Գլխավոր » «Հակաբանակային գործողությունները բավականին բացասական եմ գնահատում, բայց չեմ կարող ժխտել, որ այն բավականին արդյունավետ է իրականացվում»․ Կարեն Վրթանեսյան

«Հակաբանակային գործողությունները բավականին բացասական եմ գնահատում, բայց չեմ կարող ժխտել, որ այն բավականին արդյունավետ է իրականացվում»․ Կարեն Վրթանեսյան

04efb94b557a7a7c16aed09212c527e6
Ի՞նչ է հակաբանակային շարժումն ու հակաբանակային քարոզչությունը, երբ է այն առավել ակտիվ դրսևորվել, ինչպես այն ծավալվել և ծավալվում, որ կայքերում կարելի է հանդիպել հակաբանակային քարոզչության։ Հակաբանակային քարոզչությանը վերաբերող այս և այլ հարցերի շուրջ զրուցել են Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի հետ։
— Պարոն Վրթանեսյան, ի՞նչ ասել է հակաբանակային շարժում և ինչպե՞ս է այն արմատավորված հասարակության գիտակցության մեջ:
— Կարևոր է հասկանալ, թե ինչ ենք հասկանում հակաբանակային քարոզչություն ասելով: Շատ դժվար է սահմանազատել, թե որ պահից է, օրինակ, քննադատությունը դառնում քարոզչություն, քանի որ չես կարող արգելել, որ մարդիկ քննադատեն, միշտ էլ քննադատելու թեմա կգտնվի: Ցանկացած զինվորականի եթե անկեղծ խոսեցնես, ինքն էլ քննադատելու թեմա կգտնի: Պետք է ընդդունենք, որ հակաբանակային քարոզչություն կա, և կան ուժեր, կան խմբեր, որ քննադատություն քողի ներքո իբր բանակը բարելավելու նպատակով կամա թե ակամա իրենց գործողությունները կառուցում են հակաբանակային քարոզչական գործիքներով:
— Ո՞ր շրջանում է հակաբանակային քարոզչական դաշտն ավելի ակտիվ դրսևորվել:
— Հենց առաջին օրվանից, երբ կազմավորվեց հայոց բանակը, միշտ եղել են և՛ քննադատություն, և՛ քարոզչական թիրախավորում: Մի դեպքում քննադատությունն օգտագործվում է քաղաքական նպատակներով, և դա կապ չունի նոր իշխանությունների հետ, քանզի միշտ էլ Հայաստանում եղել են խմբեր, ուժեր, մարդիկ, որոնք զինված ուժերի դեմ քննադատության ներքո քարոզչություն են իրականացրել: Այնուամենայնիվ, 1993-1994 թթ․-ին եղել են մարդիկ, որոնք հրաժարվել են մասնակցել ռազմական գործողություններին, և եղել է առողջ քննադատություն: Այն ժամանակ ամեն դեպքում չկար համակարգված, ուղղորդված քարոզչություն բանակի դեմ, բայց փաստ է, որ կար քննադատություն:
Մոտավորապես 1990-ականների վերջից, երբ սկսեցին ձևավորվել տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք հանդես էին գալիս որպես իրավապաշտպան կազմակերպություններ, եղան նաև այնպիսիք, որոնք իրենց օրակարգում ունեին բանակում իրավունքների պաշտպանության հետ կապված ուղղություններ, որոնց վրա աշխատում էին: Հիմա ակնհայտ է, որ շատ իրավապաշտպան հռչակված կազմակերպություններ իրականում կատարել են կա՛մ քաղաքական, կա՛մ դրսի ինչ-որ ուժերի պատվերներ:
Այս ամենն ակնհայտ երևաց, երբ Սորոսի հիմնադրամը («Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» – հեղ․) սկսեց դրամաշնորհներ տալ՝ ակնհայտորեն նշելով, որ դրանք «ազգ-բանակ» ծրագրի դեմ են ուղղված։ Բառացիորեն, իհարկե, չեր նշվում՝ «դեմ», ասում էին՝ «ծրագրի քննադատություն, պրոբլեմների հանրայնացում», բայց ակնհայտ է, որ դա հենց քարոզչություն էր ծրագրի դեմ: 2018 թվականի մայիսից հետո այդ կազմակերպությունների մեծ մասը, որոնք նախկինում բանակի ցանկացած միջադեպ մեծ պատմություն էին սարքում, ակտիվ քննարկում էին, ցույցեր էին կազմակերպում, այս պահի դրությամբ գրեթե իրենց աշխատանքը դադարեցրել են: Հիմա երբ ոչ մարտական պայմաններում զինծառայող է մահանում, այդ կազմակերպություններն ընդհանրապես չեն խառնվում: Ակնհայտ է, որ կազմակերպություններն ունեցել են քաղաքական շահեր, և այդ շահերը ուղղված են եղել նախկին իշխանությունների դեմ՝ Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան:
— Ի՞նչ փուլերով և թեզերով են նմանատիպ կազմակերպություններն ընթացել և առաջնորդվել:
— 2011 թ․-ին ստեղծվեց «Բանակն իրականում» նախաձեռնությունը, որին մասնակցում էին շատ հասարակական կազմակերպություններ, նաև անհատներ, խմբեր, որոնք շատ ագրեսիվ քարոզչություն էին վարում բանակի դեմ։ Նրանք որպես թիրախային լսարան կենտրոնանում էին առաջին հերթին զինծառայողների ծնողների` վրա։ Նրանց թեզերից մեկն այն էր, որ «բանակում ամեն օր խաղաղ պայմաններում զինվորներ են զոհվում»: Դա, իհարկե, կեղծ է, քանի որ մեր երկրում խաղաղ պայմաններ երբեք չեն եղել և չեն լինում: Մարտական պայմաններում գտնվելն ազդում է նաև զինծառայողի վրա: Կա մի հասկացություն՝ հայտնի ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ ամերիկյան բանակում, որ կոչվում է «մարտական սթրես», որն առաջանում է այն ժամանակ, երբ զինծառայողի կյանքին վտանգ է սպառնում, քիչ է քունը։ Մարտական սթրեսի դեպքում նման լարված իրավիճակները կարող են առաջացնել ինքնասպանություն գործելու ցանկություն, հոգեբանական անկայուն վիճակ: Ընդհանուր առմամբ մարտական իրավիճակը պատճառ է դառնում նաև ոչ մարտական զոհերի։
Մյուս թեզն այն էր , որ հայ սպայի ձեռքից ավելի շատ զինվոր է զոհվում, քան թշնամու: Իհարկե, ցուցանիշները տարբեր տարիներին տարբեր են․ եթե իրավիճակը սահմանին հանդարտ է, ոչ մարտական կորուստներն ավելի շատ են։ 2016 թ.-ին մարտական կորուստները շատ ավելի շատ էին, քան ոչ մարտականը: Այս ամենը կեղծ փաստարկներ էին, որոնք ազդում էին մարդկանց վրա: Այս ամենը հիմք էր դառնում գեներալների և սպաների դեմ տրամադրվելու և քարոզչություն իրականացնելու համար: Երբ մի կողմը սպան էր, մյուսում՝ զինվորը, միանշանակ մարդիկ մեղավոր էին հռչակում սպային: Կարելի է վստահ ասել, որ «Բանակն իրականում» նախաձեռնությունը, որը միավորում էր բազում խմբեր, գործում էր արևմտյան ֆինանսավորմամբ, նույնիսկ անհատները կապ ունեին քարոզչական օրակարգ ունեցող արևմտյան հկ-ների հետ: Իրենց ամբողջ գործիքները ստանդարտ քարզչական դասագրքային գործիքներ էին:
Պետք է ընդդունենք, որ հակաբանակային քարոզչություն կա, և կան ուժեր, կան խմբեր, որ քննադատություն քողի ներքո իբր բանակը բարելավելու նպատակով կամա թե ակամա իրենց գործողությունները կառուցում են հակաբանակային քարոզչական գործիքներով:
— Ապրիլյան պատերազմի օրերին անդադար շրջանառվում էր, թե իբր մեր տղաները խոտ են կերել, փամփուշտ չեն ունեցել, այդ իսկ պատճառով չեն կարողացել դիմակայել թշնամու հարվածներին: Արդյոք այս ամենը կարո՞ղ ենք դիտարկել որպես հակաբանակային քարոզչություն:
— Ապրիլյան պատերազմի օրերին մի քանի թեզեր էին ակտիվ քննարկվում, որոնք մենք էլ ուսումնասիրեցինք Razm.Info-յում: Տարածվել էր, թե իբր երկրի ռազմական ղեկավարությունը անտեղյակ էր հարձակումից, առաջին մի քանի ժամը ոչինչ չէր անում (սա բազմիցս հերքվել է): Սակայն այս լուրը շատ ուժեղ տպավորվեց հասարակության մեջ:
Հաջորդ կեղծ թեզն այն էր, որ մենք ապրիլյան պատերազմում պարտվել ենք, որը նույնպես սուտ է․ հակառակորդը չկարողացավ լուրջ մարտական ձեռքբերումներ ունենալ, իսկ դա այն բանի հետևանքն էր, որ մեր բանակը շատ ադեկվատ պատասխան տվեց հակառակորդի գործողություններին: Ճիշտ է, չենք էլ կարող ասել, որ հաղթել ենք, բայց միանշանակ չենք պարտվել, որոշ դիրքեր հետ վերցրինք, իրենց հատուկջոկատայինները լուրջ կորուստներ ունեցան:
Քարոզչական դաշտում, ըստ էության, ադրբեջանցիները հաղթանակ ունեցան՝ իրենց ժողովրդի մեջ արմատավորելով հաղթանակի զգացումը: Ադրբեջանական կողմը նույնիսկ կարողացավ հայ հանրությանը համոզել, որ դա խայտառակ պարտություն էր մեզ համար: Ասում էին, թե ամեն ինչ թալանվել էր, գողացված էր, և զինծառայողները չէին կարողանում կռվել: Միանշանակ կարող եմ ասել, որ ոչ մի դիրք չի եղել, որ զինծառայողները զոհվեն կամ նահանջեն՝ փամփուշտ չլինելու պատճառով: Միայն մի դիրքում է եղել փամփուշտների պակաս, երբ մեքենայով փամփուշտ էին հասցնում տղերքին, ադրբեջանցի հատուկջոկատայինները ոչնչացրել էին մեքենան: Հասկանալի է, որ այս ամենն օգտագործվեց ու ներկայացվեց ամենասև գույներով իշխանությանը քննադատելու, անկարողությունը ցույց տալու համար, որն էլ հետագայում դարձավ պարարտ հող ՊՊԾ գնդի և հարակից տարածքի գրավման, դա անողների հերոսացման և արդարացման համար։
Ապրիլյան պատերազմի հենց առաջին օրվանից, երբ շատ կուսակցություններ, քաղաքական խմբեր, հասարակական կազմակերպություններ կամ չէին խոսում, կամ խոսում էին իշխանություններին սատարելու մասին, ՀԱԿ-ը հայտարարաեց, որ տվյալ պահին մեր թշնամին Ադրբեջանն է, ու մենք իշխանությունների դեմ անելիք չունենք: «Հայկական ժամանակ»-ը դադարեցրեց իր քննադատությունները մի որոշ ժամանակով: Միակ կազմակերպությունների խումբը, որոնք շարունակեցին հակաիշխանական քարոզչությունը, «Սասնա ծռեր» խումբն էր՝ համագործակցելով դրսի և ներսի կազմակերպությունների հետ նույնիսկ ապրիլյանի առաջին օրը, երբ դեռ պարզ չէր, թե ինչ էր կատարվում:
Ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովը ես դիտարկում եմ որպես հոգեբանական, քաղաքական, քարոզչական ճնշման գործիք:
Ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, երբ շատ սպաների համար էլ է տհաճ իրենց կոչումը, քանի որ անընդհատ զինվորներին տրամադրում են կասկածի տակ դնել սպաների դիրքն ու խոսքը։
— Ո՞ր կայքերն են մասնագիտացված հակաբանակային քարոզչության ոլորտում, ինչպե՞ս է այն ընթանում սոցիալական ցանցերում:
— Հակաբանակային քարոզչությամբ մասնագիտացած կայքերից էր am: Ներկայումս ուժեղ ուղղվածություն ունի forrights.am կայքը («Լրագրողներ հանուն մարդու իրավունքների»): Հակաարցախյան թեմաներ կան epress.am-ում, որը միակն էր, որ ապրիլի երկուսին և երեքին պրոադրբեջանական հոդվածներ էր տպում: Պայմանականորեն չեզոք, բայց այս ուղղությամբ ակտիվ է նաև azatutyun.am-ը:
Զուգահեռաբար նույն արևմտյան կազմակերպությունները փորձեցին Ադրբեջանում նման տրամադրություն ստեղծել, սակայն դա ջախջախվեց, կազմակերպիչների մի մասը հայտնվեց բանտում, մի մասը ստիպված եղավ երկրից փախչել: Ադրբեջանն իր կողմից շատ կոշտ ձևով վերացրեց հակաբանակային շարժումը։ Ինչ վերաբերում է հակաբանակային քարոզչության տարածմանը սոցիալական ցանցերում, ապա ամենաակտիվ դաշտը միշտ եղել է «Ֆեյսբուքը»։ «Բանակն իրականում»-ը ֆեյսբուքյան խումբ էր, որ ֆլեշմոբեր, արշավներ էր կազմակերպում: Իրենց գործունեության հասցեին քննադատությունների դեպքում էլ գալիս էին և ճնշում այն ոչ վիրտուալ դաշտում:
— Ընդհանուր առմամաբ հասկանալի է դառնում, որ ներկայումս շատ կայքեր պասիվ քաղաքականություն են վարում, բայց միևնույն ժամանակ բանակի դեմ ուղղված քարոզչությունը չի դադարում: Ինչպե՞ս, ի՞նչ միջոցներ են կիրառվում՝ քարոզչությունը քննադատությունից տարանջատելու համար:
— Շատ դժվար է մարդկանց գիտակցությունում փոխել մի բան, որը տարիներ շարունակ նրանք լսել են, դրա համար բազում տարիներ են պետք: Նախորդ իշխանությունները դրանով չէին ուզում զբաղվել, իսկ այժմյանները` ընդհակառակը, դա օգտագործում են որպես ճնշման լծակ նախորդ իշխանությունների, ինչպես նաև զինվորական վերնախավի վրա` գեներալների հարցաքննություններ, մամուլում պախարակումներ, ճնշումներ և այլն: Ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովը ես դիտարկում եմ որպես հոգեբանական, քաղաքական, քարոզչական ճնշման գործիք: Ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, երբ շատ սպաների համար էլ է տհաճ իրենց կոչումը, քանի որ անընդհատ զինվորներին տրամադրում են կասկածի տակ դնել սպաների դիրքն ու խոսքը։
Այս ամենից ելնելով՝ կարող եմ ասել, որ հակաբանակային գործողությունները բավականին բացասական եմ գնահատում, բայց չեմ կարող ժխտել, որ այն միևնույն ժամանակ բավականին արդյունավետ է իրականացվում:

Ջուլիա Գասպարյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
4-րդ կուրս