1994 թ․-ին հաղթական հրադադարից հետո սահմանն Արցախում կրճատվել է 670 կմ-ով

1991-1994 թթ․ ծավալված ռազմական գործողությունների շնորհիվ արցախյան հատվածում հայ-ադրբեջանական փաստացի սահմանը կրճատվել է 3.3 անգամ։

Հայկական գիտահրապարակախոսական և քաղաքական շրջանակներում պատերազմում մեր հաղթանակի կարևորությունը ներկայացվում է հիմնական երեք չափումներով՝ հումանիտար, մշակութային և ռազմաանվտանգային։ Եվ եթե առաջին երկու չափումների դեպքում ամեն ինչ պարզ է, այն է՝ հաղթական պատերազմը փրկել է արցախաբնակ հայերի կյանքը և մեծ առումով՝ Արցախում հայկական նյութական և հոգևոր մշակույթը, ապա ռազմաանվտանգային գործոնի հարցում ընկալումները տարբեր տարեշրջաններում տարբեր են եղել։ Այսպես, եթե բուն պատերազմի օրերին և դրան հաջորդած տասնամյակում տիրապետող էր այն ընկալումը, որ նախկին ԼՂԻՄ-ի վարչական սահմաններից դուրս գտնվող ազատագրված տարածքները պետք է որպես «փրկագին» ծառայեն Արցախի անկախության ճանաչման համար («տարածք՝ կարգավիճակի դիմաց»), ապա 2000-ականների սկզբից թե՛ հանրային, թե՛ պետական ընկալումներն սկսեցին դանդաղորեն փոխվել՝ հանգելով մի ընդհանուր կոնսենսուսային կետի, որ ազատագրված տարածքները մնացյալ Արցախի և առհասարակ՝ Հայաստանի արևելքի անվտանգության աշխարհագրական երաշխիքն են և անբաժան պիտի լինեն Արցախից։ Որպես հիմնավորում է բերվում նաև այն փաստարկը, որ ազատագրված տարածքների շնորհիվ կրճատվել է Ադրբեջանի հետ մեր սահմանը։ Չափելու համար այս պնդում-փաստարկի լեգիտիմությունը` որոշեցինք կազմել վիրտուալ մի քարտեզ՝ զուգադրելով հայ-ադրբեջանական արցախյան սահմանագիծը մեր օրերում և ԼՂԻՄ գոյության տարիներին։

Մեթոդաբանություն և ծանոթագրություն։ Քարտեզում ներկայիս սահմանագիծը ներառում է Արցախի հյուսիսային սահմանը՝ Մռավի լեռնաշղթայի Օմար, Գոմշասար, Մռավ գագաթներով, այդտեղից դեպի Թալիշ գյուղի հյուսիս-արևելք՝ Բարակ (Ինջա) գետի երկայնքով անցնող բնական սահման։ Այս հատվածում սահմանը կազմելիս հայկական տարածքից դուրս ենք թողել 2016 թ․ ապրիլյան կռիվների ժամանակ թշնամու գրաված դիրքերը ներառող բլրազանգվածը (ԼՂԻՄ-յան շերտում, հակառակը, դրանք ներառել ենք մեր կազմում)։ Հաշվի առնելով, որ այդ հատվածում նոր մարտական դիրքերի, այսինքն՝ սահմանի ստույգ տեղադրությունը բաց ինֆորմացիա չէ, նպատակահարմար չենք համարել այդտեղ նշել ճիշտ ուրվագիծը, փոխարենը մոտավորական գիծ ենք անցկացրել կորուսյալ «Սիս» հրամանատարական դիտակետին հանդիպակաց լանջն ի վար՝ շարունակելով այն դեպի հյուսիս-արևելք։ Այնուհետև արդեն հյուսիսից հարավ՝ Արաքս գետ, սահմանագիծն անցնում է գործող մարտական դիրքերով՝ ձևավորելով առավելագույնս իրապատում ուրվագիծ։ Միջանկյալ նշենք, որ նախկին Աղդամի շրջանում՝ երբեմնի Ղարաղաշլուի գյուղխորհրդի տարածքում, կա ≈2-3 կմ-ի շփոթ, որը ո՛չ որակական, ո՛չ քանակական ազդեցություն չի թողնում վերջնական արդյունքի վրա։ Ավելորդ չէ հիշատակել նաև, որ արևելյան սահմանագծում երկու տեղ՝ Լևոնարխում և Բաշ Ղարվանդում, մարտական դիրքերն անցնում են նշված գյուղատեղիների միջով՝ կիսելով դրանց տարածքը երկու մասի։ Հասնելով 9-րդ ՊՇ՝ դարձյալ մեր սահմաններից դուրս ենք թողել 2016 թ․ ապրիլին կորուսյալ բլրազանգվածը՝ 112-118-րդ մարտական դիրքերի ընդգրկմամբ։

Այսպիսով՝ հայ-ադրբեջանական ընդհանուր սահմանի արցախյան հատվածն այս պահի դրությամբ առավելագույնը մինչև 1.5% սխալանքով կազմում է 291.85 կմ՝ համապատասխանաբար Մեծ Հինալ սարից մինչև Բարակ գետ՝ 110.7 կմ, այդտեղից մինչև Արաքսի ափ՝ 181.15 կմ։

ԼՂԻՄ-յան շրջանի սահմանագիծը կառուցարկել ենք՝ ներառելով ՀԽՍՀ սահմանը ԱդրԽՍՀ Քյալբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի և Զանգելանի շրջանների հետ։ Հաշվի առնելով, որ այս սահմանագիծը «մաքուր տեսքով» երբեք գոյություն չի ունեցել՝ գիծն անցկացրել ենք մի շարք քարտեզագրական տեղեկատվապաշարների, այդ թվում՝ «Գուգլի» պարունակած մոտավորական սահմանով։ Ինչ վերաբերում է ԼՂԻՄ սահմաններին, ապա դրանց հարցում հիմք ենք ընդունել ԼՂԻՄ-ի մասին Ադրբեջանի Կոմկուսի կենտգործկոմի նախագահության՝ 1923 թ․ հուլիսի 30-ի և օգոստոսի 6-ի դեկրետները՝ որպես ԼՂԻՄ-ի արևմտյան սահման ընդունելով Սպիտակ ժայռ (բնագրում՝ Ալաղայա) գագաթով անցնող լեռնապարը։ Հաշվի առնելով, որ ԼՂԻՄ-ը տարիների ընթացքում տարածքային փոփոխություններ է կրել՝ հիմք ենք ընդունել 1988 թ․ սահմանագիծը։

Այսպիսով՝ հայ-ադրբեջանական ընդհանուր սահմանի արցախյան հատվածը ԼՂԻՄ-ի գոյության պահի դրությամբ առավելագույնը 2-2.5% սխալանքով կազմել է 965.7 կմ` համապատասխանաբար ՀԽՍՀ և ԱդրԽՍՀ սահմանը՝ 408.4 կմ-ը, ԼՂԻՄ-ի սահմանները՝ 557.3 կմ։ Այսինքն՝ պատերազմի շնորհիվ հայ-ադրբեջանական սահմանի արցախյան հատվածը կրճատվել է շուրջ 670 կմ-ով կամ 3.3 անգամ։

Հ․Գ․ Քարտեզագրական աշխատանքը թույլ տվեց նաև մոտարկել նախկին ԼՂԻՄ-ի Մարտակերտի և Մարտունու օկուպացված տարածքները։ Ըստ այդմ՝ Մարտակերտի շրջանից օկուպացված է 53.17 կմ², իսկ Մարտունուց՝ 120.61 կմ², ընդհանուր՝ 173.78 կմ²։

Հեղինակ՝ Էդգար Էլբակյան