Գլխավոր » Հակաբանակային քարոզչություն՝ մտահոգության և քննադատության քողի ներքո․ Մատաղիսում տեղի ունեցած դեպքի հետքերով

Հակաբանակային քարոզչություն՝ մտահոգության և քննադատության քողի ներքո․ Մատաղիսում տեղի ունեցած դեպքի հետքերով

Արձանագրում

timthumb
2019 թ. օգոստոսի 5-ին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ-ի Forrights.am կայքում հրապարակվում է «Սպան պառկեցրել է զինվորներին և քայլել նրանց վրայով. Մատաղիսի զորամասը որպես հանցավորության որջ» վերնագրով հոդված, որն անդրադառնում էր 2018 թվականի հունիսին Մատաղիսի զորամասում սպայի կողմից զինվորների նկատմամբ կատարված բռնության դեպքին (հոդվածը նույնությամբ վերահրապարակում են Irakanum.am, 1in.am և Lurer.com լրատվակայքերը)։
«Մարտակերտի պաշտպանական շրջանի Մատաղիսի զորամասում հանցավորության որջ է ձևավորվել: Սպաների մի մասի դեմ քրեական գործեր են քննվում, մյուսները դատապարտված են տարբեր հանցագործությունների համար, սակայն անգամ աշխատանքից ազատված չեն  և շարունակում են ծառայողական պարտականությունների կատարումը: Զինվորների նկատմամբ կիրառվող բռնությունները այդ աշխատանքի պարտադիր մասն են: ժամկետային զինծառայողներին խոշտանգում են, սադիստական պատիժներ են կիրառում նրանց նկատմամբ: Այս «աշխատանքները» ղեկավարում է զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը: Նրա թողտվությամբ զորամասում լիակատար բեսպրեդել է տիրում»։ Ահա այսպես է Սյուզան Սիմոնյանը սկսում իր հոդվածը և այնուհետ պատմում այն մասին, որ 2018 թվականի հունիսի 12-ի գիշերը մայոր Արթուր Ֆահրադյանը զինվորներին պառկեցրել է գետնին և քայլել  նրանց վրայով: Ըստ հոդվածագրի` դա պատիժ է եղել տղաների համար, որոնք  հաց ուտելիս են եղել  ննջասենյակում «Քուն» հրամանից հետո. «Հյութի պլաստմասե շշով  նա մի քանի անգամ հարվածել է  կրտսեր սերժանտ Պողոսյանի դեմքին և ուսին, պատճառելով նրան մարմնական վնասվածքներ: Մյուսներին «հենում-պառկած» հրաման է տվել, որի ընթացքում քայլել է նրանց վրայով, պատճառելով մարմնական վնասվածքներ»:
Հոդվածի վերջում հեղինակը հարց է տալիս, թե ինչպես է հրաձգային գումարտակի շտաբի պետ Ֆահրադյանն այդքանից հետո շարունակում պաշտոնավարել, և ինչու զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը հարց չի բարձրացնում ծառայությունից նրա հեռանալու մասին, և ինքն էլ պատասխանում իր հարցերին․ «Սա առնվազն նշանակում է, որ զինվոր ծեծող-ջարդողները ՊՆ և զորամասի հրամանատարության հատուկ հովանավորության տակ են և ինչ-ինչ պատճառներով խրախուսվում են վերջիններիս կողմից»։
3 օր անց՝ օգոստոսի 8-ին, նույն կայքը հրապարակում է մեկ այլ հոդված՝ «Ես ոչ մեկին չեմ ծեծել, ես հոգատար ու սիրված հրամանատար եմ». արձագանքներ «Սպան պառկեցրել է զինվորներին և քայլել է նրանց վրայով» հրապարակմանը» վերնագրով, որտեղ ևս մեկ անգամ մանրամասն անդրադարձ է կատարվում վերոնշյալ դեպքին՝ պատկան մարմիններին մայոր Ֆահրադյանի նկատմամբ անգործության և չափից ավել մեղմ վերաբերմունքի դրսևորման մեջ մեղադրելու շեշտադրումներով։
Նշված հրապարակման հետքերով մի խումբ լրագրողներ այդ օրերին այցելում են Մատաղիս: Օգոստոսի 10-ին Armeniasputnik.am կայքը հրապարակում է «Այստեղ սադիստ չկա. գնդապետը չի ընդունում իր աջ ձեռքի հասցեին հնչեցված մեղադրանքները» հոդվածը: Հոդվածում գնդապետ Արմեն Գյոզալյանն ասում է, որ Արթուր Ֆահրադյանը լավ սպա է և  չի եղել նշված միջադեպի հրահրողը: Նրա խոսքով՝ զինվորի վրա ձեռք բարձրացնելու փորձի համար Ա.Ֆահրադյանն արդեն պատիժ է կրել, իսկ սպաներին սադիզմի մեջ մեղադրելը և զորամասը «հանցավորության որջ» որակելը միայն վարկաբեկող խոսքեր են մարտական հերթապահություն իրականացնող զորամասի նկատմամբ: Ա. Գյոզալյանն ընդգծում է, որ խրախուսում է միայն այն սպաներին, որոնք իրենց լիազորությունների սահմաններում բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունները:
Ipress.am կայքը օգոստոսին 11-ին ներկայացնում է Մատաղիսի զորամաս լրագրողների այցելության տպավորությունների մասին պատմող հոդվածը (https://ipress.am/archives/34015, հղումն այս պահին այլևս ակտիվ չէ), որտեղ դրական լույսի ներքո նկարագրվում է զորամասում տիրող մթնոլորտը: Հասարակությանը ներկայացվում է հրամանատար Ա. Գյոզալյանի կերպարը, որն օրինակ պետք է լինի զինվորների համար: «Զորքիս դիմաց, երբ կանգնում եմ, հաճախ եմ կրկնում, որ ես այս զորամասի լավագույն զինվորն եմ՝ գոտին միշտ ամուր կապված, մազերը կտրած, գեղեցիկ սափրված, հագուստը միշտ մաքուր և արդուկված, կոշիկները մաքուր… Ես պետք է օրինակ ծառայեմ, ուրիշ էլ ո՞վ»,- նշում է նա:  Հեղինակը շեշտում է, որ նախորդ տարի Մատաղիսի զորամասը լավագույնն է ճանաչվել, իսկ տարիներ առաջ, երբ Ա. Գյոզալյանը ծառայություն  է իրականացրել Տավուշի մարզի տարբեր զորամասերում, դրանք ևս ճանաչվել են լավագույնը: Հեղինակն անդրադառնում է զորամասում տիրող դրական մթնոլորտին, սննդի որակին, իսկ բռնության դեպքի մասին տեղեկատվություն չի տրամադրվում:
Գնդապետ Արմեն Գյոզալյանի մեկնաբանությունն աղմկահարույց դեպքի մասին տեսանյութի տեսքով օգոստոսի 10-ին հրապարակում է News.am կայքը: Ա. Գյոզալյանի խոսքով՝ իրենց կողքին ունեն իրավապահ մարմիններ, և դեպքի՝ իրականությանը համապատասխանելու դեպքում այն ժամանակին կբացահայտվեր: Անդրադառնալով՝ զորամասի դատապարտված սպաներին, նշում է՝ նրանք երեքն են և պայմանական են դատապարտված. մեկը հոդվածում հիշատակվող սպան է (Ֆահրադյանը), մյուս երկուսը դատապարտվել են տեխնիկական պատճառներով (զենքի կորուստ և մեքենայի վթար)։
Կենտրոն հեռուստաընկերության լրագրողը, որը ևս եղել էր Մատաղիս այցելած լրագրողների խմբում, դեպքի մասին  փոքր-ինչ տարբերվող ռեպորտաժ է պատրաստում: «Զինվորների նկատմամբ ֆիզիկական բռնությունների մասին տեղեկությունները ամենաարագ տարածվողներից են, սակայն միշտ չէ որ դրանք համապատասխանում են իրականությանը: Այդպիսին էր նաև Մատաղիսի զորամասին առնչվող տեղեկությունը». այսպես էր սկսել լրագրողը, այնուհետև մեջբերել հրամանատար Գյոզալյանի խոսքերը: Վերջինս նշում էր, որ Մատաղիսի զորամասում նման արատավոր երևույթներ գոյություն չունեն, իսկ մայոր Ա. Ֆահրադյանը բարեխիղճ սպա է: Լրագրողը հավելում է, որ զրուցել են Ա. Ֆահրադյանի հետ, որը ևս հերքել է զինվորներին ստորացնելու վերաբերյալ հրապարակումները:
Այս դեպքին օգոստոսի 5-ին ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքում է այդ ժամանակ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Հրաձգային գումարտակի շտաբի պետ, Գյոզալյանի տեղակալ, մայոր Արթուր Հայիկի Ֆահրադյանը: Կներեք այս կտորն առանձնացնելու համար, ամբողջ հոդվածն այստեղ չեմ դնում: Բայց հետաքրքրվողները կհասկանան:
Բնականաբար, ձեր ընթերցողների մեծամասնությունը կկարդա այդ սրտաճմլիկ խոսքերը, Ֆահրադյանին ազգի թշնամի կհանի, չի էլ հասկանա, որ վերին աստիճանի անգրագիտություն է գումարտակի ՇՊ-ին գնդի հրամանատարի տեղակալի հետ եք շփոթում, որ նա չի կարող լինել գնդի հրամանատարի աջ ձեռքը: Բնականաբար կկարդան կասեն. վայ քոռանամ ես, երեխեքն ինչ են արել, հաց են էլի կերել, հո եսիմ ինչ չեն արել: Բնականաբար դուք էլ չեք պատմի, որ այդպես անթույլատրելի տեղում, անթույլատրելի ժամին անմեղ հաց ուտելը առնվազն հանցանք է ու հանցանքի բուն: Դե իհարկե չեք պատմի, նախ պետք է հականաք դա, որ պատմեք: Եթե անգամ երկար չպատմեմ, թե ինչու է այդպես, բավական է միայն հիշել, որ հենց նույն զորամասում նման ՙՙանմեղ հաց ուտելու՚՚ պատճառով առնվազն սպանությունների գործ կա, ահեղ ու սահմռկեցուցիչ գործ, և մեկ ու կես տարի առաջ էլ էլի  ՙանմեղ հացից՚՚  հետո մի քանի հոգի վթարվեց ու լճում խեղդվեց:
Հ.Գ. որևէ մեկը չկարծի, որ ես արդարացնում եմ որևէ հանցագործ սպայի: Բայց այս աստիճան անգրագետ, այս աստիճան զորքից ու բանակից չհասկացող հոդվածներով է ամենից շատ խարխլվում բանակի մարտական ոգին, հավատքն ու վստահությունը: Եվ դա բնականաբար կատարում են նույն մարդիկ»։
Ի դեպ, օգոստոսի 10-ին Forrights.am կայքը ևս հանդես է գալիս «Զինվորին գցել են գետնին ու ոտքերով ծեծել են. հանցագործությունների շղթան Մատաղիսի զորամասում շարունակվում է» վերտառությամբ հրապարակմամբ։ «Մատաղիսի զորամասում զինվորներին ծեծի ենթարկելը մի բաժակ ջուր խմելու նման մի բան է, ձեռքի սովորություն, բնականոն երևույթ:  Հրամանատարական կազմի մի մասը դատված է, մյուսների դեմ քրեական գործեր են քննվում»․ ներածական այս խոսքերով է հեղինակը  սկսում իր հոդվածը և այնուհետև պատմում է զորամասում տեղի ունեցած մեկ այլ դեպքի մասին։ Հրապարակման վերջում՝ հետգրության մեջ, հեղինակն անդրադառնում է օգոստոսի 5-ի իր նյութին և դրա հետքերով լրագրողների՝ Մատաղիսի զորամաս կատարած այցին․ «ՊՆ-ն լրագրողների ցուցադրական այց էր կազմակերպել Մատաղիսի զորամաս: Այցից առաջ տարածքը մաքրել-փայլեցրել են, ժամկետային զինծառայողների հետ հատուկ բացատրական աշխատանքներ են տարել, որ բերանները փակ պահեն, տարածքից հեռացրել են մեր նախորդ հրապարակման հերոսին՝ գումարտակի շտաբի պետի տեղակալ Արթուր Ֆահրադյանին, որը սիրում է զինվորներին նվաստացնող, դաժան պատիժների ենթարկել, մի քանի օրով արձակուրդ են տրամադրել, որ լրագրողների աչքին չընկնի»:
31883_zinvor_0404_M

Քրեական գործ, նախաքննություն, դատավարություն, վճիռ

Չնայած դեպքի մասին Forrights.am կայքում բարձրաձայնվեց 2019-ի օգոստոսին, բայց դրա հետ կապված քրեական գործը հարուցվել էր ավելի քան մեկ տարի առաջ՝ 2018 թ. հունիսի 25-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասին 2-րդ կետով, նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Մայոր Արթուր Ֆահրադյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով N զորամասի հրաձգային գումարտակի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ, 2018 թվականի հունիսի 12-ի գիշերը բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող երկու և ավելի անձանց նկատմամբ` պատճառելով ֆիզիկական ցավ: Տուժողներ էին ճանաչվել զինծառայողներ Ս. Գրիգորյանը, Ն. Պողոսյանը, Մ. Սարգսյանը, Թ. Համբարձումյանը, Դ. Չատյանը, Շ. Պողոսյանը:
2018 թ. օգոստոսի 22-ի որոշմամբ Արթուր Ֆահրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել չհեռանալու մասին ստորագրություն: 2019 թ.-ի փետրվարի 19-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Դ. Սարգսյանի նախագահությամբ ընթացել էր դատական նիստ (դատաքննությունն իրակակացվել էր արագացված կարգով) և ընդունվել դատավճիռ՝ ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով: Նկատենք, որ դատավճում նշված է, որ տուժող զինծառայողները հայտնել էին, որ որևէ բողոք, պահանջ չունեն, դատաքննության արագացված կարգ կիրառելու դեմ չեն առարկում։ Ինքը՝ Ա. Ֆահրադյանը խոստովանական ցուցմունք էր տվել, ընդունել կատարած հանցանքները, զղջացել և տուժողի հետ հաշտվել: Համաձայն դատավճռի՝ դեպքի հետևանքով Ա․ Ֆահրադյանը որպես զենք օգտագործվող այլ առարկա հանդիսացող հյութի պլաստմասե շշով 2-3 անգամ հարվածել էր կրտսեր սերժանտ Ն․ Պողոսյանի դեմքին և աջ ուսին` վերջինիս պատճառելով ձախից այտոսկրի մարմնի շրջանի քերծվածքի ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, իսկ մյուս զինծառայողներին «հենում-պառկած» հրաման էր տվել, որի ընթացքում ոտքով տրորելով շարքայիններ Շ․ Պողոսյանի, Թ․ Համբարձումյանի մեջքը, շարքային Դ․ Չատյանի աջ ոտքը` անցել էր նրանց վրայով` Շ․ Պողոսյանին պատճառելով կրծքավանդակի հետին մակերեսի` 12-րդ կրծքային ողի մարմնի շրջանի քերծվածքի ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, իսկ Թ․ Համբարձումյանին և Դ․ Չատյանին` ֆիզիկական ցավ։ Հաշվի առնելով Ա. Ֆահրադյանի ուղղվելու հնարավորությունը, դրական բնութագիրը և ունենալով համոզվածություն՝ դատարանը որոշել էր նշանակված պատիժը չկիրառել և սահմանել փորձաշրջան մեկ տարի ժամկետով:
Այստեղ հարկ է նշել, որ լրատվամիջոցները, որոնք մանրամասնորեն ներկայացրել էին միջադեպը՝ երբ է այն տեղի ունեցել, ինչպես և  ով է տուժել, լռության մատնեցին դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի և արդեն իսկ ամիսներ առաջ կայացված դատավճռի փաստը: Այն մասին, որ դատավարություն է ընթացել, կա մեղադրական դատավճիռ և սահմանված պատիժ, նշվում է միայն դեպքի մասին բարձրաձայնած սկզբնաղբյուր կայքում: Սակայն պետք է ընդգծենք, որ Forrights.am-ը դատավճիռը ոչ միայն ներկայացրել է մասնակիորեն ու ընտրողաբար՝ ընդգծելով միայն տուժող կողմին պատճառված վնասի և ազատազրկման ժամկետի մասին և ոչ մի բառ չասելով այն մասին, որ տուժող զինծառայողները որևէ բողոք և պահանջ չունեին և հաշտվել էին Ֆահրադյանի հետ, այլև ուղղակիորեն և առանց որևէ հիմնավորման կամ ապացուցողական փաստական բազայի մեղադրել էր երրորդ կայազորի զինվորական դատախազությանը, Սյունիքի դատարանի դատավորներ Գնել Գասպարյանին և Դավիթ Սարգսյանին Ֆահրադյանի նկատմամբ «ակնհայտ մեղմ վերաբերմունք» ցուցաբերելու մեջ։
00-217

Բովանդակային վերլուծություն, հիմնական շեշտադրումներ և վերջնարդյունք

Forrights.am-ում 2019-ի օգոստոսի 5-ին հրապարակված հոդվածը բովանդակային վերլուծության ենթարկելու պարագայում ակնհայտ երևում է, որ նրանում խախտված է լրագրության ամենագլխավոր սկզբունքներից մեկը՝ անկողմնակալությունը, և այն պարունակում է բազմաթիվ մանիպուլյացիոն և քարոզչական տարրեր և ընդհանրական գնահատականներ։
Ի սկզբանե՝ հենց վերնագրում, հեղինակը դիմում է մի քանի մանիպուլյացիաների։ Նախ՝ վերնագրի առաջին հատվածը՝ «Սպան պառկեցրել է զինվորներին և քայլել է նրանց վրայով», աղճատված է ներկայացնում զորամասում տեղի ունեցածը, ընթերցողների մոտ (հատկապես նրանց, որոնք միայն վերնագիրն են կարդում, իսկ տեքստը՝ ոչ), տպավորություն է ստեղծում, որ դեպքը նոր է տեղի ունեցել և միանգամից բացասական, ասել է թե կողմնակալ վերաբերմունք է առաջացնում լսարանի մոտ սպայի հանդեպ։ Վերնագրի երկրորդ հատվածում՝ «Մատաղիսի զորամասը որպես հանցավորության որջ», հեղինակը կրկին քարոզչական հնարք է կիրառում՝ կարծիքը, սեփական ցանկալի պատկերացումը ներկայացնելով որպես փաստ, իրողություն, ինչև ևս բացասական նախատրամադրվածություն է ձևավորում ընթերցողի մոտ տվյալ զորամասի և ընդհանուր առմամբ՝ բանակի հանդեպ։
Այնուհետև, հեղինակը նյութի հենց առաջին հատվածում կրկին իր կարծիքները, իր անձնական և ոչնչով չհիմնավորված, չապացուցված ընդհանրական բնույթի դատողությունները և գնահատականները՝ «Մարտակերտի պաշտպանական շրջանի Մատաղիսի զորամասում հանցավորության որջ է ձևավորվել», «զինվորների նկատմամբ կիրառվող բռնությունները այդ աշխատանքի պարտադիր մասն են», «ժամկետային զինծառայողներին խոշտանգում են, սադիստական պատիժներ են կիրառում նրանց նկատմամբ», «զորամասում լիակատար բեսպրեդել է տիրում» և այլն, ընթերցողին ներկայացնում է որպես փաստ, անհերքելի իրողություն։ Նույնական է նաև հեղինակի հետագա շարադրանքը։
Հոդվածի ողջ բովանդակությունը ողողված է հայկական զինված ուժերի զինծառայողների հասցեին վիրավորական, վարկաբեկիչ, քամահրական, հեգնական բնորոշումներով և պիտակավորումներով։ Մայոր Ֆահրադյանը ներկայացվում է որպես «ամենադաժան սպայի համբավ ունեցող», «հանցագործ», «սադիստ», հեգնական իմաստով «քաջարի», «քրեական հանցանքների մեջ թաթախված» սպա։ Նույն երանգավորմամբ է ներկայացվում նաև զորամասի հրամանատար գնդապետ Արմեն Գյոզալյանը՝ «Այս «աշխատանքները» (ժամկետային զինծառայողների «խոշտանգումներն ու սադիստական պատիժները» — հեղ․) ղեկավարում է զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը: Նրա թողտվությամբ զորամասում լիակատար բեսպրեդել է տիրում», «հրամանատար Գյոզալյանը չի շտապում հեռացնել իր աջ ձեռք Ֆահրադյանին զինվորների հետ աշխատանքից» և այլն:
Ավելին՝ հեղինակը հաճախ այդ բնորոշումներն ու պիտակավորման, ցանկալին փաստի տեղ ներկայացնելու հնարքները մասնավոր, հասցեական դեպքերից և անձանցից տարածում է ընդհանրացված բոլոր զինծառայողների և բանակի վրա՝ «հանցավորության որջ», «սպաների մի մասի դեմ քրեական գործեր են քննվում, մյուսները դատապարտված են տարբեր հանցագործությունների համար», «ժամկետային զինծառայողներին խոշտանգում են, սադիստական պատիժներ են կիրառում նրանց նկատմամբ», «զինվոր ծեծող-ջարդողները ՊՆ և զորամասի հրամանատարության հատուկ հովանավորության տակ են և ինչ-ինչ պատճառներով խրախուսվում են վերջիններիս կողմից», «քրեական դեպքերը Մատաղիսի զորամասում շարունակվում են» և այլն։
Նույնաբովանդակ են նաև կայքի՝ 2019-ի օգոստոսի 8-ի և 10-ի վերը հիշատակված հրապարակումները, որոնք հեղինակը շարադրել է նույն բառամթերքով, նույն շեշտադրումներով և նույն քարոզչական, մանիպուլատիվ հնարքների կիրառմամբ։
Այսպիսով, ելնելով վերոշարադրյալից՝ կարող ենք արձանագրել, որ Forrights.am կայքի հիշյալ հրապարակումները ոչ թե և կամ ոչ այնքան պայմանավորված էին հեղինակի և խմբագրության մտահոգություններով և առողջ քննադատությամբ և ուղղված էին 2018 թվականի հունիսի 12-ին Մատաղիսի զորամասում տեղի ունեցած միջադեպի բարձրաձայնմանը և անաչառ լուսաբանմանը, որքան միտված էին հայկական զինված ուժերի սպաների և հրամանատարական կազմի, ընդհանրապես սպայի կորպարի վարկաբեկմանը և դեմոնիզացմանը, սպայից հակահերոսի կերպարանակերտմանը, ինչպես նաև հասարակության շրջանում հայոց բանակի նկատմամբ բացասական վերաբերմունքի և հակաբանակային տրամադրությունների ձևավորմանը։

Լուիզա Աբրահամյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
4-րդ կուրս