Գլխավոր » Հայաստանն օտար և տեղական ռադիոազդեցության համատեքտում

Հայաստանն օտար և տեղական ռադիոազդեցության համատեքտում

[:hy]

x_0e9e3701
«Ամեն մի հաղորդակցության միջոց, ի թիվս այլ բաների,
նաև հզոր զենք է այլ հաղորդակցության միջոցների և
այլ խմբերի վրա հարձակվելու համար»:
Մարշալ Մաքկլուեն [1, c. 25]

Ռադիոն սոցիալական դիրքորոշումների ձևավորման լայն հնարավորություններ ունի և կարող է օգտագործվել խաղաղ և պատերազմական շրջանում: Ռադիոքարոզչությունը մեծ դեր է ունեցել 20-րդ դարի մի շարք հակամարտությունների լուծման հարցում: Շատ դեպքերում ռադիոընդունիչները նախապես ինքնաթիռներով նետվել են հակամարտության վայր: Այդպես է եղել Վիետնամում, Իրաքում, Աֆղանստանում, Հաիթիում և այլ երկրներում տեղի ունեցած հակամարտությունների ժամանակ [2, с. 446]: Հայաստանի համար նույնպես կարևոր է ռադիոքարոզչության տեխնոլոգիաներին տիրապետելը, որովհետև պարբերաբար առնչվում ենք հակառակորդ պետությունների հակահայկական ռադիոքարոզչությանը, բացի այդ` հակառակորդների տարածքում արդյունավետ ռադիոքարոզչություն իրականացնելու խնդիր ևս ունենք:

Կան ռադիոյի միջոցով սոցիալական դիրքորոշումների ձևավորումը խթանող և դրան խանգարող գործոններ [3, с. 61]:

Խթանող գործոններն են.

  1. Ինտելեկտուալ և զգայական ազդեցության համատեղելիությունը. ռադիոյին զգայական ազդեցության մեծ հնարավորություն է տալիս ձայնի տոնայնության, իմաստային դադարների, աղմուկի, երաժշտության և այլ միջոցների օգտագործումը:
  2. Լսարանի հետ ուղիղ կապ հաստատելու հնարավորությունը. ռադիոյի միջոցով տեղեկատվություն հաղորդողը և ստացողը գտնվում են ակուստիկ հաղորդակցման վիճակում, ինչը մտերմացնում է նրանց և առաջացնում «մասնակցի պատրանք»:
  3. Տեղեկատվության հաղորդման մեծ օպերատիվությունը. ռադիոհաղորդում պատրաստելու համար շատ ավելի քիչ ժամանակ է անհրաժեշտ, քան նյութի տպագրության, ինտերնետում տեղադրելու կամ հեռուստաեթերով հեռարձակելու համար:
  4. Զանգվածային լսարան գրավելու լայն հնարավորությունները. ռադիոն կարող է ներառել լսարանի բոլոր շերտերը` երիտասարդներ, երեխաներ, կանայք, ծերեր, զինվորներ և այլն:
  5. Ռադիոհեռարձակումը կախված չէ օրվա ժամից կամ եղանակից. այն հնարավոր է իրականացնել, երբ կարիք լինի` անհրաժեշտ դեպքում թաքցնելով հեռարձակողի ինքնությունը և նպատակները: Ռադիոհեռարձակման կայանի տեղը կարելի է հայտնաբերել միայն համապատասխան տեխնիկայի միջոցով:
  6. Տարբեր ժանրերի կիրառումը` համապատասխան քարոզչություն իրականացնելու համար:
  7. Ունկնդրելու հնարավորությունն այլ գործով զբաղվելիս. թերթ կարդալիս կամ հեռուստացույց դիտելիս գրեթե հնարավոր չէ այլ գործով զբաղվել, իսկ ռադիո կարելի է լսել մեքենա վարելիս, քայլելիս (ականջակալներով), խոհանոցային և այլ աշխատանքների ժամանակ:

Խանգարող գործոններն են

  1. Տեսապատկերի հաղորդման անհնարինությունը:
  2. Եթե թերթի նյութը կարելի է պահել և կարդալ առավել հարմար վայրում և առավել հարմար ժամանակ, ռադիոն լսում են միայն մեկ անգամ (երբեմն նաև մի քանի, երբ նյութը վերահեռարձակվում է):
  3. Ռադիոհաղորդագրությունը, ի տարբերություն տպագիր մամուլի հաղորդած տեղեկատվության, «ապրում» է այնքան, որքան տևում է ռադիոհաղորդումը [4, с. 233]:

Ռադիոյով տեսապատկերի հաղորդման անհնարինությունը, բացի թերություն լինելուց, ունի նաև առավելություն: Հետազոտություններն ապացուցել են [5, с. 57], որ ռադիոհաղորդումներում տեսապատկերի բացակայությունն ակտիվացնում է լսողի պատկերացումը, ինչը հաղորդվող տեղեկատվությանը տալիս է լրացուցիչ զգացմունքայնություն:

Կանադացի սոցիոլոգ Մարշալ Մաքկլուենը, ռադիոն հեռուստատեսության հետ համեմատելով, անվանում է այն տեղեկատվության փոխանցման «տաք» միջոց: Իսկ հեռուստատեսությունն անվանում է «սառը», որովհետև այն լսարանին պատկերացումների հնարավորություն չի տալիս [1, с. 27]: Նա նշում է, որ տպագրությունը խորացրեց և զարգացրեց մարդկանց անհատականությունը, իսկ ռադիոն կատարեց հակառակը` վերադարձնելով մարդկանց ցեղային կյանքի սարդոստայն: «50-ականներից սկսած, երբ ռադիոն տարածվեց ամենուր, մեր պատանիները սկսեցին դրսևորել ցեղային կենսակերպին հատուկ վարքագիծ» [1, с. 345]:

Ժամանակակից ռադիոն, չնայած իր հզոր մրցակցին` հեռուստատեսությանը, շարունակում է համարվել առաջատար լրատվամիջոց: Սրա հիմքում առաջին հերթին տեխնոլոգիական զարգացումներն են: Չի կարելի պատկերացնել ժամանակակից հզոր ռադիոկայան՝ առանց արբանյակային կամ համացանցային հեռարձակման: Համացանցային ռադիոյի գոյությունը ռադիոյի ոլորտի վերջին ամենամեծ ձեռքբերումներից է, ինչը թույլ է տալիս փոքրիկ ռադիոկայանին, առանց համեմատաբար մեծ ծախսերի, հեռարձակում իրականացնել ողջ աշխարհում:

Հայաստանում պաշտոնապես հեռարձակվում է 20 ռադիոընկերություն՝ «Շանթ», «Լոռի», «Միգ», «ԱՐ» ռադիո միջմայրցամաքային, «Արարատ FM», «Արձագանք», «Ավտոռադիո», «Սիթի FM», «Ռադիո Վան», «Ռադիո Հայ», «Հայ FM», «Ռադիո Ավրորա», «Իմպուլս», «Վեմ», «Ռուսսկոյե ռադիո», «Ռադիո Ջազ», «Նոր ռադիո», «Արմլուր», «Ռադիո Երևան», «Ազատություն ռադիոկայան», «FM 103,8», «Հանրային ռադիո»1: Այս բոլոր ռադիոընկերությունները հիմնականում գործում են երաժշտություն՝ գումարած լուրեր, գումարած կարճ ծրագրեր սխեմայով:

Ըստ Կովկասյան հետազոտական ռեսուրս կենտրոն-Հայաստանի 2011 թվականին հրատարակած «Հայաստան 2011. ԶԼՄ-ների մասին հասարակական կարծիքի ու նախընտրությունների հետազոտության», Հայաստանում ռադիոկայաններից մարդիկ ամենաշատը սպասում են երաժշտություն (77%), երկրորդ տեղում նորություններն են, հետո՝ հարցազրույցներն ու վիկտորինաները (Նկար 1):

Հայաստանում կան նաև ռադիոկայաններ, որոնք FM հաճախականությամբ հնարավոր է լսել, բայց դրանց մի մասը չկան պաշտոնապես հեռարձակվողների ցանկում: Այդ ռադիոընկերությունները ֆինանսավորվում են այլ պետությունների կողմից, բնականաբար, հետապնդելով իրենց երկրների որոշակի շահեր: Ստորև կներկայացնենք Հայաստանում հեռարձակվող օտար ռադիոընկերությունների համապատկերը` կոնկրետ դեպքում ներկայացնելով սոցիալական դիրքորոշումների ձևավորման հարցում օտար ռադիոընկերության քաղաքականությունը:

Հայաստանն օտար ռադիոազդեցության համատեքստում

Հայաստանի նկատմամբ ռադիոազդեցություն իրականացնող երկրները կարելի է բաժանել երկու մասի.

ա) գերտերություններ, որոնք տարածաշրջանում ունեն իրենց շահերը,

բ) անմիջական հարևան երկրներ:

Տարածաշրջանում շահեր ունեցող գերտերությունների ռադիոազդեցությունը. Հայաստանը ԽՍՀՄ կազմում լինելու պատճառով անմիջականորեն ենթարկվել է ԽՍՀՄ-ի դեմ մղվող հոգեբանական պատերազմի ազդեցությանը: «Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների հայկական խմբագրություններն ամենահներից են: Չնայած Խորհրդային Հայաստանի գործադրած ջանքերին (Նորքի բարձունքում կային ռադիոհաճախականությունների խլացուցիչներ)՝ այդ ռադիոկայանների ազդեցությունը մեծ էր:

Ի տարբերություն խորհրդային շրջանի, երբ «Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայաններն աջակցում էին ազգային ինքնագիտակցության, ազգային մշակույթի, ազգային անկախ պետականության գաղափարների վերելքին (ազգայնականության աճը ցանկալի էր ԽՍՀՄ փլուզման համար), անկախ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջացումից և ԽՍՀՄ մասնատումից հետո այդ ռադիոկայանների նպատակները փոխվեցին:

Տեղեկատվական անվտանգության ոլորտում մասնագիտացող փորձագետ Գարեգին Խումարյանն ուսումնասիրել է 2003-2007թթ. «Ազատություն» ռադիոկայանի գործունեությունը և պարզել, որ տարբեր ժամանակաշրջաններում այն կատարել է քարոզչական տարբեր խնդիրներ, ուստի և ձևավորել տարբեր սոցիալական դիրքորոշումներ:

Օրինակ` 2003թ. Հայաստանում նախագահական ընտրությունների ժամանակ այս ռադիոյի հեռարձակման բովանդակային վերլուծության արդյունքում առանձնացված հիմնական իմաստային խմբերը, ուրեմն և հնարավոր սոցիալական դիրքորոշումների ձևավորմանն ուղղված քաղաքականությունը կարելի է արտահայտել Աղյուսակ 1-ով2.

Աղյուսակ 1
Սյուժեների իմաստային վերլուծություն

2005թ. Գարեգին Խումարյանի կատարած ուսումնասիրությունն այլ պատկեր է ի հայտ բերում: Այս շրջանում Հայաստանն ընդգրկվեց «Եվրոպական նոր հարևանություն» ծրագրում: Դա «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների քաղաքականության մեջ իր արտացոլումը գտավ հետևյալ կերպ. մեր պետության միջազգային մեկուսացման միտման մասին հաղորդումների բաժինը կտրուկ կրճատվեց` հօգուտ զարգացման արևմտյան ուղու քարոզչության:

Աղյուսակ 2
Սյուժեների իմաստային վերլուծություն

Աղյուսակ 2-ից պարզ է դառնում, որ կատարվել է սոցիալական դիրքորոշումների ձևավորմանն ուղղված քաղաքականության փոփոխում:

Բացի ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանից, Հայաստանում հեռարձակվում են նաև Բրիտանական «Բի Բի Սի»-ն (BBC), գերմանական «Դոյչե Վելե»-ն (Deusche Welle), ֆրանսիական «Էռ Էֆ Ի»-ն (Rfi), չինական և մի շարք ռուսական ռադիոկայաններ: Հետևաբար, Հայաստանի տեղեկատվական դաշտի վերահսկողությունն ու հավանական վտանգների չեզոքացումը հնարավոր են միայն, եթե իրականացվեն նաև այս ռադիոկայանների գործունեության վերլուծություն և վերահսկողություն: Բացի այդ, օտար երկրների ռադիոկայանների արտադրանքի մշտադիտարկումն ու արդյունքների վերլուծությունը թույլ կտան նաև հասկանալ, թե տվյալ երկրներն ինչ նպատակներ և ծրագրեր են իրականացնում Հայաստանում:

Անմիջական հարևան երկրների ռադիոազդեցությունը. այդ երկրներից հասկանալի պատճառներով առանձնանում են Թուրքիան և Ադրբեջանը, որոնց ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ տարվող ռադիոքարոզչությունն իր կոշտությամբ առանձնացող, պատերազմական շրջանին բնորոշ քարոզչություն է:

Թուրքական ռադիոկայանները Հայաստանի տարածքում հաղորդումներ հեռարձակում են վաղուց: Օրինակ, Երևանում որսվում է երեք թուրքական ռադիոկայան, իսկ սահմանամերձ շրջաններում դրանց թիվն էլ ավելի մեծ է: Սակայն թուրքերեն հեռարձակվելու պատճառով դրանց արդյունավետությունը շատ փոքր էր: Խնդիրը լուծվեց հայկական կողմի աջակցությամբ, երբ Ռադիոյի և հեռուստատեսության Թուրքիայի պետական ընկերությունը (TRT) Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ ստորագրեց պայմանագիր3: Արդյունքը եղավ այն, որ Թուրքիայի Հանրային ռադիո-հեռուստատեսությանը («TRT») պատկանող «Թուրքիայի ձայն» ռադիոկայանը4 («Voice of Turkey») 2009-ի ապրիլի 2-ից պաշտոնապես սկսել է հայալեզու ռադիոհաղորդումների հեռարձակումը՝ Հայաստանի Հանրային հեռուստաալիքի Թուրքիայում հեռարձակվելու դիմաց5: Ենթադրվում էր, որ սա հայամետ ձեռնարկում պետք է լիներ, այսինքն՝ Թուրքիայի հայերը, որպես ազգային փոքրամասնություն, պետք է հնարավորություն ստանային ունենալու իրենց ռադիոժամը:

Չնայած թուրքերի հեռարձակած հայալեզու հաղորդումներն առայժմ միայն ենթատեքստային քարոզչություն են իրականացնում6, թուրքական հայալեզու ռադիոկայանի գործունեության հետ կապված արձագանքն իրեն երկար սպասել չտվեց: Թուրքական ռադիոյի հայկական խմբագրությունը7 եթեր դուրս գալուց ընդամենը 10 օր հետո ենթարկվեց սուր քննադատության: Պատճառն այն էր, որ թուրքական ռադիոն հեռարձակումներն իրականացնում է արևելահայերեն, այն դեպքում, երբ Թուրքիայի քաղաքացի հայերի գերակշիռ մասը խոսում է արևմտահայերեն:

«Ակոս» թերթի խմբագիր Էթյեն Մահչուպյանը տարակուսանք է հայտնել արևելահայերեն հեռարձակումների առթիվ` ասելով. «Սա նշանակում է, որ այս հաղորդումների ունկնդիրները ոչ թե Թուրքիայի հայազգի քաղաքացիներն են, այլ Հայաստանի Հանրապետության բնակիչները: Փաստորեն` սա մի նախաձեռնություն է, որն առավելապես արտաքին քաղաքական ուղղվածություն ունի»8:

Այն հարցին, թե ինչ նպատակներ է հետապնդում TRT-ի հայերեն ռադիոժամը, TRT-ի հայերեն բաժնի աշխատակազմի ներկայացուցիչները պատասխանել են. «Մեր ծրագրերը տեղեկացնում են Թուրքիայի տնտեսության, աշխարհագրության, պատմության, մշակութի և տուրիզմի մասին: Թուրքիա այցելող հայերն ունենում են երկրի վերաբերյալ սկզբնական գիտելիքներ: Իսկ մեր հաղորդումների` ՀՀ քաղաքացիներին ուղղված լինելու պատճառը վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև զարգացող դիվանագիտական և երկու ժողովուրդների միջև ստեղծվող մշակութային կապերն են»9: Թուրքիայի հայերեն ռադիոյի աշխատակիցների խոստովանությունից պարզ է դառնում, որ Թուրքիան գործում է ռադիոքարոզչության ոլորտում արդեն վաղուց մշակված տեխնոլոգիայով`«սուր անկյուններ» չունեցող տեղեկատվությամբ լսարան գրավել, ապա այդ լսարանին ուղղորդել անհրաժեշտ ուղղությամբ: Կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի` Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմի վարման ծրագրի շրջանակներում էլ ստեղծվել է հայալեզու ռադիոկայանը:

2009 թվականին ստեղծված «Թուրքիայի ձայն» ռադիոկայանի հայերեն բաժինը, սկսած 2010 թվականից, օրվա որոշակի ժամերի ներխուժում է FM 106,5 ու 106 հաճախականությամբ գործող հայկական ռադիոկայանների եթեր ու խլացնելով դրանք՝ հեռարձակում սեփական հաղորդումները՝ 12:30 ադրբեջաներեն, իսկ 19:30՝ հայերեն լեզուներով: FM 106,5 հաճախականությամբ գործում է «Իմպուլս» ռադիոկայանը, որը բազմաթիվ նամակներ է գրել թուրքական ռադիակայանին` պահանջելով «չնստել» իր հաճախականության վրա, բայց պատասխան չի ստացել:

2011 թվականի տվյալներով՝ FM 104.4 ՄՀց հաճախականությամբ արդեն Հայաստանի գրեթե ողջ տարածքում հեռարձակվում է թուրքական TRT ռադիոալիքը10։

Բացի վերոնշյալներից, կա նաև թուրքական «Նոր ռադիոն»11, որը ներկայացվում է որպես համացանցային ռադիոկայան և, ըստ իրենց, գործում է Թուրքիայի հայերին և ընդհանրապես Անատոլիայում ապրող բոլոր ժողովուրդներին ազատորեն արտահայտվելու և իրենց մշակույթը ներկայացնելու համար: Ռադիոկայանը հեռարձակվում է վեց լեզվով՝ թուրքերեն, հայերեն, անգլերեն, քրդերեն, լազերեն և հունարեն:

Ինչպես տեսնում ենք, մի կողմից՝ հարևան թշնամի երկրների ձեռնարկած քայլերի, մյուս կողմից՝ հայկական ռադիոկայանների՝ ազգամետ քաղաքականության տեսանկյունից անդեմ ռադիոքաղաքականության համատեքստում ռադիոքարոզչության ոլորտում Հայաստանի դիրքերը չի կարելի բարենպաստ համարել:

1 Ցուցակն՝ ըստ Media.am կայքի:

2 Խումարյան Գ., «Տեղեկատվական ներազդումը և ազգային եթերային դաշտի կայունությունը», «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.:

3 “Турецкое госрадио заговорит по-армянски, а армянский телеканал покроет Турцию”, 30.12.2008, «Ռեգնում» լրատվական գործակալության կայք՝ http://www.regnum.ru/news/1106646.html

4 «Թուրքիայի ձայն» ռադիոկայանը, հայերենից բացի, ունի հաղորդումներ ևս 31 լեզվով.http://www.trtturkmen.com.

5 «Թուրքիայում սկսեցին հեռարձակել հայկական ռադիոհաղորդումները», 02.04.09 «Թերթ.am» լրատվական գործակալության կայք՝ http://tert.am/am/news/2009/04/02/turkishradio/

6 Հաղորդումները հեռարձակվում են ռադիոալիքային, արբանյակային և ինտերնետային միջոցներով: FM 106.25 ռադիոալիքային հաճախականությամբ հնարավոր է լսել ՀՀ-ում, իսկ արբանյակային և ինտերնետային հեռարձակումը տարածվում է ողջ աշխարհով:

7 http://www.trtarmenian.com.

8 «Թուրքական ռադիոյի հայալեզու թողարկումները քննադատության են արժանացել», 13.04.2009., «Ազատություն» ռադիոկայանի կայք` http://www.azatutyun. am/content/article/1607421.html

9 http://www.keghart.com/Moskofian_TRT

10 «7օր» լրատվական գործակալության բլոգ՝ http://blog.7or.am/archives/7338#more-7338

11 http://www.norradyo.com

Աղբյուրներ և գրականություն

  1. Маклюэн M., Понимание медия: внешние расширения человека, Москва, Гипербория, 2007.
  2. Почепцов Г., Психологические войны, Рефл-бук, Киев, 2002.
  3. Вепринцев В.Б., Манойло А.В., Петренко А.И., Фролов Д.Б., Операции информационно-психологической войны, Краткий энциклопедический словарь-справочник, Москва, 2005.
  4. Бухарин С.Н., Цыганов В.В., Методы и технологии информационных войн, Академический проект, 2007.
  5. Евгеньев Т.В., Технологии социальных манипуляций и методы противодействия им, Питер, 2007.
  6. «Հայագիտության արդի վիճակը և զարգացման հեռանկարները» զեկուցումների ժողովածու, Պիկիչյան Հ., «Նվագարանը և երաժշտությունը ինքնության խորհրդանիշ», Երևան, 2004։
  7. Միրաքյան Վ., «Լրատվամիջոցների ազդեցության հնարավորությունները», Երևան, 2010։
  8. Гидденс Э., Социология, Москва, 2005.

Վահրամ Միրաքյան, ԲԳԹ

noravank.am, 2012[:]