է-ընդունել-սիրիահ/ (հղվել է 22.11.2015)։

[20] Քաշաթաղում սիրիահայ 25-30 ընտանիք է ապրում. Նրանց մի մասը բնակարանի է սպասում, Panorama.am, http://www.panorama.am/am/news/2013/09/20/suria-qashatagh/440805 (հղվել է 22.11.2015)։

[21] Խոսքը Երկրորդ լիբանանյան պատերազմի մասին է, որ հակամարտություն էր Իսրայելի Պետության և շիա «Հեզբոլլահ» արմատական խմբավորման միջև 2006 թ.: «Հեզբոլլահ»-ի վերահսկողության տակ այդ ժամանակ գտնվում էին Լիբանանի հարավային շրջանները։

[22] Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության` վերջին 4 տարիներին Սիրիայից Հայաստան է ժամանել 20 000 մարդ, նրանցից 16 000-ը մնացել են, միայն 4 000-ն է հեռացել (տե՛ս Վերջին երեք ամսում Հայաստան է եկել 2000 սիրիահայ, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, 31 հուլիսի 2015 թ․, https://www.youtube.com/watch?v=U4SYTPrOzFQ (հղվել է 22.11.2015)):

[23] Ադրբեջանում տարիներ առաջ ստեղծված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորումը ներկայանում էր իբրև Ղարաբաղի «օրինական» վտարանդի կառավարություն, ինչպես Աբխազիայի և Օսեթիայի դեպքում նմանատիպ կազմակերպություններ էին ստեղծվել Վրաստանում:

[24] «Ոչ մի ողջամիտ սիրիացի հայ չի վերաբնակվի Լեռնային Ղարաբաղում», Armenia.Az, http://armenia.az/articles/15971/ (հղվել է 22.11.2015)։

[25] Ղազարյան Հայկ; Սուլթանովա Շահլա, Ղարաբաղը կարող է…, նույն տեղում։

[26] Ermənistan tərəfindən işğal olunan Azərbaycan torpaqlarında məskunlaşma beynəlxalq hüquqa ziddir – XİN (Հայաստանի կողմից ադրբեջանական օկուպացված տարածքների բնակեցումը հակասում է միջազգային իրավունքին – ԱԳՆ – ադրբեջաներեն), Trend, https://az.trend.az/azerbaijan/karabakh/1953730.html (հղվել է 17.11.2015)։

[27] 4000 սիրիահայեր հեռացել են Հայաստանից, Pastinfo.am, http://www.pastinfo.am/hy/node/82414 (հղվել է 22.11.2015)։

[28] Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ, Panorama.am, http://www.panorama.am/am/news/2013/09/23/mushex-aro-suria/439099 (հղվել է 22.11.2015)։

[29] Վերաբնակեցված ընտանիքների վերաբերյալ տվյալները ճշգրտվել են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանի հետ հեռախոսային հարցազրույցի ընթացքում (20 նոյեմբերի 2015 թ․):

հեղինակ — Դիանա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, արևելագետ

dianaeghiazaryan92@gmail.com

նկարում — Քաշաթաղի Իշխանաձոր գյուղը (հեղ․՝ Րաֆֆի Դուդակլյան)