Գլխավոր » Հայատյացությունը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմնասյուն

Հայատյացությունը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմնասյուն

[:hy]isg015-07
«Քաղցր զրույցի ժամանակ եկավ հայը». սա մեկն է այն տասնյակ հայատյաց տրամադրություն արտահայտող ասույթներից, որոնք առկա են ադրբեջանական դասագրքերում: Ադրբեջանում երեխաների մեջ հայերի նկատմամբ թշնամանքի սերմանումը սկսվում է դեռ վաղ տարիքից:
Ադրբեջանում հասարակության մեջ թշնամի հայի կերպարը ձևավորելու այն ամրապնդելու գործին լծված է ողջ կրթական համակարգը: Երեխաները գրքերից տեղեկությունն ընկալում են որպես անվիճելի ճշմարտություն, իսկ ուսուցչի խոսքերը, որոնք չեն հակադրվում թելադրվող կարծրատիպերին, ավելի համոզիչ են դարձնում ամենը: Հեքիաթներում, բանաստեղծություններում, մանկական խաղերում թեման շարունակվում է: Դպրոցներում և մանկապարտեզներում կազմակերպվող «հայրենասիրական» թեմայով մի խաղերի ընթացքում երեխաներից ամենահամարձակը պետք է փորձի հանել հայի սիրտը և նվիրի շեհիդի մորը: Երբեք հայ չտեսած ադրբեջանցի  երեխաները հային ընկալում են որպես նենգ, պիղծ ու չարամիտ կերպար: Ադրբեջանական դասագրքերում նրանք կարդում են այնպիսի տողեր, ինչպիսիք են՝ «հայերը պետք է մեռնեն», «մարդ ծնվում են, հայ դառնում», «հայերը ուժ չունեն, նրանք դիմում են միայն բռնության», «պատմությունը չափազանց լուրջ բան է, որպեսզի այն վստահեն հայերին» և այլն:
«Ադրբեջանը հայատյացությունը որդեգրել է որպես պաշտոնական քաղաքականություն,  որը վերածվել է գաղափարախոսության: Դրա շուրջ ձևավորվում է ադրբեջանցու ինքնագիտակցությունը, որտեղ ինքն անպայման հակադրվում է հային: Երեխաներն ու դեռահասները խոցելի խումբ են՝ ենթակա Ադրբեջանում ամենաարդյունավետ կերպով իրականացվող հակահայկական քարոզչությանը»,- նշում է ադրբեջանագետ Աժելա Էլիբեգովան:
Երեխայի դեռևս չձևավորված գիտակցության վրա ազդեցություն գործելու նպատակ են հետապնդում հատկապես պատմության գրքերում զետեղված հայերի մասին նյութերը: Ադրբեջանական կողմը կոպիտ կերպով խեղաթյուրում է իրականությունը, կեղծում պատմական աղբյուրներն ու փաստերը ներկայացնում աղճատված: Ադրբեջանական քարոզչության ոգով ստեղծվում են նաև նոր «հիշողության վայրեր», ինչպիսիք են «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված հուշարձանը և շեհիդների ծառուղին` Ղարաբաղյան պատերազմում զոհվածների գերեզմաններով, ադրբեջանցիների «ցեղասպանության», 1918 թ. Բաքվի գրավման ժամանակ զոհված թուրք զինվորների հիշատակի և այլ հուշակոթողներով: Օրինակ՝ 1992 թ․ փետրվարի 26-ին Աղդամի մերձակայքում կատարվածն ադրբեջանական քարոզչամեքենան միշտ փորձում է ներկայացնել որպես «Խոջալուի ցեղասպանություն»՝ հայերի կազմակերպած հատուկ գործողություն՝ ուղղված խաղաղ ադրբեջանական բնակչության ոչնչացմանը: Ադրբեջանում  յուրաքանչյուր տարի փետրվարի 26-ի նախօրեին մեկնարկում է Justice for Khojaly (Արդարություն՝ Խոջալուի համար) միջազգային արշավը, որի նպատակն աշխարհին «ողբերգության» մասին պատմելն է և «ջարդի մասնակիցներին պատժելը»։ Այդ օրերին ադրբեջանական դպրոցներում կազմակերպվում են ներկայացումներ, դպրոցականները բանաստեղծություններ են կարդում, անցկացվում են պատերազմի թեմայով նկարների մրցույթներ: Բաքուն ստեղծում է սեփական պատմությունը, որը լրացվում է երեխաների երևակայությամբ և վերածվում կայուն արժեքի:

xocali_sergi_anim-59

xocali_sergi_anim-55

xocali_sergi_anim-49

v-09

Mamedov_Khodjali_240212_19
Հայատյացությունն ունի պատմական հիմքեր: 20-րդ դարի սկզբին գաղափարախոսներն ու քարոզիչները ազգային միասնության կոչեր էին անում, որին, ըստ իրենց, խոչընդոտում էին միայն հայերը: Երևույթն ինտենսիվորեն զարգացել է խորհրդային ժամանակաշրջանում (հատկապես՝ սկսած 1960-ականներից) և մինչ օրս շարունակում է իր համակարգային ընդարձակումը։ Խորհրդային շրջանում Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականության գլխավոր բաղադրիչն էր պատմամշակութային հարթությունը. պատմաբանները ձգտում էին ադրբեջանականացնել Ադր. ԽՍՀ տարածքում բնակվող տարբեր էթնիկ խմբերի, հատկապես հայերի պատմամշակութային ժառանգությունը` միաժամանակ կեղծելով բնիկ ժողովուրդների էթնոազգային պատմությունը:
Այդ հիմնադրույթներն իրենց հետագա զարգացումն ապրեցին նաև ԽՍՀՄ փլուզումից հետո՝ նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետությունում: 1988-1990 թթ. Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ցեղասպանական գործողությունները հրահրվեցին և ընթացան ադրբեջանական հասարակության ներսում շրջանառվող ապատեղեկատվության համատեքստում, ըստ որի` հայերը «դաժանություններ» էին իրականացնում ՀԽՍՀ և ԼՂԻՄ սահմաններում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ: Ադրբեջանցի ազգային գրող Բախտիար Վահաբզադեն գրում էր, որ ժամանակն է գիտակցելու ադրբեջանցի հասարակ երիտասարդների կատարած սխրանքը Սումգայիթում, որտեղ էլ սկիզբ դրվեց ադրբեջանական տարածքի մաքրումը հայկական չարիքից:
Ներկայումս հակահայկականությունն ակնհայտ դրսևորվում է տարբեր քաղաքական հայտարարություններում,  հասարակական մթնոլորտում: Անժելա Էլիբեգովայի խոսքով՝ վառ օրինակ է Ադրբեջանում հայկական անունների գործածության արգելքը: Դեռևս 2011 թ. Ադրբեջանի Գիտությունների ակադեմիան և կառավարությունն ընդունեցին «Լուսացույցի սկզբունքը», որի համաձայն պետական ​​կառույցները սահմանելու էին «վստահելի» և «արգելված» անվանումներ երեխաների համար, որ ծնողները կարող են ընտրել: Ցուցակում «կանաչ լույսի» ներքո ընդգրկվեցին անուններ, որոնք համապատասխանում են Ադրբեջանի ազգային, մշակութային և գաղափարախոսական արժեքներին: «Դեղինի» տակ հայտնվեցին անցանկալի անունները, որոնք կարող էին գեղեցիկ չհնչել այլ լեզուներում կամ ծաղրի առարկա դառնալ: Իսկ ահա հայկական անունները, բնականաբար, հայտնվեցին «կարմիրի» ցուցակում: Օրինակ՝ լեզգին, իր որդուն Արսեն անունը տալու համար, ստիպված պետք է դիմի  հանձնաժողովին՝ հատուկ թույլտվություն ստանալու համար:
Անունների գործածության հարցում ադրբեջանցիների ծայրահեղ մոտեցումը հստակ է: Եթե Արսեն անունն արգելվում է, ապա Ռամիլը խրախուսվում: Ադրբեջանում այս անունը  կապում են հերոսի հետ: 2004 թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայում դատապարտեցին ցմահ բանտարկության, սակայն ութ տարի անց նա արտահանձնվեց Ադրբեջան: Ադրբեջանական կողմի «ջանքերով» հայրենիք վերադարձած Սաֆարովին դիմավորեցին որպես ազգային հերոսի: Ավելին` նախագահ Ալիևի կողմից, նա միանգամից ներման արժանացավ: Ահա թե ինչպիսի վերաբերմունքի է արժանանանում հայ սպանած ադրբեջանցին: 2004 թ. «Зеркало» թերթում տպագրված հոդվածներից մեկում Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան նշել էր, որ Ռամիլ Սաֆարովը պետք է հայրենասիրության օրինակ դառնա ադրբեջանցի երիտասարդների համար:
Ադրբեջանում տարիներ շարունակ քարոզվող և մանկուց երեխաներին ուսուցանվող հայերի նկատմամբ ատելությունը ցայտուն դրսևորվեց հատկապես ապրիլյան պատերազմի օրերին: Ադրբեջանի կողմից մարդասպանին մեծարելու հերթական ապացույցը դարձավ Ալիևի կողմից այն զինծառայողի պարգևատրումը, որը գլխատել էր հայկական ԶՈւ ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանին: Տվյալ վայրագությունը փաստող լուսանկարներ և հոլովակներ էին տարածվել: Ցույց էր տրվում` ինչպես են զինվորի գլուխը պտտում գյուղից գյուղ ու հրճվում այդ փաստից: Մեկ ուրիշում՝ վիրավորական խոսքեր են հնչեցվում սպանված Քյարամի հասցեին, խոսում են ականջը կտրելու մասին: Եթե հայ զինվորն ընկներ նրանց ձեռքը, նվազագույնը  պետք է անցներ անասելի կտտանքների ճանապարհով, մարմինը խեղվեր:
ad4bd6553ad3aa1bc8d432e7d6b200222016-ի ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի գործողություններն ուղղված էին ոչ միայն բանակի դեմ, այլև խաղաղ բնակիչների: ԼՂՀ Թալիշ գյուղում դաժանաբար սպանվել էին գյուղում մնացած խաղաղ բնակիչները.  գնդակահարել էին Թալիշի բնակիչ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները, գնդակահարել նաև 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին: Սա հակառակորդ կողմի ակնհայտ ատելության հերթական ապացույցն էր:
Հայկական կողմի դեմ տարվող քարոզչությունը տեսանելի է նաև  տեղեկատվական հարթակում:  Հենց ապրիլյանի օրերին իրենց կեղծ հաջողությունների մասին տեղեկատվություն տարածելով՝ Ադրբեջանը փորձում էր շեղել ադրբեջանցիներին երկրում առկա ներքին խնդիրներից: Հայկական լսարանի մոտ ցանկանում էր խուճապ առաջացնել, լարվածություն հրահրել, ամենակարևորը՝ պարտվողական տրամադրություն:  Նման օրինակ էր Ջաբրայիլի, Ֆիզուլու և Թալիշի «գրավումը»: Ադրբեջանցի զինվորներն իբրև «հասել էին» այնտեղ և լուսանկարվել:
Հայկական կողմի մոտ նկատելի չէ ուղղորդված քարոզչություն Ադրբեջանի դեմ, առավել ևս՝ ատելության սերմացում ադրբեջանցիների նկատմամբ: Անժելա Էլիբեգովայի խոսքով՝ հայկական կողմը գիտակցում է՝ ադրբեջանական կողմը թշնամի է և պետք է զգոն լինել: Նա շեշտում է՝ հայատյացության խնդրի, նման հակահայկական քայլերի դեմ գաղափարական  պայքարի ճակատում հայկական կողմի առաջնահերթ խնդիրը իրազեկությունը պահպանելն է: Նրա խոսքով՝ հարկավոր է տեղյակ լինել Արցախյան հակամարտության պատմությանը, հայկական կողմի դիրքորոշմանը և փաստարկներին, որպեսզի հնարավոր լինի հակազդել ադրբեջանական կողմին միջազգային հարթակներում, տեղեկատվական դաշտում  և միջանձային շփման մեջ:
Ադրբեջանում ձևավորվում է հասարակություն, որին թունավորում են հայատյաց գաղափարներով ու սովորեցնում՝ հային պետք է ոչնչացնել: Ներկայումս ոչ միայն խելամիտ, այլև հնարավոր չէ պատկերացնել խաղաղություն նման գաղափարներ ունեցող կողմի հետ: «Եթե ադրբեջանական կողմը փոխի իր քաղաքականությունը, դասագրքերը նորից գրվեն, վերանայվեն մոտեցումները պատմության վերաբերյալ ու վերանա հայատյացությունը, գուցե հնարավոր լինի ազնիվ երկխոսել, սակայն դրա համար առնվազն մի քանի սերունդ պետք է փոխվի»,- ընգծում է Անժելա Էլիբեգովան:

Լուիզա Աբրահամյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
4-րդ կուրս