Տեղի ունեցավ ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների ԳՀ լաբորատորիայի և ԵՊՀ Տեղեկատվական անվտանգության կենտրոնի համատեղ տարեկան ամփոփիչ հանրապետական գիտաժողով

strategԱյսօր՝ դեկտեմբերի 4-ին, տեղի ունեցավ ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի և ԵՊՀ Տեղեկատվական անվտանգության կենտրոնի համատեղ տարեկան ամփոփիչ հանրապետական գիտաժողովը։ Ըստ թեմատիկ բաժինների՝ ներկայացվել են զեկուցումներ պատմական, տարածաշրջանային, ռազմաանվտանգային հիմնահարցերի վերաբերյալ, որոնցում քննարկված նյութը նորույթ է մեր գիտահրապարակախոսական իրականության մեջ։

Ուշադրության է արժանի, որ զեկուցումներից երկուսը վերաբերում էին 2016 թ․ հայ-ադրբեջանական ապրիլյան մարտերին։ Երկու զեկուցում նվիրված էր հայ-ադրբեջանական 1990-ական թթ․ պատերազմի առաջին շրջափուլին, ի մասնավորի՝ նախքան պաշտպանական շրջանների կազմավորումը հայկական ուժերի կազմակերպման գործընթացին և այսպես կոչված «Խոջալուի դեպքերին»։ Նշված զեկուցումներին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում վերհանվեցին այն ուղենշային դրույթները, որոնք, իրենց պատմականությամբ հանդերձ, կիրառական են նաև այսօրվա պատերազմական իրականության համար։

Գիտաժողովի ընթացքում ակտիվ քննարկում ծավալվեց մերձավորարևելյան թեմատիկայով ներկայացված զեկուցումների շուրջ, հնչեցին հարցեր, որոնց մի մասին պատասխանեցին զեկուցումների հեղինակները, իսկ մի մասի պատասխանը թողնվեց ժամանակի դատին։ Ներկայացված զեկուցումներում կարմիր թելի պես անցնում էր արծարծված թեմաների արդիականության և հայաստանյան գիտաշխարհի համար ներկայացված կարևորության հիմնավորման թեզը։ Գիտաժողովին հնչած զեկուցումների մի մասը կազմկոմիտեի կողմից քննարկվելուց հետո երաշխավորվելու է տպագրության «Ստրատեգ» հասարակագիտական հանդեսի առաջին համարում, որը լույս կտեսնի առաջիկայում: