Գլխավոր » Ասյա Խաչատրյանն ու հակաարցախյան մեդիա կրքերը

Ասյա Խաչատրյանն ու հակաարցախյան մեդիա կրքերը

134284
2018 թվականի մարտի 26-ին epress.am լրատվական կայքը 22 րոպե 53 վայրկյան տևողությամբ տեսանյութ է հրապարակում, որտեղ ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանը մանրամասն պատմում է Ստեփանակերտում իր և ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին։

Տեղի ունեցածի Ասյայի պատումը

Տեսանյութում Ասյան պատմում է, որ 2018 թվականի սկզբից աշխատելու նպատակով  տեղափոխվել էր  Ստեփանակերտ։ Նրա խոսքերով՝ փետրվարի 1-ին, երբ ուշ երեկոյան զբոսնելիս է լինում, իրեն են մոտենում 3 ոստիկան, փորձում ճշտել ինքնությունը, քանի որ իր արտաքինը կասկածելի էր թվացել կապույտ գույնի մազեր, փիրսինգ և դաջվածքներ ունենալու պատճառով։
Ըստ Ասյայի՝ իրեն առանց բացատրության մի քանի անգամ բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ ապտակել են, հայհոյել և սպառնացել։ Երբ Ասյան բացատրություն է պահանջել, իր խոսքով՝ նրան ասել են, որ Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք թող գնա և Հայաստանում պահանջի։

Տեսանյութում Ասյան ասում է, որ վերադառնալով Երևան՝ գրավոր բողոք-դիմում է ներկայացրել ՀՀ դատախազություն՝ շարադրելով Արցախում տեղի ունեցածը։

Ոստիկանների վարկածը դեպքի առնչությամբ

Տեսանյութի հրապարակմանը հաջորդած օրերին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձան միջադեպին: Որոշ հրապարակումներում ներկայացված էր նաև կատարվածի վերաբերյալ Արցախի ոստիկանների տեսակետն ու վարկածը: Ըստ նրանց՝ Ասիա Խաչատրյանի դեմ բողոքել էին հարևանները՝ վարձակալած տուն տղաներ բերելու համար։ Ամբողջ պատմությունը, ըստ իրավապահ մարմնի, առաջացել էր Ասիայի կասկածելի կերպարի, ծխելու պատճառով: Արցախի ոստիկանները հորդորել էին աղջկան օր առաջ վերադառնալ Երևան, քանի որ պատերազմող երկրում միշտ չէ, որ տարբերվող արտաքինով երիտասարդներ են հանդիպում, իսկ նման դեպքերում արդարացված և պարտադիր է ոստիկանների ցուցաբերած զգուշավորությունը։

Միջադեպի քննությունը իրավական տիրույթում

Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով Արցախի ոստիկանությունը ծառայողական քննություն էր սկսել փետրվարի սկզբին:
Այս առնչությամբ Արցախի ոստիկանությունը մարտի 29-ին  հայտարարություն է տարածում, որում մասնավորապես ասվում է հետևյալը.
«Արցախի Հանրապետության ոստիկանությունը Երևանի բնակչուհի Ասյա Խաչատրյանի կողմից  լրատվամիջոցներով տարածված, սույն թվականի փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունում իր նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից հակաօրինական արարքներ կատարելու վերաբերյալ հայտարարության փաստով, Արցախի Հանրապետության ոստիկանությունը անմիջապես ձեռնամուխ է եղել բոլոր հանգամանքների ստուգմանն ու ընթացքավորմանը։ Այդ կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով և Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն, որի կատարումը իրականացնում է Արցախի ոստիկանության  Ներքին անվտանգության ծառայությունը։
Ծառայողական քննության շրջանակներում արդեն իսկ մանրամասն բացատրություններ են  ներկայացրել ինչպես ոստիկանության մի շարք ծառայողներ, այնպես էլ  միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներ՝ իրենց նախաձեռնությամբ…»:

Մարտի 28-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջից (http://ombudsnkr.am) տեղեկանում ենք, որ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը դեպքի առնչությամբ  մանրամասն պարզաբանումներ է պահանջել ԱՀ ոստիկանությունից:
Արցախի ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ու 3-րդ կետերով՝ Պաշտպանը ԱՀ ոստիկանությունից պահանջել է պարզաբանումներ վերոնշյալ կայքում տեղ գտած տեսանյութի հետևյալ հարցերի վերաբերյալ՝
Ս.թ. փետրվարի 1-ի կեսգիշերին մոտ Ստեփանակերտի «Հաղթանակի» հրապարակի մոտակայքում ոստիկանների եւ Ասյա Խաչատրյանի միջեւ միջադեպ տեղի ունենալու մասին վերջինիս պնդումների վերաբերյալ, մասնավորապես՝ արդյո՞ք քաղաքացու պահանջին ի պատասխան՝ ոստիկանները չեն ներկայացել (տեսանյութի 0:11-1:34 հատված):
Ս.թ. փետրվարի 2-ի երեկոյան Ստեփանակերտ քաղաքում (քաղաքացին չի կոնկրետացրել իր նշած շենքի հասցեն) ոստիկանների և Ասյա Խաչատրյանի միջև միջադեպ տեղի ունենալու մասին վերջինիս պնդումների վերաբերյալ, մասնավորապես՝ արդյո՞ք Ասյա Խաչատրյանի պահանջին ի պատասխան՝ ոստիկանները չեն ներկայացել (1:35-2:35):
Ս.թ. փետրվարի 2-ին Ստեփանակերտի ոստիկանական բաժանմունք Ասյա Խաչատրյանի տեղափոխման և այնտեղ նրա նկատմամբ դրսևորած վերաբերմունքի մասին վերջինիս պնդումների վերաբերյալ (2:36-6:56), մասնավորապես՝
3.1. Ի՞նչ հիմքով է Ասյա Խաչատրյանը տեղափոխվել ոստիկանական բաժանմունք (2:36-2:38),
3.2. Արդյո՞ք համապատասխան գրառում է կատարվել գրանցամատյանում (3:01-3:24),
3.3. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին ներկայացվել են նրա իրավունքները,
3.4. Արդյո՞ք քաղաքացու պահանջին ի պատասխան՝ նրա հետ ենթադրաբար զրույց վարող ոստիկանը (քաղաքացու ներկայացմամբ՝ «քննիչ») չի ներկայացել (3:43-3:46),
3.5. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին չեն ներկայացվել ոստիկանական բաժանմունքում նրա հայտնվելու իրավական հիմքերը (3:31-3:53),
3.6. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացվել է փաստաբանի պահանջ եւ ի՞նչ արձագանք է այն ստացել (5:58-5:59),
3.7. Որքա՞ն ժամանակ է Ասյա Խաչատրյանը գտնվել ոստիկանական բաժանմունքում» (նշված տեսանյութում Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացված պնդումների վերաբերյալ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ ոստիկանությունից պահանջած պարզաբանումների բոլոր կետերին կարող եք ծանոթանալ հաղորդագրության վերը նշված հղմամբ)։

2018 թվականի ապրիլի 6-ին Արցախի ՄԻՊ գրասենյակից ԱՀ գլխավոր դատախազություն գրություն է ստացվում Երևանի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակում ստուգելու մասին։
Գերատեսչության՝ ապրիլի 11-ին տարածած հաղորդագրությունում ասվում է, որ «Տվյալ նյութերի հիման վրա ս.թ. ապրիլի 10-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով (հեղ.՝ — պաշտոնեական լիազորություններն անցնելը` զուգորդված բռնության գործադրմամբ) նախատեսված հանցագործության հատկանիշներով: տարվում է նախաքննություն»։

Միջադեպից մոտ մեկ տարի անց՝ 2019-ի հունվարի 6-ին, պարզ է դառնում, որ  Ասյա Խաչատրյանի հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է: ԱՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կ. Գաբրիելյանի խոսքով՝ «Նախաքննության ընթացքում Ա. Խաչատրյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն վերջինս գրավոր կերպով հրաժարվել է հարցաքննության ներկայանալ, պատճառաբանելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իր դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ, ուստի իր ներկայանալը նպատակահարմար չի գտնում:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, անցած տարվա դեկտեմբերին հիշյալ քրեական գործի վարույթը կարճվել է հանցադեպի և հանցակազմի բացակայության հիմքերով»:

Առցանց մամուլի ու հասարակության անդրադարձը միջադեպի կապակցությամբ

Տեսանյութի հրապարակումից հետո Ասիա Խաչատրյանի միջադեպին անդրադարձան գրեթե բոլոր լրատվական կայքերը. ոմանք հարցազրույցներ էին անցկացնում վերջինիս հետ, ոմանք իրենց սեփական կարծիքն էին հայտնում դեպքի շուրջ, ոմանք էլ պարզապես արտատպում էին մեկը մյուսից՝ թարմ պահելով իրողության արդիականությունը։ Սակայն կարևորն այստեղ շեշտադրումներն էին և այն մեդիաազդեցությունը, որ այդ հրապարակումները թողեցին։

Epress.am-ի հրապարակած նյութի վերնագրից իսկ՝ «Ղարաբաղի ոստիկանները Ասյա Խաչատրյանին. Օրենք Հայաստանում կպահանջես», ակնհայտ է դառնում բացասական և անջատողական տրամադրվածությունն Արցախի հանդեպ։ ։

Այնուհետև շարադրված նյութի գրեթե յուրաքանչուր պարբերության մեջ Ասյան ներկայացվում է որպես զոհ, իսկ արցախցի իրավապահները հանդես են գալիս հակահերոսի ու բռնարարի կերպարում՝ «Ասյան ընկնում է պետական մարմինների աշխատակիցների ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ», «նՆրան առանց բացատրության մի քանի անգամ բերման են ենթարկում ոստիկանություն, որտեղ ապտակում են, հայհոյում և սպառնում», «ծեծի է ենթարկվում նաև Ասյայի ընկերուհին», «չներկայացնելով որևէ փաստաթուղթ և անտեսելով դիմադրությունը, ներխուժում և խուզարկում են սենյակները» և այլն։ Ամբողջ նյութում կարմիր թելի պես անցնում է հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը, միմյանց հակադրումը և բացասական վերաբերմունքի ձևավորումն Արցախի ու արցախցու հանդեպ։ Հարկ է նշել, որ հիշյալ հրապարակման մեջ ներկայացված էր միջադեպի միայն մեկ կողմը՝ Ասյան, լրատվամիջոցը չէր փորձել անգամ ստանալ կամ պարզել ոստիկանության մեկնաբանությունները և տեսակետը։
Հաջորդ օրը՝ մարտի 27-ին Ասյայի հետ զրուցում է panarmenia.net-ի թղթակից Յուլիաննա Լալաբեկովան։ Չնայած հրապարակման առաջին պարբերության մեջ հեղինակը նշում է, որ նյութի վրա աշխատելիս «երկար, չափից ավելի երկար մտածել ու այդպես էլ վերջնական չենք հասկացել` ինչպես անդրադառնալ թեմային՝ խուսափելով մեզ համար եղկելի «ղարաբաղցի-հայաստանցի» հակադարձումից», այդուհանդերձ, նյութը վերնագրելով «Կապույտ մազեր, Արցախ ու Շարիաթ»՝ հեղինակը և իր հետ նաև լրատվամիջոցն արդեն իսկ ներկայացնում են խնդրի վերաբերյալ իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը։  Փաստացի Արցախի Հանրապետությունը ներկայացվում է որպես ծայրահեղ իսլամական երկիր՝ իսլամական օրենքներով առաջնորդվող և անհանդուրժողականությամբ լի, ինչն իր հերթին հղի է ընթերցողի մոտ հակաարցախյան տրամադրությունների առաջացման վտանգով։ Նշենք նաև, որ հրապարակման գերակշիռ մասը նվիրված է միջադեպի Ասյայի վարկածն ու տեսակետները ներկայացնելուն, իսկ հակառակ կողմի՝ ոստիկանության խոսքը ներկայացված է հպանցիկ և շատ հակիրճ, ինչը ևս խոսում է հեղինակի որոշակի նախատրամադրվածության և նյութում անկաղմնակալության ու հավասարակշռության սկզբունքները չպահելու մասին։

Hraparak.am-ը նույն օրը վերլուծական հոդված է հրապարակում, անդրադառնալով սոցիալական ցանցերում և հասարակության շրջանում Ասյայի կերպարին:  Կայքի լրագրող Հասմիկ Բաբաջանյանը գրում է. «Ասյայի ֆեյսբուքյան էջը պատմում է, որ նա ազատ մտածելակերպով, կյանքով ապրող մարդ է։ Արտահայտամիջոցներն էլ ազատ են, կաշկանդումներ չունի… Հենց դա է պատճառը, որ նա ոստիկանների հետ այդպես ազատ, անկաշկանդ խոսում է, նրանց մասին արտահայտվում։ Ձվի մեջ «մազ չպիտի փնտրել»։ Ինքը այդպիսինն է, իր տեսակն է… Սարսափելին այն է, որ ղարաբաղցի ու հայաստանցի հարցն է չարչրկվում։ Ես էլ մազերիս հաշվով Ղարաբաղում եղել եմ, իրենց տանն էլ գիշերել, իրենց հացը կիսել։ Շնորհակալությունից բացի, ուրիշ բան չեմ կարող ասել։ Հյուրասեր, պատվախնդիր․․․ Հա, մի քիչ ավելի ավանդապաշտ են։ Եթե Հայաստանում օրը ցերեկով տկլոր կարող են «կենտրոնում ֆռֆռալ», Ստեփանակետում կբռնեն նրա ձեռքը՝ ախչի էդ հի՞նչ ես անում, խե՞ ես մեզ խայտառակ անում։

․․․Եթե Արցախը պատերազմական երկիր է , դա չի նշանակում, որ կարճ փեշով կամ կարմիր ու կապույտ մազով աղջիկներին պիտի բերման ենթարկեն։ Ծեծելն ու վիրավորելն էլ ամոթալի է։ Հո “շպիոն չէին բռնել”, որ ծեծել, հայհոյելով խոստովանություն էին կորզում»։ Եվ կրկին Ասյայի պատմածները, թե իրեն անհիմն բերման են ենթարկել, ծեծել են, հայհոյել են, վիրավորել և այլն, ընդունվում և ներկայացվում է որպես փաստ՝ անտեսելով երկրորդ կողմի վարկածն ու տեսակետները։

Մարտի 29-ին Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի մոտ մի խումբ մարդիկ (Թագուհի Ղազարյանը, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը, Մարիա Կարապետյանը, epress.am կայքի լրագրող Յուրի Մանվելյանը, Աննա Նիկողոսյանը և այլոք, որոնցից շատերը սերտ առնչություններ ունեն Սորոսի՝ Բաց հասարակությունների հիմնադրամի հետ) բողոքի ակցիա են կազմակերպում՝ ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի։ Ակցիայի նախօրեին մի քանի լրատվամիջոցներ (armtimes.com, yelaket.am, enews.am) հրապարակում են ակցիայի կազմակերպիչների՝ ֆեյսբուքում բացված իվենթի տեքստը, որում ի թիվս այլ բաների ակցիայի հնարավոր մասնակիցներին առաջարկվում էր ունենալ պաստառներ հետևյալ գրություններով՝ «Իսկ դու ի՞նչ ես ծխել Արցախի համար»,  «Ազատ Արցախը չի ողջունում ձեզ», «Արցախյան Շարիաթը ողջունում է ձեզ», «Արցախը իմն է, ոչ թե բռնարար ոստիկանինը» և այլն։ Թե տեքստում, թե առաջարկվող կարգախոսներում հակաարցախյան շեշտադրումներն ակնհայտ էին։

1 2

3

Ի թիվս այլ լրատվամիջոցների (hraparak.am, ankakh.com, news.am և այլն)՝ ակցիան բավականին ծավալուն ռեպորտաժով ներկայացնում է  «Ա1+»-ը։ Եվ թեև բոլոր նրանք, ում հետ զրուցում է լրագրողը, մեկ մարդու պես պնդում էին, որ ակցիան ուղղված չէ Արցախի դեմ, հակաարցախյան ենթատեքստ չունի և ուղղված է բացառապես ոստիկանների անգրագիտության խնդրին, սակայն արդեն իսկ այդ թեզերի շեշտադրումը և կադրում անընդհատ երևացող «Իսկ դու ի՞նչ ես ծխել Արցախի համար»,  «Ազատ Արցախը չի ողջունում ձեզ», «Կոյուղաջուր goes to ղարաբաղի ոստիկանապետություն», «Ոչ ոստիկանապետությանը» պաստառները հստակ հակաարցախյան հաղորդագրություններ և տրամադրություններ էին ուղղում լսարանին՝ նպաստելով Արցախի ու արցախցու հանդեպ բացասական վերաբերմունքի ձևավորմանը։

Ակցիան լուսաբանած այլ լրատվամիջոցների հրապարակումները որոշ բացառություններով իրենց բովանդակային պարունակությամբ և շեշտադրումներով համանման էին վերահիշյալ հրապարակմանը։

Միջադեպի շուրջ բարձրացված տեղեկատվական ալիքի արդյունքում ստիպված եղավ արձագանքել նաև  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ հանձնարարելով ոստիկանության ղեկավարությանը ծառայողական հետաքննություն իրականացնել Ասյա Խաչատրյանի հայտարարությունների կապակցությամբ:

Այստեղ հարկ է ընդգծել, որ 2019-ի հունվարին, երբ պարզ դարձավ, որ իր իսկ հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում Ասյա Խաչատրյանն ինքը նպատակահարմար չի գտել և հրաժարվել է ներկայանալ հարցաքննությանը, և որ հանցադեպի և հանցակազմի բացակայության հիմքերով քրեական գործը կարճվել է, այն լրատվամիջոցները, որոնք 2018 թ․ մարտի վերջին տեղի ունեցած միջադեպի շուրջ մեդիադաշտում այդչափ աղմուկ էին բարձրացրել, նույն ծավալով չլուսաբանեցին և չներկայացրեցին այս փաստը։ Ավելին՝ epress.am կայքը, որն առաջինն էր խոսել Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին, այդ տեղեկությունն ընդհանրապես չհրապարակեց։ Փոխարենը, 2019-ի հունվարի 14-ին կայքի էջում հրապարակվեց «Ղարաբաղում բռնության ենթարկված Ասյա Խաչատրյանը բողոքարկում է գործի կարճումը» վերնագրով բավականին ծավալուն և հստակ հակաարցախյան շեշտադրումներով մի նյութ այն մասին, որ Ասյան բողոքարկել է դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու ԱՀ գլխավոր դատախազության որոշումը, կրկին մանրամասներով ներկայացվեց դեպքի Ասյայի վարկածը, որտեղ Ասյան հանդես էր գալիս զոհի, իսկ Արցախի ոստիկանությունն անօրեն բռնարարի դերում։ Սա թույլ է տալիս արձանագրել տվյալ լրատվամիջոցի առնվազն կողմնակալ լինելը և տեղի ունեցած միջադեպը հակաարցախյան լույսի ներքո ներկայացնելու միտումը։

Վերոնշյալ միջադեպը բացի լրատվական կայքերից շատ մեծ լուսաբանում, տարածում, մեկնաբանություններ և արձագանք ստացավ սոցիալական ցանցերի հատկապես ֆեյսբուքյան տիրույթ։ Հստակ երևում էր, որ հասարակությունը բաժանվել է երկու բևեռի։ Մի հատվածը մեղադրական մեկնաբանություններ էր գրում Ստեփանակերտի իրավապահ մարմինների հասցեին՝ նշելով, որ նրանք իրավունք չունեն ոտնահարել մարդու իրավունքները՝ անկախ այն բանից, թե որտեղ, ինչպես և որ ժամին է քայլում, իրավունք չունեն «խտրական վերաբերմունք ցուցաբերել հայաստանցիների հանդեպ»։ Կային նաև ծայրահեղ բացասական արձագանքներ և «հայսատանցի-ղարաբաղցի» թեմայի ընդգծված շահարկումներ, հայհոյանքներ, հաշվեհարդարի կոչեր, արցախցիներին «թուրքեր» անվանարկումներ և այլն։ Մյուս հատվածն էլ բացասաբար էր անդրադառնում Ասիայի կերպարին և արդարացնում ոստիկանների զգոնությունը, քանի որ պատերազմող երկրում կասկածելի կամ տարբերվող արտաքինով մարդիկ կարող են նույնականացվել թշնամու հետ։ Շատերը նշյալ միջադեպի մեջ ծրագրված սադրանք էին տեսնում, որի նպատակն էր վարկաբեկել Արցախը, արցախցուն ու Արցախի իրավապահ համակարգը, գեներացնել հակաարցախյան տրամադրություններ և սեպ խրել հայ ժողովրդի երկու հատվածների մեջ։

Ամփոփելով, կարող ենք արձանագրել,  որ այս միջադեպը ևս մեկ առիթ դարձավ մեդիատիրույթում և սոցցանցում  «հայսատանցի-ղարաբաղցի» շահարկումների, հակաարցախյան տրամադրությունների սերմանման, Արցախի և արցախցու հանդեպ բացասական վերաբերմունքի ձևավորման համար, ինչն ուղղված էր մեր ժողովրդի միասնականության, հետևաբար և պետականության դեմ։

Աննա Գալուստյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
4-րդ կուրս