6 եզրակացություն, որ պետք է անենք հայ-արդբեջանական ապրիլյան պատերազմից

Եզրակացություններն արված են վերջին մի քանի օրերին Արցախում հանդիպումների ու լրահոսին հետևելու արդյուքնում:

1. Հայ զինվորն ուժեղ է: Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ հայ մարտիկն ուժեղ է, միևնույն ժամանակ տեխնոլոգիական առավել հագեցվածությունը կբազմատկի մեր զինվորականության կարողությունները և կմեծացնի արդյունավետությունը: Օրինակ «тепловизор»-ների, գիշերային տեսանելության սարքերի, սահմանի վերահսկման որոշ տեխնիկական լուծումների, հարվածային անօդաչու թռչող ապարատների և այլ տեխնիկական լուծումների առավել մեծ հագեցվածությունը կարող է մի քանի անգամ մեծացնել հայկական բանակի արդյունավետությունը:

2. Ադրբեջանական բանակը չկարողացավ լուծել իր առջև դրված որևէ խնդիր, որը հիմնված էր մարդկային գործոնի վրա: Դրա հետ մեկտեղ համեմատաբար ավելի արդյունավետ էին հարվածային անօդաչու սարքերի միջոցով Ադրբեջանի իրականացրած գործողությունները: Կարծում եմ այս ամենի արդյունքում Ադրբեջանում եզրակացության կգան, որ իրենց ավելի շատ պետք են զինատեսակներ, որոնք հեռակառավարմամբ են գործում, քան հույս դնել սեփական զինվորի վրա: Արդյունքում հավանականություն կա, որ կմեծանան ներդրումները հարվածային անօդաչու սարքերի և նմանատիպ այլ զինատեսակների վրա:

3. Հայ հասարակությանը գաղափարախոսություն է անհրաժեշտ: Հայ հասարակության աննախադեպ միավորումը զարմացրեց, քանի որ 1988 թվականի շարժումից հետո նման երևույթ չէր նկատվել: Կարծում եմ միավորման պատճառներից գլխավորը մինչ այդ տիրող գաղափարախոսական սովն է: 90-ականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո հայ ազգը բացի Ցեղասպանությունից չէր ունեցել որևէ գաղափարախոսություն, իսկ Ցեղասպանությունը որպես այդպիսին գաղափարախոսություն ձևով չի ներկայանում, քանի որ մեր դեպքում Ցեղասպանության ճանաչումը հանդես է գալիս որպես նպատակ, ոչ թե միջոց: Իսկ ցանկացած սոցիալական խմբի առողջ գործունեության համար անհրաժեշտ է գաղափարախոսություն ունենալ, քանի որ դա օգնում է միավորվել ու դիմադրել ընթացիք խնդիրներին: Անկախության տարիների ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ խրագրեր, սկսած Հայաստանը տարածաշրջանի առողջապահական կենտրոն դարձնելուց, ավարտած զբոսաշրջիկական ամբիցիոզ պրոյեկտներ, սակայն գաղափարախոսության համար ոգեղեն նպատակ է պետք, որը ցավոք այսօրվա դրությամբ չունենք: Արդյունքում հայ հասարակությունը ևս մեկ անգամ շատ արագ միավորվեց Արցախի հարցի շուրջ:

4. Հայ հասարակությունն ունի խնդիրների լուծման շուրջ միավորվելու մեծ ռեսուրս: Ցավոք այդ ռեսուրսն ավելի շատ կազմակերպվում է արտաքին թշնամու գործողությունների, քան ներքին համակարգի ծրագրերի արդյունքում:

5. Առաջին փուլում կարողացանք միավորվել ու հաղթել, սակայն հնարավոր են նաև երկարաժամկետ գործողություններ: Բազմաթիվ մասնագետներ, այդ թվում նաև բարձրաստիճան զինվորականներ, կարծիք հայտնեցին, որ Ադրբեջանական 3 օրյա գործողություններն ավելի շատ «հետախուզական մարտերի» խնդիր ունեին, որպեսզի պատրաստվեն ավելի լայնամասշտաբ գրոհի: Եթե վերոնշյալ կանխատեսման նույնիսկ 10 տոկոս հավանականություն կա, նշանակում է անհրաժեշտ է վերջին մարտերի եզրակացությունների հիման վրա շատ արագ վերափոխումներ իրականացնել, որպեսզի հաջորդ գրոհի ժամանակ Ադրբեջանն այլ իրականության հանդիպի:

6. Ադրբեջանն ու Թուրքիան խնդիր ունեն շարունակել 1915 թվականի Ցեղասպանությունը: Հաշվի առնելով այն, թե թշնամին ինչ դաժանությամբ էր վերաբերվել հայ զինվորների դիակների ու խաղաղ բնակչության նկատմաբ, ինչպես նաև այն, թե ինչ մեծ ոգևորությամբ ու ուրախությամբ էր ադրբեջանական հասարակությունն ընդունում այդ դաժանությունները, կարելի է եզրակացնել, որ Արցախի 3 օրյա պատերազմը կարող է ևս մեկ հիմնավորում հանդիսանալ, որ գլոբալ առումով Ադրբեջանն ու Թուրքիան խնդիր ունեն ավարտել 1915 թվականի Ցեղասպանությունը: Հետևաբար չի կարելի Արցախի հացը դիտարկել որպես ժամանակավոր կամ տեսանելի ապագայում լուծման ենթակա խնդիր: Մեր ու Թուրքիայի և ադրբեջանցի թուրքերի միջև առկա է էթնիկական հակամարտություն, որը դեռ երկար ժամանակ չի ավարտվի:

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ

Times.am

08.04.2016