Գլխավոր » Ադրբեջանական քարոզչությու՞ն, թե՞ անփորձ լրագրողներ

Ադրբեջանական քարոզչությու՞ն, թե՞ անփորձ լրագրողներ

1552562632-9178

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանյան լրատվամիջոցներում կա՞ ադրբեջանական մեդիա կոնտենտ, նման դրսևորումները լրագրողի չիմացությու՞ն են, թե՞ մտադրված քարոզչություն: Այս և այլ հարցերի մասին խոսել ենք մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։

— Արդյո՞ք կա Ադրբեջանական մեդիա կոնտենտ ՀՀ լրատվամիջոցներում:

— Եթե խոսքն ադրբեջանական քարոզչության մասին է, որը մտնում է հայկական լրատվադաշտ ադրբեջանական լրատվակայքերից, ապա, այո՛, այդպիսի դեպքեր պարբերաբար լինում են։

 — Հիմնականում ի՞նչ մեդիա կոնտենտ է տեղ գտնում հայկական լրատվամիջոցներում, քարոզչական ի՞նչ թեզեր են, ու՞մ խոսքն է ավելի հաճախ տարածվում:

— Առաջին հերթին Ադրբեջանի ղեկավարների՝ նախագահի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների ինչ-ինչ հայտարարություններն են գալիս մեր մեդիադաշտ։ Մեր հետ պատերազմող երկրի ղեկավարների հայտարարությունները, բնականաբար, սխալ կլիներ շրջանցել, բայց իրենց ասածները լուսաբանելիս պետք է հասկանալ, թե ինչն է ինֆորմացիա, իսկ ինչն է քարոզչությունը, և հակառակորդի հնչեղ, բայց քարոզչական ուղերձները, օրինակ՝ վերնագրում չդնել։ Ընդհանրապես սխալ է առանց պարզաբանման, բացատրական մեկնաբանությունների հակառակորդի քարոզչությունը մեր լսարանի համար վերահրապարակելը։

 — Որքա՞ն ժամանակ է, որ հայկական լրատվամիջոցներում տեղ են գտնում ադրբեջանական ուղերձները։

— Ինչքան որ զբաղվել եմ այս թեմայով (2000-ականների սկզբից), այսպիսի խնդիր կար։

— Ո՞րն է պատճառը։ Արդյոք մեր լրատվամիջոցների կողմից դա միտումնավո՞ր է արվում, թե՞ չիմացության արդյունք է:

— Մի քանի պատճառ եմ տեսնում։ Որոշ դեպքերում նյութը գրողի / հրապարակողի ցածր մասնագիտական մակարդակը։ Հաճախ լրատվական կայքերի ցածր վարձատրվող աշխատողներն ուղղակի չեն կարողանում տարբերել քարոզչությունը տեղեկատվությունից, չեն կարողանում ճիշտ ձևակերպել նյութը, առավել ևս՝ պարզաբանումներ տալ կամ անհրաժեշտ վերլուծություն։

 Երկրորդ խնդիրը՝ ժամանակի սղությունը։ Շատ լրատվակայքերում նյութեր պատրաստողները պարտավոր են օրական 15–20 նյութ հրապարակել և խորանալու, վերլուծելու, ինֆորմացիան ստուգելու ժամանակ ուղղակի չունեն։ Հրապարակում են նյութերն առանց խորանալու։ Օրինակ՝ ռուսական լրատվամիջոցից վերցրած նյութը կարող է վերահրապարակեն՝ առանց ստուգելու ու հասկանալու, որ ռուսական լրատվամիջոցն էլ ադրբեջանական աղբյուրից է վերցրել։

Երրորդ պատճառը․ թե՛ նախկինում, թե՛ 2018-ի իշխանափոխությունից հետո, որոշ ընդդիմադիր հարթակներ պատրաստ են ցանկացած նյութ հրապարակել, միայն թե դրանով խփեն իշխանություններին՝ չխորշելով այդ թվում և ադրբեջանական քարոզչական նյութեր, քարոզչական թեզեր և ուղերձներ տարածելուց։

 — Ի՞նչ խնդիրների առաջ կարող է դա կանգնեցնել մեզ։

— Հարցով պատասխանեմ. ի՞նչ խնդիր կարող է առաջացնել հակառակորդի՝ մեր լսարանին ուղղված քարոզչությունը թարգմանելն ու է՛լ ավելի հեշտ, արագ ու մեծ թվով մարդկանց հասցնելը։ Այսինքն՝ թշնամական քարոզչությունն ավելի արդյունավետ դարձնելը։

 — Ինչպիսի՞ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի հայկական լրատվամիջոցները չտան, չտարածեն ադրբեջանական քարոզչական թեզերը, իրենց մեդիա բովանդակությունը:

— Նախ՝ պետք է բարձրացվի լրատվական կայքերում աշխատող անձնակազմի մասնագիտական մակարդակը։ Երկրորդը՝ պետք է այս հարցերով աշխատել ուսանողների հետ։ Խնդիրն այն է, որ ինչ-որ ժամանակ աշխատանք տարվում է, արդյունք է տալիս, անցնում է 2–3 տարի, անձնակազմեր են փոխվում լրատվամիջոցներում, նոր, անփորձ կադրեր են մտնում դաշտ, և ամեն ինչ սկսվում է նորից։

Արմանուշ Գևորգյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

4-րդ կուրս