Գլխավոր » Ադրբեջանից եկող ցանկացած տեղեկություն պետք է ունենա մեկնաբանություն

Ադրբեջանից եկող ցանկացած տեղեկություն պետք է ունենա մեկնաբանություն

13417019_1089520847761066_1723891942462045583_o

 

Ադրբեջանական մեդիակոնտենտը հայաստանյան լրատվամիջոցներում. այս թեմայի, առկա վտանգների մասին զրուցել ենք ԵՊՀ
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Էդգար Էլբակյանի հետ:

 —  Պարոն Էլբակեան, Ձեր դիտարկմամբ՝ արդյոք հայաստանյան լրատվամիջոցներում կա՞ ադրբեջանական մեդիակոնտենտ:

— Այո՜, կա: Նախ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք սահմանում «մեդիակոնտենտը»։ Ըստ իս՝ այս դեպքում այն պետք է լայն սահմանել: Մեդիակոնտենտը, օրինակ, բաղկացած է վերնագրից, ուղերձից, բուն ասելիքից: Կարելի է ամբողջ նյութը թարգմանել, ներկայացնել, բայց դա չլինի ադրբեջանական կոնտենտ, դա լինի ուղղակի ադրբեջանական կոնտենտի «հայավարի» մատուցում հայկական լսարանի առաջ: Բայց կարելի է վերնագիրը նույնությամբ կրկնել իրենցից, օրինակ՝ «Իլհամ Ալիևն ասել է՝ «մենք կազատագրենք Ղարաբաղը»», հետո արդեն տեքստի մեջ գրել, որ այսինչ օրը Ի․ Ալիևն ասել է այսինչ բանը, և բնականաբար ազատագրել բառը գրել չակերտների մեջ, բայց ինքնին վերնագիրն արդեն ադրբեջանական մեդիակոնտենտ է: Նման դեպքեր ունեցել ենք վերջին շրջանում: 

Իսկ ո՞րն է պատճառը, որ մեր լրատվամիջոցներում ադրբեջանական մեդիակոնտենտը տեղ է գտնում: Արդյոք մեր ԶԼՄ-ների, լրագրողների կողմից դա միտումնավո՞ր է արվում, թե՞ չիմացության արդյունք է:

— Պատճառը լրագրողական համայնքում առկա ոչ պրոֆեսիոնալիզմն է և նախկինում լրագողներին որոշակիորեն «փափուկ ուժի» միջոցով պետականորեն կոորդինացնելու մեխանիզմների բացակայությունը: Չեմ ասում, որ առաջ ամբողջությամբ կատարյալ էր ամեն բան, բայց նման բացահայտ կիքսեր չէին լինում: 

Պատկերացրե՛ք՝ թշնամու նռնակը բերես,
քո խրամատում դնես և սկսես հետը խաղալ:
Պայթելու է մի օր․․․

Ըստ Ձեզ՝ մեր լրատվամիջոցներում ադրբեջանական մեդիակոնտենտի առկայությունն ի՞նչ խնդիրների առաջ կարող է մեզ կանգնեցնել:

— Այսպես ասեմ․ պատկերացրե՛ք՝ թշնամու նռնակը բերես, քո խրամատում դնես և սկսես հետը խաղալ: Պայթելու է մի օր: Սրանք էլ տեղեկատվական նռնակներ են: 

— Ի՞նչ եք կարծում, ի՞նչ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի հայկական լրատվամիջոցները չտան, չտարածեն ադրբեջանական քարոզչական թեզերը, իրենց մեդիակոնտենտը:

— Ոչ թե պետք է չտարածել, այլ պետք է ճիշտ տարածել: Օրինակ՝ «Հասանովն ասել է, որ շատ մոտ է Ղարաբաղի ազատագրության օրը»: Սա ինչպե՞ս պետք է մատուցել: Ադրբեջաներենից կամ ռուսերենից թարգմանում ենք հայերեն ու նույնությամբ տեղադրում և վերջում գրում՝ «…,- ասել է Զաքիր Հասանովը» և եզրափակում, թե՞ կոնտեքստն ենք նաև ապահովում, որ հիշեցնենք ընթերցողներին այն մասին, որ Ադրբեջանի բարձրաստիճան ռազմական ղեկավարությունը պարբերաբար հանդես է գալիս այսօրինակ հայտարարություններով, Ադրբեջանը զենքի մեծ գնումներ է իրականցնում, և միշտ կա ռազմական լուծման տարբերակին գնալու վտանգ: Ճիշտը երկրորդ տարբերակն է՝ կոնտեքստով, հակառակ պարագայում քարոզչության «ռադիացիոն վտանգը» մեծանում է…

 Արմանուշ Գևորգյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ,

4-րդ կուրս