Գլխավոր » Լրատվամիջները բանակի և հասարակության մեջտեղում. չվնասելու սկզբունքը

Լրատվամիջները բանակի և հասարակության մեջտեղում. չվնասելու սկզբունքը

unnamed

Հասարակության կողմից զինծառայողի կերպարի ընկալման մասին զրուցել ենք ռազմական փորձագետ  Արծրուն Հովհաննիսյանի հետ:

— Պարոն Հովհաննիսյան, ըստ Ձեզ, ի՞նչ վերաբերմունք ունի մեր հասարակությունը բանակի նկատմամբ:
— Մեր հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ բավականին դրական է, սակայն էմոցիոնալ է ու ոչ խորքային: Հայ հասարակությունը, բանակ ասելով, ընկալում է իր պարտադիր ժամկետային զինծառայողին: Նրա համար միայն զինվորն է ասոցացվում բանակի հետ: Սա իրականում վատ սովորույթ է: Անցնող երեսուն տարիների ընթացքում  մեր նորանկախ պետության  վերաստեղծված բանակը  լրջորեն չի զբաղվել սպայական կազմի ինստիտուցիոնալ կայացմամբ ու դրա փիառով: Զինվորն ու սպան նույն ընկալումն ունեին, բացակայում էր հրամանատարի առանձին ընդգծված կերպարը: Թերությունն այն է, որ հատուկ ջանքեր չեն գործադրվել՝ հրամանատարի կերպարը ճիշտ ներկայացնելու համար: Իհարկե դա հնարավոր է շտկել:
— Զինծառայողի կերպարի ձևավորման հարցում մե՞ծ է լրատվամիջոցների դերակատարումը:   
— Իհարկե: Լրատվադաշտը մեծ մարտահրավեր ունի այս առումով: Սպայի կերպարի ճիշտ մեկնաբանումը հասարակության մեջ այնպիսի հարց է, որը միայն սպայով չի ամփոփվում: Սա գլոբալ մարտահրավեր է, որն  ակտուալ է մեր ժամանակաշրջանում ամբողջ աշխարհի համար, հատկապես՝ նորանկախ պետությունների: Խնդիրը հետևյալն է. մենք այս ընթացքում իրական, առօրյա կերպարներ չենք կերտել: Առհասարակ, ոչ մի մասնագիտության մեջ չենք ստեղծել: Ու այդ բացը լրացրել է հակահերոսը: Օրինակ՝ քրեական հեղինակության ներկայացուցչի կերպարն է գրավել դաշտը: Հակատրամադրությունների ստեղծումը վճարովի լրատվական ծառայությունների գործունեությամբ  է նաև պայմանավորված: Արդյունքում՝ իրական հերոսները դաշտից բացակայում են: Սա մեծ մարտահրավեր է ազգային անվտանգության տեսանկյունից ողջ Հայաստանի ու հայ ժողովրդի համար՝ ապագայի տեսանկյունից: Հասարակությանը մատուցվել է բացասական լրահոս՝ սպանություն, ինքնասպանություն, գողություն: Նրան չի մատուցվել դրական, նորմալ գործընթացների մասին տեղեկատվություն:
Անցնող երեսուն տարիների ընթացքում  մեր նորանկախ
պետության  վերաստեղծված բանակը  լրջորեն չի
զբաղվել սպայական կազմի ինստիտուցիոնալ կայացմամբ
ու դրա փիառով: Զինվորն ու սպան նույն ընկալումն ունեին,
բացակայում էր հրամանատարի առանձին ընդգծված
կերպարը: Թերությունն այն է, որ հատուկ ջանքեր չեն
գործադրվել՝ հրամանատարի կերպարը
ճիշտ ներկայացնելու համար:

— Ադրբեջանական մամուլը պարբերաբար անդրադառնում է հայկական բանակում զինվորի ու սպայի փոխհարաբերություններին: Որքանո՞վ է այդ քարոզչությունը վտանգ ներկայացնում մեզ համար:
— Հակառակորդի կողմից հայկական բանակի խեղաթյուրված կերպար մատուցելու հարցին պետք չէ մոտենալ շատ վատ: Մեր դեպքում հակառակորդ բառի գործածությունն ամբողջովին չի արտահայտում ներկապնակը: Բնական է, որ թշնամի պետությունը ձգտում է աղավաղված ներկայացնել մեր ներքին կյանքը՝ իր քարոզչական նպատակներին ծառայեցնելով: Հայ հասարակությունն իմունիտետ է ձեռք բերել և կարծես թե մեծ ուշադրություն չի դարձնում նրանց կողմից մատուցվող տեղեկատվությանը: Չնայած Հայաստանի սահմանամերձ շրջանները, որոնք մասամբ հետևում են ադրբեջանական լրատվամիջոցներին, խոցելի են: Պետությունն անելիք ունի: Պետք է մենք մեր լրատվադաշտն ավելի ակտիվացնենք ու փորձենք հակառակորդի լրատվական ազդեցությունը չեզոքացնել:
— Հայկական լրատվամիջոցներն անընդհատ զեկուցում են բանակում տարբեր միջադեպերի` ողբերգությունների, ինքնասպանությունների, սպանությունների մասին: Որո՞նք են նման անցանկալի դեպքերի հիմքում ընկած պատճառները:
— Ինքնասպանությունն ու սպանությունն  ամենացավոտ դեպքերն են, որոնց վրա ֆիքսվում է հասարակությունը: Ոչ կանոնադրային հարաբերությունները միշտ չէ, որ ավարտվում են ինքնասպանությամբ: Այդքան չեն ֆիքսվում ինքնախեղման կամ վնասվածքի վրա, բայց և հաշվի չեն առնում՝ սպանությունը կամ ինքնասպանությունը նույն արմատացած երևույթների հետևանքներն են: Հիմքը կրկին հերոսի ու հակահերոսի արժեքների սխալ ներկայացումն է հանրությանը, որն ունի «զույգ» եղբայր: Մի դեպքում արժեհամակարգի խնդիրն է քարոզչական բլոկում, մյուս դեպքում՝ արժեհամակարգի խնդիր կրթական մակարդակի վրա:  Կրթական մակարդակը շատ ցածր է: Միջին սերունդը, միջին վիճակագրական քաղաքացին, հենց նորակոչիկը, որը գնում է բանակ, իր արժեհամակարգում կրում է քրեական հեղինակության որակներ, ցածր արժեքներ: Նա, բնականաբար, դասական գրականություն չի կարդացել կամ դասական երաժշտություն չի լսում: Հետևաբար, ավելի հակված է ոչ կանոնադրային հարաբերություններին կամ նմանատիպ երևույթներին: Գոյություն ունեն «մանկական» դատողություններ, որ բանակն առանձին կառույց է, պիտի կարողանա ինքնուրույն դաստիարակել, սպաներն այնպես աշխատեն զինվորների հետ, որ վերջիններս հանկարծ չդիմեն ծայրահեղ քայլերի: Միջին սպայակազմը նույն միջին սերնդի արժեհամակարգը կրողներն են: Ծառայության ու ռազմական կրթության տարիները նրանց 180 աստիճանով չեն կարող փոխել: Նրանք չեն կարող դառնալ լիովին այլ մարդիկ: Այսինքն, նույն շրջապտույտով ենք անցնում: Հիմքը կրկին հերոսի ու հակահերոսի արժեքների սխալ ներկայացումն է հանրությանը, որն ունի «զույգ» եղբայր: Մի դեպքում արժեհամակարգի խնդիրն է քարոզչական բլոկում, մյուս դեպքում՝ արժեհամակարգի խնդիր կրթական մակարդակի վրա: Կրթական մակարդակը շատ ցածր է:
— Հրամկազմի կողմից նախ զինվորների հետ բացատրական աշխատանքներ տանելու  անհրաժեշտությու՞նն է:
— Հրամկազմի աշխատանքից տեսանելի արդյունքներ ակնկալելու համար նախ պետք է լինի ամուր հիմք: Հրամանատարությունը հնարավորություն չունի ամրացնելու հիմքերը, որոնք անձի կրթությունն ու արժեհամակարգն են: Ի՞նչ կարելի է անել, եթե տասնութ-քսան տարեկան տղան հավատում է, որ լավ տղային բնորոշը մինչև վերջ խոսքին պատասխանելն է: Հրամանատարներն առավելագույնը կարող են տանել բացատրական ու վերլուծական աշխատանքներ զինվորների հետ: Այսինքն՝ փորձել կրթել, հասկացնել, նախկին դեպքերն օրինակ ծառայեցնել, խոսել ծնողների հետ: Դժվար է պատկերացնել, որ տվյալ երիտասարդը մի կողմ կդնի իր կյանքում ընդունված բացարձակ ճշմարտություններն ու միանգամից կլսի սպային: Այն սպային, որին  մինչև իր բանակ գալն ընկալել է բացասական կերպարում: Դա հենց այն արժեհամակարգն է, որը տիրել է նրանում տասնութ տարի շարունակ:
Ռազմական հոգեբանի կերպարի ընկալումն էլ որոշակի խնդիրների հետ կապ ունի: Այդքան էլ պարզ չէ՝ որ օղակում է նա գտնվում: Եթե նա շարքային ծառայող զինվորի հետ նույն հարթության վրա է ու պետք է կատարի զինպարտականություններ, նրա մասնագիտական լիազորությունները փոքր են: Եթե նա վերադաս օղակում է, ապա զորքի մոտ ասոցացվելու է հրամանատարի հետ: Պատկերացնենք՝ նա փորձում է կանխարգելման նպատակով տեղեկատվություն ճշտել: Ցածր արժեհամակարգով զինվորները գուցե սկսեն մտածել՝ նա զինվորից զինվոր կամ զինվորից սպա ինֆորմացիա փոխանցող է: Կարող են այլ որակում տալ տվյալ ռազմական հոգեբանին: Ու նա նրանց համար դառնում է «սովորական» կերպար: Հոգևորականի  օրինակով ևս կարող ենք փաստել արժեհամակարգի  կարևորությունը: Զորքը հստակ գիտի, որ հոգևորականը հրամանատարների հետ է, սակայն հրամանատար չէ: Նրա գործելաոճն առավել պարզ է զինվորի համար:  Հոգևորականը գաղափարական դաստիարակության ջատագովն է ու զորքի համար դառնում է Աստծո «դեսպանը»: Այստեղ գործ ունենք վերերկրյա, ոչ աշխարհիկ ընկալումների հետ: Նույնիսկ այս դեպքում նա միշտ չէ, որ կարողանում է զորքի մոտ լիարժեք վստահություն ունենալ: Իհարկե, որոշ հոգևորականների հաջողվում է գտնել այդ նուրբ շեմն ու զինվորների հետ շփման մեջ ստեղծել վստահության մթնոլորտ:
— Պարոն Հովհաննիսյան, այս թեմային առնչվելիս՝ ի՞նչ կարևոր նկատառում պետք է ունենա հասարակությունը:
— Այս թեմային առնչվելիս, հատկապես՝ ոչ կանոնադրային հարաբերությունների, զոհերի, կորուստների մասին խոսելիս մարդիկ թող վերցնեն պատահական երկու պետություն և ուշադրությամբ զննեն նրանց վերջին երեսուն տարիների ընթացքը: Հասկանանան՝ ի՞նչ վիճակում է նրանց բանակը, այնտեղ ի՞նչ խնդիրներ կան: Շեշտում եմ՝ երեսուն, որովհետև աշխարհը Սառը պատերազմի տարիներին այլ արժեհամակարգ է ունեցել, հետսառըպատերազմյան ժամանակահատվածում՝ լիովին այլ: Այդ երկու արժեհամակարգերի փոփոխության սահմանագծով պետք է նայել  և հետո միայն կատարել եզրակացություններ:

Լուիզա Աբրահամյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
4-րդ կուրս