«Խոջալուի ցեղասպանության» ադրբեջանական պատմագիտական միֆի շուրջ

Աննա Բաբայան

Xocali.netԲանալի բառեր – Հայաստան, Ադրբեջան, Արցախ, «Խոջալուի դեպքեր»

Թշնամի հայի կերպարն Ադրբեջանում սկսում են սերմանել դեռևս վաղ մանկական հասակից։ Ամեն տարի նկարահանվում են բազմաթիվ մուլտֆիլմեր, գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր, հրատարակվում գրքեր ու հոդվածներ, նոր խեղաթյուրումներով վերահրատարակվում են դասագրքերը, որոնք հիմնականում ծառայում են այս նպատակին։ Բացի այդ, ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործում է հնարավոր և անհնար բոլոր միջոցները՝ նսեմացնելու Արցախյան պատերազմում հայերի հաղթանակը։ Մինչ այն ամբողջ ուժգնությամբ աշխատում է հայերի դեմ, հայկական կողմն առաջ է գնում համեմատաբար դանդաղ քայլերով։ Դրա վառ ապացույցը շրջանառության մեջ մտած և օրեցօր նոր երանգներ ստացող «Խոջալուի ցեղասպանություն» հորինվածքն է։

Մտահոգիչ է այն, որ ինչպես պարզվեց հետազոտությունն իրականացնելու ընթացքում, կան նաև հայեր, որ հավատում են ադրբեջանցիների հնարած այս միֆին ու անգամ փորձում անհիմն փաստերով ապացուցել, որ զինադադարը կնքվեց հենց այդ «սպանդից» հետո, երբ ադրբեջանական կողմն ահաբեկվեց` տեսնելով, որ հայերն էլ ընդունակ են նման դաժան գործողությունների։ Անհերքելի է, որ Խոջալուի ազատագրումը բավականին լուրջ դեր ունեցավ պատերազմի հետագա ընթացքի վրա, սակայն դա պայմանավորված էր այդ բնակավայրի ռազմավարական կարևոր դիրքով և ոչ մի առնչություն չուներ տեղի ունեցած մարդկային ողբերգության հետ։ Բավական է վերհիշել, որ դեպքերը տեղի են ունեցել 1992 թ. փետրվարին, իսկ զինադադարը կնքվել է 2 տարի անց` 1994 թ. մայիսին, ինչն ինքնին խոսում է այն մասին, որ այս վարկածն անհիմն է։

«Խոջալուի դեպքերից» արդեն քսանհինգ տարի է անցել, սակայն թեման օրեցօր ավելի մեծ հնչեղություն է ստանում, հատկապես երբ ամեն տարվա փետրվարին ադրբեջանական մամուլը, հեռուստատեսությունն ու համացանցը ողողվում են սպանված երեխաների ու այլանդակված դիակների նկարներով` ներկայացնելով դրանք որպես Խոջալուում հայերի կողմից «ցեղասպանված» անմեղ զոհեր։ Հարկ է նշել, որ հաճախ այդ նկարներում պատկերված սարսափազդու տեսարանները ոչ մի կապ չունեն Խոջալուի կամ դրա բնակիչների հետ։ Դրանք հիմնականում աշխարհում տեղի ունեցած տարբեր ողբերգությունների ժամանակ արված նկարներ են, որոնք վերցված են համացանցից՝ պարզապես լսարանի վրա հուզականորեն ազդելու և զոհերի քանակը մի քանի անգամ ավել ցույց տալու նպատակով[1]։

Սույն ուսումնասիրության նպատակն է փաստերի համադրման և համակողմանի վերլուծության շնորհիվ ստանալ «Խոջալուի ցեղասպանություն» անունը ստացած միֆին առնչվող դեպքերի իրական պատկերը։ Այս թեմայով շատերն են գրել, բավականին լուրջ աշխատանք է կատարվել «Խոջալի.նետ» (www.xocali.net) կայքի կողմից, որտեղ կարելի է գտնել թեմային առնչվող բազմաթիվ վկայություններ, հոդվածներ ու գրականություն։ Սակայն թեմայի ուսումնասիրությունը, նորանոր փաստերի ու վկայությունների որոնումն ու դրանց ներկայացումը հասարակության լայն շերտերին կարող են ավելի մոտեցնել ճշմարտությանը։

Խոջալուն[2], որն այսօր կրում է Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անունը, գտնվում է Արցախի Ասկերանի շրջանում` Ստեփանակերտի օդանավակայանից քիչ հեռու։ 20-րդ դարի կեսերին այստեղ սկսել են բնակություն հաստատել ադրբեջանցիներ, իսկ 1960-ականներին հայկական Խոջալուի կողքին հայտնվում է ադրբեջանականը։ 1977 թ.-ից հայկական Խոջալուն այլևս չի հիշատակվում[3]։

1988 թ. հոկտեմբերին ԼՂԻՄ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում Բաքուն Խոջալուում սկսում է հսկայածավալ շինարարական աշխատանքներ իրականացնել՝ նպատակ ունենալով շատ կարճ ժամանակահատվածում բնակավայրը դարձնել քաղաք, իսկ հետագայում` մարզկենտրոն։ Ղարաբաղում ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակով շինարարական աշխատանքներին զուգահեռ գյուղն ակտիվորեն բնակեցվում է միջինասիական Ֆերգանայի հովտից վտարված հարյուրավոր թուրք-մեսխեթցիներով և հայաստանաբնակ, այդ թվում՝ ստեփանակերտցի ադրբեջանցիներով։ Այս նպատակաուղղված քաղաքականության արդյունքում Խոջալուի բնակիչների թիվը 1988-1991 թթ. գրեթե եռապատկվում է` 2135 մարդուց դառնալով 6300։ Նման միտումնավոր աճի հաշվին Խոջալուն քաղաքի կարգավիճակ է ստանում[4]։

Խոջալուում իրականացվող հապճեպ փոփոխությունները նախևառաջ պայմանավորված էին դրա ռազմավարական կարևոր դիրքով։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կենտրոնական մասում գտնվող այս բնակավայրին հատուկ նշանակություն էր տրվում այն պատճառով, որ այստեղից մարզկենտրոն Ստեփանակերտը և շրջակա հայկական բնակավայրերը, մասնավորապես՝ Ասկերանը, հեշտությամբ խոցելի էին։ Բացի այդ, այստեղ էր գտնվում ԼՂԻՄ-ի միակ օդանավակայանը, որը պատերազմի սկզբնական շրջանում ՀԽՍՀ հետ կապը պահելու միակ ուղին էր։

Ստեփանակերտի օդանավակայանում ծառայության մեջ գտնվող ՄՀՆՋ-ականները[5] Խոջալուն վերածել էին հանցագործների որջի. կողոպտում էին հարակից հայկական գյուղերը, ճանապարհից գողանում մարդկանց, ծաղր ու ծանակի ենթարկում հայ օդաչուներին, ինչպես նաև առևանգում Ստեփանակերտ-Երևան, Երևան-Ստեփանակերտ չվերթների ուղևորներին։ Այս ամենաթողության պատճառով 1991 թ. ամռանը Երևան-Ստեփանակերտ չվերթները դադարեցվեցին, ինչը Լեռնային Ղարաբաղի համար նշանակում էր կատարյալ շրջափակում[6]։

1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից հետո իրավիճակը կտրուկ սրվեց, իսկ դեկտեմբերին` հանրաքվեից հետո, Շուշիից, Խոջալուից, Կրկժանից, Ջամիլլուից մայրաքաղաք Ստեփանակերտն սկսեց ենթարկվել շուրջօրյա հրթիռակոծության «Ալազան», «Կրիստալ» և ԲՄ-21 «Գրադ» համազարկային ռեակտիվ կայանքներից։

Այդ ժամանակ Ստեփանակերտում էին գտնվում նաև «Օղակ» գործողության հետևանքով հայկական բնակավայրերի՝ փախստական դարձած բնակիչները, ինչպես նաև Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերից փրկվածների մի մասը, որոնց թիվը միասին գերազանցում էր 35000-ը` ԼՂՀ բնակչության 25%-ը[7]։ Քաղաքի բնակչությունը, շուրջօրյա հրետակոծությունից պաշտպանվելու համար, ստիպված էր օրերով ապաստանել նկուղներում` զրկված լինելով բնականոն կենսագործունեության նվազագույն պայմաններից։

1991-1992 թթ. ձմռան ամիսներին ՄՀՆՋ-ականները փակել էին Ստեփանակերտ տանող հիմնական ճանապարհները, ու մայրաքաղաքը գտնվում էր կատարյալ շրջափակման մեջ։ Մութալիբովի հրամանով Աղդամից անջատվել էր էլեկտրականությունը։ Իրենց կացարանները տաքացնելու համար մարդիկ կտրում էին քաղաքի ծառերը։ Լուրջ էր նաև ջրի հարցը. մի քանի լիտր ջրի համար աղբյուրների մոտ ժամեր տևող հերթեր էին գոյանում։ Մշտապես տեղացող թշնամական կրակի պատճառով շարքից դուրս էին եկել կենսապահովման բոլոր օբյեկտները. չէր աշխատում հացի գործարանը, լիովին սպառվել էին ալյուրի ու վառելանյութի պաշարները։ Նկուղային պայմաններում էր աշխատում նույնիսկ ծննդատունը[8]։

Ուսումնասիրելով այդ օրերի մամուլը` տեսնում ենք, որ Խոջալուից կրակի տակ էին պահվում նաև Ասկերանի շրջանի հայաբնակ գյուղերը։ Ստորև ներկայացված են հատվածներ այդ օրերի լրահոսից։

«Ադրբեջանցիների զինված ուժերի համար վերջին օրերի թիրախը Ասկերան ավանն է։ Խոջալուից և Աղդամից ավանի վրա են արձակվել տասնյակ հրթիռներ և արկեր»[9]։

«Նորագյուղի մեկ բնակիչ վիրավորվել է Խոջալուի կողմից գյուղի հրթիռակոծման ժամանակ։ Խոջալուից 40 «Ալազան» տիպի հրթիռ է արձակվել նաև դեպի հայկական Դաշբուլաղ գյուղը, որոնք սակայն բոլորն էլ պայթել են նպատակակետին չհասած»[10]։

«Հունվարի 22-ի երեկոյան Խոջալուից և Մալիբեյլիից սկսել են «Ալազան» հրթիռներ և ականներ արձակել Ստեփանակերտի վրա։ Արձակվել է 45 հրթիռ։ Քաղաքում մասնակիորեն ավերվել են մանկական հիվանդանոցի շենքը, բնակելի տներ։ Ասկերանի շրջանում այդ նույն ժամերին Խոջալուի կողմից ավտոմատ զենքից և գնդացիրներից գնդակոծվել է հայկական Նորագյուղը։ Նույն շրջանում հունվարի 23-ին առավոտյան ժամը 6-ից 7-ը հայկական Մեհտիշեն գյուղից ոչ հեռու անհայտ զինված անձինք շրջապատել ու պատանդ են վերցրել գյուղի բնակիչներ Միքայել Վազգենի Այվազյանին և Միքայել Ալիխանի Պետրոսյանին։ Նախնական տվյալների համաձայն երկուսին էլ ավտոմեքենայով տարել են Խոջալուի ուղղությամբ»[11]։

«Փետրվարի 18-ին Խոջալու ադրբեջանական բազայից 122 միլիմետրանոց հաուբիցներից միջազգային համաձայնագրերով արգելված ասեղնացիր արկերով գնդակոծվել է Ասկերանի շրջանի Այգեստան (Բալուջա) գյուղը։ Կան վիրավորներ և ավերածություններ»[12]։

Բացի այդ՝ հայկական կողմը տեղեկություններ էր ստանում, որ Աղդամն ու Խոջալուն համալրվում էին զրահատեխնիկական հավելյալ ուժերով, ինչը հուշում էր, որ ադրբեջանական կողմը նախապատրաստվում է ռազմական լայնածավալ գործողությունների։ Դրա մասին է խոսում նաև ադրբեջանցի հեղինակ Նասիման Յաղուբլուի «Խոջալուի ջարդը» գրքում տեղ գտած Խոջալուի կամավորական ջոկատի հրամանատար Էլբրուս Ալիևի վկայությունը. «Այդ օրը, այսինքն` փետրվարի 25-ին, մենք Աղդամից լուր էինք ստացել, որ ժամը 5-ին մերոնք պիտի գրոհեն։ Մենք էլ անհամբերությամբ գրոհի սկսվելուն էինք սպասում, սակայն Աղդամից այդպես էլ լուր չկար»[13]։

Ենթադրվում է, որ պլանավորված էր Աղդամից և Խոջալուից միաժամանակ գրոհել հայաբնակ Ասկերան ավանի վրա և ոչնչացնելով այն` ամբողջովին գրավել դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհը։ Ուստի՝ այս պայմաններում հայկական զինված ուժերի առաջնային խնդիրն էր դառնում ազատագրել Խոջալուն, ինչը նախ կկանխարգելեր թշնամու հնարավոր առաջխաղացումը և կապաշրջափակեր Ստեփանակերտի օդանավակայանը` վերականգնելով ընդհատված կապը Մայր Հայաստանի հետ, ապա նաև կթուլացներ բոլոր կողմերից հարձակման ենթարկվող մայրաքաղաքի վրա առկա ճնշումը։

Ըստ Արցախյան ազատամարտի առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վլադիմիր  Վարտանովի՝ Խոջալուն ազատագրելու գործողություն մշակվել էր դեռևս 1991 թ. աշնանը, որի համաձայն՝ նրա հրամատարության տակ գտնվող հատուկ նշանակության հետախույզ-դիվերսանտների խումբը պետք է թափանցեր Խոջալու և հենակետերը կրակի տակ վերցնելով` ոչնչացներ դրանք և թույլ չտար հակառակորդին պաշտպանություն կազմակերպել։ Դրանից հետո գրոհայինների 5 խումբ պետք է ներխուժեր քաղաք տարբեր ուղղություններից[14]։ Սակայն այս պլանից հրաժարվում են։ Վարտանովը առաջ է քաշում երկու հնարավոր պատճառ։ Առաջինը բավարար քանակով մարդկային ռեսուրսներ չունենալն էր, իսկ երկրորդ ավելի լուրջ պատճառը կարող էր լինել բնակչության մեջ մեծ թվով կորուստների հնարավորությունը, քանի որ այդ պլանով մարդասիրական ոչ մի միջանցք չէր նախատեսվում խաղաղ բնակչության համար։

Խոջալուն ազատագրելու վերջնական գործողությունը մշակվեց 15 օրում։ Գործողության հրամանատարն էր ինքնապաշտպանական ուժերի ընդհանուր ղեկավար Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը։ Իր հարցազրույցներից մեկում հրամանատարը պատմում է. «Նախ՝ անհրաժեշտ էր ճշտել Խոջալուում հակառակորդի ստույգ տեղը։ Գործողության նախապատրաստական աշխատանքներում շատ մեծ թվով մարդիկ էին ներգրավված։ Շտաբում մշակվել էր Խոջալուի ազատագրման պլանը։ Այն ազատագրելու համար քաղաքը բաժանվեց չորս սեկտորների և դրանց ուղղություններով նշանակվեցին պատասխանատուներ` Վաչիկ Հայրյան, Վալերի Չիթչյան, Սեյրան Օհանյան և Սմբատ Հակոբյան։ Յուրաքանչյուր ուղղություն բաժանված էր չորս ջոկատի. ընդհանուր առմամբ գործողությանը մասնակցում էր 487 կամավորական, իսկ ռեզերվում 126-ն էին։ Յուրաքանչյուր մարտից հետո այնպես էինք ջլատվում և հոգնում, որ կորցնելով զգոնությունը՝ կարող էինք կորցնել ամեն ինչ։ Նման դեպքերում օգնության էր գալիս ռեզերվը` թարմ ուժը, որը նման է թարմ օդի հոսքի։             Ռազմական գործողությունները նախատեսված էր սկսել փետրվարի 24-ին, սակայն սպայական կազմի տարաձայնությունների պատճառով սկսվեցին ավելի ուշ` [ամսի] 25-ին` 23։30-ին, բեռնատար վագոնի պայթյունով։ Ինչո՞ւ այդ ժամին, քանի որ սկիզբն ազդարարող պայթյունն ուշանում էր. ժամը 17-ից սպասում էինք, իսկ վագոնը խոնավության պատճառով ոչ մի կերպ չէր պայթում։ Հայկական ուժերը հիմնականում ճնշեցին և ոչնչացրին հակառակորդի կրակակետերը, բայց նրա խմբավորումներից մեկը ամրակայվել էր իննհարկանի շենքում և դիմադրություն էր ցույց տալիս։ Ռազմական գործողություններն ավարտվեցին փետրվարի 26-ին՝ ժամը 4։00-ին։ Հակառակորդն ստիպված էր զիջել դիրքերը և նահանջել։ Մենք կորցրինք 13 զինվոր»[15]։

Խաղաղ բնակչության համար ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերն ազատ էին թողել դեպի Աղդամ տանող ճանապարհը, որի մասին գրոհից առաջ ռադիոկապի ու բարձրախոսների միջոցով տեղեկացրել էին թե՛ համապատասխան մարմիններին, թե՛ Խոջալուի բնակչությանը։

Այս միջանցքն սկսվում էր բնակավայրի արևելյան ծայրամասից և հյուսիսարևելյան մասով` Կարկառ գետի երկայնքով, ձգվում դեպի Աղդամ։ Հարկ է նշել նաև, որ Բաքվի իշխանությունն ու Խոջալուի բնակիչները տեղյակ էին նաև այստեղ սպասվող ռազմական գործողությունների մասին։ Հաղորդակցման տարբեր միջոցներ օգտագործելով` գրոհից դեռևս 2 ամիս առաջ հայկական կողմն անընդմեջ հորդորում էր բնակչությանը դուրս գալ քաղաքից։ Այդ նախազգուշացումների շնորհիվ բնակիչների մեծ մասն արդեն լքել էր բնակավայրը և հաստատվել կրակի գոտուց համեմատաբար ավելի հեռու վայրերում, ի մասնավորի՝ Աղդամում։ Սա լայնորեն լուսաբանվում էր ադրբեջանական ԶԼՄ-ով, որտեղ քննադատում և որպես դավաճան էին ներկայացվում Խոջալուն լքողները։ Ավելին՝ գերի ընկած թուրք-մեսխեթցիների վկայությամբ՝ Աղդամից անգամ խոչընդոտում էին իրենց՝ այնտեղից դուրս գալը։ Ու սրանք հիմնականում այն մարդիկ էին, ում խաբեությամբ էին բնակեցրել այդ շրջանում։ «Գերի վերցրած ադրբեջանցիներին հարցրեք, թե ինչու են եկել կռվելու։ Նրանք պատմեցին, որ Բաքվում միլիցիայի պետը ստիպողաբար իրենցից շինարարական ջոկատ է կազմել և ուղարկել Խոջալու՝ իբր շենքեր կառուցելու։ Իսկ Խոջալուում էլ հայտնեցին` շինանյութ չկա, զենք վերցրեք և կռվեք հայերի դեմ»[16]։

Բնակչությանը ռազմական գործողությունների վայրից ժամանակին չտարհանելու և նրանց օգնություն չցուցաբերելու հարցում ընդդիմությունն ու իշխանությունն անխնա միմյանց էին մեղադրում։ Մութալիբովը պաշտպանվում էր՝ նշելով, որ Աղդամի զինված միավորումներն այդ ժամանակ արդեն իրեն չէին ենթարկվում, գտնվում էին Ադրբեջանի ժողճակատայինների վերահսկողության տակ, հետևաբար՝ ողբերգության համար ինքը պատասխանատու չէր, իսկ ընդդիմությունն իր հերթին առիթը բաց չէր թողնում նախագահին վարկաբեկելու և ամբողջ մեղքը նրա վրա բարդելու համար։

Դեպքերից երկու ամիս անց Ադրբեջանի Ժողովրդական ճակատի անդամ Ռուստամ Հաջիևը ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում պատմել է. «Մենք կարող էինք օգնել Խոջալուի բնակիչներին. կար և՛ ուժ, և՛ հնարավորություն։ Սակայն երկրի ղեկավարներն ուզում էին ցույց տալ ժողովրդին, որ իրենք անզոր են։ Այսպիսով, նրանք նպատակ ունեին օգնության կանչել ԱՊՀ բանակը, որի միջոցով կճնշեին նաև ընդդիմությանը»[17]։ Իսկ Խոջալուի բնակիչների սպանդն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Ռամիզ Ֆաթալիևը «Ազադլըգ»-ին տված հարցազրույցում նշում է. «Մինչև Խոջալուի դեպքերը մնացել էր 4 օր։ Փետրվարի 22-ին նախագահի, վարչապետի, ՊԱԿ-ի նախագահի և մյուսների մասնակցությամբ գումարվեց ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Մինչև այսօր ոչ ոք չգիտի, թե որտեղ էր սխալ թույլ տրվել և ում կողմից։ Նիստի ժամանակ որոշվեց չտարհանել բնակչությանը»[18]։

Որտեղ էլ որ լիներ «թույլ տրված սխալը», մի բան հաստատ էր. Խոջալուի բնակիչները զոհ գնացին Ադրբեջանի ներքին քաղաքական պայքարին։ Հնարավոր է, որ իշխանությունը նրանց օգտագործում էր որպես կենդանի վահան։ Նրանք համոզված էին, որ հայերը չեն կոտորի խաղաղ բնակչությանը, իսկ նրանց տարհանելը կնշանակեր ինքնակամ հանձնել ռազմաքաղաքական կարևոր նշանակություն ունեցող Խոջալուն։

Այս դեպքում հայկական զիված ուժերն ստիպված էին ընտրություն կատարելու` կա՛մ ամեն գնով վերցնել Խոջալուն ու օդանավակայանը, կա՛մ արյունաքամ անել սեփական ժողովրդին։ Պատասխանը միանշանակ պարզ էր։ Փետրվարի 25-ին՝ 22:00-ին, սկսվեց Խոջալուն ազատագրելու գործողությունը: ՄՀՆՋ-ականների վերջին խումբը, որ շարունակում էր դիմադրել, վնասազերծվեց 26-ի առավոտյան ժամը 5-ին։ Խաղաղ բնակչության շրջանում այստեղ գրեթե զոհեր չեն եղել, քանի որ նրանց մեծ մասը հասցրել էր դուրս գալ մարդասիրական միջանցքով ու անվնաս հասնել Աղդամ։ Ադրբեջանական մի շարք աղբյուրներ պարզապես արհամարհում են այս միջանցքի գոյության փաստը և շարունակում համառել, որ Խոջալուում զոհվել են 1000-ավոր խաղաղ բնակիչներ։

ՊԿ գլխավոր շտաբի 2-րդ՝ հետախուզության բաժնի պետ գնդապետ Իվան Ղուկասովը գրում է. «Խոջալուից խաղաղ բնակչությանը դուրս բերելու միջանցքի կանխամտածված ստեղծումը նպատակ ուներ նախ՝ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել խաղաղ բնակչության հանդեպ, թույլ չտալ, որ զոհեր լինեն, նրանց գրավել դեպի մեր կողմը և ցույց տալ, որ մենք մարտնչում ենք ոչ թե խաղաղ բնակչության, այլ զինված հակառակորդի դեմ, որն իր հրաձգությամբ ստիպում է հայ բնակչությանը զինված դիմադրություն ցուցաբերել։ Երկրորդ նպատակը քաղաքի պաշտպանության պաշտպանական պոտենցիալի թուլացումն էր։ Քաղաքի պաշտպանների ուղեկցությամբ բնակչության դուրսբերումն այդ միջանցքով պետք է հանգեցներ նրա պաշտպանների թվի կրճատմանն ու նպաստեր «լեգալ» դասալիքների ի հայտ գալուն, որոնք քաղաքից դուրս եկող խաղաղ բնակչությանն ուղեկցելու պատրվակով կլքեին պաշտպանական դիրքերն ու դրանով իսկ կթուլացնեին քաղաքի պաշտպանությունը։ Բացի այդ, հակառակորդը կգար այն մտքին, թե՝ «ում պաշտպանի, եթե տեղի բնակիչները խուճապահար թողնում են իրենց տունուտեղը, իրենց հողը»։ Տեղի բնակիչները հիմնականում քաղաքի պաշտպանությանը մասնակցող մարտիկների հարազատներն էին, որոնք իրենց հարազատների ու մերձավորների անվտանգ ելքն Աղդամի շրջան (Ադրբեջանի տարածք) ապահովելու համար ստիպված կլինեն լքել իրենց պաշտպանական դիրքերը»[19]։

Այդպես էլ լինում է. մեծ թվով ադրբեջանցի մարտիկներ բնակիչներին ուղեկցելու պատրվակով թողնում են իրենց պաշտպանական դիրքերն ու բնակչության հետ միասին հեռանում միջանցքով։ Իսկ Խոջալուում ինչ-ինչ պատճառներով մնացած ու գերի ընկած բնակիչներին (200-300 հոգի՝ ներառյալ թուրք-մեսխեթցի ընտանիքներ) տեղափոխում են Ստեփանակերտ, հետո՝ իրենց կամքի համաձայն՝ առանց որևէ նախապայմանի հանձնում ադրբեջանական կողմին։ Համաձայն իրենց իսկ խոսքերի՝ գերիների հետ այստեղ հայերը վարվել են մարդասիրաբար` տրամադրելով նրանց հագուստ ու սնունդ՝ չնայած այն բանին, որ Ստեփանակերտի բնակչությունն ինքը սովամահ լինելու վտանգի առաջ էր կանգնած[20]։

Հակառակ այս ամենին՝ Խոջալուի գործողությունից հետո Բաքվում լուրեր տարածվեցին, որ հայերը գրավել են Խոջալուն ու դաժանաբար կոտորել նրա բնակիչներին։ Մութալիբովը տեղեկությունը ստանալուց հետո անմիջապես զանգահարում է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանին` լուրերը պարզաբանելու համար։ Վերջինս, բնականաբար, հերքում է այն՝ տեղեկացնելով, որ իրենց մոտ կան գերիներ, ում կերակրում են՝ չնայած նրան, որ իրենք էլ սննդի պակաս ունեն, ու պատրաստ են փոխանակել գերի ընկած բնակիչներին ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ գերիների հետ[21]։

Կասկածելով Մկրտչյանի խոսքերին ու ստեղծված անորոշությունը պարզաբանելու նպատակով` Մութալիբովն ուղղաթիռով լրագրողների խումբ է ուղարկում Խոջալու։ Ուղղաթիռից Խոջալուում զանգվածային սպանությունների հետքեր չնկատելով` լրագրողների խումբը վերադառնում է Աղդամ։ Հետդարձի ճանապարհին հայկական Նախիջևանիկ գյուղի մոտ նրանք նկատում են ադրբեջանցի ՄՀՆՋ-ականների դիակներ, որոնք զոհվել էին անհասկանալի պայմաններում։ Սակայն ամեն ինչ է՛լ ավելի է խճճվում, երբ հայտնի է դառնում, որ Աղդամից 3 կմ հեռավորության վրա գտնվող բաց դաշտում մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների դիակներ են հայտնաբերվել։ Ի՞նչ դիակներ էին սրանք և ինչպե՞ս էին հայտնվել այստեղ։ Պատկերը հասկանալի և ամբողջական է դառնում միայն այն ժամանակ, երբ համադրում ենք հայկական և ադրբեջանական կողմերի վկայությունները։

Վ. Վարտանովը, որ Խոջալուի ազատագրման նույն օրն իր 2 հոգանոց փոքր խմբով հետախուզական հատուկ հանձնարարությամբ գտնվում էր դեպքի վայրից քիչ հեռու, պատմում է. «Խոջալուի բնակիչները ՄՀՆՋ-ականների ուղեկցությամբ՝ 60-100 հոգի, Աղդամի ուղիղ ճանապարհից շեղվել ու եկել էին հայկական Նախիջևանիկ գյուղի ուղղությամբ։ Էնտեղ մենք երկու պոստ ունեինք։ Իրենք հարձակվում ու մի պոստը վերցնում են։ Էստեղ մենք ոնց որ երկու զոհ ենք ունենում։ Հետո շատ արագ մոտենում են մյուսին ու փորձում են մյուսն էլ վերցնել, բայց արդեն չի ստացվում։ Դրանից հետո՝ մոտ կես ժամ անց, մենք արդեն տեսնում ենք, որ Աղդամի թուրքական աջի պոստը սկսում ա կրակել, սրան միանում ա 2-րդը, ու խաչաձև կրակի տակ ոչնչացնում են բոլորին` կարծելով, որ սա իրենց դիրքերը գրավելու եկած հայկական խմբավորում էր։ Գիշեր էր, ամպամած էր: Էդ մթության մեջ հնարավոր չի տարբերել՝ հայ ես, թե թուրք։ Էս ժողովուրդը, որ գալիս էր, փորձում էր չաղմկել, որովհետև իրենց հետևից դեռ կրակոցներ կարող էին հնչել։ Մարդիկ կան, որ պնդում են` թուրքերը դիտավորյալ են սպանել էդ մարդկանց։ Ես դրան չեմ հավատում։ Բայց այ ինչի՞ իրենք շեղվեցին ուղիղ ճանապարհից ու եկան էստեղ, դա ինձ համար հանելուկ մնաց. իմա՞ստը։ Չէր կարող էստեղի ապրողը չիմանար, որ սա հայկական գյուղ է։

Հետո դիակները տեղափոխվել են այն վայր, որտեղ մենք էինք թաքնված այդ ժամանակ։ Պարզ է` հայերը էդտեղ ոչ մի գործողություն չէին կարող իրակականացնել, Նախիջևանիկի դիրքերի տղերքն էլ էնպիսի զենք չունեին, որ հեռու կրակեին։ Թուրքական պոստը ուներ տենց զենքեր, որ անգամ կարող էր Նախիջևանիկի վրա կրակեր։ Իսկ մեր ունեցած բոլոր լուրջ զենքերն այդ ժամանակ Խոջալուն ազատագրելուն էին ծառայում։ Էդ գործողությանը մասնակցեց Ղարաբաղի ուժերի 50%-ը[22]. թուլացված էին բոլոր ուղղությունները՝ բացի Ասկերանից»։

Իսկ ահա Խոջալուի բնակիչ Սուլեյման Աբբասովը, որն այդ խմբի մեջ էր, պատասխանում է բոլորին այդքան հուզող հարցին, թե ինչու բնակիչների այս փոքր հատվածը մինչև վերջ չգնաց հայերի տրամադրած մարդասիրական միջանցքով, որ Խոջալուն Աղդամին կապող ամենակարճ ու հարթ ճանապարհն էր. «Մենք բնակիչների մի մասի հետ հասանք Նախիջևանիկ` հույս ունենալով, որ այստեղ ապաստան կգտնենք։ Մինչ այդ մեզ ռադիոկապով հայտնում էին, որ այս գյուղը հետ է վերցված գրոհայինների ձեռքից։ Առաջին կրակոցները հնչեցին… Շատ մարդիկ, չհասցրած ինչ-որ բան հասկանալ, ընկան մահացու խոցված։ Կարճատև մարտ տեղի ունեցավ, որի ընթացքում մեզ հաջողվեց դուրս գալ թակարդից և հասնել Աղդամ տանող ճանապարհ…»[23]։

Աբբասովի վկայությունից պարզ է դառնում, որ Խոջալուի բնակիչներին դիտավորյալ շեղել են ճանապարհից ու հրահրել նոր բախում հայկական կողմի հետ։ Հարց է առաջանում սակայն, թե ում էր սա ձեռնտու։ Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը չեխ լրագրողուհի Դանա Մազալովային տված հարցազրույցում ուշագրավ մի հայտարարություն է անում. «Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, ամեն ինչ կազմակերված է եղել իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժ գործում էր նախագահին վարկաբեկելու ուղղությամբ։ Ես չեմ կարծում, որ այսպիսի իրադրությունների ժամանակ շատ խելացի և հստակ կողմնորոշվող հայերը թույլ կտային, որ իրենց ֆաշիստական գործողությունները մերկացնող փաստաթղթերը հայտնվեին ադրբեջանցիների ձեռքերում։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկին ձեռնտու էր հետագայում ցույց տալ այս կադրերը ԶՈՒ նիստի ժամանակ և կենտրոնացնել ամեն ինչ իմ անձի շուրջ»[24]։

Գաղտնիք չէ, որ Խորհրդային Միության փլուզումից հետո քաղաքական պայքարն Ադրբեջանում կտրուկ սրվեց։ Իշխանության համար պայքարում էին երկրի նախագահ Այազ Մութալիբովն ու ընդդիմադիր ազգայնական «Ադրբեջանի ժողովրդական ճակատը», որը ղեկավարում էր թուրքամետ Աբուլֆազ Էլչիբեյը։ Այս պայքարում ղարաբաղյան հարցը հաջողության հասնելու ամենակարևոր խաղաթղթերից էր և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար[25]։ Փաստորեն, քաղաքական այս մրցավազքում հաղթող դուրս գալու մարմաջի արդյունքում գրվեց Ադրբեջանի պատմության տխուր էջերից մեկը։

Լարվածությունն իր գագաթնակետին հասավ փետրվարի 26-ին, երբ Խոջալուի անկման լուրը հասավ Բաքու։ Կառավարության մամուլի ծառայությունը, լավ գիտակցելով, որ Խոջալուի կորուստը կնշանակեր Մութալիբովի իշխանության տապալում, նույն օրը երեկոյան հայտարարություն է տարածում, որտեղ ասվում է. «Հայ գրոհայինների և նախկին Սովետական միության 366-րդ գնդի հարձակումը հետ է մղվել, և բնակավայրը կրկին ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ է»[26]։ Սակայն այս տեղեկությունը հերքվում է Ժողովրդական ճակատի տեղեկատվական կենտրոնից պատասխան հայտարարությամբ. «Խոջալուի բնակիչների դիակներով լի 2 բեռնատար հասել է Աղդամ։ Մարտում զոհվել է նաև Խոջալուի օդանավակայանի տնօրենը, դատախազն ու քաղաքապետը»[27]։

Ինչպես տեսնում ենք, երկու հայտարություններն էլ չէին համապատասխանում իրականությանը։ Մինչ իշխանությունը, այդ լուրը թաքցնելով, փորձում էր փրկել իր դեմքը, ընդդիմությունը շտապեց զոհերի մասին հայտնել նախքան դիակների Աղդամ հասնելը։ Շտապել էին նաև` «սպանված» հռչակելով քաղաքի պաշտոնատար անձանց, մասնավորապես՝ քաղաքագլուխ Էլման Մամեդովին։

Խոջալուի կորստից հետո Մութալիբովին մեղադրեցին ղարաբաղյան հարցում անվճռականություն ցուցաբերելու ու բազմաթիվ անմեղ զոհերի համար և պահանջեցին նրա հրաժարականը։ Ընդդիմության ճնշման տակ Մութալիբովը մարտի 6-ին հրաժարական տվեց, իսկ մի քանի ամիս անց քաղաքական հետապնդումներից խույս տալու և իր ու իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու նպատակով, ապաստան գտավ Ռուսաստանում։ Հրաժարականից օրեր անց ադրբեջանցի հայտնի լրագրող Չինգիզ Մուսթաֆաևը, որ երկու անգամ էր եղել դիակների գտնվելու վայրում (փետրվարի 29-ին և մարտի 2-ին), նախկին նախագահին հայտնում է, որ Խոջալուում ինքը ոչ մի դիակ չի տեսել։ Դիակները եղել էին Աղդամի մատույցներում, որն այդ ժամանակ դեռևս գտնվում էր Ադրբեջանի ժողճակատայինների հսկողության տակ։ Բայց նրան ավելի շատ զարմացրել էր այն, որ առաջին նկարահանման ժամանակ դիակները պղծված չէին, սակայն երկրորդ նկարահանման ժամանակ արդեն վերջիններիս մարմինների դիրքերը փոխվել էին և զգալիորեն այլանդակվել։ Մութալիբովը, կռահելով այս ողբերգության իրական պատճառը, խորհուրդ է տալիս լրագրողին աղմուկ չբարձրացնել։ Սակայն Մուսթաֆաևն անկախ լրագրողական հետաքննություն է նախաձեռնում։ Ակնհայտ է, որ նրա գործունեությունն անհանգստացրել էր այդ ոճրագործության իրական հեղինակներին, քանի որ դրանից 4 ամիս անց նա սպանվում է անհայտ հանգամանքներում այն նույն վայրում, որտեղ նկարահանել էր ողբերգական կադրերը[28]։

Հարկ է նշել, որ զոհվածների թվի մասին Բաքվի տրամադրած տվյալները բավականին տարբեր են և այս 23 տարիների ընթացքում անընդհատ փոփոխության են ենթարկվել։ Չնայած որ անգամ Բաքվի պաշտոնական տվյալներում զոհերի թիվը մոտ 600 հոգի է նշվում, այդ ողբերգության մասին խոսելիս շատ պաշտոնյաներ, իրենց ելույթն ավելի ազդեցիկ դարձնելու համար, սգում են 1000-ավոր անմեղ զոհերի մահը։ Մինչ այսօր սպանդի ենթարկված խաղաղ բնակչության իրական թիվը մնում է անհայտ։ Բաքվի կողմից պաշտոնապես հաստատված 617 զոհվածների ցանկում ադրբեջանցիները կարող էին հրապարակել նաև քաղաքի պաշտպանության ժամանակ զոհված ՄՀՆՋ-ականների, ինչպես նաև այն թուրք-մեսխեթցիների անունները, որոնց Խոջալուն քաղաք դարձնելու ժամանակ գրանցել էին, սակայն վերջիններս երբեք մշտական հիմունքներով այդտեղ չէին բնակվել։

Ինչպես նշվում է «Մեմորիալ» մարդու իրավունքի կենտրոնի զեկույցում, խաղաղ բնակիչներից շատերը մահացել էին ցրտահարությունից, ոչ թե հրազենային վերքերից[29]։ Սա պայմանավորված էր նրանով, որ գրոհի սկսվելուց անմիջապես հետո բնակիչները խուճապահար փախել են` մոռանալով իրենց հետ վերցնել անգամ ամենաանհրաժեշտ իրերը։ Սակայն անգամ այս պարագայում վերջիններիս մահը կրկին ծանրանում է ադրբեջանական կողմի վրա, քանի որ համապատասխան մարմինները ժամանակին չէին կազմակերպել նրանց տարհանումը։ Սրա մասին բազմաթիվ վկայություններ կան ինչպես հայկական ու ռուսական, այնպես էլ ադրբեջանական բաց աղբյուրներում։ Ահա դրանցից մեկը՝ Խոջալուի բնակիչ Սալման Աբբասովի հուշերը, որ տեղ են գտել 1993 թ. Բաքվում հրատարակված «Խոջալու. ցեղասպանության ժամանակագրություն» գրքում. «Ողբերգությունից մի քանի օր առաջ հայերն ամեն օր ռադիոկապով հաղորդում էին մեզ, որ գրավելու են քաղաքը և պահանջում էին լքել այն։ Ուղղաթիռները երկար ժամանակ Խոջալու չէին գալիս, և պարզ չէր` ինչ-որ մեկն արդյոք մտածում է մեր ճակատագրի մասին։ Ոչ մի օգնություն մենք չէինք ստանում։ Ավելին, երբ հնարավորություն կար կանանց, երեխաներին ու ծերերին դուրս բերելու, նրանք մեզ համոզում էին սպասել։ Խոստանում էին, որ մոտ ժամանակներս Ասկերանի գրավման և շրջափակումից դուրս գալու գործողություն է նախապատրաստվում։ Ինչո՞ւ էին մեզ խաբում։ Ինչի՞ համար զոհվեցին մեր երեխաները, ո՞վ է տալու դրա պատասխանը»[30]։

Մինչ օրս այս հարցերին պատասխան չի տրվել։ Ողբերգության իրական պատճառը բացահայտելու փոխարեն Բաքուն պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ է ծախսում անդադար պատերազմի սպառնալիքի տակ ապրելուց հոգնած ադրբեջանցիների մոտ հակահայ տրամադրություններ արթնացնելու ու բորբոքելու նպատակով։ Սրան ակտիվորեն աջակցում է Թուրքիան։ Խոջալուի բնակիչների հետ պատահած ողբերգությունը ոգևորության մեծ ալիք էր բարձրացրել նաև այստեղ։ 1992 թ. փետրվարի 26-ին թուրքական հեռուստատեսությունը, հենվելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տվյալների վրա, հաղորդեց, որ «Խոջալուում սպանվել են ավելի քան 100 ազերիներ»։ Հետագա հաղորդումներում սպանվածների թիվն ընդհուպ բարձրացավ մինչև 1230-ի։ Հետագայում այդ թիվը մասնակիորեն կրճատվեց և հաստատվեց՝ ավելի քան 1000 կին, երեխա և տղամարդ[31]։ 1992 թ. մարտի 2-ին վերադառնալով Արցախից՝ Ֆրանսիայի հեռուստատեսության 5-րդ կայանի թղթակցուհի Ֆլորանս Դավիդն իր կայանին հաղորդեց, թե որտեղից էր թուրքական մամուլը վերցրել սպանված հազարավոր ադրբեջանցիների լուսանկարները։ Բանն այն է, որ կիրակի՝ մարտի 1-ին, տեղի էր ունեցել իրանական Կարմիր մահիկի նախաձեռնությամբ հայերի և ադրբեջանցիների դիակների՝ նախապես համաձայնեցված փոխանակումը։ Այն պահին, երբ բաց դաշտում առկա են եղել բազմաթվ դիակներ, մոտեցել է ադրբեջանական մի ուղղաթիռ՝ ադրբեջանցի և օտարերկրյա թղթակիցներով լեցուն, որոնք օդից լուսանկարել են փոխանակման գործողությունը։ Հաջորդ օրը թուրքական հեռուստատեսությունն ու մամուլը, այդ նկարներն օգտագործելով, ներկայացրին Խոջալուի գործողության ժամանակ «հայերի կողմից սպանված հազարավոր ազերիների սպանդը»[32]։

Մեղադրելով արևմուտքին հայամետ դիրքորոշման համար, որն իբր թե պայմանավորված էր քրիստոնեական համերաշխությամբ, թուրքական «Բարօրություն» կուսակցության նախագահ Նեջմեթթին Էրբաքանն իր ելույթներից մեկում դիմեց իսլամական աշխարհի օգնությանը, իսկ ժողովրդավարական ձախակողմյան կուսակցության նախագահ Բյուլենթ Էջեվիթը կոչ արեց դադարեցնել Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնության առաքումը Հայաստան, մինչև հայերը չդադարեցնեն իրենց ոճրագործությունները[33]։

Ակնհայտ էր, որ թուրքական այս հակահայկական քարոզարշավը ծառայում էր ոչ թե «ադրբեջանցի իրենց եղբայրների փրկությանն ու օժանդակությանը», այլ հենց իրենց շահերին. թուրքերը ջանք ու եռանդ չխնայեցին՝ ցեղասպան հայի կերպար ձևավորելու համար[34]։

Խոջալուի բնակիչների հետ պատահած ողբերգությունը թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական կողմը կարողացան հմտորեն օգտագոծել հանուն իրենց հեռահար նպատակների։ Առաջին հերթին այս ողբերգությունը ծառայեց քաղաքական կեղտոտ շահերին։ Ադրբեջանական ընդդիմությունը, կանխատեսելով դեպքերի նման ընթացքը, նախ՝ սառնասրտորեն կազմակերպեց սեփական ժողովրդի սպանդը, ապա, շահարկելով այն, հասավ իշխանության հրաժարականին։ Շատ քաղաքագետներ Ժողճակատի մեջքի հետևում տեսնում են Թուրքիային։ Անկարային, Ադրբեջանում իր իշխանությունը հաստատելու համար, միանշանակ խանգարում էր ռուսամետ հայացքներ ունեցող Մութալիբովը։ Փոխարենը՝ միանգամայն վստահելի էր ժողճակատայինների ղեկավար Ա. Էլչիբեյը, որը չէր էլ թաքցնում իր թուրքամետ դիրքորոշումը։ Երկրորդ` հայերին ցեղասպանության մեջ մեղադրելը լուրջ հակակշիռ էր տարբեր ժամանակներում հայերին կոտորած թուրքերի և ադրբեջանցիների համար։

Ծավալված ստահոդ քարոզչությունը` կեղծված փաստերով ու նկարներով, շարժել է նաև չեխ լրագրողուհի Դանա Մազալովայի զայրույթը։ Իր մամուլի ասուլիսներից մեկում նա Ադրբեջանի գործունեությունը որակում է որպես «սև PR» ու խստորեն դատապարտում այն։ Մի քանի տարի առաջ լրագրողուհին պատահաբար իմացել էր, որ չեխական Լեդիցե գյուղի` նացիզմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը տեղի ադրբեջանական համայնքն օգտագործում է իր քարոզչության համար` փետրվար ամսին կազմակերպելով «Խոջալուի ցեղասպանության» մասին պատմող ցուցահանդեսներ ու կինոդիտումներ։ Ինչպես նշում է Մազալովան, ինքը մտերիմ էր ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուսթաֆաևի հետ, ով իրեն ցույց էր տվել հայտնի նկարահանումների անմշակ կադրերը, ու ցուցադրության մեջ տեղ գտած դաժան նկարներից միայն մեկն էր, որ իսկապես կապ ուներ այդ ողբերգության հետ[35]։

Իրականում նմանատիպ հակահայ քարոզարշավներ իրականացվում են աշխարհի տարբեր երկրներում, որտեղ համաշխարհային հանրությունը, հաճախ առանց ճշտելու իրողությունները, ընդունում է դրանք որպես բացարձակ ճշմարտություն։ Բացը գալիս է թերևս հայկական կողմից։ Եթե ժամանակին համապատասխան միջոցներ ձեռք առնվեին և տեղեկատվական պատերազմին նույնքան կարևորություն տրվեր, որքան ռազմական գործողություններին, ապա այսօր պատկերն ամբողջովին այլ կարող էր լինել։

Այսպիսով, ընդհանրացնելով վերոհիշյալ փաստերը՝ կարելի է եզրակացնել, որ Խոջալուի բնակիչները պարզապես զոհ գնացին Բաքվի քաղաքական ինտրիգներին։ Սպանդի իրական կազմակերպիչները ոչ միայն հասան իշխանության գալու իրենց գլխավոր նպատակին, այլև փորձեցին օգտագործել սա ամբողջ աշխարհում հակահայկական տրամադրություններ տարածելու նպատակով։ Թաքցնելով, կեղծելով, խեղաթյուրելով փաստերն ու հաճախ կաշառելով կամ այլ միջոցներով լռեցնելով ականատեսներին՝ ադրբեջանական կողմը շարունակում է կերտել «ցեղասպան» հայի կերպարը։

  [1] Տես Զեղծարարություններ և կեղծիքներ, http։//xocali.net/ha/falsification01.html, հղվել է 13.10.2017 թ.։

[2] Ներկայումս՝ Իվանյան։ Սույն հոդվածի մեջ օգտագործել ենք նախկին՝ ավելի հայտնի անվանումը` թյուրիմացությունից խուսափելու համար։

[3] Տես Հակոբյան Թ., Խոջալու. ճշմարտության պահը (Մաս 1), http://hetq.am/arm/print/5915/, հղվել է 13.12.2017 թ.։

[4] Տես Доклад правозащитного центра «Мемориал» о массовых нарушениях прав человека, связанных с занятием населенного пункта Ходжалы в ночь с 25 на 26 февраля 1992 г. вооруженными формированиями, http։//www.memo.ru/hr/hotpoints/karabah/HOJALY/, հղվել է 10.09.2017 թ.։

[5] ՄՀՆՋ – Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ (ռուս.՝ Отряд милиции особого назначения (ОМОН))։

[6] Տես Сердюков М., Еще раз о трагедии Ходжали, Собеседник, N18, 1992, http։//xocali.net/ru/p02.html, հղվել է 13.09.2017 թ.:

[7] Տես Демоян Г.; Мелик-Шахназарян Л., Ходжалинское дело։ Особая папка, Ереван, 2003, էջ 11:

[8] Տես Արցախի տագնապալուր օրերը, «Ազգ», 1991 դեկտեմբերի 18, թիվ 88։

[9] Արցախ. իրադարձությունների կիզակետ, «Հայաստան», 1991 դեկտեմբերի 18, թիվ 187։

[10] Իրադրությունն Արցախում, «Հայաստանի Հանրապետություն», 1992 հունվարի 18, թիվ 11 (356)։

[11] Արցախ. Գիշերային հրետակոծություններ, «Հայաստանի Հանրապետություն», 1992 հունվարի 24, թիվ 15 (360)։

[12] Արցախ. Օդային հարձակում, «Հայաստանի Հանրապետություն», 1992 փետրվարի 19, թիվ 33 (378)։

[13] Yaqublu N., Xocalı qırğını (Խոջալուի ջարդը – ադրբեջաներեն), Bakı, 1992, s. 45.

[14] Բաբայան Ա., Հարցազրույց Վլադիմիր Վարտանովի հետ, Երևան, 15.06.2017 թ.:

[15] Ղարախանյան Մ., Իշխանություն` սեփական քաղաքացիների կյանքերի գնո՞վ, «Հայաստանի զրուցակից» պաշտոնական կայք, http։//sobesednik.gdesigngroup.org/politic/2293-2012-03-18-19-05-54, հղվել է 23.11.2017 թ.։

[16] Ճշմարտությունն ու աղմուկը Խոջալուի շուրջ, «Ազատամարտ», 1992 մարտ, թիվ 12։

[17] Ходжалинские события։ свидетельствуют азербайджанцы, 24.02.2000, http://sumgait.info/khojaly/khojaly-witnesses/khojaly-witnesses.htm, հղվել է 13.11.2017 թ.։

[18] «Siyasi uzaqgörənliyin olmaması Xocalı hadisəsinə gətirib çıxırdı» («Քաղաքական անհեռատեսությունը հանգեցրեց Խոջալուի դեպքերին – ադրբեջաներեն), 09.09.2009, http։//www.azadliq.org/content/article/1818751.html, հղվել է 01.02.2017 թ.։

[19] Ղուկասով Ի., Խոջալուից խաղաղ բնակչությանը դուրս բերելու միջանցքը, «Գլոբուս», թիվ 2 (47), 2014, էջք 5-6։

[20] Տես Kodjalu, turks Meskhetines, 26.02.2010, https։//www.youtube.com/watch?v=vHhsnCQqrkw, հղվել է 15.09.2017 թ.։

[21] Տես Мазалова Д., Интервью с бывшим президентом Азербайджана Аязом Муталибовым, «Я гумануст. В душе», «Независимая газета», № 64 (235), 02 апреля 1992 г.

[22] Սույն հոդվածի շրջանակներում ականատեսների՝ մեջբերվող անուղղակի խոսքերի պարագայում մեր առջև խնդիր չենք դրել քննելու և ստուգարկելու դրանց պատմագիտական իսկությունը, փոխարենը նախընտրել ենք հավատարիմ մնալ այլոց կամ մեր կողմից հարցված ականատեսների սկզբնօրինակ վկայություններին՝ վերջիններս օգտագործելով որպես ուսումնասիրության հատուկ աղբյուրատեսակ։ Բաբայան Ա., հարցազրույց Վլադիմիր Վարտանովի հետ, Երևան, 15.06.2017 թ.:

[23] Ходжалы։ Хроника геноцида, Баку, 1993, с. 22.

[24] Мазалова Д., Интервью с бывшим президентом Азербайджана Аязом Муталибовым, «Я гумануст. В душе», «Независимая газета», № 64 (235), 02 апреля 1992 г.

[25] Տես Էլբակյան Է., Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները, Երևան, 2015, էջք 61-62։

[26] Ходжалы. Хроника геноцида, Азербайджанское государственное издательство, Баку, 1993 г, с. 11-12.

[27] Նույն տեղում:

[28] Տես Mustafayev V., Çingiz və Mübariz։ jurnalist və əsgərin şücaəti, “ANSPRESS”, 26.02.2011, http։//www.anspress.com/siyaset/26-02-2011/vahid-mustafayev-cingiz-ve-mubariz-jurnalist-ve-esgerin-sucaeti, հղվել է 05.03.2017 թ.։

[29] Տես Доклад правозащитного центра «Мемориал»…, http։//www.memo.ru/hr/hotpoints/karabah/HOJALY/, հղվել է 10.09.2017 թ.։

[30] Ходжалы…, с. 28-29.

[31] Տես Չաքրյան Հ., Թուրք-ազերիների քարոզչությունը «ցեղասպան» հայերի դեմ, «Ազգ», 1992 մարտի 4, թիվ 16 (108 ):

[32] Ինչպե՞ս են ծնվում Խոջալուի հազարավոր զոհերը. «Ազգ», 1992 մարտի 4, թիվ 16 (108 ):

[33] Տես Չաքրյան Հ., Թուրքիան բողոքի ալիք է բարձրացնում, «Ազգ», 1992 մարտի 7, թիվ 17 (109):

[34] Տես Էլբակյան Է.,, Թուրքիայի Հանրապետությունը և Արցախյան հիմնահարցը, Գիտական հոդվածների ժողովածու, հ. 3, Երևան, 2012, էջ 135։

[35] Տես Press Conference Dana Mazalova Justice for Khojaly правда о ходжали, 10.03.2010, https։//www.youtube.com/watch?v=jzFRC2sB1R8, հղվել է 01.02.2017 թ.։

Աղբյուր՝ «Ստրատեգ», 1 (1), Երևան, 2018, էջք 3-21: