«Տունն է մեր սահմանը»․ Քաշաթաղի շրջանավարտների և ապրիլյան պատերազմի հոգեբանական ազդեցության մասին

IMG_5622

Վարդուշ Մովսիսյանը

«Հայրենիքի սահմանը մեր տան սահմանն է, և եթե մենք զիջենք մեր հայրենիքի սահմանը, նույն է թե զիջենք մեր տունը, իսկ տունը ոչ մեկը չի զիջում»։

Այս մասին իր խոսքում ասաց Քաշաթաղի շրջանի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը` անդրադառնալով շրջանի կրթական խնդիրներին, շրջանավարտների հաջողություններին և ապրիլյան պատերազմի հոգեբանական ազդեցությանը։
Այս տարի Քաշաթաղի շրջանն ունեցել է 104 շրջանավարտ, որոնցից 32-ը դիմել են ՀՀ և Արցախի պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Այն հարցին, թե հիմնականում, որ մասնագիտություններ են ընտրում, Վարդուշ Մովսիսյանն ասաց.

Հիմնական դպրոցի շրջանավարտները դիմում են ռազմական ուսումնարաններ։ Իսկ ավագ դպրոցի շրջանավարտներին նպատակահարմար ենք գտնում կողմնորոշել ընտրելու մանկավարժական մասնագիտություններ, որպեսզի շրջանում առկա մանկավարժների պահանջարկը կարողանանք տեղում լուծել և ունենալ ոչ թե ժամանակավոր, այլ հիմնական մասնագետներ։

Այսօր Քաշաթաղի շրջանի դպրոցներում կա բնագիտական առարկաներից քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, մաթեմատիկայի, ինչպես նաև օտար լեզուների մասնագետների պակաս։ Բացի այդ՝ ուսումնական գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար լուրջ խնդիրներ են առաջացնում դպրոցների շենքային պայմաններն ու սպորտային գույքի կարիքը։

DSC_0699

Տեսարան Բերձորից

Անդրադառնալով ապրիլյան իրադարձություններին՝ Վարդուշ Մովսիսյանը, որ նաև Բերձորի թիվ 1 միջնակարգ դպրոցում դասավանդում է պատմություն առարկան, նշեց, որ ապրիլի 2-ին` 8-րդ դասարանում զուգադիպության առաջ է կանգնել։ Նախքան սահմանում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման մասին իմանալը երեխաներին հարցրել է. «Ո՞րոնք են երկրի տնտեսության և մշակույթի զարգացման համար նպաստող նախադրյալները»։ Աշակերտներն ամբողջ խմբով պատասխանել են` խաղաղությունը։ Իսկ մի քանի րոպե անց նրանց արդեն հայտնել են ռազմական գործողությունների ծավալման մասին։

Մովսիսյանը նաև հպարտությամբ նշեց, որ սահմանին կանգնածները 1-2 տարի առաջվա իրենց շրջանավարտներն են, և որ նրանց սխրագործությունը որոշակիորեն նաև ծնողների և ուսուցիչների ռազմահայրենասիրական դաստիրակության արգասիքն է։

«Նման լարված պայմաններում շարունակում էինք ուսումնական գործընթացը, շարունակում առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլը։ Անհանգստություն, ազդեցություն կար, բայց, ի պատիվ մեզ, կարողացանք դուրս գալ սթրեսային վիճակից և նորից մարտական տրամադրվել»,- նշեց տիկին Մովսիսյանը և հավելեց, որ ներկայիս հրաշալի սերունդը պետք է իր ներուժն օգտագործի և ի տապալումն հակառակորդի` կարողանա ստեղծել այնպիսի պետություն, որը սարսափ կառաջացնի ցանկացած թշնամու մոտ։

 

Հեղ․՝ Նունե Խաչատրյան