Գլխավոր » Բանակի վերաբերյալ սոցիալական դիրքորոշումների ձևավորումը տպագիր մամուլի միջոցով

Բանակի վերաբերյալ սոցիալական դիրքորոշումների ձևավորումը տպագիր մամուլի միջոցով

[:hy]

images2011թ. տվյալներով՝ Հայաստանում տպագրվում է մոտ 45 տպագիր թերթ1: Ըստ Կովկասյան հետազոտական ռեսուրս կենտրոններ — Հայաստանի (Caucasus Research Resource Centers –ARMENIA) 2011թ. հրատարակած «Հայաստան — 2011, ԶԼՄ-ի մասին հասարակական կարծիքի ու նախընտրությունների հետազոտության» (Armenia 2011 Media Public Opinion and Preference Survey)2` Հայաստանում թերթ կարդում է քաղաքային բնակչության մոտ 40 և գյուղական բնակչության 25%-ը, ինչից կարելի է ենթադրել, որ սոցիալական դիրքորոշումների ձևավորման հարցում թերթերն ունեն որոշակի նշանակություն: Ըստ վերոնշյալ կենտրոնի 2007-2008թթ. իրականացրած հետազոտության` Հայաստանում հասարակության կողմից ամենամեծ վստահություն վայելող, ամենաբարձր վարկանիշ ունեցող ինստիտուտը բանակն է3 (Աղյուսակ 1):
Աղյուսակ 1


 

 

Քանի որ Հայաստանը հարևանների հետ ներքաշված է մի շարք ակտիվ և պասիվ հակամարտությունների մեջ (ակտիվ ասելով նկատի ունենք հայ-ադրբեջանական հակամարտությունը, իսկ պասիվը՝ հայ-թուրքականն է և որոշ առումներով, հատկապես տեղեկատվական դաշտում՝ հայ-վրացականը), բանակը վերածվում է հայկական ամենակարևոր սոցիալական ինստիտուտներից մեկի, և հայկական բանակի վերաբերյալ մեդիաքաղաքականությամբ դրական կամ բացասական սոցիալական դիրքորոշումների ձևավորումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի անվտանգության կազմակերպման գործի վրա: Բանակի նկատմամբ հասարակության անվստահությունը կարող է հիմք հանիսանալ հայ-ադրեջանական/թուրքական հակամարտություններում Հայաստանի դիրքերի թուլացման, հետևաբար՝ ռազմաքաղաքական ոլորտում զիջումների համար:

Դրա հետ մեկտեղ, մամուլում և հասարակական որոշակի շրջանակներում վերջերս նկատվեց բանակի վերաբերյալ բացասական ենթատեքստով քննարկումների աճ, որոնք ակտիվացան անկախ բանակում իրավիճակի իրական բացասական փոփոխությունից: Նման քննարկումներն առկա են նաև տպագիր մամուլում: Քանի որ պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի համար կարևոր դեր ունի բանակի մասին հանրային կարծիքը, բանակի վերաբերյալ սոցիալական դիրքորոշումների ձևավորման համատեքստում ուսումնասիրել ենք տպագիր մամուլի որոշ օրինակներ: Ստորև ներկայացնում ենք միջին տպաքանակ ունեցող երկու անկախ համարվող թերթեր («Առավոտ» և «Հրապարակ»)` հայկական բանակի վերաբերյալ սոցիալական դիրքորոշումների ձևավորման տեսանկյունից:

Բանակի վերաբերյալ «Առավոտ» և «Հրապարակ» թերթերի ձևավորած սոցիալական դիրքորոշումները

2010-2011թթ. սկսած` մեդիադաշտում նկատվեց բանակի վերաբերյալ քննադատությունների սրացում, որոնք երբեմն ստանում էին ծայրահեղ դրսևորումներ՝ հակաբանակային ատելության քարոզի տեսքով: Քանի որ բանակի հետ այս կամ այն կերպ առնչվում են ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիները, բանակի վերաբերյալ ոչ ադեկվատ լուսաբանումները կարող են խնդիրներ ստեղծել հասարակության գրեթե բոլոր շերտերում:

Հետազոտության օբյեկտ են հանդիսանում միջին տպաքանակ ունեցող հայկական երկու օրաթերթերի՝ «Առավոտ»-ի (տպաքանակը` 3000) և «Հրապարակ»-ի (տպաքանակը՝ 3200) 2011թ. բոլոր համարները:

Հաշվի առնելով, որ հետազոտության նպատակն է ուսումնասիրել նշված ժամանակահատվածում բանակին անդրադարձող հոդվածների բովանդակային ուղղվածությունը, ուսումնասիրությունն իրականացվել է «փաստաթղթերի վերլուծության» մեթոդով4: Փաստաթղթերի վերլուծությունը թույլ է տալիս կոնկրետ ժամանակահատվածում կոնկրետ չափանիշներով տպագիր հոդվածների դիտարկման արդյունքում հասկանալ նրանց ազդեցության օրինաչափությունները: Ուսումնասիրելով բանակի վերաբերյալ թերթերում տեղ գտած տեղեկատվությունը` փորձել ենք բացահայտել, թե բանակի վերաբերյալ սոցիալական ինչ դիրքորոշումների ձևավորման պոտենցիալ ունեն մեր ուսումնասիրության նյութ հանդիսացող պարբերականները:

Հետազոտության առարկա են «Առավոտ» և «Հրապարակ» օրաթերթերի` 2011թ. ընթացքում հայկական բանակի մասին հրապարակած այն բոլոր նյութերը, որոնցում առկա են «բանակ», «ՊՆ», «ՊԲ», «զինվոր» բառերը: Հոդվածներն ուսումնասիրվել են բանակի վերաբերյալ դրական, բացասական և չեզոք լուսաբանումների տեսանկյունից, ինչպես նաև առանձնացվել են բանակի վերաբերյալ թեմաների ընդհանրացված իմաստային խմբերն ու տեղեկատվության աղբյուրների հավաստիությունը:

Հետազոտությունն իրականացնելիս մեր առջև խնդիր է դրվել.

  1. գտնել 2011թ. ընթացքում «Առավոտ» և «Հրապարակ» թերթերում «բանակ», «ՊՆ», «ՊԲ», «զինվոր» բառերը պարունակող բոլոր հոդվածները,
  2. որոշել, թե այդ հոդվածներում բանակը դրական, բացասական, թե չեզոք երանգավորումով է ներկայացվում,
  3. մեկ տարվա կտրվածքով ուսումնասիրել, թե բանակի վերաբերյալ ինչ ընդհանուր իմաստային խմբերով են կառուցում իրենց նյութերն ընտրված պարբերականները,
  4. հետազոտության արդյունքում հասկանալ, թե բանակի վերաբերյալ սոցիալական ի՞նչ դիրքորոշումների ձևավորմանն են միտված «Առավոտ» և «Հրապարակ» օրաթերթերը,
  5. նշված ժամանակահատվածում բանակի վերաբերյալ տեղեկատվությունն առանձնացնել ըստ հետևյալ բաժանումների՝ «դրական անդրադարձ», «բացասական անդրադարձ», «բանակին անդրադարձող չեզոք հոդված, տեղեկատվություն», «տեղեկատվության անհայտ աղբյուրի վրա հղումով հոդված, լուր», «տեղեկատվության հայտնի աղբյուրների վրա հղումով հոդված, լուր», «բանակի վերաբերյալ պիտակները. դրական երանգավորումով պիտակներ, բացասական երանգավորումով պիտակներ»:

Ստորև ներկայացնում ենք այն հիմնական հասկացությունները, որոնք օգտագործելու ենք հետազոտության ընթացքում: «Դրական անդրադարձ (բանակի դրական կողմերը լուսաբանող հոդված)»՝ հոդվածներ, որտեղ ներկայացվում են բանակի ձեռքբերումները, հաջողությունները, զարգացումն ու ընդհանրապես՝ դրական երանգավորումով հաղորդագրությունները: «Բացասական անդրադարձ (բանակի բացասական կողմերը լուսաբանող հոդված, արտակարգ պատահարներ)»՝ հոդվածներ, որտեղ ներկայացվում են բանակում տեղի ունեցած դժբախտ պատահարները, անարդարությունները, թերացումները և այլն: «Բանակին անդրադարձող չեզոք հոդված, տեղեկատվություն»՝ հոդվածներ, որտեղ ներկայացվում է «չոր» տեղեկատվություն, առանց դրական կամ բացասական երանգավորման: «Անհայտ տեղեկատվական աղբյուրի վրա հղումով հոդված, լուր»՝ հոդվածներ, որտեղ տեղեկատվության աղբյուրը հստակ չի նշվում. օրինակ՝ «ըստ հավաստի աղբյուրների», «ըստ աղբյուրի, որը չցանկացավ ներկայանալ» և այլն: «Հայտնի տեղեկատվական աղբյուրների վրա հղումով հոդված, լուր»՝ հոդվածներ, որտեղ հստակ նշվում է տեղեկատվության աղբյուրը: «Բանակին կպցվող դրական ենթատեքստով պիտակներ»՝ պիտակներ, որոնք ունեն դրական երանգավորում և օգտագործվում են որևէ երևույթի դրական կողմերը բնորոշելու համար: «Բանակի վերաբերյալ բացասական ենթատեքստով պիտակներ»՝ պիտակներ, որոնք ունեն բացասական երանգավորում, օրինակ՝ «արյունարբու բանակ»:

«Առավոտ» օրաթերթում 2011թ. հայկական բանակի վերաբերյալ դրական, բացասական և չեզոք ենթատեքստով տեղեկատվությունն ունիՆկար 1-ում ներկայացված պատկերը.

Նկար 1


«Առավոտ»-ում 2011թ. ընթացքում հայկական բանակի դրական կողմերի վերաբերյալ հոդվածները 11% են կազմում` բացասական երանգավորումով հոդվածների 52%-ի դիմաց: Այսպիսով` «Առավոտ» օրաթերթում 2011թ. ընթացքում ավելի շատ հանդիպում ենք բանակի վերաբերյալ բացասական ենթատեքստով լուսաբանումների, հետո գալիս է չեզոքը, ապա՝ դրական անդրադարձը: Հիշեցնենք, որ բանակի մասին բացասական անդրադարձերի տոկոսը մեծ է նաև այն պատճառով, որ այդ խմբի մեջ ներառված են նաև բանակային արտակարգ պատահարները, որոնք, որպես կանոն, լայն լուսաբանման են արժանանում:

Ընդհանուր առմամբ, «Առավոտ»-ում թե՛ դրական, թե՛ բացասական ենթատեքստով հոդվածներում լրագրային նյութի կանոնները պահպանվում էին, սակայն երբեմն հանդիպում ենք հոդվածների, որոնք բացահայտ հակաբանակային զգացմունքային ազդեցության խնդիր էին լուծում: Օրինակ` 2011թ. դեկտեմբերի 16-ին տպագրված «Սա՞ է բանակի դեմքը» հոդվածից հստակ զգացվում է հոդվածագրի հակաբանակային տրամադրվածությունը, ինչը նա բացահայտ արտահայտում է. «Ամոթ է խոստովանելը, բայց ես էգոիստաբար երջանիկ եմ, որ որդի չունեմ: Ես չէի կարող դիմանալ, չբողոքել, չաղմկել, եթե հանկարծ որդուս հետ «ոչ կանոնադրական հարաբերվեին»: Իսկ դա` իմ աղմկելը, կարող էր հանգեցնել նրան, որ որդուս այլևս չտեսնեի»,- գրում է հոդվածագիրը: Ըստ հոդվածի տրամաբանության՝ բանակում ծառայելիս վտանգներն այնքան մեծ են, որ ավելի լավ է տղա չունենալ, քան տղաներին ուղարկել բանակ: Միևնույն ժամանակ, հոդվածում այս տեսակետը չի ամրապնդվում որևէ վիճակագրական կամ վերլուծական հիմնավորմամբ: Նման զգացմունքային արտահայտություններ առկա են ողջ հոդվածի ընթացքում, ինչի արդյունքում հոդվածը լրագրողական պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակի պահպանման արդյունքում վերածվում է բացահայտ հակաբանակային քարոզչության` դուրս լրագրողական որևէ կանոնից:

Դրա հետ մեկտեղ, «Առավոտ»-ում առկա էին հոդվածներ, որոնք ներկայացնում են բանակը որպես կարևոր պետական ինստիտուտ: Օրինակ` 2011թ. մարտի 18-ին հրատարակված «Հայոց բանակը 19 տարեկան է» հոդվածում հեղինակը նշում է. «Բանակը այս ժամանակահատվածում ոչ միայն արդարացրել է իրեն, այլև իր ունեցած հաղթանակներով, հաջողություններով կատարել սպասվածից ավելին: Համոզված եմ, որ առաջիկայում բարեփոխումները կշարունակվեն ավելի արագ տեմպերով»:

«Առավոտ»-ում հոդվածների 37%-ը չեզոք ենթատեքստ էր պարունակում և ներկայացնում էր բանակի առօրյան կամ բանակի հետ կապված իրադարձային հոդվածներ: Օրինակ` 2011թ. դեկտեմբերի 13-ին հրատարակված «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հանրապետական կենտրոնական հավաքակայան» հոդվածում լրագրողական լուրի կանոններով ներկայացվում են նախարարի այցի մանրամասները: «Առավոտ»-ում բազմաթիվ էին նաև ՊՆ ու ՊԲ պաշտոնական հաղորդագրությունները:

Եթե ընդհանրացնենք բանակի վերաբերյալ «Առավոտ»-ում տեղ գտած հոդվածների բովանդակությունն ըստ իմաստային խմբերի, կստանանքՆկար 2-ում ներկայացված պատկերը:

Նկար 2


Ըստ վերոնշյալ իմաստային խմբերի էլ կարելի է ենթադրել, թե բանակի վերաբերյալ սոցիալական ինչ դիրքորոշումների ձևավորմանն է միտված տվյալ պարբերականների բովանդակային քաղաքականությունը:

«Բանակում ծառայելն ավելի անվտանգ է, քան ներկայացնում են» թեզին համապատասխան նյութերից է, օրինակ, «Երեք զինվոր՝ մեկ մայր» (12.13. 2011) հոդվածը, որտեղ երեք զինվորների մայրը պատմում է բանակի մասին իր դրական տպավորություններն ու որդիների ծառայության ընթացքը. «Ես շատ հանգիստ էի, նույնիսկ այն ժամանակ, երբ բանակային կյանքի մասին սարսափելի պատմություններ էի լսում, համոզված էի, որ պետությունը հոգում է տղաներիս մասին, զարմանում էի, երբ մարդիկ փնովում էին համակարգը»:

«Կոծկված սպանություններ, բռնություններ՝ պաշտոնյաները չեն ուզում բացահայտել սպանությունները» թեզին համապատասխան հոդվածներից մեկում («Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն», 2011.01.26) նորից կարդում ենք հարցազրույց զինվորի մոր հետ, բայց այս անգամ արդեն հարցազրույց տվողը զոհված զինվորի մայրն է: «Նրան տարան հարուստներից մեկի լակոտի տեղը: Տարան աշխարհի ծայրը՝ Ջաբրայիլ, գայլի բերան է, որտեղ էրեխեքի գլուխներն ուտում են, որի դիակը տալիս են, որինն էլ՝ չէ: Ո՞վ էր տեսել, որ սնկային վարակիչ հիվանդությամբ էրեխին բանակ զորակոչեին, պարզ է, ես պահանջված 8000 դոլար հախը չունեի, դրա համար էլ տարան գլուխը կերան»: Քանի որ ողջ նյութը կառուցված է միայն զոհված զինվորի մոր և եղբոր հարցազրույցի հիման վրա, նյութում միակողմանի, հակաբանակային զգացմունքայնությամբ ներկայացվում է տուժող կողմի կարծիքը դեպքերի վերաբերյալ:

«Օրինախախտումներ բանակում» խորագրի ներքո հայտնված հոդվածներից է «Անպատժելիություն և ամենաթողություն է» (2011.09.07) հոդվածը, որտեղ «ընդդիմադիր գործիչ» ներկայացված Երջանիկ Աբգարյանին խնդրել են մեկնաբանել բանակային խնդիրները (հոդվածից պարզ չէ, թե ինչի հիման վրա հարցվողը կարող է մեկնաբանել բանակի թեման): Հարցվողը բանակի մասին նշում է. «Այնտեղ սպանությունների և զինվորներին բռնության, բռնաբարության ենթարկելու, ընդհանրապես՝ խեղելու դեպքերը հիմնականում տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերում, և բռնություն կիրառողներն էլ հիմնականում սպայական և ենթասպայական կազմի ներկայացուցիչներն են, «որոնք սադիստական հակումներ ունեն, ու զինվորի նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելը այդ հանցագործների համար ընդունված և նորմալ բան է»»: Ինչպես տեսնում ենք, հարցվողը բանակում տեղի ունեցող դեպքերի մասին եզրահանգումներ է անում («խեղելու դեպքերը հիմնականում տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերում, և բռնություն կիրառողներն էլ հիմնականում սպայական և ենթասպայական կազմի ներկայացուցիչներն են»)` իր խոսքը ոչ մի փաստով, վիճակագրությամբ չհիմնավորելով: Նման հոդվածները վկայում են կամ լրագրողի ոչ պրոֆեսիոնալիզմի, կամ էլ հեղինակի, խմբագրության հակաբանակային տրամադրվածության մասին:

Ըստ հաջորդ բաժանման` մենք ուսումնասիրել ենք բանակի վերաբերյալ տեղեկատվության աղբյուրի հավաստիությունը: «Առավոտ» օրաթերթը մեր ուսումնասիրած ժամանակահատվածում հիմնականում պահպանել է ժուռնալիստական էթիկայի կանոնները և բանակի մասին գրեթե չի ներկայացրել որևէ տեղեկատվություն, որի աղբյուրը ոչ հստակության, անորոշության պատճառով կարելի է հավաստի չհամարել:

«Առավոտում» մեկ տարվա ընթացքում հանդիպել ենք հայկական բանակի՝ բացասական երանգավորմամբ միայն մի քանի պիտակավորման: Օրինակ, մի դեպքում բանակին անդրադառնալիս հեգնանքով օգտագործվում էր «փառապանծ բանակ» արտահայտությունը (2011.06.08 «Մեղադրյալ չներգրավեցին»):

«Հրապարակ» օրաթերթում պատկերն այլ է: Այստեղ ուսումնասիրվող մեկ տարվա ընթացում չհանդիպեցինք բանակի թեմայով դրական երանգավորումով որևէ լուսաբանման, իսկ չեզոք ենթատեքստով լուսաբանումները բացասականի համեմատ շատ քիչ էին: Այստեղ բանակին անդրադառնում էին հիմնականում բացասական կողմերով (տե՛ս Նկար 3): Նկարում պատկերված է տարվա կտրվածքով բացասական ողջ արձագանքի տոկոսային բաժանումն ըստ ամիսների.

Նկար 3


Ամենաշատ բացասական անդրադարձերը հանդիպում ենք հոկտեմբեր ամսին (26%), ինչը համընկնում է ՀՀ Զինված ուժերի դեմ բողոքի ակցիաների ակտիվացման և բանակում դժբախտ պատահարների՝ ամսվա կտրվածքով ավելացման հետ: Հետաքրքիր է, որ նույնիսկ 2011թ. հունվարին, երբ նշվում էր ՀՀ Զինված ուժերի 19-ամյակը, «Հրապարակ»-ում մեծ է բացասական ենթատեքստով հոդվածների թիվը՝ 11%: Նույնը վերաբերում է նաև 2011թ. սեպտեմբեր ամսին, երբ անցկացվեց ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ռազմական շքերթը: Նույնիսկ անկախության 20-ամյակի օրերին, երբ բանակային թեմայով հասարակական քննարկումները մեծ մասամբ ընթանում էին դրական երանգավորումով, «Հրապարակ»-ում բացասական երանգավորումով հոդվածներ էին հրապարակվում: Ռազմական շքերթի ընթացքում ռազմական տեխնիկայի ցուցադրությունը մի քանի հոդվածներում ներկայացվում էր որպես «21-րդ դարում մարդ ոչնչացնող սարքով՝ զենք-զինամթերքով հպարտանալու փաստ» (23.09.2011):

Քանի որ 2011թ. ընթացքում դրական ենթատեքստով հոդվածներ «Հրապարակ»-ում չկային, ստորև ներկայացնում ենք բացասական և չեզոք ենթատեքստով հոդվածների ընդհանուր պատկերը (Նկար 4):

Նկար 4


Ինչպես տեսնում ենք, «Հրապարակ»-ում բանակին անդրադառնալիս 90%-ից ավելի դեպքերում ներկայացվում են բացասական երանգավորումով հոդվածներ: Բացասական երանգավորումով հոդվածներում հաճախ կարելի էր հանդիպել հակաբանակային ագրեսիայի, ատելություն քարոզող հոդվածների, որտեղ չէին պահպանվում մասնագիտական էթիկայի տարրական կանոնները, և տեքստը, ըստ էության, կազմված էր միայն հակաբանակային զգացմունքային արտահայտություններից ու ընդհանրացումներից: Օրինակ` 2011թ. օգոստոսի 8-ին տպագրված «Վերջացած բանակ» հոդվածում կարդում ենք. «Երբ հրամանատարներն իրենց կոշիկների տակ ճզմում էին մեր գլուխներն ու ներբանների ալիքաձև նախշերը դրոշմում մեր գանգամաշկերի վրա, մահվան ու ընկճվածության դառնահամը զգալով, մի կերպ խռխռալով՝ փորձում էինք զգուշացնելով ընդդիմանալ. «Տենց մի խփի, ո՞ւր ես տենց խփում, կարող ա մեռնեմ»: Ու լսվում էր սովորական մի պատասխան. «Բա խփում եմ, որ մեռնես»»:

«Հրապարակ»-ում բանակում տեղի ունեցած ամեն դժբախտությանն անդրադառնում էին մի քանի անգամ, երբեմն մեկ հոդվածում միաժամանակ նշվում էր նաև մի քանի այլ դժբախտ պատահարների մասին, ինչը մեկ դժբախտ պատահարի բազմապատկման արդյունք էր տալիս: Օրինակ, «Հերթական մահը բանակում» (14.10.2011) հոդվածում զինվորի մահվան դեպքը նշելուց հետո թվարկում են վերջին շրջանում բանակում տեղի ունեցող մի քանի մահվան դեպքեր. «Ի դեպ, սա վերջին օրերին արդեն երրորդ մահվան դեպքն է: Նախ հոկտեմբերի 12-ին ԼՂ զորամասերից մեկում ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Յուրիկ Գևորգի Ներսիսյանը: Իսկ հոկտեմբերի 9-ին, ժամը 10:40-ի սահմաններում ինքնասպանություն էր գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը, որը մահից առաջ ձեռքի ափին գրել էր իրեն ծեծած և նվաստացրած զինծառայողների անունները» (մեջբերումն արված է կրճատումներով): Բնականաբար, կան իրավիճակներ, երբ անցյալում տեղի ունեցող նմանատիպ դեպքերի թվարկումը պահանջվում է հոդվածի տրամաբանությամբ և հոդվածի կառուցման լրագրողական կանոններով, սակայն այս դեպքերում ևս ստանում ենք մեկ իրադարձության «բազմապատկման էֆեկտ»:

Հաճախ հոդվածները գրված էին այնպես, որ բանակային դժբախտությունները ներկայացվում էին որպես մշտապես տեղի ունեցող սովորական երևույթ: Օրինակ, «Կրկին զինվոր է ինքնասպան եղել» (12.10.2011), «Հերթական սպանությունը հայկական բանակում» (07.09.2011) և նմանատիպ վերնագրերն արդեն ընթերցողին հուշում են, որ բանակում սպանությունները սպասելի և շարունակական գործընթաց են:

«Հրապարակ»-ում հաճախ կարելի է հանդիպել հակաբանակային զգացմունքային տեքստերի, որոնք դուրս են լրագրողական որևէ կանոնից: Օրինակ, «Զորակոչիկի և զինվորի հուշատետրերի անունը կա, ամանում չկա» (28.10.2011) հոդվածում հեղինակը գրում է. «Մամուլում ահագնանում են սարսափազդու լուրերը հայկական բանակում տեղի ունեցող դժբախտ պատահարների` սպանությունների, շատ կասկածելի ինքնասպանությունների մասին» կամ՝ «Մեր լրագրողներից մեկն ասում էր, թե ինչ է պատմել բանակում ծառայող իր եղբայրը. սահմանի վրա դիպուկահարների կրակոցներից տղաները զոհվում են այն ժամանակ, երբ դիրքերից դուրս են գալիս օղու շշերը հեռացնելու համար: Զոհվում են ամենախեղճերը, քանի որ հրամանատարներն ու «կռուտոյները» հենց նրանց են հանձնարարում բլինդաժից դուրս գալ և տարբեր ծառայություններ մատուցել իրենց» (21.03.2011): Ինչպես տեսնում ենք, նմանատիպ նյութերը բանակի վերաբերյալ բացասական սոցիալական դիրքորոշումներ են ստեղծում` հիմնվելով «լրագրողներից մեկի եղբոր» պատմածի կամ նմանատիպ այլ, ոչ հստակ և հետևաբար՝ ոչ հավաստի տեղեկատվության աղբյուրի վրա:

Իսկ բանակի վերաբերյալ լուսաբանումների աղբյուրների բնութագրերը «Հրապարակ»-ում ունեն հետևյալ պատկերը (Նկար 5).

Նկար 5


«Հրապարակ»-ում մեր ուսումնասիրած շրջանում բանակի վերաբերյալ տեղեկատվության 35%-ը հիմնված էր տեղեկատվության անհայտ աղբյուրների վրա: Հաճախ կարելի էր հանդիպել աղբյուրների այսպիսի հղումների՝ «ըստ հավաստի աղբյուրների», «ինչպես մեզ հաղորդեց մեր լրագրողներից մեկի ազգականը», «մեզ հաջողվեց ճշտել» և այլն:

«Հրապարակ»-ում 2011թ. ընթացքում բանակի թեմայով նյութերն ունեն հետևյալ իմաստային առանձնահատկությունները (Նկար 6).

Նկար 6

Ինչպես տեսնում ենք, ամենաշատն անդրադարձել են բանակում առկա օրինախախտումներին՝ 34% (օրինախախտումների մեջ չեն մտնում սանդղակում ներկայացված այլ իմաստային խմբերը, որոնք կարելի է դասակարգել որպես օրինախախտում): Երկրորդ տեղում բանակային մահվան դեպքերն են՝ 25%:

«Նախարարը կամ նախագահն են մեղավոր բանակային անօրինությունների համար, նրանք պետք է հեռանան, որ դրական փոփոխություններ լինեն» իմաստային խմբում ներառված հոդվածներից մեկում մեջբերում է արվում նախագահի հրաժարականը պահանջող հայտարարությունից («Ո՞վ է մեղավոր. գերագույն հրամանատարը» 13.10.2011)։ Վերնագրում արդեն եզրակացություն կա, որ մեղավորը գերագույն հրամանատարն է, ինչից արդեն հասկանալի է, որ հոդվածագիրն ի սկզբանե վստահ է, որ բանակային ապօրինությունների պատասխանատուն նախագահն է, և հոդվածն էլ ուղղված է հեղինակի այդ համոզմունքի ամրապնդմանը: Ճիշտ է, չի կարելի է պնդել, որ տեղեկատվական աղբյուրին անդրադառնալիս լրագրողն աղբյուրի հաղորդած կողմնորոշման կրողն է, սակայն լրագրողական պրոֆեսիոնալիզմը պահանջում է անդրադառնալ նաև հակառակ կողմի տեսակետին, ինչի բացակայությունը, վերնագրում առկա դիրքորոշման հետ միաժամանակ գալիս են հավաստելու լրագրողական սուբյեկտիվիզմի առկայությունը նյութում:

«Մահվան դեպքեր, սպանություններ ու ինքնասպանություններ բանակում» իմաստային խմբին համապատասխան հոդվածները բանակի թեմայով ընդհանուր հրապարակումների 25%-ն էին կազմում: Օրինակ, «Նա ոչ կոտրվող էր, ոչ դրդող» (10.02.2011) հոդվածում ներկայացվում է զինծառայողի մահը` հիմնվելով միայն զոհվածի հարազատների խոսքերի վրա:

«Վիրավորվել է հայ զինծառայող» (22.08.2011) հոդվածը համընկնում է «Փոխհրաձգություն հայ-ադրբեջանական սահմանին» իմաստային խմբին: Նմանատիպ հոդվածներում հիմնականում տրվում էր սահմանային հրաձգությունների մասին «չոր» տեղեկատվություն: Հետաքրքիր է, որ ադրբեջանցիների կողմից հայ զինվորներին սպանելու դեպքերի լուսաբանումը «Հրապարակ»-ում չի ուղեկցվում հակաադրբեջանական զգացմունքային բովանդակությամբ՝ ի տարբերություն հայկական կողմում տեղի ունեցող ներբանակային դժբախտությունների: Ադրբեջանական կողմի կրակոցների ու դրանց հետևանքով զոհված կամ վիրավորված հայ զինվորների մասին լուսաբանելիս հիմնականում նյութերը ներկայացվում էին համառոտ լուրի ժանրով: Մեկ տարվա ընթացքում մենք չհանդիպեցինք ադրբեջանցի զինվորականների կողմից հայ զինվորների սպանությունների թեմայով որևէ նյութի, որտեղ հայ զինվորներին սպանող ադրբեջանցիների մասին խոսվեր նույն տերմինաբանությամբ, պիտակներով («արյունարբու», «մարդակեր» և այլն), որոնցով «Հրապարակը» բնորոշում էր հայկական բանակը: Տրամաբանորեն սպասելի էր նաև ադրբեջանական կողմի քննադատություն, որովհետև ադրբեջանցիների կրակոցներից ավելի շատ հայ զինվորներ են զոհվում, քան ներբանակային խնդիրներից: Այդպիսի տեղեկատվական քաղաքականությունը թույլ է տալիս ենթադրել, որ «Հրապարակ»-ն իր առջև խնդիր է դրել բացասական սոցիալական դիրքորոշումներ ձևավորել հայկական բանակի և ոչ թե Ադրբեջանի կամ ադրբեջանցիների վերաբերյալ, այդ պատճառով էլ ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով վիրավորված կամ զոհված հայ զինվորների մասին լուսաբանումները զուտ տեղեկատվական էին:

«Բանակին «պաշտպանողների», չքննադատողների քննադատություն» իմաստային խմբին համապատասխան տեսնում ենք նմանատիպ հոդվածներ՝ «Մինչև չծառայես՝ բանակը չես հասկանա» (26.10.2011): Նյութը կազմված է մի ընթերցողի նամակի հիման վրա, որտեղ հեղինակը նշում է, որ ծառայել է մարտական դիրքերում և վերադառնալուց հետո վրդովվել է` բանակի թեմայով խոսողների հանդիպելով:

«Հրապարակ» օրաթերթում մեկ տարվա ընթացքում չհանդիպեցինք որևէ դրական պիտակավորման, իսկ բացասական պիտակներն այսպիսի բնույթի էին՝ «տարածաշրջանի «ամենամարտունակ» սպանդանոց» (28.06.2011), «պնակալեզների ու սպեկուլյանտների բանակ» (28.01.2011), «Ամենամարտունակ» բանակում» (03.06.2011), «Փառապանծ բանակի թերսնված զինվորները» (28.09.2011) և այլն: Այսպիսի թշնամանք պարունակող պիտակները ցուցանիշ են ծայրահեղ էմոցիոնալ և ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճի, որն ունենում է իր հետևանքները բանակի վերաբերյալ հանրային որոշակի շրջանում համապատասխան կարծիքի, սոցիալական դիրքորոշման տեսքով։

Կարելի է եզրակացնել, որ «Հրապարակ» օրաթերթը լրագրողական ոչ պրոֆեսիոնալ քաղաքականությամբ իր ընթերցողների մեջ հայկական բանակի վերաբերյալ բացասական երանգավորմամբ սոցիալական դիրքորոշումներ է ձևավորում: Եթե ենթադրենք, որ թերթի նման տեղեկատվական քաղաքականությունը, բացի ոչ պրոֆեսիոնալիզմից, նաև հակամիլիտարիստական տրամադրվածության հետևանք է, ապա տրամաբանական չէ հայկական բանակից բացի այլ սուբյեկտների (օրինակ, ադրբեջանական բանակի) նկատմամբ միանման տեղեկատվական քաղաքականության բացակայությունը: «Առավոտ» օրաթերթում նույնպես գերակշռում են բանակի մասին բացասական երանգավորում ունեցող հոդվածները, սակայն այստեղ, ի տարբերություն «Հրապարակ»-ի, բավական շատ են նաև դրական և չեզոք երանգավորումով հոդվածները, և «Առավոտ-ի» ընթերցողների մեջ բանակի մասին բացասական սոցիալական դիրքորոշումների ձևավորման հավանականությունն անհամեմատ ավելի փոքր է, քան «Հրապարակ»-ի պարագայում:

1 Ցուցակն ըստ Media.am կայքի:

2 http://www.epfound.am/files/armedia_presentation_armenian.pptx

3 http://www.civilitasfoundation.org/cf/spotlight/facts-for-thought/337-trust-and-distrust-of-armenias-institutions.html

4 Փաստաթղթերի վերլուծության մեթոդը սոցիալական գիտություններում առաջնային տեղեկատվության ստացման համար կիրառվող մեթոդ է, որով տեղեկատվություն պարունակող ցանկացած ձեռագիր, տպագիր, տեսա- ձայնագրված նյութ ենթարկվում է մշակման (նշումը՝ խմբ.)։

Վահրամ Միրաքյան , ԲԳԹ, «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 7, 2012

[:]