Սալման Աբասով, Խոջալուի 66 ամյա բնակիչ. «Տեղի ունեցած ողբերգությունից մի քանի օր առաջ հայերը ռադիոկապով բազմիցս հայտնել էին մեզ, որ քաղաքը պիտի գրավեն, և պահանջում էին, որ մենք այն լքենք: Խոջալուում տևական ժամանակ ուղղաթիռներ չէին իջնում, եւ պարզ էր, որ ոչ ոք մեր ճակատագրի մասին չի մտածում, որ այն որեւէ մեկին չի հետաքրքրում: Գործնականում ոչ մի օգնություն չստացանք: Ավելին, երբ հնարավոր էր քաղաքից դուրս բերել կանանց, երեխաներին ու ծերերին, մեզ համոզեցին, խոստացան, որ շուտով ձեռնարկվելու է Ասկերանը գրավելու ևԽոջալուի շրջափակումը ճեղքելու ռազմական գործողություն: Բանը դրան չհասավ… ինչո՞ւ մեզ խաբեցին, ինչի՞ համար զոհվեցին մեր երեխաները, դրա համար ո՞վ է պատասխան տալու»:
Ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևի խոսքերով Դերեբեյում իրենց դիրքից 700 մետր հեռավորության վրա ավելի քան 50 ցաքուցիր դիակ կար: Նրա համար այդպես էլ դող հարուցող հանելուկ մնաց այն, որ դիակների մեջ ադրբեջանցի 10 քաղաքացի անհոգ ման էին գալիս: Նրանք Աղդամից էին, զինվորական համազգեստով:
Խոջալուի քաղաքապետ Էլման Մամեդով. «Փետրվարի 25-ի ժամը 20:30-ին հաղորդում ստացվեց, որ թշնամու տանկերն ու զրահամեքենաները քաղաքի շուրջը մարտական դիրքեր են զբաղեցնում, ինչը մենք ռադիոկապով հայտնեցինք բոլորին: (Ի դեպ, դեռևս փետրվարի 24-ին ես զանգահարեցի Աղդամ և հաղորդեցի, որ հայ մարտիկներից մեկը, որին բռնել էինք, տեղեկացրել է մոտալուտ հարձակման մասին… ոչ մի արձագանք): Ես խնդրեցի ուղղաթիռներ ուղարկել, որպեսզի դուրս բերենք ծերերին, կանանց ու երեխաներին: Օգնություն այդպես էլ չեկավ»…
«Խոջալուի դեպքերը » հետաքննող հանձնաժողովի ղեկավար Ռամիզ Ֆաթալիևի խոստովանությամբ , Բաքվի իշխանությունները բնակիչներին շրջափակված քաղաքում դիտմամբ են թողել և չեն տարհանել. «Համարվում էր, որ եթե բնակչությանը տարհանեինք, ապա դրանով իսկ հայերին կհրավիրեինք զբաղեցնել ավանը: Այսինքն՝ հայերին ինքներս դրդեցինք հարձակման: Նույնիսկ Անվտանգության խորհրդի անդամները գիտեին, որ հայերը չեն կարող իրականացնել ցեղասպանությանը հարիր գործողություն: Կարծում էին, որ եթե ժողովուրդն այդտեղից հեռանա, մենք կհանձնենք Խոջալուն»:

Խոջալույում կատարված իրադարձությունների վերաբերյալ իր սեփական տեսակետը մեկնաբանելու պատճառով ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, ընդդիմադիր լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևը 2007 թ-ին, ձերբակալվել է 4 տարի ժամկետով: Նա դեռևս մնում է իր այն տեսակետին ,որ Խոջալուի սպանությունների համար պատասխանատու են ադրբեջանցի, այլ ոչ թե հայ զինվորները, ինչպես դա ներկայացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Ֆաթուլլաևը նշում է, որ Ադրբեջանում գործող բռնատիրական վարչակարգը փորձում է օգտագործել« Խոջալուի իրադարձությունները» իր քաղաքական հակառակորդներին հետապնդելու գործում: «Բայց հանուն արդարության խոստովանեմ, որ մի քանի տարի 30 առաջ պատահեց, հանդիպեցի Նաֆթալանում ժամանակավորապես բնակվող Խոջալուից փախստականների, որոնք ինձ բացորոշ խոստովանեցին, որ Խոջալուի վրա ռուսհայկական զորքի համակազմի լայնածավալ հարձակման նախօրեին քաղաքը գտնվել է շրջափակման մեջ: Եվ հարձակումից դեռ մի քանի օր առաջ հայերը անընդմեջ բարձրախոսով բնակչությանը նախազգուշացրել են պլանավորված ռազմական գործողության մասին, քաղաքացիական բնակչությանը առաջարկել են լքել ավանը և շրջափակումից դուրս գալ հումանիտար միջանցքով՝ ՔարՔար գետի երկայնքով: Հենց խոջալուցիների խոսքով, իրանք օգտվել են այդ միջանցքից եւ, իրոք, միջանցքից այն կողմ գտնվող հայ զինվորները նրանց վրա չեն կրակել: Ադրբեջանի Ժողճակատի գումարտակների զինվորներից ոմանք բնակչության մի մասին դուրս են բերել դեպի Նախիջևանիկ գյուղը, որը այդ միջոցում գտնվում էր հայերի Ասկերանի գումարտակի վերահսկողության ներքո: Իսկ մնացած մասը Աղդամի շրջանի մերձակայքում ընկել է հրետակոծության տակ»։ Ըստ Է․ Ֆաթուլաևի՝ տարհանել էին միայն ընտանի անասուններին և որոշ ադրբեջանցիների, մինչդեռ մսխեթցի թուրքերը թողնվել էին բախտի քմահաճույքին:
Ջուլիա Գասպարյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
4-րդ կուրս
Հրապարակման մեջ օգտագործված տեղեկատվությունը վերցված է «Ի՞նչ է պատահել Խոջալուում» գրքից և http://xocali.net/ha/index.html կայքից: