Վերաբնակեցված Կովսականը՝ խնդիրներով ու առավելություններով

Քաշաթաղում դժվար թե բնիկ արցախցի գտնեք, բոլորս ՀՀ տարբեր մարզերից ենք։ Հիացած տեղի պայմաններով` ընտանիքներով տեղափոխվել ենք ու սկիզբ դրել վերաբնակեցմանը։

Այս նույն միտքը տարբեր բարբառներով մի քանի անգամ հնչեց Կովսականի՝ Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչանոցում, որտեղ ուսուցիչների հետ զրուցում էինք վերաբնակեցման, տեղի խնդիրների և, իհարկե, առավելությունների մասին։
Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում, ըստ ուսուցիչների՝ ապրում է շուրջ 500 բնակիչ։

Մեծ մասը Կովսական են տեղափոխվել 1994 թ.-ին. պատերազմի ժամանակ կռվող տղամարդիկ հավանել են տարածքը, ձեռնամուխ եղել պայմանների բարելավմանն ու ընտանիքներով տեղափոխվել հայրենի տարածքները վերաբնակեցնելու։ Սկզբում զբաղվել են միայն հողագործությամբ և անասնապահությամբ, սակայն ժամանակի ընթացքում հնարավորություններն ընդլայնվել են, ստեղծվել են նոր աշխատատեղեր։ Այժմ Կովսականում կա մանկապարտեզ, դպրոց, հիվանդանոց, ոստիկանություն, հրշեջ ծառայություն և այս ամենին զուգահեռ, ինչպես նշեց ուսուցիչներից մեկը, «բաղ ու բոստան»։

IMG_5468

Կովսականի դպրոցի ուսուցչանոցում

Դպրոցում աշակերտների ու մասնագետների խնդիր չունեն. Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցում աշխատում է ավելի քան 20 ուսուցիչ, ունեն բնագիտական առարկաների համար լաբորատորիա, համակարգչային լսարան, գրադարան, իսկ երեխաների արտադասարանական ակտիվությունն ապահովելու համար գործում են երգի, պարի, ինչպես նաև տարբեր առարկաների խորացված ուսուցման խմբակներ։ Դպրոցն ավարտելուց հետո շատերն են գնում Երևան, Գորիս կամ Ստեփանակերտ՝ բարձրագույն կրթություն ստանալու, իսկ հետո վերադառնում են ու դասավանդում դպրոցում։ Մանկապարտեզը երկու տարի է, ինչ գործում է, բայց հասցրել է երեխաների համար հաճելի միջավայր դառնալ։ Հիվանդանոցի սարքավորումներից չեն բողոքում, պարզապես նշում են, որ ունեն որոշ մասնագետների կարիք․ հիվանդանոցում աշխատում է մի քանի թերապևտ, կա ռենտգենոլոգ, բայց օրինակ գինեկոլոգի կարիք ունեն, ինչի պատճառով էլ հաճախ ստիպված են Երևան կամ Ստեփանակերտ հասնել։ Կովսականցիները Երևան, Ստեփանակերտ կամ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր են գնում նաև գումար ստանալու կամ փոխանցելու համար. արդեն 5 տարի է՝ աշխատավարձը բանկային համակարգով են ստանում, բայց Կովսականում ո՛չ բանկ կա, ո՛չ էլ բանկոմատ։

Տարիների ընթացքում Կովսականում փոփոխություններ շատ են եղել, բայց տեղացիների խոսքերով՝ այդ ամենը ոչ թե պետության, այլ բարերարների կամ սեփական ուժերի շնորհիվ է իրականացվել։ Ընտրությունների ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաները ոգևորում են տեղացիներին՝ անվանելով «հրաշք մարդիկ», ովքեր վերաբնակեցրել են այդ տարածքները, զարգացրել, բայց վարկի հետ կապված նույնիսկ նվազագույն խնդրի դեպքում բնակիչներին միանգամից դատարանի դուռն են հասցնում՝ մոռանալով, որ որոշ ժամանակ առաջ նրանք հերոսներ էին, և ծագած խնդիրը կարելի է այլ տարբերակով լուծել։

IMG_5437

Ազգագրական պարի դասափորձ

Չնայած որոշ դժգոհություններին՝ բնակիչներն առիթը բաց չէին թողնում շեշտելու, որ Կովսականից գնալու և Երևանում կամ մեկ այլ քաղաքում բնակվելու հնարավորություն ունեցել են, բայց մնացել կամ գնալուց հետո վերադարձել են, որովհետև աշխատանքային ու մարդկային հարաբերությունների տեսանկյունից Կովսականն իրենց ավելի հարազատ է։

Ուսուցիչներից մեկը նշեց, որ ապրիլյան պատերազմն է՛լ ավելի ամրացրեց Կովսականում մնալու իրենց ցանկությունը.

Մեզ՝ ուսուցիչներիս, ասում էին՝ դադարեցրեք դասերը, պատերազմ է, բայց մենք դասի էինք գալիս։ Չնայած բոլորս էլ գիտակցում էինք, որ կարող է տանից դուրս գանք ու չվերադառնանք, միևնույն է, շարունակում էինք ապրել այնպես, ինչպես սովոր էինք՝ խուճապից խուսափելու համար։ Հենց մտնում էինք դասարան, երեխաներին հարցնում էինք. «պապայից լուր ունե՞ք, զանգե՞լ են, խոսե՞լ եք»։ Ախր բոլորի հայրերը, մեծ մասի որդիներն ու փեսաները սահմանին էին ու դեռ այնտեղ են։ Ամեն օրը հայրենասիրական երգերով էինք սկսում»։ Իսկ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին հիշում է. «Գիտե՞ք, մի օր մանկապարտեզում չորս տարեկան մի աղջիկ ասաց. «պապան գնացել ա կռվի, մնացել ա մի թուրք՝ սպանի ու գա»։

Վերաբնակեցված այս շրջանում պատերազմը հասցրել է թողնել իր հետքը, բայց դրան զուգահեռ ավելացրել է Կովսականը զարգացնելու և հնարավոր խնդիրներին լուծումներ գտնելու ցնակությունը։

Հեղ․՝ Մանե Գևորգյան