Գլխավոր » Ագրեսիվ սոցիալական դիրքորոշումների ձևավորումը լրատվամիջոցներով

Ագրեսիվ սոցիալական դիրքորոշումների ձևավորումը լրատվամիջոցներով

[:hy]Մարդիկ մշտապես գտնվում են շրջապատի վարքի ու խոսքերի ազդեցության տակ [1, c. 106]: Երեխաների համար ընդօրինակման «կենդանի» օրինակ են ծառայում առաջնային սոցիալական խմբերը, հատկապես ընտանիքի անդամները: Դիտման միջոցով ագրեսիվ սոցիալական մոդելների ընդօրինակման գործընթացն առաջադրվում և մեկնաբանվում էսոցիալական ուսուցման տեսությամբ, որը վերջնական ձևակերպում ստացել է Ա.Բանդուրայի կողմից 1997թ. [2, c. 456]: Ըստ Բանդուրայի տեսության` մենք ագրեսիվ վարքագիծ ենք յուրացնում ոչ միայն սեփական փորձի արդյունքում տեսնելով, որ ագրեսիան կարող է դրական արդյունք ունենալ, այլև այլոց ագրեսիվ վարքը դիտելով, կրկնօրինակելով: Ըստ Բանդուրայի տեսության` ագրեսիան մենք սովորում ենք այլ սոցիալական ունակությունների նմանությամբ: Բոլոր այն անձինք, որոնք որոշակի խմբի (երեխաներ, պատանիներ կամ երիտասարդներ) համար հեղինակություն են հանդիսանում, դառնում են տվյալ խմբի համար կրկնօրինակման մոդել [3, c. 300]: Բանդուրայի կարծիքով` ագրեսիայի կրկնօրինակման հիմնական մոդելներն են ենթամշակույթները, լրատվամիջոցները և ընտանիքը [2, c. 457]: Այս պատճառով հանրության առողջ զարգացման համար վտանգավոր է լրատվամիջոցներում ագրեսիվ, ապասոցիալական, անբարոյական սոցիալական մոդելների առկայությունը: Հեռուստատեսության դարաշրջանում այդպիսի բացասական սոցիալական մոդելներ կարող են լինել այսպես կոչված աստղերը կամ շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ, բացասական վարքով մարզիկները կամ քաղաքական գործիչները և ընդհանրապես նրանք, ովքեր հայտնի են հանրությանը, սակայն տվյալ հանրության զարգացումն ապահովող հոգևոր, մշակութային արժեքների կրողներ չեն:

Սոցիալական մոդելների ազդեցությունը հատկապես մեծ է այն դեպքում, երբ ազդեցության օբյեկտն իրեն նույնականացնում է տվյալ սոցիալական մոդելի հետ: Նույնականացման գործընթացն այն նախապայմաններից է, որոնց առկայության դեպքում ագրեսիայի ազդեցությունն առավել արդյունավետ է ընթանում [4, c. 318]: Նույնականացման գործընթացում անձը, կրկնօրինակելով և ներքնայնացնելով որոշակի օբյեկտի դերեր ու վարքաձևեր, յուրացնում է այն նորմերն ու սոցիալական դիրքորոշումները, որոնք ուղղակիորեն չեն սովորեցվում [5, c. 246]: Նույնականացումն ընկած է երեխայի սոցիալականացման հիմքում, սակայն այն կարող է նաև վնասակար դեր ունենալ այն դեպքում, երբ նույնականացման օբյեկտն ապասոցիալական վարքի տեր է և ունի վնասակար սոցիալական դիրքորոշումներ: Եթե նույնականացումը երկարաժամկետ է, ապա հեռուստադիտողը (ազդեցության օբյեկտը) սկսում է «ապրել» իր հերոսի հետ՝ ապագայի իրադարձությունները ծրագրելով և պատկերացնելով այնպես, ինչպես կաներ իր սիրած հերոսը:

Լրատվամիջոցները՝ որպես ագրեսիայի կրկնօրինակման մոդել

Հարցը, թե որքանով են նպաստում լրատվամիջոցներն ագրեսիայի, բռնությունների, հանցագործությունների աճին, ագրեսիվ սոցիալական դիրքորոշումների ձևավորմանը, ուսումնասիրվում է արդեն մոտ հարյուր տարի:

1960-90-ական թթ. զարգացած երկրներում նկատվեց հանցագործությունների ընդհանուր աճ: Հատկապես ավելացել էին պատանիների և երիտասարդների կողմից իրականացվող, ինչպես նաև սեռական բնույթի հանցագործությունները [2, c. 467]: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ագրեսիայի դրդող հայտնի գործոնները՝ ալկոհոլ, եղանակ, աղքատություն և այլն, բացասական ուղղությամբ փոփոխություն չեն կրել և աճը տեղի է ունեցել մեկ այլ` մինչ այդ գոյություն չունեցող գործոնի ազդեցությամբ: Հանրային կյանքում միակ փոփոխությունը, որը, որպես ագրեսիայի ավելացման համար պատասխանատու գործոն, գրավեց գիտնականների ուշադրությունը, հասարակությունում լրատվամիջոցների, հատկապես հեռուստատեսության աճող ընդգրկվածությունն էր: Բացի այդ, տվյալ շրջանում ամերիկյան հեռուստատեսությունում սկսել էր շեշտակի աճել սեռական անզսպությունը խթանող1 և բռնություն քարոզող բովանդակությամբ հեռուստաարտադրանքը:

Օրինակ, ընտանեկան բռնությունների, կանանց դեմ բռնաբարությունների թիվն աճում էր պոռնոգրաֆիայի տարածմանը զուգահեռ: Երբ 1960 թվականից Հավայան կղզիներում սկսեց տարածվել պոռնոգրաֆիան, այնտեղ ավելացավ բռնությունների թիվը, իսկ 1974 թվականից սկսած, երբ արգելք դրվեց պոռնոգրաֆիայի վրա՝ բռնությունները պակասեցին [2, c. 469]: Երկու այլ հետազոտողներ (Baron and Straus) 1984թ. հայտնաբերեցին, որ ԱՄՆ 50 նահանգներում բռնաբարությունների թիվն ուղիղ համեմատական է էրոտիկ ամսագրերի (Playboy, Hustler) վաճառքի թվի հետ [մեջբերված է ըստ 2-ի]:

Գիտափորձերը վկայում են [6, c. 114], որ սեռական գրգռվածություն առաջացնող և համատեղությամբ բռնություն պարունակող ֆիլմերն անմիջապես առաջացնում են ագրեսիվ վարք: Սեռական գրգռվածություն առաջացնող ամսագրերի, փողոցային տարաբնույթ պաստառների ու հեռուստանյութերի խնդիրն առկա է նաև Հայաստանում: Հայ սոցիոլոգները պնդում են, թե լրատվամիջոցների և տարաբնույթ պաստառների միջոցով հայ երեխաներն արհեստականորեն դրդվում են սեռական գրգռվածության միջավայր2:

Հայաստանում սեռական գրգռվածության բարձր մակարդակն է փաստում նաև այն, որ ըստ «Գուգլ» որոնողական համակարգի՝ աշխարհում 2011թ. սկզբի տվյալներով՝ ամենաշատը «պոռնո» բառը փնտրել են Հայաստանում3: Ինչպես տեսանք վերը՝ բարձր սեռական գրգռվածությունն իր հետ բերում է նաև բարձր ագրեսիվության մակարդակ և սեռական ոլորտի բռնությունների աճ:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տրամադրած տեղեկատվության համաձայն, սկսած 2007 թվականից՝ կտրուկ ավելացել են սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները: Գրանցված հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ ԱՎԾ-ին տրամադրել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը (տե՛ս ստորև):

Կարելի է պնդել, որ Հայաստանում սեռական գրգռվածություն առաջացնող պատկերների առատությունն այլ բացասական ազդեցությունների հետ մեկտեղ ավելացնում է նաև ագրեսիվության և բռնությունների քանակը:

Ինչպես ազդեցության այլ պարագաներում, կրկնօրինակման միջոցով հանրության մեջ ագրեսիվ սոցիալական վարքի մոդելների առաջացման գործում նույնպես ամենաուժեղ գործոնը հեռուստատեսությունն է [3, c. 300]: Հեռուստատեսությունն անընդմեջ ձևավորում է սոցիալական դիրքորոշումներ և փոխում է եղածները` կառավարելով հեռուստադիտողի կենցաղն ու վարքը: Հեռուստատեսությունը վարք է թելադրում` անկախ այն բանից, թե համապատասխան սոցիալական դիրքորոշումը քարոզվում է իրականությանը համապատասխան տեղեկատվություն պարունակող հաղորդման, հորինված գեղարվեստական ֆիլմի, թե մուլտֆիլմի միջոցով: Բազմաթիվ գիտափորձերով ապացուցվել է, որ նույնիսկ ամենաֆանտաստիկ ֆիլմը կարող է սոցիալական դիրքորոշումներ ձևավորել [7, c. 247]:

Հեռուստատեսության ազդեցության, հիմնականում` ագրեսիվ վարք թելադրելու վերաբերյալ ուսումնասիրությունները լուրջ արդյունքներ գրանցեցին միայն ուսումնասիրությունների «երկրորդ ալիքի» ընթացքում, որը սկսվեց 1960-ականներին [8, c. 327]:

Կրկնօրինակման միջոցով ագրեսիվ վարքի և մտքերի առաջացման ողջ գործընթացն ունի չորս բաղադրիչ [1, c. 106].

  • Մեդիայով կամ իրական կյանքում, երբ մարդն ականատես է լինում ագրեսիվ վարքի, իր համար հայտնաբերում է ագրեսիվ պահվածքի նոր մեթոդներ: Այսինքն` սովորում է վերբալ և ֆիզիկական ագրեսիվ պահվածքի նոր ձևեր, որոնց նախկինում չէր տիրապետում:
  • Անձը, տեսնելով այլոց ագրեսիվ պահվածքը, կարող է կտրուկ փոխել իր վարքը, վերանայել նախկինում ինքն իր նկատմամբ կիրառող սահմանափակումները՝ մտածելով, որ եթե ուրիշները թույլ են տալիս իրենց ագրեսիվ պահվածք ու չեն պատժվում, ապա ինքը նույնպես կարող է այդպես վարվել:
  • Ագրեսիայի մշտական դիտումը կարող է անձի մեջ ագրեսիայի, այլոց ցավի նկատմամբ զգայական ընկալունակության կորստի պատճառ դառնալ: Նման դեպքերում դիտորդն այնքան է հարմարվում ագրեսիային, որ այլևս ագրեսիան չի դիտարկում որպես հատուկ պահվածքի ձև, հետևաբար, հնարավորության դեպքում նա նույնպես կարող է ագրեսիա կիրառել:
  • Ագրեսիայի մշտական դիտումը կարող է փոխել իրականության անհատական ընկալումը: Այն մարդիկ, որոնք մշտապես ականատես են լինում բռնության տեսարանների, կարող են շրջակա աշխարհն ընկալել որպես ագրեսիվ տրամադրված, և ելնելով դրանից՝ տարբեր իրավիճակներում կարող են ագրեսիվ լինել շրջապատի նկատմամբ:

Հետազոտողների մեկ այլ խումբ ավելացնում է նաև հինգերորդ կետը [9, c. 417], ըստ որի՝ ագրեսիա դիտելիս տպավորություն է ստեղծվում, թե ագրեսիա արտահայտելը հեշտ գործընթաց է, և ռեցիպիենտի մեջ ագրեսիվ վարք դրսևորելն ավելի հավանական է դառնում: Այս դեպքում, նույնիսկ մի փոքր նյարդային գրգռվածությունն անձի համար կարող է վերբալ կամ ֆիզիկական ագրեսիայի պատճառ դառնալ:

Իսկ Ա.Նալչաջյանը, հիմնվելով տարբեր ուսումնասիրությունների վրա, նշում է, որ ագրեսիայի կրկնօրինակման արդյունավետությունը բարձրանում է, եթե [3, c. 302]՝

  1. ազդեցության օբյեկտն իրեն նույնականացնում է ագրեսիվ հերոսի հետ,
  2. առկա է բռնակալի անպատժելիության և նույնիսկ խրախուսման ցուցադրություն,
  3. դիտորդի նախնական ագրեսիվության մակարդակը բարձր է,
  4. հեռուստահերոսի մեջ առկա են ազատարարի կամ փրկարարի որոշ դրսևորումներ,
  5. ագրեսիվ ֆիլմում առկա են այնպիսի պայմաններ, որոնք համընկնում են հեռուստադիտողի իրական կյանքի փորձին,
  6. հեռուստադիտողը կարծում է, թե ցուցադրվող ագրեսիան հիմնված է իրական փաստերի վրա:

Դիտման, կրկնօրինակման միջոցով սոցիալական դիրքորոշումների ձևավորման, ագրեսիայի կրկնօրինակման փաստն Ալբերտ Բանդուրան առաջին անգամ գիտափորձերով ապացուցեց 1960-ական թվականներին (Bandura, 1965; Bandura et al., 1961, 1963) [10, c. 66]: Փորձերի ժամանակ, մի դեպքում` ցածր դասարանի երեխաներից կազմված խմբի մեջ Բանդուրան երեխայի չափսերին հավասար տիկնիկի հետ հանգիստ խաղում էր, իսկ այլ երեխաներից կազմված խմբի առաջ՝ քոթակում նույն տիկնիկին: Քոթակելիս մի դեպքում գիտափորձ իրականացնողները խրախուսում էին «ագրեսորին» և նրան կոնֆետ էին հյուրասիրում, մեկ այլ տեղ խիստ քննադատում էին, իսկ երրորդ դեպքում տիկնիկի նկատմամբ ագրեսիան անուշադրության էր մատնվում:

Գիտափորձի արդյունքները ցուցադրեցին, որ ագրեսիայի դիտումը կարող է ձևավորել ագրեսիվ վարք և ագրեսիվ սոցիալական դիրքորոշումներ: Երբ երեխաներին առաջարկվում էր տիկնիկի հետ ինքնուրույն խաղալ, այն երեխաները, որոնք ականատես էին եղել ագրեսիվ վարքի, իրենք նույնպես տիկնիկի նկատմամբ սկսում էին նմանատիպ ագրեսիա կիրառել: Առավել ագրեսիվ էին այն երեխաները, որոնց ներկայությամբ տիկնիկի նկատմամբ ագրեսիան անուշադրության էր մատնվել: Հետաքրքիր է, որ ագրեսիվ վարքը կրկնօրինակվում էր նույնիսկ այն պարագայում, երբ ագրեսիան քննադատվել էր: Այսպիսով ապացուցվեց, որ դիտումը սոցիալա-կան դիրքորոշումների ձևավորման հիմք է դառնում նույնիսկ այն պարագայում, երբ ագրեսորը պատժվել է կամ նրա նկատմամբ որևէ խրախուսանք չի իրականացվել: Բանդուրայի այս գիտափորձը հեռուստաարդյունաբերության ներկայացուցիչների, որոշ մասնագետների կողմից քննադատության ենթարկվեց այն պատճառաբանությամբ, թե տիկնիկի նկատմամբ բռնություն կիրառելը դեռ չի նշանակում, որ դիտումով վարքի կրկնօրինակումը մարդու նկատմամբ նույնպես բռնություն կիրառելու պատճառ կարող է դառնալ:

Ելնելով քննադատության այս դրույթից` ծրագրվեցին նոր գիտափորձեր, որոնք նախատեսված էին այնպես, որ ագրեսիան իրականացվեր ոչ թե տիկնիկի, այլ հասակակից երեխաների նկատմամբ: Բացի այդ, ներկայացվող ագրեսիան իրականությանն ավելի մոտ էր, քան տիկնիկի դեպքում, և վերջապես՝ գիտափորձն այնպես էր կազմակերպվել, որ ներկայացվող ագրեսիայի պայմանները չէին համընկնում այն պայմանների հետ, որտեղ փորձի մասնակիցներին իրենց տեսածը կիրառելու հնարավորություն էր տրվում [1, c. 111]: Քննադատությունը հաշվի առնող նմանատիպ փորձերն ապացուցեցին, որ հեռուստատեսային ագրեսիան հեռուստադիտողին դրդում է համապատասխան ագրեսիվ քայլերի, և հեռուստատեսային ագրեսիան ագրեսիվ սոցիալական դիրքորոշում ձևավորող գործոն է [11]:

Նմանատիպ փորձեր արեց նաև Բանդուրան. դրանք հետագայում դարձան ոլորտի դասական օրինակներից: Երեխաների 88%-ը դիտման միջոցով կրկնօրինակում էր հեռուստատեսությամբ տեսած ագրեսիվ վարքը [12, p. 61-90]: Մեկ այլ դեպքում Բանդուրան 7-16 տարեկան երեխաների շրջանում հարցում անցկացրեց, որի արդյունքում հարցվողների 58%-ը պատասխանեց, որ ճանաչում է հասակակիցների, որոնք գիտակցաբար կրկնօրինակում են տեսախաղերի հերոսներին: Ամենաշատն այդ ընդօրինակումն արտահայտվում էր փողոցային կռիվներում [8, c. 328]:

Փորձերով ապացուցվել է, որ հեռուստատեսային ագրեսիան ավելի շատ համարժեք սոցիալական դիրքորոշումներ է ձևավորում նախադպրոցական երեխաների մեջ [13, p. 88]: Վարքի կրկնօրինակումն ավելի հավանական է այն դեպքերում, երբ կրկնօրինակման օբյեկտները մի քանիսն են և գործում են միանման (Fahrebach et al., 1979) [մեջբերված է ըստ 8, c. 328-ի]: Կրկնօրինակումը բնորոշ է նաև մեծահասակներին [10, c. 68], պարզապես այս պարագայում կրկնօրինակման միջոցով սոցիալական դիրքորոշումների ձևավորումն ավելի երկար և բարդ գործընթաց է, քան պատանիների ու երիտասարդների դեպքում: Քանի որ երեխաների մեջ դեռ կարծրացած չէ «աշխարհի պատկերը», նրանք ավելի բաց են զանազան ազդեցությունների, այդ թվում նաև հեռուստատեսության նկատմամբ4:

Հեռուստատեսային ագրեսիայի հեղինակավոր ուսումնասիրողներից է Լեոնարդ Բերկովիցը [14]: 1960-ականներին արված նրա գիտափորձերն ապացուցում են այն տեսությունը, որ էկրանային բռնությունն արդիականացնում է ագրեսիան, ագրեսիվ մտածողությունը և մոտիվացիոն դեր է ունենում դրա առաջացման հարցում, ինչն էլ իր հերթին առաջացնում է կամ կարող է առաջացնել ագրեսիվ վարք: Գիտափորձերից մեկի ժամանակ Բերկովիցն ուսանողների մի խմբին ցուցադրում է ագրեսիվ կադրերով հագեցած ֆիլմ, իսկ մյուս խմբին՝ առանց ագրեսիվ կադրերի: Ֆիլմից հետո ուսանողներին նստեցնում էին խցիկի առջև, որտեղ նստած էր էլեկտրաշոկին միացված մարդ, իսկ էլեկտրաշոկի գործարկման հնարավորությունը տրված էր ուսանողներին (իրականում էլեկտրաշոկ չկար, իսկ էլեկտրաշոկին միացված անձնավորությունը փորձի մասնակից դերասան էր): Զրույցի ընթացքում էլեկտրաշոկին միացված անձնավորությունը սկսում էր երիտասարդների հասցեին վիրավորական հայտարարություններ անել: Արդյունքում՝ այն երիտասարդները, որոնք ագրեսիվ կադրերով ֆիլմ էին դիտել, իրենց վիրավորողին էլեկտրաշոկի ենթարկում էին ավելի հաճախ, քան առանց ագրեսիայի ֆիլմ դիտողները [8, c. 330]: Նմանատիպ գիտափորձերը նաև ապացուցեցին, որ մեղմ ֆիլմերն ագրեսիվության չեզոքացման առումով դրական ազդեցություն են թողնում:

Ագրեսիվ տեսանյութի ազդեցությամբ մարդու (և ոչ թե տիկնիկի) նկատմամբ ագրեսիայի դրսևորումներ արտահայտող՝ վերը քննարկված գիտափորձերը նույնպես ենթարկվեցին քննադատության` հետևյալ հիմնական պատճառաբանումներով [1, c. 113].

  1. Կոճակի սեղմումով էլեկտրաշոկի հարվածներ հասցնելը հավասարազոր չէ իրական պայմաններում ագրեսիա կիրառելուն:
  2. Փորձի մասնակիցները կարող են ենթադրել, որ եթե իրենց ցուցադրել են ագրեսիվ ֆիլմ, ուրեմն փորձ իրականացնողները կողմնակից են ագրեսիային և կփորձեն արժանանալ փորձի կազմակերպիչների խրախուսանքին:
  3. Ցուցադրվածը ոչ թե ամբողջական ֆիլմն էր, այլ միայն ագրեսիվ կադրեր՝ առանց սյուժեի:
  4. Միայն ագրեսիվ կադրեր դիտելով ագրեսիա կիրառելը դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ երեխաներն իրենց կյանքում ագրեսիվ ֆիլմերից բացի այլ ժանրի ֆիլմեր են դիտում, և սոցիալական դիրքորոշումների վերջնական արդյունքը ստացվում է դրանց միախառնումից:

Հետագայում, հաշվի առնելով վերոնշյալ քննադատությունները, իրականացվեցին մի շարք նոր գիտափորձեր. հեռուստատեսային ագրեսիվության մասին 1972-1986թթ. իրականացված գիտափորձն ամենամեծերից մեկն էր [8, c. 330]: Հեռուստատեսության երկարաժամկետ ազդեցության հնարավորությունները պարզելու համար Ավստրալիայում, Ֆինլանդիայում, Նիդեռլանդներում, Իսրայելում, Լեհաստանում և ԱՄՆ-ում իրականացվեց տասը տարի տևած գիտափորձ: Սկզբում վերոնշյալ բոլոր երկրներում ուսումնասիրվեց, թե ինչ ազդեցություն են ունենում ագրեսիվ ֆիլմերը 8-9 տարեկան երեխաների վրա: Տասը տարի անց նույն մարդկանց հետ գիտափորձը կրկնվեց:

Գիտափորձի արդյունքում հեղինակները ձևակերպեցին «երկար տարիների քնի էֆեկտ» կոչվող տեսությունը: Պարզվում է` երեխաների կողմից հեռուստատեսությամբ ագրեսիա դիտելու հետևանքները կարող են արտահայտվել տարիներ անց, ասենք՝ երիտասարդ տարիքում: Ի դեպ, վերոնշյալ միտումն ավելի հատուկ է տղամարդկանց, քան կանանց:

Կրկնօրինակման տեսությունն առաջ է քաշում նաև սպորտային խաղերի որոշ տեսակների դիտման արդյունքում ագրեսիվ վարքի առաջացման մեկնաբանություն [1, c. 279]: Հայտնաբերվել է, որ տղամարդկանց շրջանում որոշակի սպորտաձևեր, մասնավորապես` ամերիկյան ֆուտբոլ դիտելուց առաջ ավելի քիչ ագրեսիա կա, քան ֆուտբոլի խաղից հետո: Իսկ, օրինակ, սպորտային մարմնամարզություն դիտելուց առաջ և հետո ագրեսիվության մակարդակի/չափի տարբերություն չի նկատվում:

Եղել են նաև գիտափորձեր, որոնց արդյունքները ցույց են տվել ագրեսիայի մակարդակի աճի հարցում հեռուստատեսության փոքր դերը: Օրինակ, 1993թ. Բրիտանիայում ուսումնասիրեցին 78 երիտասարդ օրինախախտների վարքը, և պարզվեց, որ այդ իրավախախտները հեռուստացույց քիչ էին դիտում և նույնիսկ չէին կարողանում պատասխանել, թե որն է իրենց սիրած հաղորդաշարը և թե որ հեռուստատեսային հերոսին են ձգտում նմանվել [8, c. 332]: Բնականաբար, բազմաթիվ են իրավախախտումները, որոնց դեպքում չենք կարող գործոն համարել հեռուստատեսությունը, քանի որ հանցագործությունները եղել են մարդկության պատմության սկզբից՝ շատ ավելի վաղ, քան հեռուստատեսությունը, և հանցագործ վարքն ունենում է բազմաթիվ պատճառներ:

Նշանակում է՝ վերոնշյալ հանցագործների գործունեությունը կարելի է բացատրել այլ գործոններով: Խնդիրն այն է, որ այսօր հեռուստատեսությունն այնքան խորն է ներթափանցել մարդկային կյանք, որ երբեմն շատ դժվար է տարանջատել՝ հանցագործության հոգեբանական մոտիվացիան առաջացել է հեռուստատեսությա՞ն, թե՞ հարևանի տղայի կամ այլ գործոնների ազդեցությամբ: Իսկ եթե այդ հարևանի տղան իր հերթին ազդվել է հեռուստատեսությունի՞ց: Բացի այդ, Բրիտանիայում կատարված համանման այլ հետազոտություններ բոլորովին այլ արդյունքներ են վեր հանում:

Իսկ ԱՄՆ-ում 208 բանտարկյալների հարցման արդյունքում 10-ից 9-ը խոստովանել են, որ քրեական հանցագործությունների նոր մեթոդները սովորել են քրեական լուրերից, իսկ 10-ից 4-ն ասել են, որ կրկնել են հեռուստատեսությամբ տեսած հանցագործությունները [2, c. 478]:

Այսպիսով, չնայած որոշ հակասությունների և բանավեճերի5, ընդհանուր առմամբ ագրեսիվ սոցիալական դիրքորոշումներ և ագրեսիվ վարք ձևավորելու հարցում մեդիայի նշանակալի ազդեցությունը կարելի է հիմնովին ապացուցված համարել:

1999թ. որոշ գիտնականներ (Comstock and Scharrer), ի մի բերելով լրատվամիջոցների առաջացրած ագրեսիայի վերաբերյալ շուրջ կես դար ընթացող ուսումնասիրությունների արդյունքները, եկան վերջնական եզրակացության, որ լրատվամիջոցով ներկայացվող ագրեսիան ձևավորում է ագրեսիվ սոցիալական դիրքորոշումներ և առաջացնում է ագրեսիվ վարք [2, c. 481]:

Կարծում ենք, որ հանցագործությունների մեթոդներ ցուցադրող հաղորդումների, ֆիլմերի ու ամսագրերի առկայության խնդիրն արդիական է նաև Հայաստանում, և այս ոլորտի ուսումնասիրություններն օգտակար կլինեն իրավապահ մարմինների համար` հասկանալու հանցագործությունների առաջացման պատճառները: Հայկական սերիալները դեռ նոր են արդյունաբերություն դարձել, և դրանց վարքային բացասական, վտանգավոր ազդեցությունը մի քանի տարուց շատ ավելի նկատելի ու հստակ կլինի: Ներկա սոցիալ-տնտեսական լարվածության համատեքստում կարելի է սպասել, որ այսպիսի եթերն է´լ ավելի է արագացնելու սոցիալական ագրեսիայի և հանցագործությունների աճի տեմպերը Հայաստանում: Հայկական սերիալների ագրեսիվության վերաբերյալ ուսումնասիրությունը կներկայացնենք հաջորդիվ:

Հայկական հեռուստատեսության որոշ դրսևորումներն ագրեսիվ սոցիալական դիրքորոշումների ձևավորման հարցում

Արդեն ներկայացրել ենք այն նախապայմանները, որոնց առկայության դեպքում ագրեսիան առավել արդյունավետ կերպով է ձևավորում ագրեսիվ սոցիալական դիրքորոշումներ և ագրեսիվ վարք: Ըստ այդ մոդելավորման [4, c. 318]` ագրեսիվ սոցիալական դիրքորոշումների արդյունավետ ձևավորման նախապայմաններից մեկն այն է, որ լսարանն իրեն նույնականացնի ագրեսիվ հերոսի հետ: Որքան շատ լինեն թիրախի (հանդիսատեսի) և ագրեսիվ հերոսի միջև նույնականացման գործոնները (օրինակ` սոցիալական մշակույթ, լեզու, բարքեր և այլն), այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ թիրախի մեջ կձևավորվեն ագրեսիվ սոցիալական դիրքորոշումներ` ագրեսիվ հերոսի վարքին համապատասխան: Այսինքն` կարող ենք պնդել, որ հայկական ապասոցիալական, ագրեսիվ ֆիլմերն ու հաղորդաշարերն առավել ուժեղ են ազդում հայ լսարանի վրա (քան արտասահմանյան ֆիլմերը), քանի որ ազդեցության գործոնն ու թիրախը նույն մշակույթի, լեզվի, սոցիալական իրականության կրողն են, հետևաբար նաև դրանք ավելի վտանգավոր են մեր հասարակության համար, քան նմանատիպ ոչ հայկական ֆիլմերն ու հաղորդումները: Նկատի չունենք, թե արտասահմանյան ագրեսիվ ֆիլմերն ու այլ նյութերը մեր լսարանի վրա ազդեցություն չեն ունենում, պարզապես այս պարագայում խոսքն առավել արդյունավետ ազդեցության մասին է:

Ըստ Այ Փի Էս Սի Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի 2011թ. հունիսի 30-ին ամփոփած «ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները. տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները և զարգացման ռազմավարական առաջարկները» հետազոտության6՝ հայկական հեռուստատեսային սերիալները դիտում է բնակչության գրեթե կեսը (տե՛ս Նկար 1):

Նկար 1

Հայաստանյան հասարակության շրջանում ագրեսիվ սոցիալական դիրքորոշումների հնարավոր ձևավորման վրա ագրեսիվ բովանդակությամբ հայկական հեռուստաֆիլմերի ազդեցությունը պատկերացնելու համար իրականացրել ենք ուսումնասիրության շրջանում հայկական երեք ամենահեղինակավոր7` «Աննա 2», «Վերադարձ 2», «Ժառանգներ»8 հեռուստասերիալների մշտադիտարկում (մոնիթորինգ):

Հայաստանի ամենահեղինակավոր սերիալների մոնիթորինգն իրականացվել է մեկ ամսվա ընթացքում՝ 2011թ. հունվարի 17-ից փետրվարի 12-ը: Մոնիթորինգը նպատակ ուներ քանակական տվյալներ հավաքելու և վերլուծելու միջոցով պարզել/հասկանալ հայկական սերիալների հնարավոր երկարաժամկետ և կարճաժամկետ ազդեցությունն ագրեսիվ սոցիալական դիրքորոշումներ ձևավորելու հարցում:

Մոնիթորինգի մեթոդաբանությունը հեռուստասերիալների դիտման միջոցով բովանդակության ուսումնասիրությունն է և դասակարգումն ըստ ագրեսիվ և ոչ ագրեսիվ տեսարանների՝ հիմնվելով դրանց զգայական և վերբալ բովանդակության վրա: Կատարվել է 2011թ. հունվար-փետրվար ամիսներին հեռուստասերիալներում ցուցադրված զգացմունքային, վերբալ և ֆիզիկական ագրեսիվ տեսարանների և զգացմունքային վերբալ դրական տեսարանների խմբավորում հետևյալ կերպով՝ «ֆիզիկական ագրեսիայի տեսարաններ հակառակ սեռի ներկայացուցիչների միջև», «ֆիզիկական ագրեսիա արական սեռի ներկայացուցիչների միջև», «ֆիզիկական ագրեսիա իգական սեռի ներկայացուցիչների միջև», «դաժանության տեսարաններ (արյուն, մարդկային տառապանք, ծեծ)», «վերբալ ագրեսիայի տեսարաններ հակառակ սեռի ներկայացուցիչների միջև», «վերբալ ագրեսիայի տեսարաններ իգական սեռի ներկայացուցիչների միջև», «վերբալ ագրեսիայի տեսարաններ արական սեռի ներկայացուցիչների միջև», «սթրեսային, անկումային, ընկճվածության տեսարաններ (ընկճված ձայն, դեմքի ընկճված արտահայտություն, լաց, մռայլ երաժշտություն)», «չեզոք տեսարաններ (խոսակցություն առանց որևէ զգացմունքի արտահայտման)», «դրական հույզերի տեսարաններ հակառակ սեռերի ներկայացուցիչների միջև», «դրական հույզերի տեսարաններ արական սեռի ներկայացուցիչների միջև», «դրական հույզերի տեսարաններ իգական սեռի ներկայացուցիչների միջև»:

Նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել են ընտրված հեռուստասերիալների բոլոր սերիաները, և գրանցվել են բոլոր դրվագներն ըստ վերոնշյալ խմբերի: Այն դրվագները, որտեղ առկա էին տարբեր, նույնիսկ իրար հակադիր սոցիալական դիրքորոշումների ձևավորմանն ուղղված տեսարաններ, գրանցվել են բոլոր համապատասխան խմբերում:

Ստորև ներկայացնում ենք մոնիթորինգի ենթարկված սերիալներում ցուցադրվող դրվագների ընդհանրացված քանակական պատկերը.

Մոնիթորինգ

17. 01. 2011թ. — 12. 02. 2011թ. ընթացքում  «Աննա 2» սերիալում առկա դրվագների տեսակները

17. 01. 2011թ.-12. 02. 2011թ. ընթացքում «Վերադարձ 2» սերիալում առկա դրվագների տեսակները

17. 01. 2011թ.-12. 02. 2011թ. ընթացքում «Ժառանգներ» սերիալում առկա դրվագների տեսակները

Իսկ եթե հեռուստասերիալներում ներկայացված դրվագներն ընդհանրացնենք «ագրեսիվ», «ոչ ագրեսիվ (դրական)», «չեզոք», «ընկճվածություն» խմբերի, ապա կստացվի հետևյալ պատկերը.

17. 01. 2011թ. — 12. 02. 2011թ. ընթացքում «Աննա 2» սերիալում առկա դրվագների տեսակները

17. 01. 2011թ.-12. 02. 2011թ. ընթացքում «Վերադարձ 2» սերիալում առկա դրվագների տեսակները

17. 01. 2011թ.-12. 02. 2011թ. ընթացքում «Ժառանգներ» սերիալում առկա դրվագների տեսակները

Հայկական հեռուստասերիալների բովանդակային քաղաքականության հնարավոր հետևանքները

Մեր իրականացրած մոնիթորինգի արդյունքներից պարզ դարձավ, որ հայկական հեռուստասերիալներում գերակշռում է ագրեսիվ բովանդակությունը, որը կարող է ձևավորել ագրեսիվ սոցիալական դիրքորոշումներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեռուստասերիալներ դիտելիս հաճախ ծնողների հետ ներկա են լինում նաև անչափահաս երեխաները, և անչափահասների մեջ սոցիալական դիրքորոշումներ ձևավորվում են ավելի արագ, քան մեծահասակների դեպքում, ներկայացնում ենք անչափահասների կողմից իրականացվող հանցագործությունների վիճակագրությունը՝ հասկանալու համար, թե կա արդյոք կապ ագրեսիվ սերիալների և հանցագործությունների միջև:

Ըստ ոստիկանության տվյալների` անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների թիվը ՀՀ-ում մեկ տասնամյակի ընթացքում գրեթե չի փոփոխվել: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը տրամադրել է գրանցված հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տվյալների (տե՛ս ստորև):

ՀՀ-ում անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ
գրանցված հանցագործությունների դեպքերի թիվը, 2000-2010թթ.

Եթե ոստիկանության տվյալները ճիշտ են ու կարճաժամկետ հատվածում հայկական սերիալներն անչափահասների շրջանում հանցագործությունների աճ չեն առաջացրել (հայկական ապասոցիալական սերիալները զարգացել են 2007-2009 թվականներից), ապա դրանց բացասական հետևանքները դեռահասների շրջանում, ամենայն հավանականությամբ, հանդես կգան երկարաժամկետ հատվածում, որովհետև այն սոցիալական կենսակերպն ու կերպարների ագրեսիվ վարքը, որ գերակշռում են հայկական հեռուստասերիալներում օրվա ամենակարևոր ժամերին, ենթադրում են նման կենսակերպի ընդօրինակում: Ընդօրինակումն ավելի հավանական է անչափահասների շրջանում, որովհետև վերջիններիս սոցիալականացման գործընթացը դեռ ավարտված չէ, և նրանց տեսակետները, հուզական ոլորտը և վարքը դեռևս կայունացած չեն, ուստի նրանք ավելի ընկալունակ են միջավայրի տարբեր ազդեցությունների հանդեպ: Անչափահասների կատարած հանցագործությունների մի մեծ հատված սոցիալական ենթատեքստ չունի, ինչը փաստում են մասնագիտական դիտարկումները: Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մառոզյանը նշում է. «Անչափահասների մոտ հանցագործություն կատարելու պատճառն, առաջին հերթին, ոչ թե սոցիալական դրդապատճառն է, այլ՝ մտածելակերպը։ Ինքնահաստատման խնդիր է, ինչը հաճախ նաև հեռուստասերիալների ազդեցության հետևանք է»9։

Ամեն օր մեր շրջապատում տեսնում ենք, թե ինչպես պոպուլյար սերիալային հերոսների մտքերը, բառապաշարն ու պահվածքը դառնում են հանրային կրկնօրինակման (հատկապես երեխաների ու պատանիների շրջանում) առարկա (ոչ միայն հեռուստասերիալների): Այդ կրկնօրինակումները, սոցիալական դիրքորոշումների ձևավորման տեսությանը համապատասխան, ի վերջո առաջ կբերեն նաև վարքի, մտածելակերպի, արժեհամակարգի առավել խորքային փոփոխություններ:

Եթե չեն ավելացել անչափահասների հանցագործությունները, ապա ըստ Պետական վիճակագրության ծառայության տվյալների, 2008-2009թթ. գրանցվել է Հայաստանում կրկնահանցագործությունների 16% աճ10: Կրկնահանցագործությունները տարեկան կայուն աճ են ցուցադրում մոտ 7%–ով։ Իսկ կրկնահանցագործությունների աճից կարելի է ենթադրել, որ այստեղ գործ ունենք հիմնականում ոչ թե իրավիճակից դրդված հանցագործության (իրավիճակից ելնող հանցագործություն անողի կողմից երկրորդ անգամ նույնն անելու հավանականությունն ավելի քիչ է), այլ հանցագործություն անելու կենսակերպ, մտածելակերպ, աշխարհայացք ունենալու հետ, ինչը ենթադրում է ագրեսիա գործելու, հանցագործ կյանքի նկատմամբ դրական սոցիալական դիրքորոշումների առկայություն, որոնք մի շարք այլ գործոնների հետ զուգակցված՝ կարող են ձևավորվել նաև մեդիայի ազդեցությամբ11: Նմանատիպ եզրահանգման են եկել նաև մասնագիտական խմբերը՝ կալանավայրերում իրականացված հարցումների արդյունքում: Ըստ ՀՀ կալանավայրերում իրականացված հարցումների՝ հանցագործությունների մոտ 30%-ի պատճառը կապված է ոչ թե սոցիալական, այլ գիտակցական/մտածելակերպի ոլորտի հետ12:

2000-2010թթ. ընդհանուր հանցագործությունների պատկերն ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության հետևյալն է.

ՀՀ-ում գրանցված հանցագործությունների դեպքերի թիվը 2000-2010թթ.

2005-2009թթ. ընդհանուր հանցագործությունների թիվը 8875-ից բարձրացել է 14.339-ի։ Կտրուկ աճ է գրանցվել սկսած 2009 թվականից, որը շարունակվում է մինչև 2010 թվականը (աճը համընկնում է հայկական ագրեսիվ սերիալների զարգացման փուլի հետ):

Ինչպես տեսնում ենք, հանցագործությունների աճի փուլը նկատվում է հայկական սերիալների զարգացման շրջանին (2007-2009թթ.) զուգահեռ:

Հիմնվելով դիտումով կրկնօրինակվող ագրեսիվ վարքի, ագրեսիվ մտքերի առաջացման գործընթացի տեսական բաժանման վրա [1, c. 106]՝ ներկայացնենք մշտադիտարկման ենթարկված հեռուստասերիալների դերն ագրեսիվ սոցիալական դիրքորոշումների ձևավորման հարցում.

  • Ագրեսիվ պահվածքի ականատես լինելիս անձը հայտնաբերում, սովորում է ագրեսիայի նոր մեթոդներ: Մեր ուսումնասիրած հայկական սերիալները, բազմաթիվ անգամ ցուցադրելով ֆիզիկական և վերբալ ագրեսիա հակառակ և միևնույն սեռերի միջև, լսարանին մատուցում են ագրեսիվ պահվածքի նոր մոդելներ:
  • Ցուցադրվող ագրեսիան ստիպում է վերանայել նախկինում կիրառվող ինքնասահմանափակումները: «Եթե ուրիշներն իրենց ագրեսիվ են պահում ու չեն պատժվում, ապա ես նույնպես կարող եմ այդպես վարվել»: Հայկական սերիալներում գրեթե բոլոր հերոսների կողմից կիրառվող ագրեսիան կարող է լսարանի, հատկապես երիտասարդների և պատանիների համար ագրեսիան զսպող սահմանափակումների թուլացման կամ վերացման պատճառ դառնալ:
  • Մշտապես ագրեսիա դիտելը կամ տեսնելը զգայական բթացում է առաջացնում: Այսինքն՝ հայկական սերիալների ագրեսիան կարեկցական զգացմունքների բթացում, այլոց ցավի նկատմամբ զգայական ընկալունակության կորստի պատճառ կարող է դառնալ: Սերիալների մշտական դիտողները կարող են ագրեսիան չդիտարկել որպես հատուկ վարքի ձև և նույնիսկ ամենափոքր առիթի դեպքում ագրեսիա կիրառել:
  • Ագրեսիայի մշտական դիտումը փոխում է իրականության ընկալման անհատական զգայունակությունը: Հայկական սերիալներում ամեն օր ագրեսիվ պահվածքի ականատես լինելու դեպքում մարդիկ կարող են մշտապես լարված, ագրեսիվ վիճակում լինել և շրջակա աշխարհն ընկալել որպես առավել ագրեսիվ, քան իրականում է: Օրինակ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Համաշխարհային բանկի կողմից 2011թ. իրականացված «Կյանքն անցման շրջանում» անունը կրող հետազոտությունը, որն անցկացվել է Կենտրոնական Եվրոպայի, հետխորհրդային տարածքի 33 պետություններում և Թուրքիայում, ցուցադրել է, որ հայերը հետխորհրդային տարածքի ամենահոռետես ազգերից են: Հայաստանցիների միայն 33%-ն է կարծում, որ իրենց զավակներին լավ ապագա է սպասում: Լավատեսների թիվը Հայաստանում 2006 թվականից ի վեր նվազել է շուրջ 10%-ով13: Բացի այդ, եթե 2006թ. միմյանց վստահում էր հայաստանցիների շուրջ 30%-ը, ապա այսօր այդ ցուցանիշը գրեթե քառապատիկ անկում է արձանագրել` հասնելով 8%-ի: Զեկույցի հեղինակները նշում են, որ դա հետազոտվող տարածաշրջանում ամենացածր ցուցանիշն է: Անշուշտ, հայաստանյան հասարակության կողմից իրականության այսպիսի դիտարկումը նաև արդյունք է մեդիա քաղաքականության, հատկապես սերիալներում (հատկապես, որովհետև ագրեսիվ սերիալներն ամենամեծ լսարանն ունեն) ներկայացվող ագրեսիվ մոդելների ու ագրեսիվ սոցիալական իրականության պատկերման ազդեցության:

Բացի վերոնշյալ կետերից, սերիալներում ներկայացվող մռայլ, բացասական մթնոլորտը, գումարվելով երկրում տիրող սոցիալ-քաղաքական դժգոհություններին, կարող է ավելացնել բացասական, բողոքական տրամադրությունները: Մեր ուսումնասիրած ոճի սերիալների ազդեցությամբ շրջապատի նկատմամբ բացասական, դժգոհ, ագրեսիվ կարող են տրամադրվել նույնիսկ սոցիալապես ապահով խավի ներկայացուցիչները, որոնք այլ գործողություններին զուգահեռ՝ կարող են համալրել որևէ բողոքական խմբի, քաղաքական ընդդիմության շարքերը: Մինչդեռ որևէ երկրում ներքին լարված մթնոլորտը տհաճ է և ծանր հոգեբանական իրավիճակ է ստեղծում:

Երկարաժամկետ հատվածում նման բովանդակությամբ սերիալների ազդեցությունն ավելի վտանգավոր է, քանի որ ագրեսիվ սոցիալական դիրքորոշումների ձևավորման արդյունքում կարող է շատերի մեջ փոխվել մարդկային շփումների սոցիալական մշակույթը: Վերոնշյալ սերիալներում միմյանց նկատմամբ ագրեսիա էին դրսևորում սոցիալական և սեռական բոլոր խմբերը՝ երեխան ծնողների նկատմամբ, ծնողները՝ երեխաների, եղբայրը՝ քրոջ, ղեկավարը՝ աշխատակցի, տղամարդը` կնոջ և այլն: Օրինակ, «Աննա 2» հեռուստասերիալում Արև անունով հերոսուհին ագրեսիվ է վերաբերվում ընտանիքի բոլոր անդամների հետ՝ և՛ մեծահասակ տատիկի, և՛ փոքրիկ երեխա Սոնայի հետ: Նույնը վերաբերում է նաև Նարեկ անունով հերոսին և ընդհանրապես՝ գրեթե բոլոր կերպարներին:

Հետևանքը կարող է լինել այն, որ հանրային որոշ շրջանակների, հատկապես երեխաների, պատանիների ու երիտասարդների մեջ կձևավորվի աշխարհընկալման մի համակարգ, որտեղ սոցիալական շփման հիմնական ուղին կլինի ագրեսիան, իսկ ապասոցիալական վարքը կընկալվի որպես բնականոն պահվածք: Քանի որ ագրեսիան որպես հակազդում դիմացինի մեջ առաջացնում է կամ պատասխան ագրեսիա, կամ էլ ընկճվածություն, կարելի է ենթադրել, որ Հայաստանի լարված մթնոլորտի, բնակչության ընկճվածության ու հիասթափության հարցում, բացի օբյեկտիվ գործոններից (սոցիալական խնդիրներ), կա նաև հեռուստատեսության ներդրումը: Հեռուստատեսության ամենամեծ լսարան ունեցող հեռուստասերիալները, ունենալով բացասական՝ ագրեսիվ կամ դեպրեսիվ հուզական երանգավորում, նույն տրամադրվածությունը փոխանցում են նաև լսարանին:

Բացի այդ, հայկական սերիալներում ներկայացվող ընտանեկան, միջանձնային հարաբերությունները նույնպես ագրեսիայի և հակասոցիալական վարքի տարրեր էին պարունակում: Մեր ուսումնասիրած շրջանում «Աննա 2» սերիալում ներկայացվող 170 ագրեսիվ դրվագներից 118-ը ընտանիքի անդամների, հարազատների միջև էր, «Ժառանգներում»՝ 246-ից 154-ը, իսկ «Վերադարձում»՝ 111-ից 54-ը: Ընտանեկան հարաբերությունների նման ներկայացումը, հատկապես սոցիալ-հոգեբանորեն դեռևս լիարժեք չձևավորված, ոչ հասուն անձանց մեջ, առաջ է բերում ընտանեկան, ընկերական խեղված հարաբերություններ ու հակասոցիալական արժեքներ և, որպես հետևանք՝ Հայաստանում ընտանեկան ինստիտուտի որոշակի թուլացում և այլասերում:

Մեր ուսումնասիրած սերիալները մեծ թվով ագրեսիվ տեսարանների միջոցով լսարանում քաղաքացիական լարվածություն, սթրեսային իրավիճակ ստեղծելու պոտենցիալ ունեն, որը կարող է համապատասխանել տեղեկատվական ոլորտում Հայաստանի հակառակորդների շահերին: Վերջերս ամերիկյան ՌԵՆԴ ուղեղային կենտրոնը ներկայացրել է երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների հայեցակարգը [15, էջ 11], որտեղ կետերից մեկը պահանջում է հակառակորդի մեջ առաջացնել քաղաքացիական լարվածություն և քաոս: Հայկական ագրեսիվ սերիալների բարձր վարկանիշերը թույլ են տալիս ենթադրել, որ դրանք կարող են քաղաքացիական լարվածությանն աջակցող գործոն դառնալ: Բացի ապասոցիալական ու ագրեսիվ վարքից` հատկապես «Ժառանգներ» և «Վերադարձ 2» սերիալները դրական սոցիալական դիրքորոշումներ են ձևավորում քրեական վարքի ու հանցագործ անձանց նկատմամբ, որը նույնքան վտանգավոր է, որքան այդ ֆիլմերում ներկայացվող մշտական ագրեսիան: Օրինակ, «Վերադարձ 2» հեռուստասերիալում գրեթե բոլոր տղամարդ հերոսները՝ Սեդրակ Վիկտորովիչ, Ցուլ Աբո, Աբել և այլն, դրսևորում են «գողական», քրեական սոցիալական մշակույթի ներկայացուցիչների վարք՝ թիկնազոր, զենքի կրում, խնդիրների լուծում թիկնազորով ու զենքով, առանց օրենքի դիմելու և այլն:

Կարելի է ենթադրել, որ ագրեսիան առանձնահատուկ երևույթ չէ, և որ վարքի որևէ այլ ձև, դրսևորում կարող են գերիշխող դառնալ, եթե ներկայացվեն ԶԼՄ-ով նույն հաճախականությամբ, ինչ հաճախականությամբ ներկայացվում է ագրեսիան: Այսինքն՝ այս պարագայում, ագրեսիայի ազդեցության հնարավորություններն ու հետևանքները կարելի է պատկերացնել` ուսումնասիրելով հոգեբանական ազդեցության, սոցիալական դիրքորոշումների ձևավորման տեսությունները, և ըստ դրա հանրային և պետական նպատակներին համապատասխան մշակվի եթերային քաղաքականություն: Եթե երկրի քաղաքացիներին անհրաժեշտ է ապրել ագրեսիվ հասարակությունում, որտեղ բոլոր հարցերի ամենահարմար լուծումն ագրեսիան է համարվում, որտեղ ագրեսորներն իդեալականացվում, դառնում են կրկնօրինակման առարկա, լայն տարածում են գտնում ագրեսիվ ենթամշակույթները, ուրեմն պետությունը կարող է չխառնվել ԶԼՄ դաստիարակչական քաղաքականությանը և թույլ տալ, որ մարտաֆիլմերով, ագրեսիվ, լարված և սեռական տեսարաններով ու թեմաներով լրատվամիջոցները մեծ լսարան հավաքեն և մեծ գումարներ աշխատեն: Իսկ եթե պետությունը նպատակ ունի կառուցել ազգային և համամարդկային արժեքներով ապրող, պետությունն ու երկրի օրենքները հարգող հասարակություն, ապա այլ միջոցառումներին զուգահեռ անհրաժեշտ է ազդեցության լծակներ ստեղծել լրատվամիջոցների (հատկապես հեռուստատեսության) դաստիարակչական քաղաքականության վրա: Օրինակ, Եվրոպայում հանրային հեռուստաընկերությունները գործում են որպես այլընտրանք կոմերցիոն հեռուստաընկերություններին և փորձում են ազդել դրանց քաղաքականության վրա, բարձրացնել կոմերցիոն հեռուստաընկերությունների քաղաքակրթական նշանակությունը [16, c. 21]: Հայաստանում սերիալների օրինակով տեսնում ենք, որ Հանրային հեռուստաընկերության ու կոմերցիոնների միջև տարբերություն չկա, մինչդեռ Եվրամիությունն ու ԵԱՀԿ-ն ամեն ինչ անում են, որ հանրային հեռուստաընկերությունները պահպանեն իրենց քաղաքակրթական նշանակությունը և չենթարկվեն շուկայական օրենքներին [16, c. 28]: Այդ նպատակների համար Ֆրանսիայում գործում է «Բարձրագույն աուդիովիզուալ խորհուրդը» (CSA), Բրիտանիայում՝ «Կապի կառավարման» մարմինը (Ofcom) և այլն:

Մայիս, 2011թ.

Աղբյուրներ և գրականություն

  1. Берон Р., Ричардсон Д., “Агресия”, изд. “Питер”, 1997.
  2. Майерс Д., “Социальная психология”, Москва, 2009.
  3. Налчаджян А., “Агресивность человека”, изд “Питер”, 2007.
  4. Хьюстон М., Штребе В., “Введение в соцальную психологию, европейский подход”, Москва, 2004.
  5. Бандура А., Уолтерс Р., “Подростковая агрессия”, изд. ЭКСМО-Пресс, Москва, 2000.
  6. Аронсон Э., “Общественное животное”, прайм-ЕВРОЗНАК, 2003.
  7. Берковиц Л., “Агрессия. Причины, последствия и контроль”, изд. “прайм-Еврознак”, Москва, 2001.
  8. “Медиа”, под редакцией Адама Бриггза и Поля Кобли, втарое издание, “Юнист”, М., 2005.
  9. Аронсон Э., Уилсон Т., Эйкерт Р., “Социальная психология. Психологические законы поведения человека в социуме”, из. Прайм-Еврознак, 2004.
  10. Зимбардо Ф., Ляйпе М., “Социальное влияние”, “Питер”, 2000.
  11. Himmelweit, H. T., Oppenheim, A. N. and Vince, P. (1958), “Television and the child: An Empirical Stady of the Effect of Television on the Young”, London: Oxford University Press; Schramm, W., Lyle, L. and Parker, E. B. (1961), “Television in the Lives of our Children, Stanford, CA: Stanford University Press”.
  12. Bandura A. (1994), «Social cognitive teory of mass comunication», in J. Bryant and D. Zillman (eds) Media Effects: Advances in Theory and Reserch, Hillsdale, NJ: Lawrence Erlbaum.
  13. Gunter B. and McAleer J., “Children and television”, Second edition, USA and Canada, by Routledge, 1997.
  14. Berkowitz, L., «Aggresion: Its Causes, Consequence and Cantrol», New York: McGraw-Hill. 1993.
  15. «Ադրբեջանի հակահայկական տեղեկատվական համակարգը», «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, Երևան, 2009:
  16. “Телевидение в Европе: регулирование« политика и независимость”, ИНСТИТУТ ОТКРЫТOГO OБЩЕСТВА, Венгрия, 2006.

1 Դեռևս 1970-ական թթ. ապացուցվել է, որ սեքսուալ գրգռվածության բարձր մակարդակն առաջացնում է ագրեսիվությա աճ և՛ արական, և՛ իգական սեռերի մոտ տե՛ս [1, c. 271]:

2 «Սոցաշխատող. Էրոտիկայի, բռնության, պասիվության քարոզի մասին», Aysor.am էլեկտրոնային պարբերական, 2011/05/16,http://www.aysor.am/am/news/2011/05/16/sociolog-brnutyun/

3 «Հայաստանը առաջին տեղն է գրավում համացանցում «պոռնո» բառի որոնման հաճախականությամբ», «Պանորամա» լրատվական գործակալություն, 28/03/2011, http://panorama.am/am/health/2011/03/28/shahramanyan-vrej/

4 Բացի կրկնօրինակման առաջացրած հնարավոր բացասական հետևանքներից, հեռուստատեսությունը երեխաների վրա բացասական ազդեցություն է թողնում նաև անկախ բովանդակությունից: 2010թ. իրականացված փորձերն ապացուցել են, որ երկար հեռուստացույց դիտող երեխաներն իրենց հասակակիցներից զգալիորեն հետ են մնում մտավոր և հոգեկան զարգացածությամբ։ Դա ապացուցել է 259 ամերիկյան ընտանիքների երեխաների վիճակի վերլուծությունը։

Այսպես, 14 ամսական երեխաները, որոնք անընդհատ դիտել են առաջին հերթին մեծերի համար նախատեսված հեռուստահաղորդումներ, իրենց զարգացածությամբ 1/3–ով հետ են մնացել այդ տարիքում ընդհանրապես հեռուստացույց չդիտած երեխաներից. հատկապես տուժել են լեզվական ունակությունները (Թերթ.am լրատվական գործակալություն՝
http://www.tert.am/am/news/2010/12/20/tv/
):

5 Նմանատիպ բանավեճեր միշտ էլ կլինեն, որովհետև լրատվամիջոցները, ելնելով ֆինանսական շահի ձգտումից, իրենց հերթին անընդհատ փորձելու են ապացուցել, թե ագրեսիվ լրատվամիջոցի արտադրանքը լսարանի մեջ ագրեսիա չի առաջացնում:

6 ՀՀ կառավարության կայք՝ http://www.gov.am/u_files/file/presentations/Jun-11_IPSC_GS%20Index%20Survey%20Presentation_Website.pdf

7 Մշտադիտարկման համար ընտրվել են այդ հեռուստասերիալները, որովհետև ըստ հեռուստաընկերությունների վարկանիշերը չափող «Տելեմեդիակոնտրոլ», ընկերության, որը Հայաստանում գործում է գերմանական GFK ընկերության լիցենզավորմամբ, այդ հեռուստասերիալներն ունեին ամենաբարձր վարկանիշերը:

8 Հայկական եթերի երրորդ ամենահեղինակավոր սերիալը «Բանակում»-ն էր, սակայն քանի որ «Բանակում»-ի ժանրը հումորային է, իսկ մյուսներինը՝ դրամատիկ, ընտրել ենք չորրորդ ամենահեղինակավոր` «Ժառանգներ» սերիալը:

9 Խաչատուր Մառոզյան, «Հայաստանում անզեն աչքով նկատելի է կրկնահանցագործությունների աճ», «Պանորամա» լրատվական գործակալություն, 27.04.2011թ., http://www.panorama.am/am/law/2011/04/27/statistics/

10 «Հայաստանում կրկնահանցագործությունների թիվը աճել է 16%-ով», «Պանարմենիան» լրատվական գործակալություն, 27.04.2011 թ.,http://www.panarmenian.net/arm/society/news/68424/

11 Մեր ուսումնասիրած սերիալներից երկուսում՝ «Վերադարձ» և «Ժառանգներ», քրեական վարքը դրական կերպով էր ներկայացվում:

12 «Հայաստանում հանցագործությունների շոշափելի աճ է գրանցվում», «7 օր» լրատվական գործակալություն, 27.04.2011թ.,
http://7or.am/archives/50358

13 Զեկույց. «Հայաստանում ամենալուրջ խնդիրը վստահության պակասն է», «Ազատություն» ռադիոկայանի կայք, 30.06.2011,http://www.azatutyun.am/content/article/24250989.html

Վահրամ Միրաքյան «21-րդ Դար», թիվ 5, 2011

[:]