Գլխավոր » «Առաջնագծի հրամանատարը զինծառայողի կողքին կանգնող և խրամատներից մարտնչող անձն է». Դավիթ Ջամալյան

«Առաջնագծի հրամանատարը զինծառայողի կողքին կանգնող և խրամատներից մարտնչող անձն է». Դավիթ Ջամալյան

timthumb
Արդեն մի քանի տարի է, ինչ բանակային կյանքի, առօրյայի լուսաբանումն իրականանում է տարբեր ուղղվածությամբ և նպատակներով։ Ո՞ր հոդվածներն են վստահելի, ո՞րն է հակաբանակային քարոզչության հիմնական նպատակը, ինչպիսի՞ն է սպայի կերպարը։ Այս և այսօրինակ շատ այլ հարցերի մասին զրուցել ենք ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ։

— Համացանցի տարբեր հարթակների միջոցով ներկայումս հնարավոր է բազմազան տեղեկատվություն ստանալ յուրաքանչյուր հուզող թեմայի վերաբերյալ։ Հայերս շատ առանձնահատուկ մոտեցում ենք ցուցաբերում բանակային խնդիրներին։ Ի՞նչ եք կարծում, արդյոք ԶԼՄ-ը կարողանու՞մ են ճիշտ և օբյեկտիվ լուսաբանել այս կարևորագույն թեման։
— Բանակային թեմաների մասին խոսելիս առաջնայինը պետք է հասկանալ, արդյոք լուսաբանման կարիք ունի այս համակարգը, թե ոչ։ Միանաշանակ է, որ ունի լուսաբանման կարիք, բայց պետք է հաշվի առնել մի քանի «բայց»։ Բանակի խնդրի լուսաբանմամբ պետք է զբաղվեն բանակը սիրող, հայրենասեր և պետականամետ մարդիկ, որոնք գիտակցում և չեն անցնում գծված ու չգծված սահմանները։ Խնդրահարույց է այն լուսաբանումը, որի առանցքում չկա բանակի նկատմամբ սրտացավություն, քանի որ պետականությունը որպես արժեք ամրապնդելու հիմք չկա։ Այն լուսաբանումն է վտանգավոր, որտեղ քննադատությունը ինքնանպատակ է, երբեմն էլ բացահայտ պատվերով է իրականացվում, բայց քողարկվում` արդարության, օրինականության և վեհ գաղափարներով։
— Ովքե՞ր են հակաբանակային քարոզչություն իրականացնող ուժերը, և ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ։
— Այսօր զգալի մաս են կազմում բանակային թեմաների ոչ առողջ քննադատություն տարածող խմբերը։ Նմանատիպ խմբի առանցքն են «սորոսական» կոչված ուժերը, որոնց ուղղորդած մարդիկ բանակային խնդիրների լուսաբանումը դարձրել են փող աշխատելու միջոց՝ թքած ունենալով պետության անվտանգության, բանակի մարտունակության վրա։ Նմանատիպ քննադատությունները միանշանակ վնասակար են, քանի որ «սորոսականների» թելադրած բաց հասարակության գաղափարը հակադրվում է ազգային պետության գաղափարին։
Հատկանշական է, որ Հունգարիայի գործող վարչապետը «Սորոսի հիմնադրամին» արգելեց գործունեությունը՝ հիմնավորելով, որ Ջ․ Սորոսը ոչնչացնում է մարդկության քաղաքակրթական նկարագիրը։ Բացի նրանից, որ այս ուժերի համար չկա հայրենիք, անվտանգություն հասկացությունները, Ջ․ Սորոսին կարելի է համարել հակապետական ուժ, որն իր հերթին շատ սերտ կապեր ունի թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։
— Ինչպե՞ս է իրականանում այդ ուժերի աշխատանքը։
— Եթե Ջ․ Սորոսն այստեղ ինչ-որ նախագիծ է ֆինանսավորում, ապա ոչ միայն Ջ․ Սորոսն է անում, այլև միջնորդավոված ֆինանսավորում է իրականացնում թուրք-ադրբեջանական տանդեմը։ Սա իմանալով՝ պետք է ուղենիշ վերցնել այն, որ այն կառույցը, որը համագործակցում է վերոնշյալ ուժի հետ և միգուցե չգիտակցված, բայց, այնուամենայնիվ, եթե կապը կա, ապա կա պարտադրանք` ինչպես անել, ինչ ուղղությամբ իրականացնել քարոզչությունը։ Չգիտակցված անձը, միևնույնն է, հասցրած վնասի չափով չի զիջում գիտակցաբար վնասողին։ Այսինքն՝ երբ կապ կա ոչ միայն Ջ․ Սորոսի, այլև արևմտյան ուլտրա-լիբերալ ֆոնդերի հետ, սա միանշանակ խնդիր է։ Նրանք չեն քննադատում կառուցելու, շտկելու համար, նրանք քննադատում են բանակի ուժեղ կողմերը թուլացնելու նպատակով։ «Սորոսականների» տրամաբանությունը հետևյալն է՝ ֆինանսավորել մի քանի շատ օգտակար նախագծեր, որտեղ բացարձակապես չկա ոչ մի քաղաքական և ապակառուցողական ենթատեքստ, ստեղծել վստահություն, որպեսզի հիմնական, գլխավոր հարվածը հասցնեն՝ հարվածելով բազային արժեքի։
Խնդրահարույց է այն լուսաբանումը, որի առանցքում չկա բանակի նկատմամբ սրտացավություն, քանի որ պետականությունը որպես արժեք ամրապնդելու հիմք չկա։ Այն լուսաբանումն է վտանգավոր, որտեղ քննադատությունը ինքնանպատակ է, երբեմն էլ բացահայտ պատվերով է իրականացվում, բայց քողարկվում` արդարության, օրինականության և վեհ գաղափարներով։
— Առողջ քննադատությունն ինչպե՞ս կարելի է տարանջատել քայքայիչ բնույթի քննադատությունից, որպեսզի հասարակությունը որոշակի առումով հասկանա, թե ինչի հետ գործ ունի։ Կա՞ն արդյոք որոշակի չափանիշներ։
— Այո, կան չափանիշներ, ես կառանձնացնեմ երեք կարևորագույնը։
Առաջին չափանիշն այն է, որ ընդհանրական վարկաբեկող գնահատական տալը համակարգը թուլացնելու համար է։ Օրինակ` «մարդասպանների բանակ», «բոլոր սպաները կաշառակեր են» և այլն։ Հետևաբար, եթե մարդը խնդիրների համար սպայակազմին է մեղադրում, ապա խնդիր ունի քայքայելու համակարգը։ Ցանկացած խելամիտ մարդ հասկանում է, որ սպայակազմը՝ որպես մի շերտ, միատարր չէ։ Կան այնպիսիք, որոնք հմակարգում են միայն հարստանալու համար, բայց կան լեգենդար կերպարներ, որոնք արդար են և սրտացավ։ Երբ հասցեական ես արտահայտվում, նույնիսկ ամենահակասական մարդու վերաբերյալ, դա արդեն նորմալ է։ Հասցեական գնահատակի պահանջը սթափեցնում է բանակը, և եթե դրա շնորհիվ մենք ազատվենք հակասական սպայից , դրանից մեր բանակը կհզորանա։
Երկրորդ չափանիշը․ քննադատության միջոցով այնպիսի խորքային թեմաների են անդրադառնում, որը ոչ մի պատճառահետևանքային կապ չունի արտակարգ պատահարի հետ։ Անմիջական խնդրին ուղղակիորեն չառնչվող թեմա են կապում և հարվածում են բանակի ուժեղ կողմին։
Մյուս չափանիշը․ նյութի ուղղվածությունը հասկանալու համար պետք է ստուգել հոդվածագրի ծագումնաբանությունը։ Կան մարդիկ, որոնք համարյա թե տեսադաշտում չեն հայտնվում, բայց բանակում կատարվելիք յուրաքանչյուր իրադարձության ժամանակ միշտ հայտնվում են՝ հարվածելով սպայակազմին։
— Ինչո՞ւ է հասարակության մեջ սպաների կերպարը արմատավորված որպես դաժան, շատ խիստ և զինվորին դեմ գնացող կերպար։
— Շատ հաճախ ասվում է, որ մեր սպաները պատերազմ տեսած, մահին դեմ առ դեմ հանդիպածներն են, և դա է պատճառը, որ ավելի խիստ են, պահանջկոտ, նույնիսկ կոպիտ։ Ոմանք առաջարկում են բանակից հանել բոլոր նմանատիպ սպաներին, որ խնդիրը վերանա։ Բայց սա անհեթեթություն է։ Կռվածների 90 տոկոսը նախ ստացել է բազային կրթություն, մտել կադրային սպայի կերպարի մեջ։ Ով չի ներգրավվել կադրային սպայի կարգավիճակի մեջ, այլևս բանակում չէ։ Սրանք այն մարդիկ են, որոնք ունեն թուրքին (նկատի ունի՝ ադրբեջանցուն – հեղ․) հաղթելու կենսափորձ։ Ես համարում եմ, որ ապրիլյանին մենք հաղթել ենք։ Իհարկե, լիարժեք հաղթանակ կոչել չեմ կարող։ Ճիշտ է՝ կորցրել ենք որոշ կարևոր հենակետեր, բայց, այնուամենայնիվ, սահմանային գիծը պահել ենք։ Այսպիսի արդյունք ունեցել ենք, քանի որ զինվորի կողքին եղել են այդ կռված, պատերազմ տեսած մարտիկները։
Բանակի ձևավորման էվոլյուցիան ենթադրում է գրագետ սպայակազմի աստիճանական աճ։ Վերահսկողության խնդիրը միշտ էլ կա։ Շատ կարևոր է, որ պայմանագրային հաստիքները համալրվեն փորձառուներով։ Այսօր մենք ունենք բավականին դրական կայացած վաշտ օղակ, և կարելի է ասել, որ բավականաչափ աշխատանք տարվում է բանակի ուղղությամբ, և համակարգը աշխատում է։
— Հաշվի առնելով բանակային թեմաների ակտիվ լուսաբանումն ու տարածումը՝ նկատելի՞ են արդյոք որոշակի դրական փոփոխություններ, և ի՞նչն է այդ փոփոխության պատճառը։
— Վերջին շրջանի արտակարգ պատահարներն ուսումնասիրելիս տեսանելի է, որ չկա սպա-զինվոր փոխհարաբերության խնդիր, ավելի շատ զինվոր-զինվոր փոխհարաբերության խնդիրն է։ Այստեղ, եթե նույնիսկ փորձենք սպային մեղադրել, ապա զուտ թույլ վերահսկողություն իրականացնելու համար։ Արդեն բավական վաղուց սպայի բռնության պատճառով տուժած զինվորի խնդիրը չկա։ Դա բնորոշ էր տասը տարի առաջվան, սակայն դրա դեմ պայքարում էին` սկսած ուղերձներ ուղղելուց, մինչև կադրային կոպիտ որոշումները և խստացված միջոցառումների կազմակերպումը։ Վերջիվերջո հասանք այն արդյունքին, որ զինվորին ծեծելը հիմա հասել է նվազագույնի` օրենքերով, կանոնադրություններով, սպայի հնարավորությունների սահմանափակումներով։ Ըստ իս՝ որոշ դեպքերում մենք նույնիսկ չափն ենք անցել սպայի սահմանափակումների հարցում, քանի որ սպան զինվորի վրա ներգործելու լծակներ համարյա թե չունի։
Բանակում տեղի ունեցող յուրաքանչյուր դեպքի առիթով հասարակությունը մեղադրում է այս պետական ինստիտուտի առաջին դեմքին` նախարարին։ Բայց դա շատ սխալ մոտեցում է։ Մեր խնդիրը միջանձնային հարաբերություններով պայմանավորված կոնֆլիկտներն են։ Մենք ունենք վերահսկողության խնդիր դասակ օղակում, նաև մասամբ՝ վաշտ օղակում։ Վերին օղակի հրամանատարը ցանկության դեպքում էլ չի կարող միաժամանակ ամեն տեղ լինել և վերահսկել։
— Ինչպիսի՞ խնդիրներ են հիմնականում առաջանում զինծառայողների միջև։
— Մեր հասարակությունը շատ խոցելի կողմեր ունի, և դեռահասության շրջանում, ցավոք սրտի, այսպես ասած՝ «գողական», կեղծ բարքեր են տիրում։ Այսօր սա բանակի հիմնական խնդիրներից է, որը կա, և պետք չէ ժխտել։ Ինքնահաստատման տարիքում զինծառայողները տուրք են տալիս այդ արժեքներին։ Վերջիններս բանակում բացառում են փոխօգնության գաղափարը։ Ճիշտ է, դա բոլոր զորամասերում չի տարածվում, սակայն առկայության դեպքում ստեղծում է անառողջ մթնոլորտ՝ չնայած նրան, որ բանակում իսկապես կա զինվորների միջև փոխօգնություն։ Բայց այդ սխալ կանոններին հետևելով՝ թույլ տղաները «կոտրվում» են, նվաստանում, որն էլ հաճախ ինքնասպանության ելքով է ավարտվում։ Այստեղ հասկանալի է, որ սպայի հետ չէ անմիջական խնդիրը։
Առաջնագծի հրամանատարը զինծառայողի կողքին կանգնող և խրամատներից մարտնչող անձն է, որն իր քաջությունն ի ցույց է դնում, և ինչքան էլ խիստ լինի, նրան կընդունեն, եթե նա անձը չի նվաստացնում։ Պետք է հստակեցնել, որ արդար հրամանատարը շատ դրական է ազդում զինծառայողների վրա։
— Արդյոք սպա-զինվոր փոխհարաբերությունները նմա՞ն են որոշ ԶԼՄ-ի կողմից բացասական լուսաբանվող փոխհարաբերություններին։
— Այս հասկացության ակունքները գալիս են բանակի սկզբնավորման ժամանակաշրջանից, երբ կադրային սպաների պակաս կար։ Կռված մարդիկ չեն ծեծում ինքնահաստատման համար, այլ դանակը ոսկորին հասնելու դեպքում, այնպես, որ զինվորն էլ է համարում, որ դա ճիշտ է։ Որպես կանոն՝ ինքնահաստատվելու համար դաժան ծեծը սրիկայություն է, դրանք այն մարդիկ են, որոնք առաջնագծի հետ կապ չունեն։ Կա շատ մեծ տարբերություն առաջնագծի և թիկունքային զորամասերի միջև։ Թիկունքում վտանգի զգացում չկա, և ամեն տեսակի գաղափարախոսություն կա կամ կարող է լինել` արտոնություններ, կաշառակերություն, բանակից գողանալ և այլն։ Առաջնագծի հրամանատարը զինծառայողի կողքին կանգնող և խրամատներից մարտնչող անձն է, որն իր քաջությունն ի ցույց է դնում, և ինչքան էլ խիստ լինի, նրան կընդունեն, եթե նա անձը չի նվաստացնում։ Պետք է հստակեցնել, որ արդար հրամանատարը շատ դրական է ազդում զինծառայողների վրա։
 — Ինչո՞ւ են ապագա զորակոչիկները խույս տալիս բանակ գնալուց։ Արդյոք դա այլ միջավայրին չհարմարվելու վախ կարելի՞ է համարել։
— Այդ խնդիրը միշտ եղել է և կլինի, քանի որ ցանկացած մարդ դժվարությամբ է տրվում անձնային սահմանափակումներին։ Այս ամենի համար գոյություն ունի ռազմահայրենասիրական դաստիարակության համալիր միջոցառումների ծրագիր, և եթե դա աշխատի, ապագա զինվորը կհասկանա, որ նա պետք է ծառայի ոչ միայն վեհ գաղափարներով առաջնորդվելու համար, այլև անձնական օգուտի գաղափարը հասկանալով։ Բանակը կոփում է, դարձնում ինքնուրույն, ուժեղ։ Չնայած այս ամենին՝ միանշանակ պետք է խոսել խնդիրների մասին, քանզի կա խնդիր, կա լուծում։ Երբ հասարակությունը տեսնում է այդ խնդրի լուծման գործընթացը, արդյունքը, դա փոխում է ընդհանուր ֆոնը։
— Հասարակության որոշակի շերտ կա, որ շատ բացահայտ տարբերություն է դնում Արցախում ծառայողների միջև՝ կոչելով «հայաստանցի-արցախցի»։ Արդյոք այս տարանջատումը չի՞ վնասում ընդհանուր գաղափարին։
— Նախ ասեմ, որ այս ձևակերպումը ամենասարսափելի տարանջատումն է։ Ամենուր կարող է այդ խնդիրը լինել, երբ գործ ունենք տեղաբնակների և այլ տեղից եկածների հետ։ Ներքին ընկալումներում բոլորն էլ հասկանում են, որ նմանատիպ հասկացություն չպետք է լինի, բայց բացահայտ չեն արտահայտվում։ Միգուցե խնդիրներ առաջանան բարբառի թյուրըմբռման կամ կենցաղային խնդիրների պատճառով։ Այդպիսի խնդիներ կարող են լինել ամենուրեք՝ Տավուշ, Սյունիք, Շիրակ և այլն։ Այնուամենայնիվ, միասնականությունը և համախմբվածությունը գերակայում են։
— Ամփոփելով զրույցը, պարո՛ն Ջամալյան, ինչպե՞ս կարելի է կոչել այն անձանց կամ խմբերին, որոնք մաս են կազմում հակաբանակային քարոզչական թեմաների տարածմանն ու հասարակության շրջանում դրանց ամրապնդմանը։
— Ես դեմ եմ «սորոսականների» հետ համագործակցողներին դավաճան պիտակավորել, քանի որ փոքր ազգ լինելով՝ նախ պետք է փորձել հանել հայրենակցին այդ ամենի միջից։ «Սորոսականներին» ձեռնտու է նաև, որ ունենան անկախ գործող կերպարներ՝ ցույց տալով, որ իրենք ազատ են։ Անկախ քո ազատությունից, երբ դու համագործակցում ես, ու քո միջոցով վստահություն են ստեղծում հասարակության շրջանակում, փորձը ցույց է տալիս, որ վնասում ես համակարգին։ Ըստ իս՝ օտար ֆինանսավորում վերցնել անվտանգության հարցերը լուսաբանելու համար չի կարելի, յուրաքանչյուր պետականամետ հայ մարդ պետք է այս տաբուն իր մեջ ունենա։

Գասպարյան Ջուլիա

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
4-րդ կուրս