Գլխավոր » Վերաբնակեցման գործընթացն Արցախում

Վերաբնակեցման գործընթացն Արցախում

«Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե Ղարաբաղում հայ չապրելով`
Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ:
Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում և պաշտպանում է այն».

ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ
Արթուր Մկրտչյան

1993 թվականի վերջին և 1994 թ. Արցախի արտալղիմյան ազատագրված շրջաններում սկսվում է վերաբնակեցման գործընթացը։ «Սկզբում ծրագրի նպատակն էր տվյալ շրջանները բնակեցնել Ադրբեջանի հայ փախստականներով, որոնք հնարավորություն կունենային ձեռք բերել հողատարածք և ծավալել գյուղատնտեսական ակտիվ ու նպաստավոր գործունեություն,- նշում է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։Աշխատանք, բնակվելու համար անհրաժեշտ պայմաններ փնտրող մարդկանց հոսքը 1994 թվականից սկսած նկատելի էր նաև Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններից»։ 

Արցախի արտալղիմյան տարածքների վերաբնակեցման գործընթացը թույլ է տալիս առանձնացնել տարբեր փուլերում ՀՀ-ից և այլ երկրներից համեմատաբար ավելի մեծ թվաքանակով բնակչության հոսք ապահոված Շահումյանի և Քաշաթաղի շրջանները։ 

Վերաբնակեցման գործընթացը Քաշաթաղում

28028_largeՔաշաթաղի շրջանը կազմավորվել է 1993 թվականին, երբ դեռ պատերազմը չէր ավարտվել։ 

Շրջանի ձևավորման մանրամասները մեզ ներկայացրեց Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը։ Նրա խոսքով ՝ շրջանի ստեղծման մասին քաղաքական որոշումը կայացրել և ամրագրել են 1990-ական թվականներին գործող Հայաստանի իշխանությունները։ 1992 թվականին Պարույր Հայրիկյանի ղեկավարությամբ ձեռնարկվում է նախկին Լաչինի, այժմ Քաշաթաղի շրջանում փախստականների համար բնակավայրեր ստեղծելու գործը, որն էլ հիմք է դառնում հետագա լայնամասշտաբ գործունեության համար։

1993 թվականին Քաշաթաղի շրջանում Պաշտպանության պետական կոմիտեի ներկայացուցիչ Ալեքսան Հակոբյանը նշանակվում է վարչական շրջանի ղեկավար, ում պաշտոնավարման տարիներին (1994-2004 թթ.) հետևողական գործունեության շնորհիվ վերաբնակեցվեց ավելի քան 106 բնակավայր։ 

Ինչպես նշում է Ռ. Մաթևոսյանը, 1994 թվականի ապրիլմայիս ամիսներին ակնհայտ էր դեպի շրջան մարդկանց հոսքի ակտիվացումը։ Վերաբնակիչների առաջին խմբում փախստականներն էին, որոնք եկել էին Գետաշենից, Մարտունաշենից և թշնամու ձեռքն անցած հայաբնակ այլ տարածքներից:

Երկրորդ խմբում աղետի գոտում (Գյումրի, Վանաձոր, Չարենցավան և այլն) բնակվող և աշխատանք չունեցող մարդիկ էին։ Նրանք մեծ հույսեր ունեին, որ Արցախում կկարողանան իրենց սեփական տանիքն ունենալ։ 

Ի սկզբանե բնակիչների համար ստեղծվում էին նպաստավոր պայմաններ՝ շրջանում հաստատվելու, հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվելու համար։ Նախկինում 2-5 տարի, իսկ այժմ 10 տարի շրջանում բնակվելու դեպքում վերաբնակիչները կարողանում են հողատարածքը սեփականաշնորհել։ Սկզբնական շրջանում օգտագործված էլեկտրաէներգիան ամբողջովին սուբսիդավորվում էր պետության կողմից, այժմ գործում է որոշակի ֆիքսված սուբսիդավորում։ 61616038_2381372521976664_5288185531241332736_n

1990-ական թվականներին Քաշաթաղում ստեղծվեց մոտավորապես 100 գյուղ և 4 քաղաք։ Դրանց մեջ ավելի ակտիվ գործունեություն ծավալած և բնակչության համեմատաբար ավելի մեծ թվաքանակ ունեցող գյուղերից են Իշխանաձորը, Ծաղկաբերդը, Երիցվանքը, Տիգրանավանը և Մոշաթաղը։ Քաղաքներից 3-ը՝ Կովսականը (նախկին Զանգելան), Բերձորը (նախկին Լաչին) և Միջնավանը, ունեն վերաբնակիչների կայուն ակտիվություն և՛ Հայաստանի Հանրապետությունից , և՛ Սփյուռքից։ 2008 թվականին Սիրիայում պատերազմական իրավիճակի սրմամբ պայմանավորված Քաշաթաղի շրջան տեղափոխվեցին առաջին սիրիահայերը։ Այս պահին Սիրիայից և Լիբանանից Քաշաթաղի շրջան եկած 35 ընտանիքների մեծ մասը հաստատվել է Կովսական քաղաքում: Որոտան քաղաքում (նախկին Ղուբաթլու) հիմնականում բնակվում են մոտակա զորամասերում ծառայող զինվորականներն իրենց ընտանիքների հետ։ 

1992-2018 թվականների ընթացքում շրջանի վերաբնակեցման գործընթացն ունեցել է ակտիվ, պասիվ և կայուն տարիներ, որի արդյունքում այսօր կա 3376.6 կմ2 տարածքով Քաշաթաղի շրջան՝ իր մոտ 14500 բնակչությամբ։ 

Ներկայումս Քաշաթաղում վերաբնակեցման գործընթացը չունի նախկին տարիների զարգացման իր ակտիվ ընթացքը, ինչի հիմնական խոչընդոտը բնակարանային ֆոնդի պակասն է։ Ըստ Ռ. Մաթևոսյանի՝ Արցախի իշխանությունները, այդ թվում Քաշաթաղի շրջանի վարչակազմը խնդրի լուծման նախագծեր են մշակում։ 

Վերաբնակեցման գործընթացը Շահումյանի շրջանում

61621389_780940062307692_4907059689696526336_n«Հայկական ալպեր». այսպես են անվանում Արցախի Շահումյանի շրջանը:
Շահումյանի շրջանի վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը Քարվաճառն է, որտեղից էլ 20-րդ դարի վերջից սկսվել է շրջանի վերաբնակեցման գործընթացը:

Շրջանի վերաբնակեցման փուլերի մանրամասները ներկայացնում է Քարվաճառի նախկին քաղաքապետ Ժորա Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ վերաբնակեցումը շրջանում սկսվել է 1997 թվականի վերջից։ Այն նախաձեռնել էր ՀՀԿ նախկին պատգամավոր Տիգրան Կյուրեղյանը։ Սկզբնական շրջանում հիմնական վերաբնակեցումը ծավալվեց շրջանի 6 գյուղերում: 1998 թվականի փետրվարմարտ ամիսներին Քարվաճառում սկսվեց բնակելի տների շինարարությունը, և արդյունքում՝ տարվա ավարտին 41 տուն պատրաստ էր ընդունելու իր բնակիչներին։

«Հարցն այն էր, թե ովքեր պետք է գային և բնակվեին այդ տներում, — նշում է Ժ. Գրիգորյանը: — Հիմնականում մեզ մտահոգում էր Ադրբեջանից եկած փախստականների վիճակը։ Եվ վերաբնակեցման հաջող հիմքը դնելու համար՝ որոշեցինք վարել հստակ քաղաքականություն։ Հայաստանում հանդես էինք գալիս ծրագրերով և նախաձեռնություններով, պատկերավոր ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղի տարածքային առանձնահատկությունները, որպեսզի մարդկանց մեջ արթնացնեինք հետաքրքրություն ու այստեղ ապրելու ցանկություն։ Առաջին բնակիչները սկսեցին գալ 1998 թվականի աշնանը, և շատերն աստիճանաբար սկսեցին համոզվել, որ մեր խոսքերը համապատասխանում են իրականությանը»։ 

Անասնապահությանբ, հողագործությամբ, մեղվապահությամբ զբաղվելու լիարժեք հնարավորությունները դարձան բնակիչների առօրյայի մի մասը։ 
1999 թվականին վերաբնակիչների մեծ աշխուժություն էր նկատվում. հատկապես գալիս և բնակություն էին հաստատում փախստականները։

Ըստ ժ. Գրիգորյանի՝ երկրորդ կարևոր խնդիրն էր հարակից տարածքների զորամասերի սպաներին և աշխատող կադրերին բնակեցնելու հարցը։
Վերջիններս սկսեցին ապրել Քարվաճառի վերին թաղամասերում կառուցված տներում։ Արդյունքում՝ հաջողվեց 41 տուն բնակեցնել 150-170 մարդկանցով։
Այս իրողությամբ ոգևորված՝ վերաբնակեցման գործընթացը շարունակվում է ծավալվել Վերին Շեն, Բրաջուր, Նոր Գետաշեն, Եղեգնուտ գյուղերում։ 
2000-ական թվականներին շարունակվում են աշխատանքներ տարվել բնակվելու համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ «Վերաբնակիչներին անհրաժեշտության դեպքում տրամադրում էինք վարկեր 200.000 դրամի չափով, որն այն ժամանակ հնարավորություն էր տալիս մի քանի անասուն կամ մեղվի 10 փեթակ գնել և բարեկեցիկ կյանքով ապրել։ Նրանք, ովքեր աշխատանք չունեին, կարողանում էին ընդգրկվել շինարարական աշխատանքներում»,- պատմում է ժ. Գրիգորյանը։

Մինչև 2007 թվականը վերաբնակեցում կազմակերպելու և վերաբնակիչների համար բնակարաններ կառուցելու համար շրջանի վարչակազմը գումար էր հատկացնում։ Հատկապես կարևորվում էր բազմազավակ ընտանիքներին բնակեցնելու հարցը։ 2008 թվականից սկսած աստիճանաբար սկսվեց տների կառուցման գործընթացը, որը շարունակվում է առ այսօր։ Ժամանակի ընթացքում շրջանում կառուցվեցին նաև դպրոցներ, մանկապարտեզներ, սպորտ դպրոցներ և առաջնային կարևորություն ունեցող այլ հաստատություններ։ 

«Շուտով ներկայացնելու ենք ծրագիր, որի շրջանակներում ստեղծվելու է 40 առանձնատուն բժիշկների, մանկավարժների և տարբեր մասնագետների համար, -ոգևորությամբ ասում է պրն. Գրիգորյանը: —Տարիների փորձը և վերաբնակեցման համար ստեղծված միջոցները Շահումյանի շրջանում ներկայումս կիրառվում են լուծելու երկու կարևորագույն խնդիր՝  երիտասարդ ընտանիքների համար ստեղծել շրջանում բնակվելու բարեկեցիկ ու նպաստավոր պայմաններ և կարողանալ մեծ թվով ընտանիքներին ապահովվել տներով կամ հողատարածքներով, որպեսզի կանխվի բնակչության արտահոսքի վտանգը»։Artsakh-bnakaran-634x445

***

Հրադադարի հաստատումից ի վեր այս 25 տարիների ընթացքում վերաբնակեցման գործընթացը եղել և մնում է Արցախի ռազմավարական նշանակության խնդիրներից մեկը։ Այդ հարցը մշտապես գտնվել և գտնվում է Արցախի իշխանությունների, ինչպես նաև հայրենանվեր գործունեություն ծավալող հիմնադրամների և կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: «Թուֆենկյան», «Արցախֆոնդ», «ԱՐԻ». սրանք Արցախում տարիներ շարունակ վերաբնակեցման գործընթացին աջակցած կազմակերպություններն ու հիմնադրամներն են, որոնք իրենց զգալի ներդրումն են ունեցել այդ հարցում։ Արցախի իշխանությունները հատուկ նշում են, որ գործող վերաբնակեցման պետական ծրագրերից բացի լրացուցիչ միջոցներ ներգրավելու կարիք կա, ինչին և ուղղված են իրենց աշխատանքները:

1992 թվականից առ այսօր Արցախում վերաբնակվել են Ասկերանի շրջանում 810 բնակիչ, Հադրութի շրջանում՝ 550, Մարտակերտի շրջանում՝ 300, Մարտունու շրջանում՝ 650, Շահումյանի շրջանում՝ 3500, Շուշիի շրջանում՝ 250 և Քաշաթաղի շրջանում՝ 14500 բնակիչ: 20560 բնակիչ, որոնցից 12400-ը՝ մոտ 3400 ընտանիք, ապրում և արարում են հանուն իրենց և Արցախի ապագայի։

Աննա Գալուստյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

4-րդ կուրս