Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միավորման ընթացքը 1991 թ. հունիսից մինչեվ 1992 թ. մայիս

Անուշ Ամիրբեկյան

1Բանալի բառեր – Արցախյան պատերազմ, Պաշտպանության բանակ, Հայաստան, Ադրբեջան

Ղարաբաղյան շարժման հենց սկզբում ծայրաստիճան լարված հայ-ադրբեջանական հարաբերությունները վտանգավոր էին դարձել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Խորհրդային Հայաստանի բնակչության համար, ուստի՝ անհրաժեշտ էր կազմակերպել պաշտպանություն։

Հայկական սահմանների պաշտպանության համար սկսեցին ստեղծվել ջոկատներ, որոնք ենթարկվում էին ինչպես քաղաքական կուսակցություններին, այնպես էլ անկախ դաշտային հրամանատարներին։ Այդ ջոկատներով դրվում էին ռազմական կառուցվածքի հիմքերը։ Սրանով հադերձ՝ մեկ միասնական զինվորական համակարգ չկար, ինչի անհրաժեշտությունը տվյալ ժամանակի կարևորագույն խնդիրներից էր։

Հայաստանի Հանրապետությունում այդ խնդիրը պետական մակարդակով որոշվեց` չնայած տարբեր հակասություններին։ 1991 թ մայիսի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց կառավարությանը կից պաշտպանության կոմիտե։ ՀՀ կառավարության 1991 թ. մայիսի 4-ի թիվ 326 որոշմամբ Վահան Շիրխանյանն ընտրվեց պաշտպանության կոմիտեի նախագահ։ Մեկ տարի առաջ` 1990 թվի սեպտեմբերի 20-ին, ձևավորվել էր ներքին գործերի նախարարության հատուկ զորքերի 1-ին գունդը, որի հրամանատար էր նշանակվել գնդապետ Սերգեյ Առաքելյանը։

ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` 1991 թ. դեկտեմբերի 4-ի հրամանագրով ստեղծվեց պաշտպանության նախարարություն, իսկ 1991 թ. դեկտեմբերի 5-ի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։ ՀՀ-ում սկսված էր զինված ուժերի համակարգի ստեղծումը։

Նույն ժամանակահատվածում Ղարաբաղում իրավիճակն այլ էր, քանի որ կային անջատ գործող ջոկատներ, որոնք ուղղակի կամ անուղղակի խողովակներով ենթարկվում էին Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, երևանյան կենտրոնական իշխանություններին և վերջինիս առնչակից ղարաբաղյան վերնախավահատվածին[1]։ Չնայած ծագումնաբանական այսօրինակ բազմազանությանը՝ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությանը հաջողվում էր քիչ թե շատ նշանակալի մարտական գործողություններից առաջ մոբիլիզացնել առկա ուժերը։

Մարտական գործողությունների կոորդինացման համար 1991 թվականի հունիսին Վազգեն Սարգսյանը Ղարաբաղ է ուղարկում ՀՀ Պաշտպանության կոմիտեում ծառայող կադրային զինվորականներ Արկադի Տեր-Թադևոսյանին և Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանին։ Ռ. Գզողյանն ուղարկվում է Շահումյանի, Ա. Տեր-Թադևոսյանը` Մարտակերտի շրջան։

Ղարաբաղում դրությունը բարդանում էր «Օղակ» գործողության պատճառով, Հադրութի շրջանում արդեն հայաթափվել էր 14 գյուղ[2], հերթը Տողինն ու Սարինշենինն էր, որոնք ադրբեջանական կողմի համար կարևոր հենակետեր կդառնային` շրջանն ամբողջությամբ հայաթափելու ճանապարհին։ Հոկտեմբերին իրավիճակը լարված էր հատկապես Տողում, որտեղ ՄՀՆՋ-ականներն ամսի 16-ին սպանել էին Դանիելյանների ընտանիքի 5 անդամներին[3] և ժամանակ տվել բնակչությանը` գյուղից հեռանալու համար։

Առհասարակ Հադրութը կարևոր հենակետ էր, անհրաժեշտ էր պաշտպանել այն, ուստի՝ շրջանի պաշտպանության համար ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանն Արկադի Տեր-Թադևոսյանին համապատասխան հանձնարարություն է տալիս։

Այդ նույն ժամանակ Դաշնակցության անդամները` Արթուր Մկրտչյանի, Լևոն Մելիք-Շահնազարյանի, Վալերի Բալայանի, Արթուր Աղաբեկյանի, Ժաննա Գալստյանի և այլոց գլխավորությամբ, եկել էին Տող` գյուղն ազատագրելու առաջարկով։

Այսպիսով, Ղարաբաղում առաջին անգամ տարածքի ազատագրման վերաբերյալ հարց է բարձրացվում, և համատեղ ուժերով մեկ հրամանատարության ներքո տեղի է ունենում մարտական գործողություն։ Կազմավորվում է միացյալ շտաբ, որտեղ կազմակերպվում է հետախուզության անցկացումը, որն իրականացնում էին հարձակվող ջոկատների հրամանատարները, կազմակերպվում է կապի ապահովումը, բժշկական ծառայությունը, կրակային պատրաստությունը, ճանապարհների ականապատումը, մարտական քարտեզի և գործողության քարտեզի ստեղծումը։ Ջոկատներն ստանում են մարտական առաջադրանք և հրաման։ Տողի գործողությունից (30.10.1991)[4] 15 օր անց նույն կազմով և գործելաոճով ազատագրվեց Սարինշենը (15.11.1991)[5]։ Այս երկու գործողությունների շնորհիվ կանխվեց Տողում և Սարինշենում հենակետ ստեղծելու հակառակորդի ծրագիրը, որտեղ պետք է ուժեր կենտրոնացվեին` Հադրութ քաղաքը և շրջանը գրավելու  համար։

Տարածքի ազատագրումը սառն ընդունվեց Հայաստանի պաշտպանության կոմիտեի շտաբի կողմից[6]։ Պաշտոնական Երևանը փորձում էր բանակցային, խաղաղ ճանապարհով լուծում տալ ղարաբաղյան հարցին, սակայն իրադարձությունների զարգացումն արդեն իսկ հուշում էր, որ այլ ելք չկա, քան զենքի միջոցով պայքարել ադրբեջանական զինված խմբավորումների դեմ։

Երկու գործողություններից հետո ինքնապաշտպանական գործի կազմակերպիչներից Սերժ Սարգսյանն Արցախի պաշտպանության հետագա կազմակերպման համար Ստեփանակերտ է կանչում Արկադի Տեր-Թադևոսյանին։ Ստեփանակերտում ստեղծվում է շտաբ[7], որը հաստատվում է հրամանով։

«Հրաման

Շտաբի ստեղծման վերաբերյալ` մարտական ջոկատների համար

N4, 16 դեկտեմբերի, 1991 թ.

Ղարաբաղի պաշտպանության համար ջոկատների մարտական գործողությունները բարելավելու նպատակով հրամայում եմ

ստեղծել շտաբ,

շտաբի պետ նշանակել փոխգնդապետ Գեորգի Պետրոսյանին,

հետախուզության պետ և առաջին տեղակալ` Աշոտ «ՄԲ»,

կապի պետ` Արթուր-17,

բոլորն անցնեն Ղարաբաղի պաշտպանության համար կազմվող սխեմայի աշխատանքներին,

Արթուր-17-ին` կազմել ջոկատների գտնվելու վայրը և կապը,

կապի ապահովումը` շուրջօրյա

      Արկադի»:

Շտաբում աշխատում էին Ստեփանակերտի պաշտպանության կազմակերպմամբ, որը ևս հաստատվեց հրամանով` հետևյալ վերնագրով` «Ստեփանակերտի պահպանության և պաշտպանության վերաբերյալ»։

 «Հրաման

ք. Ստեփանակերտի անվտանգության և պաշտպանության կազմակերպման  վերաբերյալ

N6, 20 դեկտեմբերի, 1991 թ.

ք. Ստեփանակերտ

Հակառակորդը քաղաք Ստեփանակերտը ենթարկում է զանգվածային  հրթիռահրետանային արկակոծման` Շուշիի, Քյոսալարի, Կրկժանի, Ջանհասանի (ձեռագիրն անընթեռնելի է, վերականգնված է ըստ իմաստի – խմբ.), Մալիբեյլիի, Խոջալուի ուղղություններից, փորձում է բարոյալքել Ստեփանակերտի բնակչությանը և ստեղծել հարմար դրություն` գրավելու ԼՂՀ  մայրաքաղաքը։

Հակառակորդի պլանները ձախողելու և նրան ջախջախիչ հարված հասցնելու համար հրամայում եմ

ստեղծել պաշտպանական ամրություններ` համաձայն ավելի վաղ տեղերում արված մշակումների:

Ուժերի և միջոցների հաշվարկը` ըստ գրաֆիկ 1-ի:
Ավագ նշանակել Վիկտոր Պետրոսյանին:

Բեկորին`

ա) առանձնացնել 10 հոգանոց մեկ ջոկատ + 1 նռնակաձիգ` պաշտպանական  N 2 ամրության համար,

բ) առանձնացնել հետախուզական խումբ` Մալիբեյլիի ուղղությամբ հակառակորդի գործողությունների վերաբերյալ տեղեկություններ իմանալու համար,

գ) պատրաստ լինել` հակառակորդին Մալիբեյլիում ոչնչացնելու համար:

Մալիբեյլիի ազատագրման գործողությանը և ղեկավարմանն օգնություն ցույց տալու համար Վալերի Բալայանին (ձեռագիրն անընթեռնելի է, վերականգնված է ըստ իմաստի – խմբ.)` ձեռնամուխ լինել քարտեզի վրա գծագրելու հակառակորդի տեղակայվածությունը և նրա կրակային կետերը:

«ՄԲ»` կատարել հակառակորդի ուժերի և միջոցների վերաբերյալ հաշվարկ:

                                                                                          Արկադի, 20.12.1991 թ.»:

Ամրացնելով պաշտպանությունը` շտաբը զբաղվում էր այն հենակետերի ազատագրմամբ, որտեղ հակառակորդն ուներ մեծաքանակ ուժ և ռազմական տեխնիկա, որտեղից հարձակվում էր հայ խաղաղ բնակչության վրա և կրակի տակ պահում հայաբնակ տարածքները` պատրաստվելով գրավել դրանք։

1992 թ. հունվարի 7-ին շտաբում պատրաստ էր այն բնակավայրերի ցանկը, որոնք պետք է ազատագրվեին։

2«Կրկժան և գլխավոր բարձունքների գրավում,

Ջամիլլու, Լեսնոյ, Կարագյավ,

Մալիբեյլի, Ղուշչուլար,

Ղարադաղլու (կապ Մարտունու հետ),

Խոջալու,

Ջանհասան, Քյոսալար,

Շուշի,

Լաչինի միջանցք,

Քյալբաջարի ուղղությամբ ուժերի կենտրոնացում,

Զանգելան, Ջաբրայիլ,

                                 Արկադի 7.01.1992»:

Ողջ փաստաթղթերը, որոնք դուրս էին գալիս շտաբից, համաձայնեցվում էին բոլոր ջոկատների հրամանատարների հետ։

Միացյալ մարտական գործողություններով Կրկժանի ազատագրումից հետո (20-21.01.1992 թ.) Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն իր մոտ է հրավիրում Արկադի Տեր-Թադևոսյանին, ԼՂՀ ազգային անվտանգության առաջին պետ Աշոտ Խաչատրյանին, Արցախի գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Վալերի Բալայանին, արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Մելիք-Շահնազարյանին։ Արթուր Մկրտչյանը նրանց հայտնում է, որ պետությունը գումար ունի[8] և պատրաստ է վճարել ազատամարտիկներին, որի կարիքը նրանք ունեն։ Արկադի Տեր-Թադևոսյանը հայտնում է, որ Վալերի Բալայանի գլխավորած հանձնաժողովը պետք է զբաղվի այդ գործով, և նախ՝ բանակի կառուցվածքը պետք է ստեղծվի, որի մեջ կմտնի ֆինանսական ծառայությունը, պետք է գրվեն ջոկատներում ծառայող ազատամարտիկների ցուցակները, քանզի հնարավոր չէ գումարները բաշխել առանց ջոկատների հրամանատարների ստորագրության։ Արթուր Մկրտչյանն առարկում է` ասելով, որ այդ հանձնաժողովը երկրի սահմանների ամրապնդմամբ է զբաղված, իսկ Տեր-Թադևոսյանի գլխավորած շտաբում գրագետ կադրային սպաներ կան և կարող են միասին որոշել բանակի կառուցվածքը և հիմնվելով եղած ջոկատների և վաշտերի վրա` ստեղծել գումարտակներ և գնդեր։ Արթուր Մկրտչյանի հետ հանդիպումից հետո պաշտպանության կոմիտեում տեղի ունեցած նիստի ժամանակ Արկադի Տեր-Թադևոսյանն այս մասին զեկուցում է պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանին։ Վերջինս դրական է արձագանքում առաջարկին[9]։

Զինված ուժերի նախնական կառուցվածքը կյանքի կոչելու համար ընտրվեցին ռազմական գործին ծանոթ, կադրային զինվորականներ՝ Ռաֆայել Գզողյանի գլխավորությամբ։ Սերժ Սարգսյանի հրամանով կազմավորված առաջին գնդի հրամանատար նշանակվեց նախկին ԽՍՀՄ ստեփանակերտյան 366-րդ մոտոհրաձգային գնդում գումարտակի հրամանատարի պաշտոնում ծառայած Սեյրան Օհանյանը: 1992 թ. հունվարի 24-ին Ս. Օհանյանը ներկայացրեց առանձին գումարտակի կազմակերպումը։

Դրա վրա Ա. Տեր-Թադևոսյանը գրեց. «Օհանյան, վստահ և արագ կազմավորիր ԱԻՈւ 1-ին գունդը», ստորագրություն, 24.01.92 թ.։ Հաջորդ օրը Սեյրան Օհանյանը ներկայացրեց գնդի կազմակերպումը:

Ծանոթանալուց հետո Ա. Տեր-Թադևոսյանը գրեց` «Համաձայն եմ», ստորագրեց, 25.01.92 թ.։

Գումարտակի և գնդի կառուցվածքը ստեղծելուց հետո՝ փետրվարի 2-ին, (2.02.1992) Սեյրան Օհանյանը հայտ ներկայացրեց առանձին գումարտակի դրամական միջոցների վերաբերյալ։

Փաստաթղթի վրա Ա. Տեր-Թադևոսյանը արձանագրեց. «ՖՀՊ (ֆինանսական հարցերի պետ). յուրաքանչյուրին հատկացնել 400 ռուբլի ամսական գումար», ստորագրեց, 2.02.92 թ.։

Այդ նույն օրը Սեյրան Օհանյանը ներկայացրեց նաև հայտ ԼՂՀ  ԻՈՒ սպաների և անձնակազմի ֆինանսական միջոցների  վերաբերյալ։
Դիմումի վրա Ա. Տեր-Թադևոսյանը գրեց.

«ՖՀՊ

Մինչև կառավարության որոշման ընդունումը բոլորին հատկացնել դրամական միջոցներ` ամսական 400 ռուբլի։

2.02.92 թ. »:

Պահանջվեց 20 օր, որ ստեղծվեն և լրացվեն ազատամարտիկների ցուցակները` գումարներն ստանալու համար։ Հրամանատարների մեծ մասը ներկայացրեց ցուցակները։ Փետրվարի 22-ին Ա. Տեր-Թադևոսյանը ֆինանսական հարցերի պետին ցուցում տվեց:

«1. 03.92 թ.-ից դրամական միջոցները տալ ներկայացված ցուցակին համապատասխան` առանց 7-րդ կետի», ստորագրություն` Արկադի, 22.02.92 թ.։

Նույն օրը հերթական անգամ Արթուր Մկրտչյանը եկավ Ստեփանակերտի շտաբ, որտեղ տվյալ օրվա վերաբերյալ շրջանների իրավիճակին ծանոթանալուց հետո Ա. Տեր-Թադևոսյանը նրան ասաց, որ ԼՂՀ պաշտպանության կազմակերպման համար շտաբում աշխատանքը շատ է, և ֆինանսական միջոցները պետք է փոխանցվեն Վալերի Բալայանի գլխավորած հանձնաժողովին։ Արթուր Մկրտչյանը համաձայնում է և խնդրում արագ կազմակերպել ստորաբաժանումներ (գումարտակ և գունդ):

Համատեղ գործողություններով ստեղծվեցին մարտական և թիկունքային ապահովման ստորաբաժանումներ։ Եղած կառուցվածքին գումարվեցին նորերը.

  1. դաշնակցական  վաշտի հրամանատարն էր Աշոտ Ղուլյանը,
  2.  ՀՀՇ-ի վաշտի հրամանատարն էր Կարո Բաբայանը,
  3.  «Ազգային ճակատ» վաշտը ղեկավարում էր Մուրադ Պետրոսյանը,
  4. որևէ կազմակերպության կամ քաղաքական ուժի չենթարկվող ջոկատի հրամանատարն էր Գագիկ Սարգսյանը[10]։

Այնուհետև ստեղծվեցին այլ մասնագիտացված և մարտական միավորներ (այդ թվում՝ ՀՕՊ ստորաբաժանում, փրկարարական, բուժծառայության, վերանորոգող-էվակուացիոն միավորներ)։ Ստեղծվեց նաև ուսումնական կենտրոն, որտեղ զինվորական պատրաստության դասընթացներ էին անցկացվում։ Այն ղեկավարում էր մայոր Վոլոդյա Մկրտչյանը։

«Գնդապետ Ա. Լաչինյանին, մայոր Մելքումյանին,
մայոր Մկրտչյանին, ավագ լեյտենանտ Հայրյանին

  1. Ուսումնական կենտրոնի ստեղծում, քաղաքացիական բնակչության՝ լեռնային պայմաններում մարտական գործողությունների վարման պատրաստության ուսուցում։
  2. Ծրագիրը և դասացուցակը ներկայացնել ինձ` հաստատելու համար, պատասխանատու՝ Մկրտչյան։
  3. Ուսուցման ժամկետը` 30 օր, պարապմունքները` ամեն օր` 6-8 ժամ։
  4. Տեղը որոշել Սերժ Սարգսյանի հետ։
  5. Պատասխանատու` Մկրտչյան:

2 օրվա ընթացքում»

                18.02, Արկադի։

Հատկանշական է, որ զինվորական ստորաբաժանումներին զուգընթաց` ձևավորվում էր նաև ռազմական բժշկության կառույցը։ Մինչ այդ գործող դաշտային հիվանդանոցը բժիշկ Վալերի Մարությանի նախաձեռնությամբ դառնում էր զինվորական կառուցվածքի մի մասը։

Համակարգելով եղած ուժերի հիմնական մասը[11], ստեղծելով նոր ստորաբաժանումներ և գործելով մեկ հրանատարության ներքո` հնարավոր եղավ հետագա մարտական գործողություններն անցկացնել ռազմական օրենքին համապատասխան, գործել միասնաբար։ Դրա ապացույցը Շուշիի ռազմական գործողությունն է, որը ցույց տվեց, որ ձևավորվող ռազմական կառուցվածքը կենսունակ է, ուստի՝ ոչ պատահականորեն հենց Շուշիի ազատագրման օրն էլ ներկայումս նշվում է միաժամանակ որպես Պաշտպանության բանակի տոն։

[1] ՀՅԴ ջոկատները չէին ենթարկվում պաշտպանության կոմիտեին, 1989 թ.-ից գործում էին նաև երկու անկախ կազմակերպություններ` «Ազատագրական բանակը» (հիմնադիր հրամանատար` Լեոնիդ Ազգալդյան), և «Հայոց ազգային բանակը» (հրամանատարներ` Ռազմիկ Վասիլյան, Վարդան Վարդանյան)։

[2]Տես Жирохов М., Меч и огонь Карабаха, Москва, 2012, էջ 74։

[3] Տես Աբրահամյան Վ., Ղարաբաղի ազատագրումը Տողից է սկսվել, «Հետք», 20.11.2006, http։//hetq.am/arm/news/11993/xarabaxi-azatagrumy-toxic-e-sksvel.html, հղվել է 23.11.2017 թ.։

[4]Տես Ամիրբեկյան Ա., Ամեն ինչ այսպես է եղել, մաս 1-ին, Երևան, 2014, էջք 20-26։

[5]Տես Ամիրբեկյան Ա., Ամեն ինչ այսպես է եղել, մաս 2-րդ, Երևան, 2014, էջք 28-36։

[6] Տես Խաչատրյան Հ., Ղազարյան Գ., Մարգարյան Ս., Հաղթանակներն` ինչպես եղել են, Երևան, 2008, էջ 362, Сефилян Ж., В этом мире не все решают материальные факторы, Информационный журнал Анив, Ереван, 2011, N5, էջ 51։

[7] Փաստաթղթերը վերցված են Արկադի Տեր-Թադևոսյանի անձնական արխիվից։

[8] Տես Арутюнян В., Флаг над Чинарой, Ереван, 2006, էջք 24-25։

[9] Հուշագրական հարցազրույց 1991-1992 թթ. ԱԻՊՈւ հրամատար Արկադի Տեր-Թադևոսյանի հետ, 22.11.2015 թ.։

[10]Տես Վարդումյան Հ., Շուշիի ազատագրումը, Երևան, 2007, էջ 37։

[11] Կային ջոկատներ, որոնք այդպես էլ չցանկացան գործել մեկ հրամանատարության ներքո։

Աղբյուր՝ «Ստրատեգ», 1 (1), Երևան, 2018, էջք 22-36: