Գլխավոր » 25 տարի առաջ Արցախում կասեցվեց մշակութային ցեղասպանությունը

25 տարի առաջ Արցախում կասեցվեց մշակութային ցեղասպանությունը

5

«25 տարի առաջ եղավ հրադադարի համաձայնեցումը, կրակի դադարեցման համաձայնագիրը: Իհարկե՛,  մենք ավելին էինք ուզում, պահանջում, որ դա լիներ ընդհանուր խաղաղության պայմանագիր, սակայն այդպես չեղավ: Դիվանագաիտական բացթողումներ շատ են եղել, ցավոք …»,- պատմում է գրող, հրապարակախոս, “Շուշի” բարեգործական հիմնադրամի հիմնադիր Բակուր Կարապետյանը:

Ցեղասպանության մասին մտորելիս գլխավորապես մտաբերում ենք  Թուրքիայի կողմից ավելի քան մեկուկես միլիոնի հասնող անմեղ հայերի անմարդկային բնաջնջումը: Համեմատաբար քիչ ենք խոսում և գրում հայ ժողովրդի կրած մշակութային արժեքների` հոգևոր,  պատմական, ճարտարապետական կոթողների կորստի մասին: Մինչդեռ հայկական հուշարձանների ոչնչացումն  ամբողջությամբ համապատասխանում է միջազգային ատյանների կողմից  ընդունած մշակութային ցեղասպանություն եզրույթի չափորոշիչներին:

«Արցախի և նրա ճարտարապետության մեկուսացումն Ադրբեջանում հետապնդում էր իշխանությունների կողմից առաջադրած մի  գերխնդիր և  ուներ  հեռահար նպատակներ` Լեռնային Ղարաբաղի տարածքը և հայ ժողովրդի արցախյան հատվածը վերագրել ադրբեջանցիների կարծեցյալ «հայրենիքը հանդիսացող» Աղվանքին և հիմնավորել հայ ժողովրդի կերտած նյութական ու մշակույթային հուշարձաններն աղվանական (ադրբեջանական) համարելու մտացածին վարկածը: Օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները` նրանք ձգտում էին և են  Ադրբեջանի տարածքն ադրբեջանցիների հետ կապող արմատներ գտնել և այն անջրպետել հայերից, ուստի և` հայկական մշակութային ժառանգությունից: Արցախի քրիստոնեական եկեղեցիները, վանքերը, ճարտարապետական մյուս կառույցները ոչնչացնելու քաղաքականությունը խթանվում էր պետական բարձր մակարդակով: Ադրբեջանական իշխանությունները կոչ էին անում ոչնչացնել քրիստոնեական պաշտամունքի կառույցները, լավագույն դեպքում մեր եկեղեցիների տարածքները պահեստների էին վերածում»,-շարունակում է Բ. Կարապետյանը:

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում ավելի քան 1600 հայկական հոգևոր-մշակութային և պատմաճարտարապետական հուշարձաններ կան, Լեռնային Ղարաբաղի արտալղիմյան տարածքներում (Ղուբաթլու, Զանգելան, Լաչին, Քելբաջար, Ֆիզուլի, Աղդամ, Թարթառ, Պարտավ, Ջաբրայիլ և այլն)՝ շուրջ 1700 կոթողներ: Ադրբեջանական իշխանությունների կողմից այս տարածաշրջանի հայկական հոգևոր և մշակութային արժեքների նկատմամբ վանդալիզմի և բարբարոսության դրսևորումների բազում օրինակներ են վավերացված առանձին հետազոտողների աշխատություններում, որոնցում այդ ամենը որակվում է որպես «քարե պատերազմ»` ուղղված պատմական հիշողության դեմ:

Ռուս հնագետ Ե. Պչյոլինան դեռ 1940 թ.ին “Армянские памятники на территории Азербайджанской ССР, Ленинград” աշխատության մեջ  Քարվաճառի շրջանի հայկական հուշարձանների ու բնակավայրերի մասին գրում է. «Բազմաթիվ բնակելի քարայրեր, գյուղերի ավերակներ, բերդապարիսպներ, մատուռներ ու եկեղեցիներ վկայում են երբեմնի կյանքի մասին` ներկայիս գրեթե մարդազուրկ հեռաստաններում: Ցավոք, գերակշռող մեծամասնությամբ այդ բոլոր հուշարձանները ոչ միայն չեն հետազոտված, այլև անգամ չեն հիշատակված գրականության մեջ թեկուզ հաշվառման կարգով: Այստեղ ստվար զանգվածներով ամենուր ապրող հայերից մնացել են լայնատարած գերեզմանոցներ, որ սփռված են թե՛ կիսավեր եկեղեցիների շուրջ և թե՛ առանձին»:

 

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում
ավելի քան 1600 հայկական հոգևոր-մշակութային և
պատմաճարտարապետական հուշարձաններ կան,
Լեռնային Ղարաբաղի արտալղիմյան տարածքներում
(Ղուբաթլու, Զանգելան, Լաչին, Քելբաջար, Ֆիզուլի, Աղդամ,
Թարթառ, Պարտավ, Ջաբրայիլ և այլն)՝ շուրջ 1700 կոթողներ:
Ադրբեջանական իշխանությունների կողմից այս տարածաշրջանի
հայկական հոգևոր և մշակութային արժեքների նկատմամբ
վանդալիզմի և բարբարոսության դրսևորումների բազում
օրինակներ են վավերացված առանձին հետազոտողների
աշխատություններում, որոնցում այդ ամենը որակվում է որպես
«քարե պատերազմ»` ուղղված պատմական հիշողության դեմ:

 

1970-ական թվականներից ի վեր ադրբեջանցիները որդեգրել են ամեն գնով հայկական ճարտարապետական ժառանգությունը յուրացնելու կամ ոչնչացնելու ուղին: Այդ գործողությունների հետևանքով, ինչպես ահազանգում էին մասնագետները, «հողօգտագործման նպատակով»  բուլդոզերներով ավերվել և հողին են հավասարեցվել 13 պատմահնագիտական հուշարձաններ: Հուշարձանի ոչնչացման և քարերը որպես շինաքար օգտագործելու օրինակ է նաև Տաք ջուր  առողջարանի շրջակայքի` հայկական միջնադարյան եկեղեցիների քարերով կառուցված կառավարական առողջարանը:

Հուշարձանների ավերումը մեծ չափերի է հասել արցախյան պատերազմի ժամանակ, երբ օգտվելով ընձեռված առիթից` եկեղեցիներն ու վանքերը կանխամտածված պայթեցվել են, հրետանակոծվել և ռմբակոծվել: Արդյունքում՝ Գետաշենի մոտ գտնվող Եղնասարի կանգուն վանքը վերածվել է ավերակների: Գնդակոծվել են Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի տաճարները, Տող գյուղի եկեղեցին և այլ հուշարձաններ:

«Արդեն երկար տարիներ է, աշխատանքներ ենք կատարում, վերականգնելու, թե հուշարձանները, թե Շուշիի եկեղեցին և թե հայկական մշակութային մասնիկները: Փոփոխությունները,սակայն, շատ դանդաղ են ընթանում, և միգուցե արդյունքներն այդքան էլ տեսանելի չեն- ասում է Բակուր Կարապետյանը: — Արցախի Վերին Խաչեն գավառում գտնվող Չարեքտարի վանքի  կառույցները ձևափոխել էին և տասնամյակներ շարունակ օգտագործել որպես անասնագոմեր: Այստեղ ևս պեղումներ և հետազոտական աշխատանքներ են իրականացվել, և վանքն այսօր ներկայանում է քայքայված, բայց նախնական տեսքով»:

Այսպիսով կարելի է ասել, որ ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը քրիստոնեական հայ ճարտարապետական հուշարձանների հանդեպ հիմնականում ունեցել է մի քանի ուղղություն` դրանց մասին պաշտոնական հրատարակություններում, տեղեկատուներում, ուղեցույցներում` լռության պահպանում, էթնոմշակութային և կրոնական պատկանելության խեղաթյուրում, հուշարձանների կանխամտածված ավերում և այլափոխում, հուշարձանների նկատմամբ զանազան բարբարոսական գործողությունների իրականացում, հայկական եկեղեցիները` մուսուլմանական կառույցների վերափոխում, հայկական շատ հուշարձանների քողարկում` հողով ծածկելու միջոցով, այցելությունների և ուսումնասիրությունների արգելում, վերականգնման և պահպանության քողի ներքո հուշարձանների ծավալատարածական հորինվածքի, կերպարի և ինքնության ճարտարապետական այլափոխում:

Բարեբախտաբար, հայ-ադրբեջանական պատերազմը և դրանում մեր տարած հաղթանակը կասեցրին Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող մշակութային ցեղասպանության ընթացքը:

 

Գասպարյան Ջուլիա

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

4-րդ կուրս

  

culutural genocide3  4                           armcsr

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        Նկարները վերցված են Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի “Վարձք”  հանդեսից, N3, 2011թ