Ղարաբաղյան շարժման առաջին արձագանքները խորհրդային համամիութենական մամուլում

 Ալվինա Աղաբաբյան, ԵՊՀ

խորհրդային մամուլԲանալի բառերՂարաբաղյան շարժում, ԼՂԻՄ, ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ԱդրԽՍՀ, համամիութենական մամուլ

 1988 թ. ետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց` միջնորդելու Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների առջև ԼՂԻՄ-ն ԱդրԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու համար. «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին՝ խորն ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ՍՍՀՄ Գերագույն սովետի առջև` ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցի դրական լուծմանը»[1]: Սա, ըստ էության, ԼՂԻՄ բնակչության տասնյակ տարիների իղձերի ու ձգտումների իրավական ձևակերպումն էր:

Սկսած 1921 հուլիսի 5-ից, երբ ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը որպես ինքնավար մարզ բռնակցվեց ԱդրԽՍՀ-ին, Արցախի հայ բնակչության ձգտում-պահանջը` կրկին միավորվել մայր հայրենիքի հետ, մշտապես հնչեցվել է ամենատարբեր մակարդակներում: Տասնամյակների ընթացքում ԼՂԻՄ-ում Ադրբեջանի վարած խտրական քաղաքականությունը, մարզի սոցիալ-տնտեսական, գիտամշակութային զարգացման հետևողական և կանխամտածված խոչընդոտումը, մարզի ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակով ԼՂԻՄ-ի հայաթափումը և դրան զուգահեռ մարզում ադրբեջանցիների թվի ավելացումը, ինչպես նաև Հայաստանի հետ բազմոլորտ ու ամենատարբեր ձևաչափերի շփումների և կապերի հաստատման արգելակումը[2] հանգեցրին մարզի՝ միութենական այդ հանրապետության կազմից դուրս բերման անհրաժեշտությանը: Արցախը Հայաստանին վերամիավորելու փորձեր արվել էին 1930-ական թթ., 1945, 1965, 1967, 1977 թվականներին[3], սակայն ամեն անգամ հայկական կողմի արդարացի պահանջը մերժվել էր թե՛ մոսկովյան և թե՛ ադրբեջանական իշխանությունների կողմից: 1980-ականներին արդեն ԼՂԻՄ-ում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ակնհայտ էր, որ իրադարձությունների այդօրինակ ընթացքի պարագայում Ղարաբաղն անխուսափելիորեն արժանանալու էր Նախիջևանի ճակատագրին և ամբողջությամբ հայաթափվելու էր:

1985 թվականին, երբ ԽՄԿԿ գլխավոր քարտուղար ընտրվեց Միխայիլ Գորբաչովը` հրապարակ բերելով վերակառուցման, հրապարակայնության և ժողովրդավարության կարգախոսները, ԼՂԻՄ բնակչությունը կրկին բարձրացրեց իրեն հուզող հարցը: Երկրում հռչակված վերակառուցման քաղաքականությունը հայերին հույս էր ներշնչել, որ ղարաբաղյան խնդին ի վերջո արդարացի լուծում կստանա:

1988 թ. փետրվարի 13-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, որի ընթացքում քաղաքի կենտրոնական հրապարակ դուրս եկած հազարավոր արցախցիներ հանդես եկան ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ի հետ վերամիավորելու պահանջով[4]: Ստեփանակերտում և շրջաններում գրեթե մեկ շաբաթ անդադար շարունակվող խաղաղ ցույցերից ու հանրահավաքներից հետո ԼՂԻՄ մարզխորհուրդն ընդունեց իր պատմական որոշումը, որը ցնծությամբ ընդունվեց ինչպես մարզում, այնպես էլ Հայկական ԽՍՀ-ում: Ըստ էության, կարող ենք ասել, որ սա թերևս առաջին անգամ էր ԽՍՀՄ պատմության ամբողջ ընթացքում, երբ շրջանային մարմինը, իրացնելով իր օրինական իրավունքը, ընդունում էր քաղաքական որոշում, որը ոչ թե իջեցված կամ պարտադրված էր վերևից` կենտրոնից, այլ ճիշտ հակառակը՝ տվյալ շրջանի բնակչության ճնշող մեծամասնության կամարտահայտությունն էր:

Ի սկզբանե և՛ ԼՂԻՄ-ում, և՛ ՀԽՍՀ-ում մեծ էր հավատը Խորհրդային Միությունում հռչակված վերակառուցման քաղաքականության հանդեպ: Հայ ժողովուրդն անկեղծորեն հավատում էր, որ վերակառուցման ուղին բռնած երկրում իր պահանջն ի վերջո արդարացի լուծում է ստանալու: Այդ են վկայում անգամ այն կարգախոսները[5], որոնցով տասնյակ հազարավոր ցուցարարներ հրապարակ էին դուրս եկել թե՛ Ստեփանակերտում և թե՛ Երևանում:

Սակայն հենց շարժման սկզբից հայ ժողովրդին մեծ հիասթափություն էր սպասում:

Խորհրդային իշխանություններն արցախյան շարժման առաջին իսկ օրերից, հակառակ իրենց իսկ հռչակած վերակառուցման, ժողովրդավարության և հրապարակայնության քաղաքականության և չնայած հայկական կողմի բացարձակ հավատարմությանը կենտրոնին, բացասական դիրքորոշում են որդեգրում արցախյան խնդրի հանդեպ: Ղարաբաղյան շարժման ԽՍՀՄ իշխանությունների առաջին արձագանքները, ըստ էության, անկյունաքարային են դառնում իրադարձությունների ողջ հետագա ընթացքի ու զարգացման համար:

Ի պատասխան  ԼՂԻՄ մարզխորհրդի ընդունած որոշման` 1988 թ. փետրվարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն «Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների մասին» որոշում է ընդունում` սկիզբ առած ղարաբաղյան շարժումը որակելով որպես ծայրահեղական և լենինյան ազգային քաղաքականությանը հակասող. «Վերջին օրերին Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում տեղի են ունեցել հայկական բնակչության մի մասի ելույթներ՝ Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ կազմում ընդգրկելու պահանջով: Ծայրահեղականորեն տրամադրված առանձին անձանց անպատասխանատու կոչերի հետևանքով հրահրվել են հասարակական կարգի խախտումներ»[6]: Իր որոշման մեջ քաղբյուրոն գտնում էր, որ. «գոյություն ունեցող  ազգային-տարածքային կառուցվածքի վերանայմանն ուղղված գործողությունները և պահանջները հակասում են Ադրբեջանական և Հայկական ՍՍՀ-ների աշխատավորների շահերին,  վնաս են հասցնում ազգամիջյան հարաբերություններին»[7] և դիմում էր հայկական և ադրբեջանական բնակչության հայրենասիրական և ինտերնացիոնալիստական զգացմունքներին կոչով՝ «չտրվել ազգայնական տարրերի սադրանքներին»:

Պատմական այդ անցքերի որոշ ուսումնասիրողներ կարծում են՝ խորհրդային իշխանությունների՝ Ղարաբաղի հարցում նման բացասական դիրքորոշման պատճառն այն էր, որ Մոսկվան ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման մեջ լուրջ և իրական սպառնալիք էր տեսնում խորհրդային կայսրության համապարփակ տիրապետության համար[8]: Մասնագիտական շրջանակներում հնչում է նաև այն տեսակետը, որ  ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների այդօրինակ  դիրքորոշումը ԼՂԻՄ-ում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ սկզբնապես ոչ պատշաճ կամ թե սխալ տեղեկացված լինելու հետևանք էր[9] և կամ թելադրված էր Ադրբեջանի ղեկավարության պահանջով[10]:

Կարծում ենք՝ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների նման բացասական դիրքորոշման հիմնական պատճառը ոչ այնքան հայերի կողմից բարձրացված ինքնին ազգային պահանջն էր՝ ԼՂԻՄ-ի միացումը ՀԽՍՀ-ին, որքան, ըստ էության, այդ պահանջի իրագործման գործիքակազմը՝ ա) լեգալությունը, բ) ժողովրդական խաղաղ ցույցերն ու ինքնակազմակերպումը: ԽՍՀՄ-ում իրավականորեն գերագույն իշխանությունը պատկանում էր խորհուրդներին, մինչդեռ դե ֆակտո իշխանությունը կուսակցական մարմինների ձեռքում էր. կենտրոնից կոմկուսը հրահանգում էր, խորհուրդները՝ տեղերում վավերացնում: Երբ ԼՂԻՄ բնակչությունը մի կողմից՝ միանգամայն օրինական ճանապարհով՝ իր իսկ ընտրած Մարզային խորհրդի միջոցով, ընդունեց քաղաքական որոշում, որը համաձայնեցված և կամ իջեցված չէր կոմկուսի համապատասխան մարմնի կողմից, մյուս կողմից՝ հանրահավաքներով ու ցույցերով սկսեց ինքնակազմակերպվել որպես ժողովուրդ և որպես ուժ, դրանով իսկ նա չգիտակցելով անգամ, ակամայից քաղաքական հարթություն մտնելու, քաղաքական կողմ դառնալու հայտ ներկայացրեց, ասել է թե՝ դուրս եկավ մի ողջ խորհրդային համակարգի դեմ, համակարգային մարտահրավեր նետեց ԽՍՀՄ-ին, որտեղ քաղաքականն ու քաղաքականությունը չգրված օրենքով բացառապես կենտրոնի մենաշնորհն էին: Իսկ քաղաքական հայտ ներկայացնել նշանակում էր սուբյեկտության, ինքնուրույնության հայտ ներկայացնել և ուրեմն՝ վիճարկել, խախտել Կենտրոնի քաղաքական մենաշնորհը, խարխլել խորհրդային հասարակարգի հիմքերը, ապստամբել, անջատվել և թեկուզ չգիտակցված, բայց, ըստ էության, անկախության պահանջ ներկայացնել: Այդ ամենը շատ ավելի վտանգավոր էր, քան ցանկացած զինված գործողություն կամ ապստամբություն կամ թե որևէ ինքնավար կազմավորման վերահպատակեցում խորհրդային մի սուբյեկտից մյուսին (նման նախադեպերը, ի դեպ, ԽՍՀՄ-ում բազմաթիվ էին[11]): Եվ կարծում ենք՝ այդ էր պատճառը, որ հենց ի սկզբանե

ա) ղարաբաղյան շարժումը, հայերն ու իրենց արդարացի, օրինական պահանջը կենտրոնի կողմից բնորոշվեցին, որակվեցին որպես ծայրահեղականություն (էքստրեմիզմ), ազգայնականություն (նացիոնալիզմ) և անջատողականություն (սեպարատիզմ) (հանցանքներ, որոնք խորհրդային հասարակարգում թերևս ամենավտանգավորն ու ամենադատապարտելին էին համարվում), ինչն ըստ էության անուղղակի զգուշացում էր հայկական կողմին առ այն, որ մարզխորհրդի որոշումից հետ չկանգնելու պարագայում վերջիններս դիտարկվելու են որպես խորհրդային կարգի թշնամիներ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով,

բ) հակազդեցությունը խորհրդային հանրապետության ինչ-որ մի ինքնավար մարզի մարզային խորհրդի ընդունած որոշմանն ու հայերին միանգամից դրսևորվեց հնարավոր բարձրագույն աստիճանի վրա՝ ԽՄԿԿ ԿԿ մակարդակով (ի դեպ նշվածի մասին է վկայում նաև այն, որ մարզի ակտիվին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի՝ փետրվարի 21-ին ընդունած որոշման հետ ծանոթացնելու և այն ընդունել տալու համար հաջորդ իսկ օրը՝ փետրվարի 22-ին, Ստեփանակերտ էին ժամանել կենտրոնի ներկայացուցիչներն ամենաբարձր մակարդակով՝  ԽՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածուներ ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Գ. Ռազումովսկին և ԽՍՀՄ ԳԽ նախագահության նախագահի առաջին տեղակալ Պ. Դեմիչևը):

Եվ որքան էլ թե՛ Ստեփանակերտը, թե՛ Երևանը ցույց տային իրենց հավատարմությունը կենտրոնին և փաստեին հավաքների ու ցույցերի բացառապես խաղաղ բնույթը, վերջինս, միևնույն է,  գործելու էր հայկական կողմի դեմ և աշխատելու էր անել հնարավորինը՝ հայերին իրենց ընդունած որոշումից հետ պահելու համար, քանզի, ինչպես վերը նշվեց, խնդիրը ոչ այնքան խորհրդային մի հանրապետության ինքնավար կազմավորման վերահպատակեցումն էր մեկ այլ խորհրդային հանրապետությանը, որքան խորհրդային ողջ հասարակարգի դեմ ուղղված այն վտանգը, որ կենտրոնական իշխանությունները տեսել էին ղարաբաղյան շարժման և մարզխորհրդի միանգամայն լեգալ որոշման մեջ:

ԼՂԻՄ-ի անջատումը ԱդրԽՍՀ-ից և վերամիավորումը ՀԽՍՀ-ի հետ ոչ մի կերպ չէին կարող թույլ տալ նաև Բաքվում: Եվ ինչպես ցույց տվեցին իրադարձությունների հետագա զարգացումները, Ադրբեջանի իշխանությունները մարզը հանրապետության կազմում պահելու համար պատրաստ էին ամեն գնով ճնշել ղարաբաղյան շարժումը: Փաստացի, այդ հարցում Բաքվի և Մոսկվայի շահերը նույնական էին: Եվ այդ էր պատճառը, որ մի կողմից՝ արցախյան խնդրի շուրջ կենտրոնական իշխանությունների որդեգրած դիրքորոշումը ոգևորությամբ ընդունվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից և ընկալվեց որպես ղարաբաղյան շարժումը լռեցնելու հարցում ազատ գործելու հնարավորություն և աջակցություն, մյուս կողմից՝ Մոսկվան չխորշեց Ադրբեջանի ձեռամբ կրակից շագանակներ հանելու քաղաքականությունից և իր թողտվությամբ ու լռությամբ դրդեց, չդատապարտելով խրախուսեց և քողարկելով քաջալերեց Ադրբեջանի հետագա բոլոր այն գործողությունները, որոնք ուղղված էին ղարաբաղյան շարժման դեմ: Դա ակնհայտ էր ի սկզբանե և պարզ երևաց արդեն փետրվարի 22-ին:

Այդ օրը, երբ ԼՂԻՄ ժամանած Գ. Ռազումովսկու և Պ. Դեմիչևի մասնակցությամբ հանդիպում էր անցկացվում Ստեփանակերտում՝  մարզային ակտիվին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի փետրվարի 21-ի որոշման հետ ծանոթացնելու և այն ընդունել տալու համար,  մարզում «կարգուկանոն հաստատելու» և հայերին՝ մարզխորհրդի որոշումից հետ չկանգնելու պարագայում հնարավոր հետևանքների մասին պատկերավոր «դաս տալու» նպատակով[12] Աղդամից դեպի ԼՂԻՄ Ասկերանի շրջան է շարժվում ադրբեջանցիների բազմահազարանոց մի ամբոխ[13]: Շարժվելով Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ երկաթգծով և ավտոճանապարհով` կատաղած և որսորդական հրացաններով, կացիններով, երկաթե ամրաններով, քարերով զինված ամբոխը ներխուժում է մարզի տարածք` իր ճանապարհին ավերելով ամեն ինչ և բռնության ենթարկելով ճանապարհին հանդիպած հայերին: Մոլեգնած ամբոխին հաջողվում է կանգնեցնել միայն Ասկերանի մատույցներում, որտեղ ավանի և մոտակա գյուղերի բնակչությունը տեղի կայազորի միջամտությամբ փակում է աղդամցիների ճանապարհը: Անկարգությունների արդյունքում վիրավորվում և հիվանդանոց է տեղափոխվում մարզի շուրջ 50 բնակիչ, սպանվում է երկու աղդամցի[14]:

Փետրվարի 20-ին հաջորդած առաջին մի քանի օրերի ընթացքում խորհրդային համամիութենական մամուլը լուռ էր: ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշման, դրան հետևած իրադարձությունների, Ասկերանի դեպքերի, ինչպես նաև Ստեփանակերտում և Երևանում տեղի ունեցող համազգային զանգվածային հանրահավաքների ու ցույցերի մասին համամիութենական մամուլի օրգանները որևէ տեղեկություն չէին հաղորդում: Կարծես թե խնդիր կար միութենական լայն զանգվածների համար «աննկատ թողնել» ղարաբաղյան շարժումը:

Համամիութենական մամուլում ԼՂԻՄ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին արձագանքները եղան մարզխորհրդի հայտնի որոշումի ընդունումից օրեր անց՝ փետրվարի 23-24-ին: Առաջին տեղեկությունը հաղորդեց ԽՍՀՄ ԳԽ պաշտոնաթերթ «Իզվեստիան» (Известия)` 1988-ի փետրվարի 23-ի համարում հրապարակելով մի թղթակցություն` «Պահպանել այն, ինչ ունենք» բավականին խոսուն վերնագրով: Հարկ է նշել, որ այդ թղթակցությունը տեղ էր գտել «Իզվեստիայի» ոչ թե համամիութենական, այլ մոսկովյան թողարկման մեջ, այն էլ երեկոյան թողարկման, ինչը, ամենայն հավանականությամբ, վկայում է այն մասին, որ խորհրդային իշխանությունները` ի դեմս համամիութենական մամուլի, չկարողանալով այլևս լռություն պահպանել, ցանկանում էին, այնուամենայնիվ, ԼՂԻՄ-ում ծավալվող իրադարձությունները հասու դարձնել ընթերցողների հնարավորինս նեղ շրջանակի:

Ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ հրապարակումը: Այն բաղկացած էր երկու հատվածից. մի հատվածը պատրաստված էր Բաքվում (սեփ. թղթակից Ռ. Թալիշինսկի), մյուսը, որն ի դեպ ծավալով կրկնակի ավելի փոքր էր, պատրաստված էր Երևանում (սեփ. թղթակից Ս. Բաբլումյան): Թղթակցության՝ Բաքվում պատրաստված հատվածի հենց սկզբում հեղինակը արձանագրում էր, որ ԼՂԻՄ-ում բնակվում են 49 ազգությունների ներկայացուցիչներ, որոնց մեջ ամենամեծ մասը կազմում են հայերը[15]: Ասվածը, ֆորմալ առումով լինելով ճշմարտություն, մանիպուլյատիվ-ապակողմնորոշող բնույթ ուներ. չէ՞ որ 49 ազգությունների մեջ «ամենամեծ մասը կազմելը» դեռ չէր նշանակում լինել մարզի ողջ բնակչության մեծամասնությունը: Մինչդեռ հայերը, ըստ  1979 թ. համամիութենական մարդահամարի տվյալների, կազմում էին ԼՂԻՄ բնակչության (162181 մարդ) ճնշող մեծամասնությունը` 75.9%-ը, ադրբեջանցիները` 23%-ը, ռուսները` 0.8%-ը, իսկ մյուս 46 ազգությունները՝ ընդհանուր թվով 576 մարդ, կազմում էին մարզի բնակչության ընդամենը 0.36%-ը (ի դեպ, մարզում բնակվող 31 ազգությունները ներկայացված էին 1-5 բնակչով)[16]: Այս թվերը, բնականաբար, բերված չէին հրապարակման մեջ, իսկ առանց դրանց առկայության ընթերցողի մոտ մարզի բնակչության կազմի վերաբերյալ թյուր պատկերացում էր ստեղծվում, որի հետևանքով` միանգամայն անհասկանալի, տարօրինակ և անընդունելի պիտի թվար մարզը բնակեցնող 49 ազգությունների մեջ թեև թվով ամենամեծ, բայց ընդամենը մեկ ազգության՝ հայերի ցանկությամբ մարզի դուրս բերումը Ադրբեջանական ԽՍՀ կազմից և միացումը Հայկական ԽՍՀ-ին: Նման ճիշտ, բայց ոչ լիարժեք տեղեկությունը ամբողջովին փոխում էր հարցի էությունը, այն ներկայացնում որպես մարզի բնակչության ընդամենը մի մասի ցանկություն, այլ ոչ թե մարզի բնակչության ճնշող մեծամասնության կամարտահայտություն:

Այնուհետև Թալիշինսկին գրում էր, որ ստեղծման օրվանից ի վեր ԼՂԻՄ-ը զգալի հաջողությունների է հասել իր սոցիալ-տնտեսական զարգացման մեջ և հավելում, որ «այժմ այն հանրապետության առավել զարգացած երկրամասերից մեկն է»[17]: Եվ սա ասվում էր այն մարզի մասին, որին դեռ մեկ տարի էլ չանցած պիտի անդրադառնար ԽՄԿԿ Կենտկոմի անդամ, ԽՍՀՄ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր Արկադի Վոլսկին և խոստովաներ, որ. «Երկրում կատարած ուղևորությունների ժամանակ ոչ մի տեղ չեմ բախվել մարդկանց ճակատագրերի հանդեպ այնպիսի բարձիթողության ու արհամարհանքի, ինչպես Լեռնային Ղարաբաղում»[18]:

Թալիշինսկին անդրադառնում էր նաև ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ի նստաշրջանին: Հղում կատարելով անանուն իրավաբաններին` հեղինակը հավաստիացնում էր, որ «մի խումբ պատգամավորների» հավաքը Մարզխորհրդի նստաշրջան համարել չի կարելի, քանի որ այն ընթացել էր «ընթացակարգային մի շարք պահանջների խախտումներով»[19]՝ այդ կերպ փորձելով ցույց տալ, հիմնավորել մարզխորհրդի որոշման ոչ օրինական լինելը, ինչը, բնականաբար, իրականությանը չէր համապատասխանում:

Հաջորդիվ հեղինակը հորդորում էր թողնել ընթացակարգային նրբությունները և անդրադառնալ խնդրի էությանը. «Նման իրավիճակում ապահովել քվեարկություն կամ հերթական «բաց նամակի» տակ ստորագրություններ հավաքել դժվար չէ: Կարելի է անգամ հղում կատարել վերակառուցմանը և հրապարակայնությանը: Իսկ հետո՞: Ի վիճակի՞ է արդյոք այդ որոշման նախաձեռնողներից որևէ մեկը կանխատեսել, թե ինչպես կփոխվեն մարզի թեկուզ միայն տնտեսական փոխհարաբերությունները, որոնք այժմ ամբողջապես կողմնորոշված են դեպի Ադրբեջանը: Ի՞նչ կլինի պլանավորման, մատակարարումների հետ: Ի՞նչ մասշտաբներ կընդունի պարենային և վառելիքաէներգետիկ խնդիրը: Ինչպե՞ս կփոխվի բնակչության մատակարարումը: Ինչպե՞ս դա կանդրադառնա ոչ միայն մարզի, այլև երկու հանրապետությունների, ամբողջ երկրի ընդհանուր դրության վրա, ինչի մասին ևս վատ չէր լինի մտածել»[20]: Ինչ էր սա, եթե ոչ այն հետևանքների (գուցե և անուղղակի սպառնալիքների) պարզ մատնանշում, որոնք առաջ էին գալու ղարաբաղյան շարժումը չդադարեցնելու պարագայում:

Այնուհետև հեղինակը Թելման Չալյան անունով գրողի շուրթերով ընթերցողին էր փոխանցում այն միտքը, թե ամենը, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, ընդամենը «մթագնում» է, որը «շուտով կանցնի»: Այսինքն՝ մի ողջ ժողովրդի արդարացի և օրինական պահանջն ու կամարտահայտումը ներկայացվում էին որպես մթագնում, որպես զգացական և ոչ թե բանական իրողություն: Իսկ թղթակցության վերջում Թալիշինսկին մեջբերում էր ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Գ. Ռազումովսկու՝ նախօրեին Ստեփանակերտում մարզի կուսակտիվի հետ կայացած հանդիպման ժամանակ ասված խոսքերը, որոնք ոչ այլ ինչ էին, քան փետրվարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի որոշման հիմնական ուղերձները՝ գոյություն ունեցող ազգային-տարածքային կառուցվածքի վերանայմանն ուղղված գործողությունները և պահանջները հակասում են Ադրբեջանական և Հայկական ՍՍՀ-ների աշխատավորների շահերին,  վնաս են հասցնում ազգամիջյան հարաբերություններին և պատասխանատու միջոցների չգործադրման պարագայում կարող են հանգեցնել լուրջ խնդիրների. «Իհարկե, ինչպես հանրապետությունում, այնպես էլ մարզում ոչ բոլոր խնդիրներն էլ լուծված, դեռևս բազմաթիվ թերություններ կան տնտեսական և մշակութային ոլորտներում: Սակայն սա կյանք է: Հասունացած խնդիրները պետք է լուծել աշխատանքով և կոնկրետ գործերով»[21]:

Ինչ վերաբերում է հրապարակման երևանյան հատվածին, ապա այն, ըստ էության, ընդամենը ողջախոհության և առկա խնդիրները խաղաղ, ընդհանուր ջանքերով լուծելու կոչ էր:

Անհրաժեշտությունն այսչափ մանրամասն անդրադառնալ «Իզվեստիայում» տեղ գտած այս հրապարակմանը միայն նրանում չէ, որ այն խորհրդային կենտրոնական մամուլում ԼՂԻՄ-ում ծավալվող իրադարձությունների առաջին անդրադարձն էր: Հրապարակման կարևորությունը հատկապես արտահայտվում է այն հանգամանքով, որ դրա մեջ տեղ գտած թեզերը, թե

  • Ադրբեջանական ԽՍՀ կազմում ԼՂԻՄ-ը բարեկեցիկ է ապրում և հանրապետության ամենազարգացած երկրամասերից մեկն է,
  • ԼՂԻՄ մարզխորհրդի որոշումն ընդամենը մի խումբ պատգամավորների դիմում է, հետևապես՝ օրինական չէ,
  • մարզխորհրդի որոշումն արտահայտում է ոչ թե մարզի ողջ բնակչության կամ որևէ ժողովրդի կամքն ու ցանկությունը, այլ ընդամենը «ազգայնական տարրերի սադրանք է»,
  • հայերն ու ադրբեջանցիները մշտապես դրսևորել են համերաշխ համակեցություն և միմյանց հետ խնդիրներ չեն ունեցել,
  • ազգային-տարածքային կառուցվածքի վերանայմանն ուղղված պահանջները հակասում են Ադրբեջանական և Հայկական ՍՍՀ-ների աշխատավորների շահերին և լենինյան ազգային քաղաքականությանը, վնասում ազգամիջյան հարաբերություններին,
  • մարզում ստեղծված իրավիճակը զգացմունքների հետևանք է, այլ ոչ բանականության,
  • մարզում առկա խնդիրները բացառապես սոցիալ-տնտեսական բնույթի են,

իրապես ուրվագծում էին ղարաբաղյան հարցում ինֆորմացիոն քաղաքականությունն ու ռազմավարությունը և այդուհետ խորհրդային քարոզչամեքենայի համար հիմք պիտի դառնային «Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ» տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս՝ շրջանառության մեջ դրվելով համամիութենական գրեթե բոլոր լրատվամիջոցներոմ, հատկապես` մամուլում: Եվ եթե ղարաբաղյան խնդրի և մարզում տեղի ունեցող իրադարձությունների՝ իրականությանը չհամապատասխանող նման մեկնում-գնահատականը վրդովմունքի ալիք բարձրացրեց Ստեփանակերտում և Երևանում՝ իր հերթին նպաստելով ցուցարարների թվի ավելացմանը, ապա մյուս կողմից՝ այն յուրօրինակ ազդակ ծառայեց Ադրբեջանի պարբերական մամուլի համար՝ սանձարձակ արշավ ծավալելու հայ «ծայրահեղականների», «ազգայնականների» և «սադրիչների» դեմ, որոնք համարձակվել էին բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Այսպիսով` խորհրդային կենտրոնական մամուլում տեղ գտած «Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների շուրջ» առաջին իսկ հրապարակումը ոչ այլ ինչ էր, քան ապատեղեկատվություն: Արցախյան շարժման խեղաթյուրման սկիզբը դրված էր:

«Իզվեստիայի» այս հրապարակմանը, սակայն, հեղինակային այլ նյութեր չհետևեցին: Ղարաբաղյան շարժման և նրա շուրջ ծավալվող դեպքերի վերաբերյալ միայն Խորհրդային Միության «ՏԱՍՍ» կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրություններն էին, որ ընդհուպ մինչև մարտի երկրորդ տասնօրյակն սկսեցին տեղ գտնել համամիութենական մամուլում: Եվ, բնականաբար, լինելով խորհրդային քարոզչամեքենայի կարևորագույն օղակներից մեկը` ՏԱՍՍ-ը շարունակեց և դարձավ արտահայտիչն այն դիրքորոշման և քաղաքականության, որ ղարաբաղյան շարժման նկատմամբ որդեգրել էին կենտրոնական իշխանությունները:

ԼՂԻՄ-ում տեղի ունեցող անցքերի մասին հենց առաջին հաղորդագրության մեջ ՏԱՍՍ-ն իր ընթերցողին հայտնում էր, որ. «Վերջին օրերին Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում տեղի ունեցան հայ բնակչության մի մասի ելույթներ` Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու պահանջով: Ծայրահեղորեն տրամադրված (экстремистски настроенных) առանձին անձանց անպատասխանատու կոչերի հետևանքով հրահրվեցին հասարակական կարգի խախտումներ»[22]: Ոչ մի խոսք մարզխորհրդի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի և նրա ընդունած որոշման մասին (այդ մասին, ի դեպ, համամիութենական մամուլում չասվեց նաև հետագայում): Փոխարենը` մի ողջ ժողովրդի կամաարտահայտությունը հենց այնպես, գրչի մի թեթև հարվածով ներկայացվեց որպես «հայ բնակչության մի մասի ելույթներ», «ազգայնական տարրերի սադրանքներ», որդեմ էր լենինյան ազգային քաղաքականության սկզբունքներին և հակասում էր երկու հանրապետությունների աշխատավորների շահերին»: Հաղորդագրության մնացյալ հատվածը գրեթե բառացի կրկնում էր փետրվարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի «Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների մասին» ընդունած որոշման տեքստը և ուղերձները:

ՏԱՍՍ-ի՝ հետագա մի քանի օրերին հրապարակած հաղորդագրությունները գրեթե ոչնչով չէին տարբերվում առաջինից՝ բացառությամբ այն բանի, որ դրանցում ստեղծված իրավիճակի, «ազգայնական տարրերի սադրանքների», «ծայրահեղորեն տրամադրված» հայ բնակչության «մի մասի» կողմից հնչեցրած ելույթների և «հրահրված հասարակական կարգի խախտումների» համար հստակ մեղադրանքներ էին հնչում մարզային և հանրապետական կուսակցական և խորհրդային մարմինների հասցեին. «ԼՂԻՄ-ում ստեղծված իրավիճակը … հնարավոր է դարձել ինքնավար մարզի պասիվ և սպասողական դիրքորոշում դրսևորած կուսակցական և խորհրդային օրգանների պատճառով, որոնց ղեկավարությունը մակերեսորեն է մոտեցել ստեղծված իրադրության, տարածված տրամադրությունների գնահատմանը: Այդ հարցում բարձունքում չեն գտնվել նաև հանրապետական օրգանները»[23]:

Միաժամանակ հիշյալ հրապարակումներում նշվում էր, որ մարզում տեղի ունեցող իրադարձությունները հնարավոր են դարձել խորհրդային, ինտերնացիոնալիստական դաստիարակության հարցում բացթողումների հետևանքով, և հստակ ընդգծվում էր իրավիճակի կարգավորման հարցում խորհրդային քաղաքացիների շրջանում գաղափարական, բացատրական աշխատանքների հույժ կարևորությունը. «Այսօր, մտորելով Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և այն մասին, թե ինչպես կարող էր այդ բոլորը տեղի ունենալ, հասկանում եմ,- «Իզվեստիայի» փետրվարի 29-ի համարում կարդում ենք ՏԱՍՍ-ի թղթակցին ասված ԱդրԽՍՀ ժողովրդական արտիստ Ս. Ալասկյարովի խոսքերը,- որ թույլ էին տրված որոշակի կոպիտ և սխալ հաշվարկներ, այդ թվում՝ գաղափարական աշխատանքում, ինտերնացիոնալիստական դաստիարակության մեջ»[24], «պարզվեց, որ տնտեսական խնդիրների լուծման հետևից ընկած՝ մենք բաց ենք թողել դաստիարակության հարցը»[25], «ներկայումս ինքնավար մարզի բնակչության շրջանում կատարվում է բացատրական աշխատանք,- ՏԱՍՍ-ի թղթակցին է հաղորդում ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Կատուսևը,- որը նպատակամղված է իրադրության կարգավորմանը, գործարար մթնոլորտի հաստատմանը»[26], «ներկայումս,- ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում նշում է ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանը,- գաղափարախոսական, քարոզչական և բացատրական մեծ աշխատանք է տարվում բանվորական կոլեկտիվներում, սովխոզներում և կոլտնտեսություններում, ուսումնական հաստատություններում»[27], «…կուսակցական ակտիվի ժողովը  սկզբունքորեն կարևոր է համարում, որպեսզի մարզկոմը, Ստեփանակերտի քաղկոմը, կուսակցության շրջկոմները, առաջնային կուսկազմակերպությունները քաղաքական և գաղափարական ազդեցության բոլոր միջոցներն ուղղեն լենինյան ազգային քաղաքականության, ներկա փուլում նրա էության բացատրմանը: … Խնդիրն այն է, որ մարզի կուսակցական կազմակերպությունները, գաղափարական հաստատությունների ակտիվը լայն աշխատանք ծավալեն զանգվածների, աշխատանքային կոլեկտիվների շրջանում ԽՄԿԿ ԿԿ որոշումից բխող հարցերի շուրջ, այդ փաստաթղթի դրույթները հասցնեն յուրաքանչյուր աշխատավորի խելքին և սրտին, հասնեն իրավիճակի սրընթաց նորմալացմանը»[28]:

Այստեղ հարկ է նշել, որ համամիութենական մամուլում «Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ» (ինչպես ընդունված էր ասել այդ օրերին) կատարվող իրադարձությունների լուսաբանումը գրեթե միանման էր: Հատկապես սկզբնական շրջանում ՏԱՍՍ-ի հաղորդագրությունները, որպես կանոն, նույնությամբ տպագրվում էին և՛ «Իզվեստիա», և՛ ԽՄԿԿ պաշտոնաթերթ «Պրավդա» օրաթերթերում: Ինչ վերաբերում է համամիութենական տպագիր մյուս օրգաններին, ապա նրանք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող անցքերին սկսեցին անդրադառնալ միայն մարտի կեսերից` դրանք, բնականաբար, ներկայացնելով նույն լույսի ներքո, ինչ ՏԱՍՍ-ը, «Պրավդան» և «Իզվեստիան»:

Այդ օրերին համամիութենական տպագիր լրատվամիջոցները պարզապես լռության մատնեցին փետրվարի 22-ին Ասկերանում տեղի ունեցած դեպքերը, որոնք հետագայում պիտի բնորոշվեին որպես ԼՂԻՄ հայության նկատմամբ «պատժիչ գործողություններ». «Ղարաբաղցիների դեմ ուղղված այդ «պատժիչ գործողությունը» դարձավ Ադրբեջանի հայ բնակչության հանդեպ զանգվածային բռնության առաջին ակտը»[29]: Ոչ մի տող չգրվեց այն մասին, որ Աղդամից Ստեփանակերտ շարժվող, որսորդական հրացաններով, կացիններով, մետաղական ձողերով, քարերով և զանազան բութ գործիքներով զինված ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխը, թափացելով ԼՂԻՄ տարածք, ավերել էր նավթաբազան, ոտքի տակ տվել Խրամորթի ու Խնապատի այգիները, անասնապահական շինությունները, այրել Ն. Ստեփանյանի անվան կոլտնտեսության ջրաղացը, ավտոտեսչության պահակակետը, ներխուժել Ասկերանի գազի շահագործման գրասենյակի և կոմունալ ձեռնարկությունների կոմբինատի տարածք և ավերածություն իրականացրել, ճանապարհին կանգնեցրել հայերի ավտոմեքենաները, ջարդել դրանք և ծեծի ենթարկել վարորդներին և ուղևորներին ու այդպես շարունակ[30]: Ոչ մի տող չգրվեց այն մասին, որ նույն օրն Աղդամում հարձակման էր ենթարկվել շրջկենտրոն Մարտունուց Երևան ուղևորվող ավտոբուսը. ավտոբուսը ջարդել էին, ուղևորներին մարմնական վնասվածքներ հասցրել[31]: Չասվեց այն մասին, որ ադրբեջանցիները միաժամանակ Ֆիզուլու և Ջաբրայիլի կողմից շրջափակել էին Հադրութի շրջանը, ավազակային հարձակումներ գործել Մարտունի-Աղդամ, Մարտակերտ-Աղդամ ճանապարհներով երթևեկող հայ ուղևորների վրա[32]: Ոչինչ չասվեց ԼՂԻՄ մոտ 5 տասնյակ բնակիչների մասին, որոնք այդ վայրագությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել և տեղափոխվել հիվանդանոց[33]:

Փոխարենը` փետրվարի 27-ին կենտրոնական հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Կատուսևը, որը, չսպասելով ամսի 22-ին տեղի ունեցած իրադարձությունների քննության արդյունքներին, պարզապես հայտարարեց, որ «սպանվել է երկու երիտասարդ ադրբեջանցի»[34]: Թե ինչ հանգամանքներում և ում կողմից էին սպանվել այդ երկու ադրբեջանցիները, ոչինչ չասվեց (ի դեպ, այդ ամենը չպարզվեց նաև հետագայում՝ անցկացված պաշտոնական հետաքննությամբ), ինչն անուղղակիորեն ենթադրել տվեց, որ մարդասպանները պիտի որ հայերը լինեին՝ հայ «ծայրահեղականները»: Մինչդեռ այդ ժամանակ արդեն տվյալներ կային, որ ադրբեջանցիներից առնվազն մեկը սպանվել էր հենց ադրբեջանցի ոստիկանի կրակոցից. «Համենայն դեպս անկասկած է, որ դրանցից մեկի՝ Աղդամի հաստոցաշինական գործարանի ֆրեզագործ 22-ամյա Ալի Հաջիևի սպանության հետ Լեռնային Ղարաբաղի հայերը ոչ մի կապ չունեն: Ալիի զոհվելու հանգամանքների մասին ահա թե ինձ ինչ է պատմել նրա հարազատ եղբայրը՝ 29-ամյա ինժեներ-շինարար Արիֆ Հաջիևը. «Ալիի վրա կրակողը ադրբեջանցի միլիցիոներ է եղել: Եղբայրս մահացել է վայրկենապես, նրա վրա կրակել են դիմահար, գնդակը միջաթափանց ծակել, անցել է սիրտը: Նրա և սպայի միջև վեճ է տեղի ունեցել: Հետո Ալին բռնվել է իր ընկեր Ուլվի Վահրամովից ու ասել՝ «Բռնի՛ր ինձ, ինձ վրա կրակեցին»: Եվ ընկել է: Ուլվին տեսել է այն միլիցիոներին, ով կրակել է: Նրան ինքը չի ճանաչում, սակայն լավ գիտի աղդամցի մյուս սպային, որը կրակողին անմիջապես մեքենա է նստեցրել ու փախցրել»»[35]:

Աղդամի և Ասկերանի բնակիչների ընդհարման հետևանքով երկու ադրբեջանցիների սպանության լուրը շատ արագ շրջանառության մեջ դրեց ադրբեջանական Ազերինֆորմ հեռագրական գործակալությունը, նրան հետևեցին համամիութենական ռադիոն և կենտրոնական հեռուստատեսությունը: Եվ կրկին ոչ մի խոսք տասնյակ հայ վիրավորների մասին և ամենակարևորը` ոչ մի խոսք այն մասին, որ երկու ադրբեջանցիներից առնվազն մեկն սպանվել էր հենց ադրբեջանցի ոստիկանի կրակոցից: Մինչդեռ իրադարձությունների նման մատուցման և մեկնաբանման արդյունքում երկրի՝ դեպքերին անտեղյակ բնակիչների մոտ ակամայից ստեղծվում էր իրականության, խնդրի խեղաթյուրված պատկերացում, և նրանց համար մեղավորները, բախման հրահրիչները և մարդասպանները մեխանիկորեն դառնում էին հայերը:

Սպանված ադրբեջանցիների մասին լուրերն էլ ավելի սրեցին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ առանց այն էլ լարված իրավիճակը և ինչ-որ տեղ հարմար շարժառիթ, ազդակ հանդիսացան ադրբեջանցիների համար՝ ի պատասխան  ԼՂԻՄ հայերի և մարզխորհրդի վերոհիշյալ որոշման՝ Սումգայիթում հայերի ջարդեր իրականացնելու համար. «Իզուր չէ, որ անգամ ամիսներ անց Ա. Դ. Սախարովը հիշեց այդ ելույթն ու հրապարակավ այն անվանեց սադրիչ: Քանզի եթե լսարանի հիմնական մասը Կատուսևի խոսքերն ընկալեց որպես կարեկցանքի տուրք ծայրահեղականների մեղավորությամբ զոհված երիտասարդներին, ապա Ադրբեջանում որոշակի շրջանակներ դրանցում գործելու կոչ լսեցին»[36]: Սումգայիթի պատմության մեջ Կատուսևի այդ ելույթը մնաց որպես ջարդարարությունների մեկնարկի ազդանշան: Եվ պատահական չէ, որ այդ դեպքերից կարճ ժամանակ անց լրագրող-գիտնական Ալեքսանդր Վասիլևսկին գրեց, թե. «Շատերն են գտնում, որ հենց այդ հաղորդումն է վառոդի տակառին մոտեցված լուցկու դեր կատարել, վառոդի տակառ, որ պայթեց Սումգայիթում»[37]:

Ասկերանի դեպքերի հետ կապված` հարկ է նշել, որ համամիութենական մամուլի էջերում այդ օրերին պտտվում էր մի պատմություն աշխատանքի հերոս, ԱդրԽՍՀ Աղդամի շրջանի Լենինի անվան կոլտնտեսության նախագահ Խուրաման Աբբասովայի մասին, որը, «պարզվում է», Ասկերանի մատույցներում հրաշք էր գործել՝ միայնակ կանգնեցրել էր հետագա արյունահեղությունը[38]:  Ըստ պատումի՝ տարեց այդ կինը բարձրացել էր ճանապարհին կանգնած ավտոմեքենաներից մեկի թափքին, հանել ոսկեթելով զարդարված իր գլխաշորը և պահել իր գլխավերևում: Հին ավանդույթի համաձայն՝  տղամարդկանց առաջ նետված կնոջ գլխաշորը՝ մայրական պատվի խորհրդանիշը, կարող էր կանխել արյունահեղությունը: ««Սպանեք ինձ,- գոռում էր Խուրաման խանումը:- Տրորեք գլխաշորը: Եվ միայն այդ ժամ գնացեք, կռվեք: Եթե կկարողանաք քայլ անել նրա վրայով, գնացեք»: Ամբոխը հետ շրջվեց: Ասում են տղամարդիկ լաց էին լինում: Ինչ-որ մի պատանյակ փորձեց շրջանցել նրան, բայց ապտակ ստացավ: Հետո կուսակցության շրջկոմի նիստերի դահլիճում Խուրաման խանումը կկորցնի գիտակցությունը…»[39]:

Խուրաման խանումի մասին այս պատմությունը, ըստ ամենայնի, այդ օրերին լայն թափ առած «ծայրահեղականության և ազգայնականության հանդեպ ժողովուրդների բարեկամության հաղթանակի» խորհրդային քարոզչության պատառիկներից մեկն էր: Քարոզչություն, որը մի կողմից` իրականությունը խեղաթյուրելու, խորհրդային երկու հանրապետություններում և ԼՂԻՄ-ում ստեղծված չափազանց լարված իրավիճակը քողարկելու միտում ուներ, մյուս կողմից` ստեղծված իրադրությունն առանց իրական քաղաքական քայլերի ինչ-որ տեղ մեղմելու, հանդարտեցնելու նպատակ:

Խորհրդային ժողովուրդների «եղբայրական բարեկամության» քարոզչությունը հատկապես մեծ ծավալներ ընդունեց փետրվարի 26-ին «Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին» հղած Մ. Գորբաչովի դիմումից հետո: «Այո,- ասվում էր դիմումի մեջ,- մեր կյանքում չլուծված պրոբլեմներ կան, բայց երկպառակությունների և միմյանց նկատմամբ ժողովուրդների անվստահության բորբոքումը միայն կխանգարի դրանց լուծմանը: Դա կհակասեր մեր սոցիալիստական սկզբունքներին և մեր բարոյականությանը, սովետական մարդկանց բարեկամության ու եղբայրության ավանդույթներին: … Հարկավոր է թանկ գնահատել և ըստ ամենայնի ամրապնդել ադրբեջանական ու հայ ժողովուրդների բարեկամության ավանդույթները, որոնք ձեռք են բերվել սովետական իշխանության տարիներին: Միայն այսպիսի մոտեցումն է համապատասխանում ՍՍՀՄ բոլոր ժողովուրդների իսկական շահերին»[40]:

Մ. Գորբաչովի դիմումը կենտրոնական մամուլում չհրապարակվեց (այն միայն հանրապետական մամուլում էր տեղ գտել), սակայն դրանից անմիջապես հետո մեկը մյուսի հետևից սկսեցին տպագրվել նյութեր[41], որոնցում երկու հանրապետությունների ամենատարբեր ներկայացուցիչների՝ շարքային աշխատավորների, պատերազմի վետերանների, գործարանների տնօրենների, ուսուցիչների, կուսակցական և մշակութային գործիչների և այլոց շուրթերով՝ երբեմն անգամ բառացիորեն, հնչում էին ԽՄԿԿ գլխավոր քարտուղարի դիմումում[42] տեղ գտած բոլոր ուղերձները, մասնավորապես՝

  • ԼՂԻՄ-ն ԱդրԽՍՀ-ից ՀԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցին «հաղորդվել է սրություն ու դրամատիկություն, որոնք հանգեցրել են լարվածության և անգամ օրենքի շրջանակներից դուրս եկող գործողությունների»[43] (երբ չէին նշվում, թե որ գործողություններն են անօրինական, անուղղակիորեն այդպիսիք ընկալվում էին հայկական կողմի գործողությունները, որովհետև համամիութենական ԶԼՄ-ներում ավելի վաղ տեղ գտած հրապարակումներում հենց հայերն էին բնութագրվել որպես ծայրահեղականներ ու ազգայնականներ),
  • «ՍՄԿԿ Կենտկոմն անհանգստացած է իրադարձությունների նման զարգացումից, այն հղի է ամենալուրջ հետևանքներով»[44] (ըստ էության, սա անուղղակի սպառնալիք էր),
  • տարբեր գաղափարների և առաջարկների քննարկումը «հարկավոր է անել հանգիստ, դեմոկրատական պրոցեսի և օրինականության շրջանակներում»[45] (այս կերպ մարզն ԱդրԽՍՀ կազմից դուրս հանելու և ՀԽՍՀ կազմ ընդգրկելու Արցախի բնակչության կամարտահայտումը, դրան հաջորդած օրինական գործողությունները և ժողովրդավարությանը բնորոշ խաղաղ հանրահավաքներն առանց որևէ հիմնավորման և փաստարկման պարզապես դրվում էին օրենքից դուրս),
  • «չի կարելի ժողովրդի ճակատագրի անչափ լուրջ հարցերը ենթարկել տարերքի և հույզերի կամքին»[46] (կրկին փորձ էր արվում առկա իրողություններում և տեղի ունեցող իրադարձություններում անտեսել, բացառել ռացիոնալը, փոխարենը՝ դրանք տեսնել և ներկայացնել որպես զգացմունքների և հույցերի արգասիք),
  • «միմյանց նկատմամբ ժողովուրդների անվստահության բորբոքումը միայն կխանգարի դրանց [առկա չլուծված խնդիրների – Ա. Ա.] լուծմանը»[47] (նման անդեմ հայտարարության մեջ անուղղակի մեղադրանք կար հայկական կողմի նկատմամբ, մինչդեռ թե՛ ԼՂԻՄ-ում, թե՛ ՀԽՍՀ-ում ցույցերի ու հանրահավաքների ամբողջ ընթացքում ադրբեջանական ժողովրդի հանդեպ որևէ թշնամական ելույթ չի հնչել, չի եղել որևէ գործողություն, որը կարող էր վնաս հասցնել ժողովուրդների բարեկամությանը կամ անվստահություն բորբոքեր ադրբեջանցիների հանդեպ),
  • պետք է հաշվի առնել երկրում ծավալված հեղափոխական նորացման գործընթացները[48] (իրականում հենց այդ գործընթացներն էին, որ հուսադրել էին հայ ժողովրդին կրկին բարձրացնելու Ղարաբաղի հարցը՝ վերջինիս արդար լուծման ակնկալիքով),
  • «սոցիալիստական ինտերնացիոնալիզմը մեր հսկայական ուժի աղբյուրն է, … ժողովուրդների իսկական եղբայրություն ու միասնություն՝ ահա սա է մեր ուղին, … այս փորձության ժամին էլ պաշտպանենք մեր խորհրդային ինտերնացիոնալիզմը, այն բանի անսասան հավատը, որ միայն մեր բոլոր ժողովուրդների համերաշխ ընտանիքում մենք կարող ենք ապահովել մեր հասարակության առաջադիմությունը, նրա բոլոր քաղաքացիների բարօրությունը»[49] (իրականում թե՛ ԼՂԻՄ-ում, թե՛ ՀԽՍՀ-ում ցույցերի ու հանրահավաքների ամբողջ ընթացքում դրանց մասնակիցները երբևէ հանդես չեն եկել ինտերնացիոնալիզմի և ժողովուրդների բարեկամության դեմ),
  • «այժմ ամենագլխավորն է՝ կենտրոնանալ ստեղծված իրավիճակի հաղթահարման, Ադրբեջանում և Հայաստանում կուտակված կոնկրետ տնտեսական, սոցիալական, էկոլոգիական և այլ պրոբլեմների լուծման վրա»[50] (այս կերպ խորհրդային իշխանությունները փորձում էին անտեսել, քողարկել ղարաբաղյան հարցի քաղաքական բաղադրիչը և այն ներկայացնել որպես բացառապես սոցիալ-տնտեսական խնդիր),
  • կոչ բոլորին, որով և եզրափակվում էր ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարի դիմումը երկու ժողովուրդներին՝ «Հանդես բերել քաղաքացիական հասունություն ու համբերություն, վերադառնալ նորմալ կյանքի ու աշխատանքի, պահպանել հասարակական կարգը: ժամն է ողջախոհության ու սթափ վճիռների»[51]:

Հարկ է նշել, որ Հայկական ԽՍՀ-ում և ԼՂԻՄ-ում անսացին Մ. Գորբաչովի կոչին և պատասխանցին հանրահավաքների ու ցույցերի դադարեցմամբ և աշխատանքի վերադառնալով[52]: Միանգամայն այլ էր արձագանքը ԱդրԽՍՀ-ում. հանրապետական մամուլում ԽՄ առաջնորդի դիմումի հրապարակման օրն արդեն Սումգայիթում սկսվեցին հայերի ջարդերը: Համամիութենական մամուլն այդ օրերին և դրանից հետո, անհաղորդ մնալով սումգայիթյան դեպքերին, շարունակում էր խորհրդային ժողովուրդների «եղբայրական բարեկամության» պարզունակ քարոզչությունը՝ հրապարակելով տարբեր սեռի, տարիքի, մասնագիտության և պաշտոնի խորհրդային քաղաքացիների՝ գորբաչովյան ուղերձներով ակաղձուն, սակայն արդեն կեղծ հնչող խոսքը:

Այսպիսով, ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրվանից խորհրդային իշխանությունները հայտարարեցին, որ ազգային-տարածքային կառուցվածքի վերանայմանն ուղղված հայ ժողովրդի պահանջը հակասում է Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների աշխատավորների շահերին, չի բխում լենինյան ազգային քաղաքականությունից և վնասում է ազգամիջյան հարաբերություններին, ԼՂԻՄ մարզխորհրդի միանգամայն օրինական փերտրվարքսանյան որոշումը հայտարարվեց ոչ օրինական, հայ ժողովուրդը՝ ծայրահեղականներ և ազգայնականներ: Կենտրոնական իշխանությունների որդեգրած այս դիրքորոշման համաշարում էլ ուրվագծվեց ղարաբաղյան հարցում այն տեղեկատվական քաղաքականությունը, որն այդուհետ խորհրդային քարոզչամեքենայի համար հիմք պիտի դառնար «Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ» տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս:

Ղարաբաղյան շարժման և մարզում կատարվող իրադարձությունների մասին համամիութենական պարբերական մամուլի էջերում տեղ գտած առաջին իսկ հրապարակումների ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ  համամիութենական տպագիր լրատվամիջոցները, ի սկզբանե լծվելով ինտերնացիոնալիզմի, ժողովուրդների բարեկամության, «խոհեմության» և զսպվածության քարոզչությանը, իրենց այդ հրապարակումներում ոչ միայն շրջանցեցին և ամենևին չանդրադարձան շարժման ծագման իրական պատճառներին, այլև, ըստ էության, մեկնարկ տվեցին ղարաբաղյան շարժման, նրա էության, պատմության և բնույթի, ԼՂԻՄ-ում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների խեղաթյուրմանը, ինչն անփոփոխ կերպով պիտի շարունակվեր նաև հետագայում և իր հերթին ազդակ ծառայեր ադրբեջանական ԶԼՄ-ների համար՝ հակահայկական տեղեկատվական արշավ ծավալելու հայ «ծայրահեղականների», «ազգայնականների», «սադրիչների» և ղարաբաղյան շարժման դեմ:

[1] «Սովետական Ղարաբաղ», 1988 փետրվարի 21, թիվ 43:

[2] Այս մասին առավել մանրամասն տես Ուլուբաբյան Բ., Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը, Երևան, 1994, էջք 252-272, Ուլուբաբյան Բ., Արցախյան գոյապայքարը, Երևան, 1994, Սարումյան Ն., Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը 1960-1988 թվականներին, Երևան, 2008, Нагорный Карабах, историческая справка, Ереван, 1988, էջք 45-58, Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանի (1920-1988 թթ.) իրականացրած ցեղասպանության անատոմիան, Ստեփանակերտ, 2003, Աբրահամյան Հ., Մարտնչող Արցախը. 1917-2000, գիրք Բ, 1923-1985, Երևան, 2005:

[3] Տես Աբրահամյան Հ., Մարտնչող Արցախը. 1917-2000, գիրք Բ, 1923-1985, Երևան, 2005, էջք 206-230, Мелик-Шахназаров А., Нагорный Карабах: факты против лжи. Информационно-идеологические аспекты нагорно-карабахского конфликта, Москва, 2009, էջք 38-45:

[4] Տես Арутюнян В., События в Нагорном Карабахе: хроника, ч. 1, Ереван, 1990, էջ 34:

[5] Տես Нагорный Карабах, историческая справка, Ереван, 1988, էջ 60:

[6] К событиям в Нагорном Карабахе, ТАСС, “Известия”, 24 февраля 1988 г., N55, К событиям в Нагорном Карабахе , ТАСС, “Правда”, 25 февраля 1988 г., N56.

[7] Նույն տեղում:

[8] Տես Ազիզբեկյան Ռ., Արցախյան շարժման սկզբնավորումն ու ծավալումը, Լրաբեր հասարակական գիտությունների, թիվ 2, Երևան, 2005, էջ 46:

[9] Տես Թովմասյան Վ., Աթաջանյան Վ., Ներսիսյան Յու., Ղարաբաղյան հարց, Ստեփանակերտ, 1991, էջ 11, Арутюнян В., События в Нагорном Карабахе: хроника, ч. 1, Ереван, 1990, էջ 38: Այս առումով կա նաև արմատապես հակառակ տեսակետը: Արցախյան խնդրի հետազոտողներ Ի. Բաբանովը և Կ. Վոևոդսկին կարծում են, որ իրականում իշխանության բարձրագույն էշելոններն ի սկզբանե մանրամասն տեղեկացված են եղել մարզում կատարվող բոլոր իրադարձությունների մասին, այնպես որ ինֆորմացիայի պակասի մասին խոսք լինել չի կարող (Бабанов И., Воеводский К., Карабахский кризис. СПб.,1992, http://nashasreda.ru/i-babanov-k-voevodskij-karabaxskij-krizis/, հղվել է 28.07.2017 թ.):

[10] Տես Ուլուբաբյան Բ., Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը, Երևան, 1994, էջ 279, Ուլուբաբյան Բ., Արցախյան գոյապայքարի տարեգրություն, Երևան, 1997, էջ 17:

[11] Տես Правда о Нагорном Карабахе, Степанакерт, 1989, էջք 100-104:

[12] Փորձագիտական շրջանում կարծիք կա նաև, որ այդ «միջոցառումը» մեկ այլ նպատակ էլ ուներ. «Այդ առավոտյան Ստեփանակերտ էին ժամանել ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Գ. Ռազումովսկին ու ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալ Պ. Դեմիչևը: Հարձակումն ու խժդժությունը դաս կլինեին նաև նրանց համար. կգնան, Գորբաչովին կպատմեն, թե ինչպես Ղարաբաղի որոշումը համաադրբեջանական ցասում է առաջացրել, և թե սա ինչ հետևանքներով է հղի, եթե չկանխվի հետագա զարգացումը» (Ուլուբաբյան Բ., Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը, Երևան, 1994, էջք 281-282):

[13] Ի դեպ, փետրվարի 13-ին Ստեփանակերտում տեղի ունեցած առաջին զանգվածային հանրահավաքից անմիջապես հետո՝ լույս 14-ի գիշերը, իրադարձությունների նման ելքի մասին շրջխորհրդի բյուրոյի նիստին հայերին «զգուշացրել էր» Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի վարչական մարմինների բաժնի վարիչ Մ. Ասադովը՝ հայտարարելով, թե «հարյուր հազար ադրբեջանցիներ պատրաստ են ցանկացած ժամանակ ներխուժել Ղարաբաղ և կազմակերպել սպանդ» (Василевский А., Туча в горах, “Аврора”, 1988, N 10): Ըստ էության, փետրվարի 22-ին Ասադովի սպառնալիքի մի մասը կյանքի կոչվեց:

[14] Ասկերանի դեպքերի մասին առավել մանրամասն տես՝ Աբրահամյան Հ., Մարտնչող Արցախը. 1917-2000, գիրք Գ, 1985-2000, Երևան, 2007, էջք 47-48, Ուլուբաբյան Բ., Արցախյան գոյապայքարի տարեգրություն, Երևան, 1997, էջք 20-21, Арутюнян В., События в Нагорном Карабахе: хроника, ч. 1, Ереван, 1990, էջք 39-40, Василевский А., Туча в горах, “Аврора”, 1988, N 10, Товмасян В., Карабахская мозаика вопоминания, Москва, 2003, էջք 71-72:

[15] Տես Талышинский Р., Баблумвн С., Что имеем – сохранить!, “Известия”, 23 февраля 1988 г. (московское издание).

[16] Տես Всесоюзная перепись населения 1979 года. Таблица 9 с. Распределение населения по национальности и родному языку. РГАЭ. Ф. 1562, Оп. 336, Д. 6209 -6237 http://www.demoscope.ru/weekly/ssp/resp_nac_79.php?reg=77,  հղվել է 18.10.2017 թ.:

[17] Талышинский Р, Баблумян С., Что имеем – сохранить!, “Известия”, 23 февраля 1988 г. (московское издание).

[18] Мир земле Карабаха, “Правда”, 15 января 1989, N15.

[19] Талышинскли Р, Баблумян С., Что имеем – сохранить!, “Известия”, 23 февраля 1988 г. (московское издание).

[20] Նույն տեղում:

[21] Նույն տեղում:

[22] К событиям в Нагорном Карабахе, ТАСС, “Известия”, 24 февраля 1988 г., N55.

[23] Вокруг событий в Нагорном Карабахе, ТАСС, “Известия”, 26 февраля 1988 г., N57, Вокруг событий в Нагорном Карабахе, ТАСС, “Правда”, 26 февраля 1988 г., N57.

[24] Проявить гражданскую зрелость и выдержку, ТАСС, “Известия”, 29 февраля 1988 г., N60.

[25] Упущенное наверстаем – говорят трудящиеся, ТАСС, “Известия”, 1 марта 1988 г., N61.

[26] Принимаются необходимые меры, ТАСС, “Известия”, 27 февраля 1988 г., N58, Принимаются необходимые меры, ТАСС, “Правда”, 27 февраля 1988 г., N58.

[27] Час  разума и трезвых решений, ТАСС, “Известия”, 6 марта 1988 г., N66, Час разума и трезвых решений, ТАСС, “Правда”, 6 марта 1988 г., N66.

[28] Вокруг событий в Нагорном Карабахе, ТАСС, “Известия”, 26 февраля 1988 г., N57, Вокруг событий в Нагорном Карабахе, ТАСС, “Правда”, 26 февраля 1988 г., N57.

[29] Бабанов И., Воеводский К., Карабахский кризис. СПб.,1992, http://nashasreda.ru/i-babanov-k-voevodskij-karabaxskij-krizis/, հղվել է 25,07.2017 թ.:

[30] Տես՝ Աբրահամյան Հ., Մարտնչող Արցախը. 1917-2000, գիրք Գ, 1985-2000, Երևան, 2007, էջք 47-48, Ուլուբաբյան Բ., Արցախյան գոյապայքարի տարեգրություն, Երևան, 1997, էջք 20-21, Ուլուբաբյան Բ., Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը, Երևան, 1994, էջք 281-282, Арутюнян В., События в Нагорном Карабахе: хроника, ч. 1, Ереван, 1990, էջք 39-40, Василевский А., Туча в горах, “Аврора”, 1988, N 10, Товмасян В., Карабахская мозаика вопоминания, Москва, 2003, էջք 71-72:

[31] Տես Мелик-Шахназаров А., Нагорный Карабах: факты против лжи. Информационно-идеологические аспекты нагорно-карабахского конфликта, Москва, 2009, էջ 255:

[32] Տես՝ Աբրահամյան Հ., Մարտնչող Արցախը. 1917-2000, գիրք Գ, 1985-2000, Երևան, 2007, էջ 48:

[33] Տես Ուլուբաբյան Բ., Արցախյան գոյապայքարի տարեգրություն, Երևան, 1997, էջ 20, Мелик-Шахназаров А., Нагорный Карабах: факты против лжи. Информационно-идеологические аспекты нагорно-карабахского конфликта, Москва, 2009, էջ 257:

[34] Сумгаитская трагедия в свидетельствах очевидцев, Ереван, 2015, с 191, Бабанов И., Воеводский К. Карабахский кризис. СПб.,1992, http://nashasreda.ru/i-babanov-k-voevodskij-karabaxskij-krizis/, հղվել է 25,07.2017 թ.:

[35] Василевский А., Туча в горах, “Аврора”, 1988, N 10. Ի դեպ, կարծք կա, որ երկու աղդամցիների սպանությունը ԱդրԽՍՀ ՊԱԿ գործակալ(ներ)ի «ձեռքի աշխատանքն» է եղել. «Դժվար թե աղդամցի ֆրեզագործի վրա կրակած «միլիցիոներն» իրականում հանդիսանում էր այդպիսին. ամենայն հավանականությամբ դա միլիցիոներական համազգեստով զգեստափոխված ԱդրԽՍՀ ՊԱԿ-ի օպերատիվ աշխատակից էր: Միանգամայն հավանական է նաև, որ երկրորդ աղդամցուն ևս սպանել են Բաքվի հատուկ ծառայությունները: Հետագա բոլոր հետաքննությունների ապարդյունությունը, նրանց մասին որևէ տեղեկատվության ի սպառ բացակայությունը միայն վկայում են նման եզրահանգման արդարացի լինելը» (Мелик-Шахназаров А., Нагорный Карабах: факты против лжи. Информационно-идеологические аспекты нагорно-карабахского конфликта, Москва, 2009, с. 259):

[36] Бабанов И., Воеводский К. Карабахский кризис. СПб.,1992, http://nashasreda.ru/i-babanov-k-voevodskij-karabaxskij-krizis/, հղվել է 25,07.2017 թ.:

[37] Василевский А., Туча в горах, “Аврора”, 1988, N 10.

[38] Տես Афанасьев А., Мурато Д., Мурсалиев А., Саркисян А., С тревогой и надеждой, “Комсомольская правда”, 27.03.1988.

[39] Նույն տեղում:

[40] Գորբաչով Մ., Դիմում Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին, «Սովետական Հայաստան», 1988 փետրվարի 27, N48:

[41] Տես Социалистический интернационализм – источник нашей силы, ТАСС, “Известия”, 28 февраля 1988, N59, Социалистический интернационализм – источник нашей силы, ТАСС, “Правда”, 28 февраля 1988, N59, Здесь наш дом, ТАСС, “Труд”, 28 февраля 1988, N48, Проявить гражданскую зрелость и выдержку, ТАСС, “Известия”, 29 февраля 1988, N60, Упущенное наверстаем – говорят трудящиеся, ТАСС,  “Известия”, 1 марта 1988, N61, К событиям в Нагорном Карабахе, ТАСС, “Правда”, 1 марта 1988, N61,  Грузы отправляются по адресам, ТАСС, “Труд”, 1 марта 1988, N49, Время трезвых решений, ТАСС, “Известия”, 2 марта 1988, N62, Нужны выдержка и спокойствие, ТАСС, “Известия”, 3 марта 1988, N63, Нужны выдержка и спокойствие, ТАСС, “Правда”, 3 марта 1988, N63, Час разума и трезвых решений, ТАСС, “Правда”, 6 марта 1988, N66, Час разума и трезвых решений, ТАСС, “Известия”, 6 марта 1988, N66, Асланов З., Веранян Л., Левинская В., В семье единой, “Сельская жизнь”, 22 марта 1988, N67,

[42] Տես Գորբաչով Մ., Դիմում Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին, «Սովետական Հայաստան», 1988 փետրվարի 27, N48:

[43] Նույն տեղում:

[44] Նույն տեղում:

[45] Նույն տեղում:

[46] Նույն տեղում:

[47] Նույն տեղում:

[48] Տես նույն տեղում:

[49] Նույն տեղում:

[50] Նույն տեղում:

[51] Նույն տեղում:

[52] Տես Нагорный Карабах, историческая справка, Ереван, 1988, էջ 63:

Աղբյուր՝ «Ստրատեգ», 1 (1), Երևան, 2018, էջք 141-164: